ՁՅՈՒՆԸ / ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ

Օրհան(Հատված վեպից )

Յուրաքանչյուր մարդ իր փաթիլն ունի
Կորած կանաչ տետրը

«Այնտեղ, ուր ավարտվում է աշխարհը» Կարսում Կային տրված տասնիններորդ և վերջին բանաստեղծությունն էր: Մեզ հայտնի է, որ չնայած որոշ բացթողումների, «տրվելուն» պես Կան տասնութ բանաստեղծություն է գրել իր կանաչ տետրում, որը միշտ գրպանում էր: Նա չի կարողացել գրի առնել միայն այն բանաստեղծությունը, որը բեմից կարդացել էր հեղաշրջման օրը: Հետագայում Իփեկին գրած, բայց չուղարկած քառասուն նամակներից երկուսում նա գրում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում վերհիշել բանաստեղծությունը, որն անվանել է «Վայր, ուր չկա Ալլահ», որ ինքը անպայման պետք է գտնի այդ բանաստեղծությունը, որպեսզի կարողանա ամբողջացնել գիրքը, որ ինքը չափազանց շնորհակալ կլինի, եթե Իփեկը այն գտնելու համար Կարսի «Սահման» հեռուստաընկերությունում ուսումնասիրի այդ ժամանակների տեսագրությունները: Այդ նամակների տրամադրությունից, որոնք կարդացի Ֆրանկֆուրտում` հյուրանոցի իմ համարում, զգացի, որ Կան անհանգստանում է` վախենալով, թե Իփեկը կարող է մտածել, որ բանաստեղծությունն ու տեսագրությունները որպես պատրվակ օգտագործելով` ինքը սիրային նամակ է հղում նրան:
Ձյան փաթիլի պատկերը, որ այն երեկո տեսա Մելինդայի տեսաժապավենները ձեռքիս հյուրանոց վերադառնալուց և մի քիչ խմելուց հետո, պատահաբար բացած տետրում, ես զետեղել եմ այս վեպի քսանիններորդ գլխի վերջում: Ես կարծում եմ, որ հետագա օրերին, տետրերը ուսումնասիրելով, սկսեցի քիչ-քիչ հասկանալ, թե ստույգ ինչ էր ցանկանում անել Կան` Կարսում իրեն տրված տասնինը բանաստեղծությունները տեղադրելով փաթիլի պատկերի տասնինը կետերում:
Հետագայում, գրքեր ուսումնասիրելով, Կան իմացել է, որ փաթիլը երկնքում վեցաթև աստղի ձևով բյուրեղանում և երկիր իջնելով` ձևը կորցնում ու անհետանում է մոտ ութսուն րոպեի ընթացքում, որ յուրաքանչյուր փաթիլ իր ձևն ստանում է բազմաթիվ անբացատրելի և խորհրդավոր պատճառներով, այլևայլ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են քամին, ցուրտը, ամպերի բարձրությունը, և այդ ժամանակ էլ նա կռահել է, որ գոյություն ունի կապ մարդկանց և փաթիլների միջև: Կարսի գրադարանում նա իր «Ես` Կան» բանաստեղծությունը գրել է փաթիլի մասին խորհրդածելով, իսկ հետագայում մտածել, որ «Ձյունը» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի հիմքում ընկած է այդ նույն փաթիլը:
Առաջնորդվելով այդ տրամաբանությամբ` նա իր գրառումներում ցույց է տալիս, որ «Դրախտ», «Շախմատ», «Շոկոլադի տուփը» և մյուս բանաստեղծությունները նույնպես իրենց տեղն ունեն ձյան երևակայական փաթիլի վրա: Ուստի, օգտվելով գրքերից, ուր պատկերված են տարբեր տեսքի փաթիլներ, նա նկարել է իր սեփական փաթիլը և Կարսում տրված բոլոր բանաստեղծությունները տեղադրել այդ փաթիլի վրա: Այդպիսով, ստացվել է, որ փաթիլը ի ցույց է հանում և՛ բանաստեղծությունների նոր ժողովածուի կառուցվածքը, և՛ այն ամենը, ինչ արարել էր Կային: Ինչպես նա էր համարում, յուրաքանչյուր մարդ ունի այդպիսի փաթիլ, որը կարող է ներկայացնել նրա կյանքի ողջ ներքին պատկերը: Հիշողության, երևակայության և տրամաբանության առանցքները, որոնց վրա նա տեղադրել է իր բանաստեղծությունները, վերցրել է Բեկոնից` մարդկության իմացության ծառի դասակարգման օրինակով, և Կարսում գրած բանաստեղծությունները մեկնաբանելով` երկար մտորել, թե ինչ են նշանակում վեցաթև փաթիլի բյուրեղների վրա գտնվող կետերը:
Այդ իսկ պատճառով, Կարսում գրած բանաստեղծությունների վերաբերյալ Ֆրանկֆուրտում Կայի կատարած գրառումները, որոնք զբաղեցնում են երեք տետր, հարկ է մեծ մասամբ դիտարկել որպես ներքին բանավեճ միաժամանակ և՛ փաթիլի իմաստի, և՛ Կայի կյանքի վերաբերյալ: Օրինակ, երբ նա մտորում է փաթիլի վրա «Սպանվել, մահանալ» բանաստեղծության տեղադրման մասին, նախ ներկայացնում է այն վախը, որ զգացվում է բանաստեղծության մեջ, բացատրում, քննում, թե ինչու է անհրաժեշտ այդ բանաստեղծությունը և իր վախը տեղադրել երևակայության բյուրեղին ի մերձ, և բացատրելով, թե ինչու է «Այնտեղ, ուր ավարտվում է աշխարհը» բանաստեղծությունը տեղադրված հիշողության բյուրեղի ճիշտ ներքևում` նրա անմիջական հարևանությամբ և ձգողական դաշտի ազդեցության տակ, հավատում էր, որ ներկայացնում է խորհրդավոր բազում երևույթների հագուրդ տվող նյութ: Ըստ Կայի` յուրաքանչյուր մարդու կյանքի հիմքում ընկած է նման փաթիլ և նման պատկեր, և յուրաքանչյուր մարդու անձնական փաթիլը մեկնելով` հնարավոր է ապացուցել, որ մարդկային էակները, որոնք հեռավոր նմանություն ունեն միմյանց, իրականում խիստ տարբեր են, տարօրինակ և անհասկանալի:
Բազում էջեր ընդգրկող գրառումների մասին, որոնք Կան կատարել է իր բանաստեղծությունների գրքի կառուցվածքի և իր փաթիլի կառուցվածքի կապակցությամբ (ինչ իմաստ, որ «Շոկոլադի տուփը» բանաստեղծությունը գտնվում է երևակայության բյուրեղի վրա, «Համայն մարդկության աստղաբույլը» բանաստեղծությունը ինչ տեսք է հաղորդել Կայի անձնական փաթիլին և այլն), ես ավելին չեմ խոսի, քան պահանջում է մեր վեպը: Երիտասարդության տարիներին Կան ծաղրում էր այն բանաստեղծներին, ովքեր, սնապարծությունից տապակվելով, չափազանց կարևորում էին իրենց անձը, դեռ կենդանության օրոք իրենք իրենց վերածում հուշարձանի, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում. որովհետև վստահ էր, որ ինչ անհեթեթություն էլ նրանք գրեն, միևնույն է, ապագայում դրանք ուսումնասիրության նյութ են դառնալու:
Այն հանգամանքը, որ շինծու մոդեռնիզմով գայթակղված խրթին բանաստեղծություններ գրող պոետներին տարիներ շարունակ արհամարհելուց հետո կյանքի վերջին չորս տարիներին ինքն էր սկսել զբաղվել իր բանաստեղծությունների մեկնաբանությամբ, այնուամենայնիվ, դրա համար մի քանի մեղմացուցիչ դրդապատճառ ուներ: Նրա գրառումները մանրակրկիտ ընթերցելիս պարզվում է, որ գրելու պահին Կան չի զգացել, որ Կարսում իրեն տրված բանաստեղծությունները ինքն է գրել: Նա հավատացած է եղել, որ ինքը հանդես է եկել սոսկ որպես միջնորդ, որի գործը այդ բանաստեղծությունները ընդամենը գրի առնելն է, որ բանաստեղծությունները իրեն «տրվել» են վերուստ, և որպեսզի հնարավոր լինի ներկայացնել որպես այդպիսիք, Կան որոշ տեղեր նշել է, որ գրառումները կատարել է, որպեսզի ազդի իր «պասսիվ, անհաղորդ» վիճակի վրա, կարողանա հասկանալ այն բանաստեղծությունների իմաստը, որ գրել է ինքը և բացահայտի դրանց գաղտնախորհուրդ ներդաշնակությունը: Իսկ երկրորդ բացատրությունը, թե ինչու էր Կան մեկնաբանում իր բանաստեղծությունները, ահա սա է. եթե Կան կարողանար գուշակել Կարսում գրված բանաստեղծությունների իմաստը, կկարողանար նաև լրացնել գրքի պակասող հատվածները, տողերը, որոնք կիսատ էին մնացել, վերականգնելով՝ «Վայր, ուր չկա Ալլահ» բանաստեղծությունը, որը, չհասցնելով գրի առնել, մոռացել էր անվերադարձ: Որովհետև Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո նրան այլևս չի տրվել ոչ մի բանաստեղծություն:
Կայի գրառումներից և նամակներից պարզվում է, որ չորս տարվա տքնանքից հետո նա, այնուամենայնիվ, կարողացել է բացահայտել բանաստեղծությունների տրամաբանությունը և ավարտել գիրքը: Այդ իսկ պատճառով, ֆրանկֆուրտյան հյուրանոցի իմ սենյակում խմելով, ես մինչև լույս թերթեցի նրա բնակարանից վերցրած տետրերն ու թղթերը, և պատկերացնելով, որ Կայի բանաստեղծությունները պետք է լինեն այստեղ` ինչ-որ տեղ, ես չափազանց հուզվում էի, սկսում կրկին ու կրկին քրքրել իմ ձեռքի տակ եղած նյութերը: Այդպես, մինչ լույս թերթելով իմ ընկերոջ տետրերը, առավոտյան կողմ ննջեցի նրա հին գիշերազգեստների, փողկապների, գրքերի, վառիչների (ես նկատեցի, որ բնակարանից վերցրել եմ նաև այն վառիչը, որը Քադիֆեն խնդրել էր հանձնել Լաջիվերտին, որը, սակայն, Կան չէր տվել նրան) և Մելինդայի տեսաժապավենների մեջ, տեսա կարոտով ու մղձավանջներով լի երազներ ու տեսիլքներ (երազումս Կան ինձ ասում էր. «Պարզվում է, դու ծերացել ես», և ինձ սարսափ էր պատում):
Ես արթնացա միայն կեսօրից հետո և օրվա մնացած մասն անցկացրի Ֆրանկֆուրտի թաց ու ձյունոտ փողոցներում` փորձելով առանց Թարքուտ Օլչյունի օգնության տեղեկություններ քաղել Կայի մասին: Երկու կանայք, որոնց հետ Կան հարաբերություն էր ունեցել, Կարսի ուղևորությանը նախորդած ութ տարիների ընթացքում, անմիջապես համաձայնեցին հանդիպել և զրուցել ինձ հետ. ես ասացի, որ գրում եմ իմ ընկերոջ կենսագրությունը: Կայի առաջին սիրուհին` Նալանը, ոչ միայն տեղյակ չէր նրա բանաստեղծությունների վերջին գրքի մասին, այլև չգիտեր անգամ, որ նա բանաստեղծություններ է գրել: Նալանը ամուսնացած էր և ամուսնու հետ սեփականատեր էր թուրքական երկու խորտկարանի և ճանապարհորդական գրասենյակի: Երես առ երես ինձ հետ զրուցելիս նա ասաց, որ Կան ծանր բնավորությամբ, թուլակամ, վեճերի հակված, չափազանց տպավորվող մարդ էր, ապա մի քիչ լաց եղավ (նրան հիմնականում ցավ էր պատճառում ոչ թե Կայի բուն մահը, այլ երիտասարդ տարիքը, որը վերջինս զոհել էր ձախ քաղաքական հայացքներից բխող երազանքներին):
Ինչպես ենթադրում էի, նրա մյուս ընկերուհին` չամուսնացած Հիլդեգարդը, նույնպես պատկերացում չուներ ոչ Կայի վերջին բանաստեղծությունների, ոչ էլ «Ձյունը» վերնագրով գրքի մասին: Խաղացկուն, սիրահետող տոնով (ինչի շնորհիվ փոքր-ինչ մեղմացավ մեղավորության զգացումը, որն ունեի, որովհետև Կային ներկայացրել էի որպես Թուրքիայում անհամեմատ հայտնի պոետ, քան կար իրականում) նա ինձ պատմեց, որ Կայի հետ ծանոթանալուց հետո հրաժարվել է ամռանը Թուրքիա հանգստանալու գնալու մտքից (մինչ այդ ունեցել է այդպիսի մտադրություն), որ Կան շատ խնդրահարույց, շատ ընկալունակ և բացարձակապես միայնակ երեխա էր, որ ինչքան դյուրին էր նրան սիրահարվելը, նույնքան դժվար էր նրա հետ մնալը, որ թուլակամության պատճառով նա երբեք չէր կարողանալու գտնել մայր-սիրեցյալին, որին որոնում էր, իսկ եթե անգամ գտներ, կկորցներ անպայման: Կան իմ մասին ոչինչ չէր ասել: (Ես չգիտեմ, թե ինչու նրան տվեցի այդ հարցը և ինչու եմ այդ մասին գրում այստեղ): Երբ վերջին պահին մենք միմյանց ձեռք սեղմեցինք, Հիլդեգարդը ինձ ցույց տվեց մի բան, որը ես չէի նկատել ժամ ու տասնհինգ րոպե տևած մեր հանդիպման ընթացքում. նուրբ դաստակներով ու երկար մատներով գեղեցիկ ձեռքերի աջ ցուցամատը մինչ եղնգահոդ չկար. ցույց տվեց և ծիծաղելով ասաց, որ Կան մոլուցքի պահերին ծաղրում էր այդ արատավոր մատը:
Գիրքն ավարտելով` Կան մեկնել է շրջագայության և ինչպես նախորդ գրքերի ժամանակ, մինչ բանաստեղծությունները արտագրելը, մեքենագրելը, բազմացնելն ու տպագրելը, ձեռագիր բանաստեղծություններն ընթերցելով պոեզիայի երեկոներ կազմակերպել. Քասել, Բրաունշվեյգ, Հանովեր, Օսնաբրյուկ, Բրեմեն, Համբուրգ. ես նույնպես ինձ և Թարքուտ Օլչյունին հրավիրած մի Ժողովրդական տան օժանդակությամբ շուտափույթ կազմակերպեցի նմանատիպ ընթերցանության երեկոներ հենց այդ քաղաքներում: Ես նստում էի ճշտապահությամբ, մաքրությամբ, բողոքական հարմարավետությամբ ինձ ապշեցնող գերմանական գնացքների պատուհանների մոտ (իր բանաստեղծություններից մեկում Կան ունի ճիշտ այդպիսի նկարագրություն) և տրտմությամբ նայում ապակիների մեջ արտացոլվող հարթավայրերին, ձորակների խորքում ննջող բարեկարգ գյուղերի փոքրիկ եկեղեցիներին, ուսապայուսակներով ու գունավոր հովանոցներով կիսակայարաններում հավաքված երեխաներին. կայարանում ինձ դիմավորելու եկած սիգարեթավոր երկու թուրքերին ասում էի, թե ես նույնպես ուզում եմ ընթերցումներ կազմակերպել, ինչպես Կան, որը յոթ շաբաթ առաջ եղել է այստեղ. և յուրաքանչյուր քաղաքում, ճիշտ ինչպես Կան, փոքրիկ, էժան հյուրանոցում հաշվառվելով ու թուրքական խորտկարաններում սպանախով բլիթներ ու դեներ ուտելով ինձ հրավիրողների հետ, զրուցում էի քաղաքականության և այն մասին, որ, ցավոք, մշակույթը բնավ չի հետաքրքրում թուրքերին, զբոսնում էի քաղաքի ամայի և ցուրտ փողոցներով և պատկերացնում, թե իբր ես Կան եմ, որը Իփեկի պատճառած ցավը մոռանալու համար դեգերում է այդ փողոցներով: Երեկոյան` գրական հավաքույթների ժամանակ, որոնց սովորաբար մասնակցում էին քաղաքականությամբ, գրականությամբ կամ թուրքերի վիճակով հետաքրքրվող տասնհինգ-քսան մարդ, ես, չոր-չոր մի քանի էջ կարդալով իմ վերջին վեպից, խոսակցությունը կտրուկ տեղափոխում էի պոեզիայի շուրջ, և տեղեկացնելով, որ որոշ ժամանակներ առաջ Ֆրանկֆուրտում սպանված մեծ պոետ Կան իմ մտերիմ ընկերն էր, հարցնում էի. «Կա՞ որևէ մեկը, որը ինչ-որ բան է հիշում նրա վերջին բանաստեղծություններից, որոնք նա այստեղ կարդացել է բոլորովին վերջերս»:
Ես հասկացա, որ նրանք, ովքեր հաճախում են այդ երեկոներին, կամ պատահական մարդիկ են, կամ գալիս են քաղաքականության վերաբերյալ հարցեր տալու: Նրանց մեծ մասը ներկա չէր եղել Կայի բանաստեղծությունների ընթերցումներին, իսկ ովքեր եղել և հիշում էին նրան, հիշում էին ոչ թե նրա բանաստեղծությունները, այլ մոխրագույն վերարկուն, որը երբեք չէր հանում, նրա գունատ մաշկը, գզգզված մազերն ու նյարդային շարժումները: Կարճ ժամանակում ես պարզեցի, որ նրանց առավել հետաքրքրում է ոչ թե իմ ընկերոջ կյանքն ու պոեզիան, այլ՝ մահը: Ես բազմաթիվ վարկածներ եմ լսել, որ Կային սպանել են իսլամիստները, թուրքական հատուկ ծառայությունները, հայերը, սափրագլուխ գերմանացիները, քրդերը կամ թուրք ազգայնամոլները: Եվ այնուամենայնիվ, հանդիպումների մասնակիցների մեջ միշտ գտնվում էին զգայուն, հասկացող մարդիկ, ովքեր, պարզվում է, լրջորեն հետևել էին Կայի խոսքին: Սակայն այդ ուշադիր գրասերներից ես չկարողացա իմանալ այլ բան, քան այն, որ Կան ավարտել է բանաստեղծությունների նոր գիրքը, որ նա կարդացել է իր «Երազանքի փողոցները», «Շունը», «Շոկոլադի տուփը», «Սեր» բանաստեղծությունները, որ իրենք դրանք համարում են հույժ տարօրինակ բանաստեղծություններ: Կան որոշ վայրերում հիշատակել է, որ բանաստեղծությունները գրել է Կարսում, և դա մեկնաբանվում էր որպես իր հայրենիքին կարոտող ունկնդրին դիմելու ցանկություն: Երեխայի ձեռքը բռնած մի թխամաշկ երեսնամյա այրի, որը ընթերցումից հետո մոտեցել էր Կային, իսկ հետո` ինձ, հիշում էր, որ Կան խոսել է նաև «Վայր, ուր չկա Ալլահ» բանաստեղծության մասին: Նրա կարծիքով, ունկնդիրների բացասական արձագանքից խուսափելու համար Կան այդ երկար բանաստեղծությունից ընթերցել է միայն մի քառյակ: Չնայած իմ ողջ ջանքերին` պոեզիայի այդ ուշադիր սիրահարը չկարողացավ ասել ավելին, քան այն, որ դա «շատ սարսափելի կերպար էր»: Այդ կինը, որը Համբուրգում տեղի ունեցած հավաքույթի ժամանակ նստած էր առաջին շարքում, վստահ էր, որ Կան բանաստեղծությունները կարդացել է կանաչ տետրից:
Ես Համբուրգից Ֆրանկֆուրտ վերադարձա գիշերով, այն նույն գնացքով, որով վերադարձել էր Կան: Կայարանից դուրս գալով նրա նման սկսեցի ժամանակ անցկացնել սեքս-շոպերում (մի շաբաթ առաջ ստացել էին Մելինդայի նոր տեսաժապավենը): Հասնելով այնտեղ, ուր սպանել էին իմ ընկերոջը, ես կանգ առա և առաջին անգամ ինքս ինձ բացահայտ ասացի այն, ինչին արդեն աննկատ համակերպվել էի: Ըստ երևույթին, երբ նա ընկել է գետնին, մարդասպանը հասցրել է նրա պայուսակից վերցնել կանաչ տետրը և հետո միայն դիմել է փախուստի: Գերմանիայում անցկացրած մեկշաբաթյա ուղևորության ընթացքում ես ամեն գիշեր` ժամեր շարունակ, կարդացել եմ այդ բանաստեղծությունների վերաբերյալ Կայի գրառումները, նրա հիշողությունները Կարսի մասին: Հիմա իմ միակ մխիթարանքը հույսն էր, որ գրքի ընդարձակ բանաստեղծություններից մեկը կգտնեմ Կարսի հեռուստաընկերության տեսադարանում:
Ստամբուլ վերադառնալուց հետո ես որոշ ժամանակ ամեն երեկո պետական հեռուստաալիքներով հետևում էի, թե ինչ եղանակ է Կարսում, պատկերացնում, թե ինչպես կդիմավորեն ինձ այնտեղ: Ես չեմ պատմի այն մասին, որ ավտոբուսով օրուկես ճանապարհ կտրելուց հետո,- որը նման էր Կայի ուղևորությանը,- մի երեկո ժամանեցի Կարս, որ պայուսակը ձեռքիս, վախվորած` համար վերցրի «Ձյունե ապարանք» հյուրանոցում (այդտեղ չէին ոչ խորհրդավոր քույրերը, ոչ նրանց հայրը), որ Կայի նման երկար զբոսնում էի Կարսի ձյունածածկ մայթերով, որոնցով չորս տարի առաջ քայլել է նա (չորս տարվա ընթացքում «Կանաչ երկիր» խորտկարանը վերածվել էր խղճուկ գարեջրատան): Չեմ պատմի, որպեսզի այս գիրքն ընթերցողին չստիպի մտածել, թե ես էլ աստիճանաբար դառնում եմ նրա ստվերը, ինչի մասին երբեմն ակնարկում էր Կան: Մեզ միմյանցից տարբերում էր ոչ միայն պոեզիայի և տխրության սակավությունն իմ մեջ. նրա Կարս թախծոտ քաղաքը նույնպես տարբերվում էր իմ տեսած Կարս աղքատ քաղաքից: Սակայն հիմա ես պետք է խոսեմ այն անձնավորության մասին, որը միավորեց մեզ և դարձրեց միմյանց նման:
Այն երեկո, երբ իմ պատվին քաղաքապետի կազմակերպած ընթրիքի ժամանակ ես առաջին անգամ տեսա Իփեկին, խիղճս հանգստացնելու համար ինձ հավատացրի, որ զգացածս գլխապտույտը խմածս րախիի պատճառով է, թե նրան անդառնալիորեն սիրահարվելու անխուսափելիությունը չափազանցություն է, որ անմտություն է նախանձը Կայի հանդեպ, ինչն այդ երեկո զգացի ես: Կեսգիշերին, այն ընթացքում, մինչ «Ձյունե ապարանք» հյուրանոցի իմ պատուհանների առջև կեղտոտ սալահատակին իջնում էր թաց ձյունը, անհամեմատ ոչ պոետիկ, քան նկարագրել է Կան, ո՞վ գիտի, թե ես քանի անգամ եմ հարցրել ինքս ինձ, թե ինչո՞ւ իմ ընկերոջ գրություններից չեմ կարողացել հասկանալ, թե ինչ գեղեցիկ է Իփեկը: Այն, ինչ գրառեցի ես` ներքին ձայնիս ենթարկվելով ու տետրս հանելով, և այդ օրերին ինքս ինձ հաճախակի կրկնելով` «ճիշտ այնպես, ինչպես Կան», կարող էր լինել սկիզբն այն գրքի, որը հիմա դուք կարդում եք. հիշում եմ, ես փորձում էի Կայի մասին և Իփեկի հանդեպ տածած նրա սիրո մասին ասել այնպես, ասես դա իմ անձնական կյանքի պատմությունն էր: Իմ մշուշված բանականության ինչ-որ խորշերում ես մտածում էի, թե ինչ-որ գրքի կամ ձեռագրի ինքն իրեն հանձնելու կարողությունը սիրուց հեռու մնալու փորձառությամբ ձեռք բերված ճանապարհ է: Ընդունված տեսակետին հակառակ` մարդ, եթե ցանկանա, կարող է սիրուց շատ հեռու պահել իրեն:
Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ դուք կարողանաք ձեր միտքը նույնպես հեռու պահել այն կնոջից, որը մխրճվել է այնտեղ, և ինքներդ ձեզ փրկեք երրորդ անձի ուրվականից, որը ձեզ սադրում է այդ սիրուն: Մինչդեռ ես Իփեկի հետ արդեն պայմանավորվել էի հաջորդ օրը հանդիպել «Նոր կյանք» հրուշակարանում և զրուցել Կայի մասին:
Թե՞ մտածում էի խոստովանել նրան, որ ուզում եմ զրուցել Կայի մասին: Հրուշակարանում, ուր, մեզնից բացի, ոչ ոք չկար, նույն սև-սպիտակ հեռուստացույցով ցուցադրում էին Բոսֆորի կամուրջի համայնապատկերի վրա գրկախառնված երկու սիրահարների, և Իփեկն ասաց, որ իր համար հեշտ չի լինի խոսել Կայի մասին: Ինքը իր հոգու ցավն ու հիասթափությունը կարող է պատմել միայն այն անձնավորությանը, որը պատրաստ է համբերությամբ լսել իրեն, և իրեն մխիթարում է այն համգամանքը, որ այդ մարդը Կայի մտերիմ ընկերն է, այնքան մտերիմ, որ հանուն նրա բանաստեղծության վեր կացել ու մինչև Կարս է հասել: Չէ՞ որ եթե ինքը կարողանա ինձ համոզել, որ անարդարացի չի եղել Կայի հանդեպ, ապա դա գոնե ինչ-որ չափով կմեղմի իր ներքին խռովքը: Նա զգուշությամբ նկատեց, որ իմ կողմից ըմբռնողականության բացակայությունը (անհասկացողությունը) կվշտացնի իրեն: Նրա հագին այն երկարափեշ շագանակագույն կիսազգեստն էր, որը հագել էր «հեղաշրջման» հաջորդ առավոտյան, երբ նախաճաշ էր մատուցում Կային, սվիտրի վրա դարձյալ կապել էր հնաոճ գոտին (ես անմիջապես ճանաչեցի այդ իրերը, որովհետև դրանց մասին կարդացել էի Կայի գրառումներում), իսկ դեմքին քիչ քմահաճ, քիչ թախծոտ արտահայտություն էր, որը հիշեցնում էր Մելինդային: Ես նրան լսեցի շատ երկար և շատ ուշադիր:

Ռուսերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Օրհան Փամուկ, «Ձյունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.