ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ
1934 թվականի օգոստոսին, 75 տարի առաջ, ստեղծվեց Հայաստանի գրողների միությունը: Մինչ այդ, հայ գրողները գրական զանազան միավորումների անդամներ էին: Շատ կարճ անդրադարձ կատարենք միության ստեղծման նախապատմությանը:
1921 թվականի դեկտեմբերին հիմնվել էր Խորհրդային Հայաստանի գրական առաջին միավորումը՝ Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը, կարճ անվանումը՝ Հայ գրողների միություն: Այն գոյատևեց ընդամենը մեկ տարի: 1922-ի դեկտեմբերին, Երևանում հիմնադրվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան: Եվ քանի որ այնտեղ մուտք չունեին Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցն ու Եղիշե Չարենցը (ըստ ասոցիացիայի կանոնադրության, ոչ բանվորական միջավայրից դուրս եկած գրողները չէին կարող անդամագրվել) 1925 թվականին, Երևանում, Չարենցի նախաձեռնությամբ, ստեղծվեց ,Նոյեմբեր» գրական միությունը: Ի վերջո, գրական այս երկու միավորումները մեկտեղվեցին՝ կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը, որի նախագահն էր Դերենիկ Դեմիրճյանը, տեղակալը՝ Ստեփան Զորյանը: 1929-ի ապրիլին, Հայ աշխատավորական գրողների միությունը միավորվեց Հայաստանի պրոլետարական գրողների միության հետ և ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա, որը գոյատևեց մինչև 1931-ի հուլիսը: Նույն թվականի հունիսի 24-ի Ստեփան Զորյանի նամակը, որ ներկայացնում ենք ,Գրական թերթի» ընթերցողներին, հասցեագրված է գրչակից ընկերոջն ու լավ բարեկամին՝ Վահան Թոթովենցին, որն այդ ժամանակ Մոսկվայում էր ու ըստ երևույթին հստակ չգիտեր այն թոհուբոհի մասին, որ տեղի էր ունենում Երևանում՝ գրական շրջանակներում:
Բնավորությամբ հանդարտ, հավասարակշիռ, ինքնամփոփ Զորյանը, մտավորականին վայել իր կեցվածքով, հեռու մնաց գրական խմբակցությունների վեճ ու կռիվներից երեսնական թվականներին և հետագա իրադարձություններում, իր ոչ մի ելույթով կամ գործողությամբ չարատավորեց իր անունը, բայց և հստակ արտահայտեց իր դիրքորոշումը:
,Սիրելիդ իմ Վահան, գրում է Զորյանը Թոթովենցին.
Նամակդ ստացա շատ ուշ, այդ պատճառով պատասխանս ուշ է գալիս: Ուրախ եմ, որ արդեն Մոսկվա ես և ձեռնարկել ես լեզվաշինություն: Ասել է թե՝ լծված ես կուլտուրական գործի: Հաջողությու՛ն լիասիրտ:
Դառնամ հիմա քո հարցերին:
Ճիշտ է, որոշվել էր, որ ինձ ևս մյուսների հետ մի քանի ամսով պետք է ուղարկեին ռուսական արդյունաբերական կենտրոններից մեկը, սակայն ինչպես ֆեդերացիայի բոլոր որոշումները, այդ էլ, ըստ տրադիցիայի, հազիվ թե իրագործվի: Ինչպես գիտես՝ ֆեդերացիան որոշումները միայն արձանագրելու համար է անում:
Ինչ վերաբերում է ելույթին, դա ճիշտ է, ունեցել ենք, բայց ոչ այն բովանդակությամբ, ինչպես լսել ես և ոչ էլ այնպես, ինչպես արձանագրել է , Խ.Հ.»-ը. ստուգիր խրոնիկյորը:
Բանը հետևյալն է. ֆեդերացիան միտինգ կազմակերպեց՝ ,Ինտերվենցիան և արվեստագետների անելիքները»: Խոսեցին մի շարք մարդիկ, դրանց թվում և ես ու բոլորի տպավորությամբ, այդ օրն իմ խոսքը բոլորից լավ է եղել և օրակարգին վերաբերող, բայց չգիտես ինչու թերթի լրատուն գրել է, թե մյուսների հետ ես ևս ուղեկցային գրականության դերը չեմ հասկանում այս վերակառուցման շրջանում: Ուրիշները, որ խոսել են ուղեկցային գրականության մասին, կարող էին նրանց հիշատակել. բայց ես, որ բնավ չեմ շոշափել այդ խնդիրը, ինձ ևս մտցրել է նրանց շարքը: Գուցե թյուրիմացությամբ, գուցե չարամտությամբ՝ չգիտեմ:
Ամբողջ պատմությունը սա է:
Նորույթ. ֆեդերացիայում հարց է դըրված՝ զտել և վերակազմել Աշխատավորական գրողների միությունը նոր անունով և նրա շուրջը համախմբել գրական ուժերը, դրանց թվում և մեզ: Որոշված է, որ Աշխատավորական գրական միությունը ենթարկվում է լիկվիդացիայի և կազմվում է նոր հիմունքներով ու նոր պլատֆորմայով: Ես տվել եմ իմ սկզբունքային համաձայնությունը՝ նոր միության մեջ մտնելու, նայած ինչ մարդիկ կլինեն, ինչ պլատֆորմա կունենան: Իսկ իմ դիրքավորումը հետևյալն է՝ այսօր ամեն մի գրական միություն պետք է գնա ժամանակի հետ համընթաց և բավարարի նրա պահանջները, այլապես նա կհամարվի մեռած կամ անդամալույծ, ինչպես Աշխատավորական գրողների միությունը: Այս բանը ես հայտարարեցի ֆեդերացիայի ժողովում և Աշխատավորական գրողների միության անդամներից մի քանիսը համամիտ եղան ինձ հետ: Կարծում եմ դու ևս համամիտ կլինես:
Հիմա սպասում ենք նրանց լիկվիդացիային. վերակազմությունը տեղի կունենա, հավանորեն, սեպտեմբերին: Իսկ այդ ժամանակ դու այստեղ կլինես: Կատարվեց քո բարեկամ Դերենիկի հոբելյանը: Տխուր անցավ: Բայց ավելի տխուր էր իր վերջին խոսքը: Կարծես զտման հանձնաժողովի առաջ էր զգում իրեն և աշխատում էր արդարանալ:
Խոսեց իր բնավորության վատ գծերի մասին և այն մասին, որ ինքը միայն կոպիտ է եղել և Դաշ[նակների] հետ և ազգային խնդիրների հետ ոչ մի կապ չի ունեցել և այլն, և այլն:
Ձանձրույթից պաշտոնս թողի մի ամիս առաջ: Այս շաբթին կերթամ ամառանոց մի փոքր հանգստանալու:
Բարևներ սրտագին:
Քո Ստեփան»:
ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։