ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՖՐՈՒՆԶԻԿ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՀԻՇԱՏԱԿԻ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ
Իմ Արմեն Մարտիրոսյանին
* * *
Հազար ցավով լցված,
հազար տեղից խոցված,
հազար սրտի բացված
քո հոգու մեջ
ի՜նչ խռովքներ պահած,
պարտություններ շահած,
և խղճի ու սիրո
ի՜նչ ահեղ վեճ…

Բայց դու պոե՜տ էիր,
մի բամբռահար մանուկ,
որ երգեր է հանում
ցավի ծովից,
և երգերն այդ հեռու
աշխարհին է փռում՝
որպես հոգու մոխիրն
անդա՜րձ թովիչ…

Մինչ խռով այս կյանքից,
խռով ամե՜ն ջանքից,
խռով քո սերերից,
երգից խռով,
ինձ այս վիհում լքած՝
դու գնացիր անդարձ
անմահության մոխրե
ճանապարհով:

Ու քո երգով հարբած,
վերջին ցավդ պարպած
երբ մտնեմ ես չնչին,
անջինջ մի քուն,
քո տեղ այս անհոգի
կարո՜տը կփակի
իմ աչքերը – վերջին
ցավի միգում…

***
Հեռո՜ւ աստղի ցոլքից ես
ինձ ձեռքով անում –
քո չգրած երգից է
ցավս ծովանում:

Նայում ես ինձ վերևից
համր ու սրտաբեկ…
Չե՜նք հանդիպի երևի
երբեք, էլ երբեք…

Բայց առանց քեզ ես ինչպե՜ս
մեր խաչը տանեմ,
չքրքրեն որ այսպես,
մեզ խաչ չհանեն…

Չբամբասեն խմողից
տեղի-անտեղի…
քեզ հետ խմած իմ օղին
չդարձնե՜ն լեղի…

Ես ուզում եմ հե՜զ հոգիդ
թաղել իմ հոգում,
չար նախանձից, չար աչքից
պահե՜լ իմ հոգում…

Իմ փառավո՜ր, փառահեղ,
իմ աստղահմա,
քեզ նախա՞նձը, թե՞ սերն է
օրորում հիմա…

ՀՍԿՈՒՄ

Բոլորս անքուն ենք,
այնտեղ է մեր քունը,
բոլորս անտուն ենք,
այնտեղ է մեր տունը:

Այնտեղ են բույն դնում
հավքերը մեր հուշի,
այնտեղ են մեզ տանում
թևերը մշուշի:

Այնտեղ է մեր սերը՝
մեզ այստեղ խաբել են
անիմաստ հոգսերը,
անհեթեթ կապերը:

Այնտեղ են համբարձվում
մեր ծիծաղն ու լացը,
այնտեղ են սաղացնում
մեզանից խլածը:
Այնտեղ է, ա՜խ, այնտեղ
հեքիաթը կյանք առնում,
երբ մենք՝ մեղքի անթեղ,
հրեշտակ ենք դառնում…

Կյանք ու մահի միջև,
ուր դեռ կա մեր հունդը,
կքնենք մենք մինչև
մեր հաջորդ ծնունդը…

***
Արտասվեցինք, աղերսեցինք…
Նա՝ չէ, ասավ, պիտի գնամ.
այնտեղ՝ բառեր գերազանցիկ,
գողթան երգեր կան անխնամ –

երգեր կախարդ, հազար-հազար,
էլ ո՞վ նրանց կբարբառի.
ես իմ բառի ճորտն եմ, ասավ,
թագավո՜րն եմ ես իմ բառի:

Կա մի աշխարհ դրախտադեմ՝
երբ հոգնել ես այս աշխարհից.
ուրիշ դրախտ ես չգիտեմ
այդքան բա՜րձր ու չնաշխարհիկ:

Իմ անհունում ինձ կկնքեմ
ու կմտնեմ սիրո տաճար,
ուր սերերն են անդավ, անքեն,
հոգիները անհիշաչար:

Դրախտային հեռուներում
երգ կհյուսեմ խենթ ու գինով,
որ ամեն մի սեր ու ներում
սրբագործեմ իմ անունով…

– Ա՜խ, մի՛ գնա, թե գնացիր՝
երգերդ որբ պիտի մնան,
ու սրտերը մեր՝ ցանուցիր…

Նա՝ չէ, ասավ, թողեք գնամ…

***
Էլ ի՞նչ դողամ – մա՞հն է, թող գա,
քշի-տանի ալիք-ալիք,
ու էլ ո՜չ մի շղթա ու գահ,
ու էլ ո՜չ մի ակնկալիք:

Սրտակիցներս հեռացան
այսպես հերթով, մեկիկ-մեկիկ,
ե՜ս մնացի լոկ – հուշարձան
նրանց անուշ հիշատակին…
Քարե՜ արձան անշուք, ծարավ,
որ էլ պետք չի ո՜չ մի բանի…
Ինչ ունեի՝ կյանքը տարավ,
էլ մահը ի՜նչ պիտի տանի:

***
Ես ապրել եմ այնտեղ՝
հոգու դրախտներում
ու թռել եմ անթև
երազների հեռուն:

Տեսել սերեր շռայլ,
երգեր տարաշխարհիկ,
ամեն տեղ՝ փառք ու փայլ –
խլված այս աշխարհից…

Այնտեղ փորձանք չկար,
չկա՜ր այնտեղ անկում…
Ես ո՞նց այս ափն ընկա
արցունքի պես… թաքու՜ն…

Թռիչքներից հարբած,
սլացքներից համառ
մի ձեռնափա՜յտ մնաց
իմ կաղ հոգու համար…

***
Դուք հեռանում եք մեկ-մեկ,
ու աշխարհն է որբանում,
ո՜ղջն է մահով սրբանում –
երգ է թե սեր, ցավ թե մեղք:

Դու է՞լ, Արմե՛ն, ա՜խ, դու է՞լ
մաշված ճամփան այս գտար,
ո՜ւր էր բախտը՝ մեզ գթար,
նա մեզ երես չի՜ տվել…

Քեզ իմ հոգում եմ թաղել,
որ կուլ չտա հողը քեզ,
որ փո՜ւլ չգա տողը կեզ,
hե՜զ իմ հոգում եմ թաղել…

Հազարա՜ն երգ ու տաղեր –
ո՜ղջը՝ հրաշք, ո՜ղջը՝ քեզ…
Կարոտներդ ողջակեզ
ի՞նչ սրտերում ես թաղել…

ԳՈՒՅԺ

Ագռավը կռռաց… սա իմ ագռավն է, ինձ գույժ է բերել.
ի՞նչ լույս է մարել ու անդարձ կորել անհայտ վիհերում…
Իմ դեմ գոցել են դռները ամեն, ա՜խ, չեն համբերել,
թալանե՜լ են ինձ՝ խլել են ինձնից մոտիկն ու հեռուն:

Քիչ, մի քիչ էլ՝ ու – կգնամ հլու, մենակ, ծերացած…
Ագռավը կռռաց… կռռոցը ամպեց, փռվեց իմ ճամփին.
հրեշտակի իր թևերը հագին՝ սերը հեռացավ
ու այդպես ծարավ ճամփեքին կորավ: Թե՞ ձուլվեց ամպին:

Ընկերներս լո՜ւռ, գնացին անլուր, էլ ինձ չե՜ն մնում,
բայց թողել են ինձ անշուք, անշշուկ երգի հմայիլ…
Ագռավը կռռաց…այս ճամփին կորած՝ ես ի՞նչ եմ անում
սիրտս՝ կալանված, հոգիս՝ թալանված, տունս՝ ամայի…

Ցավի խայտանք է մութ տվայտանքը՝ գամված շղթային,
արցունք էր՝ պելվեց, շուրջս ծավալվեց անկրակ, անշեջ.
կանչում են ինձ է՞լ, ո՜վ է մնացել, որ ինձ ձայն տային…
Ագռավը կռռաց… ա՜խ, գնամ-պահվեմ իր կռռոցի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.