ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Frunzik Kirakosyan
***
Միայն մահն է անմահ,
մնացած ամեն ինչ տեսիլ է…

Այն, ինչ այս կյանքում կար,
ես արդեն երազում տեսել եմ:

Այն, ինչ կար՝ խենթերի
խենթ խաղ էր.
խենթեր են բոլորը – ես էլ եմ:

Միայն մահն է անմահ,
մնացած ամեն ինչ տեսիլ է:

***
Եվ վայելքնե՜ր էժան,
ափսոսանք ու կարոտ,
դառնություննե՜ր դաժան
խղճմտանքներ վառող…

Մենք պարտատեր հո չե՜նք,
մենք մի՜շտ պարտապան ենք…
Սա չէ կյանքը, օ՜, չէ,
կյանքը ուրի՜շ բան է…

***
Ջրհեղեղը կելնի ուր որ է,
իսկ այս կյանքում
փուչ ու խափան
ո՜վ կփրկի մեզ նորից-նոր,
երբ ո՜չ մի Նոյ, ո՜չ մի տապան,
ո՜չ մի ագռավ չի մնացել…
Ու մեր հույսը էլ չեն շոյի
ո՛չ Բասյոյի ագռավը ծեր,
ո՛չ ագռավը Էդգար Պոյի:

***
Երգերն այս խեղճ ու վհատ են,
և չկա բառն ամոքիչ…
լավ պոետներն այնքան շա՜տ են,
լավ երգերը այնքա՜ն քիչ:

ԱՆՁՐԵՎՈՂ ՕՐՀՆԵՐԳ

Անձրևներում ասեղնակար,
անձեռակերտ ծիածանում
հրեշտակներն անմեղ ու չար
տարաշխարհիկ տենդ են
ցանում…

Անհնարին մի մեղեդի
սրսփում է հալվող օդում.
արձագանքն է հին աղետի՝
մեղմում է հուշն ու աղոտում:

Ու բացվում են անակնկալ,
անպարագիծ, աննյութական
հեռուներ լույս, աստղանկար-
հոգու պես քաղցր ու
դյութական…

Ե՛վ ճախր է, և՛ վախ ու անկում,
և՛ վայե՜լք են երազ ու լաց,
ուր փռվում են խե՜նթ
ճախրանքում
մեր թևերը երկնասլաց…

Ուր հոգին է- կո՜ւյր- սավառնում
երանության մեջ ամեհի,
ուր ամեն օր կյանք է առնում
այս հրաշքը կյանք ու մահի…

***
Աստված, հա, Աստված…
և ի՞նչ եք ուզում,
կորացա՞ծ քայլեմ ես
իմ Աստծու դեմ,
ես մարդ եմ, ախր,
Աստծու արարած,
առաքինությունն իմ
շատ լավ գիտեմ:
Աստծու անունը ով շատ է տալիս
ու մուրում է խեղճ
ու մեջքը ճկում,
նա է, որ գլխիս
մուրճի պես գալիս՝
խրատում է ինձ ու պախարակում:
Եվ ի՞նչ, ձեզ համար մի՜շտ
հաց է Աստված,
հաջողություն, որ նա՜
պիտի բերեր…
հասկացեք, Աստծու
հե՜րն էլ անիծած,
դա չի ինձ տանջում,
ախր, մարդու մեջ
հավա՜տն է մեռել…

***
Քեզ ստեղծեցի
իմ պատկերով ու նմանողությամբ,
բայց դու կին էիր՝
քո մեղքերով ու անմեղությամբ…

Դու սոսկ կին էիր
միշտ գաղտնի՜ այնպես,
միշտ կիսաբաց…
դու իմ տանջանքի
դա՜ռը գինն էիր
և՛ հուսակտուր, և՛ հուսաբաղձ…

Ու ես հասկացա՝
սեր չեմ բերել ես,
զբաղված էի ես… գողությամբ,
երբ իմ կողերից աշխարհ
բերի քեզ
իմ պատկերով ու նմանողությամբ:

ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ճիչ էր՝ զարկվեց
սար ու քարի,
ո՜չ մի սրտում տեղ չկար,
և աղջիկնե՜ր
սրսփացին
սիրո դեմ կույր, համր ու քար…
Ճիչ էր՝ պիտի
սրտեր խոցեր,
դռներ բացեր իմ դեմ փակ
ու լցներ իմ
սիրտը բոցեր
տարաշխարհիկ, անապակ…

Ճիչ էր՝ պիտի
սիրով լցված՝
մեկի սրտում ծվարեր,
բայց ետ եկավ
անտե՜ր, խոցվա՜ծ,
թևը ծալեց ու մարեց:

ԳԻՇԵՐՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Գիշեր է ուշ, խավար է.
ա՜խ, շունչդ պահիր.
սսկվել է անտառը
ահավոր ահից:

Ո՛չ մի շունչ, ո՛չ մի հնչյուն՝
ուշ, այս ուշ ժամին.
պահվել են ծառ ու թռչուն,
պահվել է քամին:

Ճչում է լոկ խենթ առուն,
փախչում երկյուղից.
ասես գազա՜ն է նայում
ամեն մի ճյուղից:

***
Ծովը չեմ տեսել,
բայց գիտեմ նրան.
անծիր է, հեզ է,
արևը՝ վրան:

Բայց երբ խռովքն է
իմ սրտում եռում,
երբ մշուշվում է
իմ հոգու հեռուն,

ու երբ ցավն է իմ
հոգում հեծեծում,
ծովն իր ամեհի
ափերն է ծեծում:

Ու ծառս է լինում
կրկին ու կրկին,
ու հոշոտում է
ալիքն ալիքին,

ափերն է ծեծում
պաղ ու գորշավազ,
կուլ տալիս ժայռեր
և նավ ու նավազ…

Մինչ տեսնի, որ, չէ՜,
զուր են, անօգուտ,
ցասում ու ճիչեր՝
անտեղի ու սուտ…

Ու սրսփում է
հլու ու պարտված
ու մեղմ ծփում է
խաղա՜ղ, հանդարտված…

Անծիր է, հեզ է՝
արևը՝ վրան…
Ծովը չեմ տեսել,
բայց գիտեմ նրան:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՆԳՈՎ

Թե կինը քեզ դավաճանի,
ասել է թե՝ սեր չկա…
Դավաճանե՞լ, Աստված չանի,
սակայն այդ օրը թե գա,

զո՜ւր ես կռիվ ու վեճ անում,
տրվում խանդի մթարքին.
ո՞ր կինը չի դավաճանում,
եթե կին է նա կարգին:

Թե քոնը չի սիրտը նրա,
Աստվա՜ծ նրան թող պահի,
դու էլ գնա՝ նոր սեր արա,
էսպես է կարգն աշխարհի:

***
Տիեզերքում այս՝ քեզ տրված
և հավատի՜դ խաչը կա.
– Մի՛ համոզիր, թե կա Աստված,
մի՛ համառիր, թե չկա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.