Էդուարդ Հախվերդյան

Էդուարդ-ՀախվերդյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ, թարգմանիչ
Էդուարդ Հախվերդյանին
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ

Զրույց Դանտեի, Թ. Ս. Էլիոթի,
Ֆ. Ֆարրոխզադի և… Ձեզ հետ:

1.
Եվ ինչո՞ւ ողբալ…
…………………………
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
Կանխորոշեց քո մահը,
Եվ կռռոցը, ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վերադառնալու
Հայելիների հավերժական անդրադարձից,
Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
Մութ արգանդը ժամանակի:

Մենք կանգնեցինք ու տեսանք,
Փոքրիկ շատրվանների
Ողբը անարցունք,
Մենք կանգնեցինք ու տեսանք
Համաճարակը փողային ախտի
Եվ մեր մատներից
դանդաղ հեռացող
Հետքը թանաքի:

Ծառերը չեն վազում…
Եվ ամենօրյա հրաշքները մեծ
Տաղտուկ են բերում
Ճահիճում ապրող գիշակերներին:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է վճարելու
Ստույգ գինը երկչոտության,
Եվ ի՞նչ պատգամներով ենք
վերաշինելու՝
Վարդի հոգին փշրված:

Մենք կանգնեցինք ու տեսանք
Ամոթից շիկնող
Ընդվզումը արևածաղկի:
Մենք կանգնեցինք ու տեսանք
Կեղծ լուսապսակը
Խավարասեր «մարգարեների»
Եվ մեր սիրո ողջակիզումը՝
Առ ոչինչ…

2.
Եվ ինչո՞ւ ողբալ…
………………………….
Պետք է ապահովել…
Պետք է ապահովել շրջանակը սև.
«Նախքան մտածելը
Պատահում է պատահարը»,
Եվ հետապնդող լույսերը մահվան
Մե՛րթ միանում են
Ու մե՛րթ անջատվում:

Ես տեսա
Համբույրից հյուսված
Պարանը ճոճվող
Եվ մարմինը քո՝
Արևածաղիկ:
Ծառերը չեն վազում,
Նրանք սուզվելով
Բարձրանում են վեր:

Իսկ ժամանակը…
Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
Միայն մի բան է շշնջում հիմա.
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…

3.
Եվ ինչո՞ւ ողբալ…
Եվ ինչո՞ւ ողբալ…
«Հասարակ իշխանության
ուժը կորուսյալ…
Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր,
ի՞նչ աշխարհամաս»,
Ուր միայն ապրիլը չէ
ամենադաժան ամիսը,
Եվ առանց անձրևների
Ազգի բեղուն արգանդից
Դուրս է հորդում
Հոծ բանակը սինլքորների,
Իսկ երկիրը
դաժանորեն եթերացված,
Ընկած սեղանին վիրահատության
Լուռ ճչում է.
«ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»:

4.
Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր
ապրելու մասին,
Թաղվող հատիկը ինձ հուշում էր
ապրելու մասին,
Կանգուն ժայռը, գլորվող քարը
Ինձ հուշում էին ապրելու մասին,
Իսկ «մահը, այն ծառն էր հսկա,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի՝ «Սկզբի» շնչավորները,
Սրբերին ապավինելով
լաթեր էին կապում,
Իսկ մյուս կողմի՝
«Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա
ֆոսֆորե արմատները»:
Իսկ մահը՝
խորհրդատուն ամենամեծ,
Իսկ մահը՝ ուղեկիցը հավերժական,
Լուռ ճչում է.
«Ոչինչ կարևոր չէ այնքան,
Որքան իմ շփումը քեզ հետ,
Բայց ես դեռ չեմ դիպել քեզ»:
Իսկ մենք,
Մեր իսկ արյանը ծարավ,
Հրապարակներում գոռում էինք
Քայլերգը մահվան.
«Կեցցե…
Կորչի…»:

5.
Մենք գայլեր ենք անհոգի,
Տե՛ր, աղոթիր մեզ համար…
…………………………………
Ո՛չ մարգարե, ո՛չ արքա.
հարկավոր չէ մեզ ոչինչ:
Սուրբ քարոզներ ու պատգամ,
հարկավոր չէ մեզ ոչինչ:
Մենք գայլեր ենք անհոգի և
«հոգիներ փոքրոգի,
Որ ո՛չ Աստծուն,
ո՛չ էլ դևին ենք հաճո»:
Մենք խժռող ենք ու լափող,
Տե՛ր, աղոթիր մեզ համար՝
Մեր ծննդի
Ու մեր մահվան ժամանակ:

6.
Մեռնող ճայը ինձ հուշում է
թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է
թռիչքի մասին,
Մեռնող ճայը ինձ հուշում է
թռիչքի մասին,
Մեռնող զինվորը՝
Տհասությունը մարդկային:

Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի,
Թե ով է փրկելու
Ժառանգությունը մեր՝
Միաբջիջ պրոտոզոններից,
Ով է տանելու պարտեզն անապատ,
Եվ ի՞նչ հրաշքով
Մեր դեմքերը աղճատված
Կհատուցանեն
Քաղցր
բերկրանքը ինքնաճանաչման:

Գնանք ուրեմն,
Հաստատուն գնանք
Դեպի հարցը սպանիչ,
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»
Իսկ գուցե ոչինչ,
Այն ենք,
Ինչ եղել ենք շարունակ…

7.
«Ո՛չ բաժանումն է կարևոր,
Ո՛չ միությունը:
Սա է երկիրը՝
Ժառանգությունը մեր»:
……………………………………………
Անշուշտ դեռ կլինի ժամանակ
Վերլուծության ու քննարկման,
Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
Պեղումների համար
ու հնագիտության,
«Դեռ ժամանակ կլինի,
դեռ ժամանակ կլինի»,
Իսկ մինչ այդ
Սովալլուկ մանկան նման
Անհագորեն ծծենք
Սմքած ծծակը
Անփառունակ մեր գոյության:
Իսկ մինչ այդ
Շնորհ համարենք ապրելը
Այն երկրում,
Որ առաջինն է,
Որ առաջինն է,
Որ առաջինն է…

Իսկ մինչ այդ
Գնանք հաստատուն,
Հաստատուն ու պարզ,
Դեպի հարցը սպանիչ.
«Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ»:

***
Ջուլիետային
Ա՜խ, ինչպես սանձեմ փոթորիկներս,
Դու նուրբ ես, ինչպես հասկը ցորենի,
Դու հրաշք ծաղիկ, լույսի առեղծված,
Ա՜խ, ինչպես սանձեմ փոթորիկներս…
Կյանքի ավիշով լեցուն ու բերրի,
Դու ոսկե ծփանք կապույտի ճոճքում,
Ա՜խ, ինչպես սանձեմ փոթորիկներս,
Դու նուրբ ես, ինչպես հասկը ցորենի:
ՎԱՐԱԳՈՒՅՐՆ ԻՋԱՎ
Լքեցի բոլորին,
Բոլորին դավաճանեցի,
Ժամանակի և լույսի մեջ
Կանգնեցի միայնակ
Եվ տեսա իմ տիտանական,
Իմ ահասարսուռ
ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԸ:
Ոչինչ մի՛ ասեք,
Ոչինչ չի փրկի:
Խարանն ամոթի հոգուս է դաջված,
Բայց ձեռքս մեղսավոր փակել է աչքս
Եվ կիսադեմով,
Հառաչը խեղդած չոր կոկորդիս մեջ,
Ես սլանում եմ`
Ժամանակների թաց ու լպրծուն
կոյուղիներով,
Ուր հոգիները
Սնամեջ, փքուն փուչիկի նման՝
Ստամոքսների մի թույլ խայթոցից,
Պայթում են հանկարծ,
Եվ գրպանների խեղճ տարողությամբ
Ընկերությունը, առնետի նման
Այս կմախք-կյանքի ոսկրափայլը
կրծելով անհագ,
Արագ փախչում է ծակ գրպանների
ամայությունից
Ու լուռ ամփոփվում
չակերտների մեջ:
Ոչինչ մի՛ ասեք,
Ոչինչ չի փրկի:
Մենության խորքում
հայելիներն անգամ
Սնդիկ են թքում՝
Պարկեշտ թվացող մեր
դեմք-դիմակին,
Որ մաշկ չէ բնավ,
Միս ու արյուն չէ,
Այլ՝ հաստ ու հղկված
գորշ լկտիություն,
Որին չի փրկում կնճիռն անգամ
Ու մազը ճերմակ,
Միայն աչքերն են.
Մեր բութ ու պլշած
աչքերն են մատնում
Ծանծաղ մեր հոգու տարողությունը,
Սակայն կույր ենք մենք՝
Աչոք ու մտոք,
Եվ խուլ կրկնակի,
Եվ մեր Աստծուն,
Որ ՍԵՐՆ է միայն,
Մեր սեռանդամից
վեր չբարձրացնելով
Փնտրում ենք, ավաղ,
Մեզանից հեռու
Ու մեզանից դուրս:
Ոչինչ մի՛ ասեք,
Ոչինչ չի փրկի:
Փառատենչության, եսամոլության
Թույն ենք ժառանգել
անհայտ տերերից
Եվ դաժանորեն
Քանդել ենք բույնը
հավատք-թռչունի,
Որ մի օր խռով հեռացավ տխուր
Մեր սառցակալած հոգու դաշտերից:
Ով քանդարարներ,
Մի՞թե ձեր լխկած, նեխած հոգու մեջ
Կարող է բառը, գույնը, հնչյունը
Եվ միտքը խամրած,
Տիեզերական թրթիռներ կորզել,
Երբ կուրացած եք
Ամենաչնչին լուսաթարթումից,
Եվ նեխակալած ձեր քիմքը, ավաղ,
Որսալ չի կարող՝
Ձեր էության մեջ շարունակ դիզվող,
Գաղջ աղբահոտը Ավգյան ախոռի:
Միայն լույսի մեջ,
Միայն սիրո մեջ,
Միայն հավատքի…
……………………………………
Ոչինչ մի՛ ասեք,
Ոչինչ չի փրկի:

Վարագույրն իջավ…
Ծափահարություն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։