Հոգսը խեղդելու, երկիրը պահելու կորովը պահենք / ՀՐԱՉՕ

ՀրաչօՄայր-երկիր,
քո որդիք միշտ օտար են իրար…
Վահան Տերյան

Աչքերդ դեռ չբացած` հոգուդ խորթ մի զգայարան մատնում է, որ հոգսացավը, քեզ քրքրող սևակնած միտքը սողոսկում են երակներիդ մեջ, պատրաստ են ցատկելու, բկխեղդելու… Հոգսը քեզ էսօր-էգուցն է գցել, ուսիդ պինդ նստած լուծը թեև մաշվել է, բայց չի ուզում լքել քեզ: Քո լուծն է: Մարդ ես, լավ է, վատ է, առավոտվա քո փառքը տուր Տիրոջը: Ցավով, հոգսով արթնացած օրը, սովորույթի համաձայն, մեզ է մթնեցնում: Ինչ էլ տա-բերի օրը (օրկյանքը), պիտի ասենք` լավ էր, վատ էր` սա էր, էսքանն էր: Ոչ մեկը իր լավ օրկյանքը քեզ չի տալու, դու ես քո, քո երկրի, քո ժողովրդի կյանքը կյանք դարձնելու: Անբաժան հոգսը հուշում է մեծին` լավ էր, վատ էր` դու քո կյանքը ապրեցիր, մաղթիր, որ լավ կյանք լինի մեր թոռների, մեր հողի, մեր լեզվի համար (միտքը կրկնում եմ հազար անգամ): Մոռացիր էն դաժան խոսքը, որը չի բաժանվում մեզնից` լավ օրվա կարոտ մնացինք: Լավ օրկյանքը դու ես ստեղծելու: Ես դարձել եմ իմ աչքի գրողը: Պարապի մեկն եմ: Պարապ մարդու օրը կտրվի: Մի՛ ասա` հիվանդ եմ, ծունկս չի բռնում, ձեռքս չի հասնում: Դեմդ բառ է նկարվում ու բուրում` ուրիշները չեն թռչում, մի կերպ ապրում են: Վա՜յ էն ապրելուն, լոռեցիներն ասում են` քարին քացի տալով մի կերպ ծերը ծերում ենք, զոռի-գուջի ապրում ենք, էլի: Բայց` մի տնից չենք, մի հալի ենք: Քեզ շատ բան է լքում, բայց հավատարիմ է մնում հույսը: Ի՞նչ են ասում եռաբլուրում ննջող ազատամարտիկները: Ի՞նչ է ասում քո սիրելի, պաշտելի Գագիկ Գինոսյանը` ազատամարտիկ-մահապարտ, «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիրը. «Մենք հաղթեցինք նահատակության պատրաստ սերուցքի շնորհիվ»: Սկսած գործը պետք է ավարտին հասցնել: Ամառվա տարի-օրը անցնում է` էլի գործ չեմ անում: Օրվա նման անցնում են պարապ-սարապ, տնքացող տարիները: Կիսատ-պռատ: Հիմա, ասես, լրիվ ո՞ւմ է հարկավոր, որ կիսատը մեկին պետք գա: Ինչո՞ւ կիսատ թողեցի իմ սիրելի հեղինակի` Ալիս Հովհաննիսյանի ճյուղարմատ, տերևապատ վեպի ընթերցումը: Ի՜նչ նրբահյուս խոսք էր գրել անվանի գրականագետ Վազգեն Գաբրիելյանը: Նույն Ալիսը ի՜նչ ցավով էր գրել հրաշալի արձակագիր, պարզապես մեր ժամանակի պատմիչ Սասունիկ Թորոսյանի «Ափնարոտիկ» գրքի մասին: Իսկ դու չես հասցնում: Հինգ տարի առաջ Եղեգնաձորի Ագարակաձոր գյուղում նվեր եմ ստացել Դունյա Կարապետյանի բանաստեղծությունների գիրքը` նկարեն, գունավոր, համոզկեր: Այ ուսուցչուհի՜, Պարույր Սևակի գյուղում ծնված բանաստեղծուհի: Իսկ ես չեմ կարողանում ավարտական դասարանում սովորող իմ թոռնուհուն ներկայացնել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գիրքը: Ի՜նչ հիացմունքով սկսեցի Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի ընթերցումը: Ավստրալիայից զանգահարում է գրքի թարգմանիչը` Սարգիս Սելյանը: Բուխարեստում ապրելու տարիներին նա քիչ հայ հեղինակների չի թարգմանել ռումիներեն: Բայց Վարուժանի վեպը առաջին լուրջ գործն է համարում, որ ռումիներենից թարգմանել է հայերեն: Հորդորում է` քեզ ստիպելով կարդա, ցավերդ կմեղմանան: Սարգիսը սիրելի տիկնոջ` Մադլենի հետ էս ամառ եղավ Կիլիկիայում: Ցնցված էին: Բանաստեղծուհի, համարձակ հրապարակախոս Նանեից ստացա բանա­ստեղծությունների ժողովածու և… «Առողջու­թյան տաճար» բուժագիրքը: Մտքումս սիրեցի ու փայփայեցի նրա տաղանդը ու… ամեն ինչ մարդու համար է: Պապ կոչվածս իր տնքոց-հառաչանքները, ա՜խ-վախերը, նանի ջան կանչերը չկարողանա՞ պահել-թաքցնել թոռնիկներից: Մեղա քեզ, սուրբ Նարեկացի, էլ ի՞նչ ես ուզում, ապրել ես քո կյանքը: Դու քո ցավին չես դիմանում, բայց պիտի դիմանաս քո ժողովրդի, քո երկրի դարդուցավին: Դու չէ, հենց քո երկիրն է դարձել ցավ ու դարդի աշխարհ: Քո աչքի առաջ քո ժողովուրդը խեղճանում, բաժան-բաժան է լինում: Ամաչում ես, երբ խեղճանում է գյուղաբնակը, խեղճանում է ուսուցիչը, խեղճանում է գիտնականը, խեղճանում է մտավորականը, խեղճանում է հենց գրողը, ամենասարսափելին էն է, որ խեղճանում է ողջ մնացած ազատամարտիկը, էլ չենք ասում զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին: Գոնե կա՞ մեկնումեկը, որ չի խեղճանում: Չէ՛, չեմ ասելու` իշխանավորները մոթալակոխի են արել ամեն մի օրենք, դատավորները չեն խեղճանում, կոռուպցիա կոչվածը տիրակալ է… Դարեր շարունակ իր հայոց պատմությամբ մեզ պահել է մեր Քերթողահայրը: Հիմա ամեն մի ավազակ քերթող է դարձել ու տիկ է հանում նրան, ում ցանկանում է: Ինչո՞ւ է մարդը մենակ: Մարդու սիրտը վախ է մտել` ի՞նչ է լինելու վաղը: Վերջերս Երևանում` իր ծննդավայրում էր աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Նա լսում է մի աղջկա (վերջինիս խնդրանքով), հիանում, խորհուրդներ է տալիս, թե ինչ անի, որ ավելի լավ երգի, իսկ անհամբեր, անհանգիստ մայրը չի զլանում հարցնել. «Ո՞ր երկիրն է ավելի հարմար այստեղից փախչելու համար»: Մենք փախչում ենք գիշեր-ցերեկ, ինքներս մեզնից ենք փախչում, ծույլ ենք, ալարկոտ, օտարամոլ, մեր հնությունների հետ լեզու չենք գտնում, նաև քարանձավներ ենք ջարդում` ոսկի գտնելու համար: Անուններս դրել ենք հին ժողովուրդ, շատ հին ժողովուրդների ճանապարհի մեջտեղում ենք թողել ու հիմա ոչ թե հին ենք, այլ հնացած, գոնե հնէացրած լինեինք: Հին ազգը գոնե պահել-պահպանելու ջիղ կունենա, իսկ քո ճարտարապետը, որը սովոր է գլխավոր կոչվելու, բոլոր նրանց հետ է, ովքեր մոտ ու հեռու դրսերում ավերում-աղում են հայոց հնությունները, հնու­թյուններ, որ պիտի զարդարեին աշխարհի քարեղեն դեմքը: Մենք ինքներս ենք ծռում մեր ողնաշարը:
Ուրիշի խոսքով խորհրդի նստողը ճամփա չունի կտրելու: Ուշ ենք հասկանում, որ ուրիշը հենց նա է, որը դիմակավորված է, մեր տունը հենց նա է քանդում ներսից: Մի ՌՔ նախագահ կոչված, որը կարողանում է ոչ թե մայր բուհերում, այլ բուհերի մայրում ասել` «հայոց լեզվի հարցում պետք է մի քայլ նահանջենք» ու չի արժանանում, մեղմ ասած, տրոհման, նշանակում է… Թմկա թագուհին բացել է դարպասները: Գիշեր-ցերեկ, տարիներ շարունակ, գալիս ու գալիս են` խորհուրդներ տալու, թե ինչպես յուրացնել անկախությունը: Եվ անտեր մնացածները, գլուխները մի պահ կտրելով կերակրատաշտից, ասում են` Ամերիկան միանգամից չի կառուցվել: Եվ ոչ մի երկիր միանգամից չի հարձակվել իր հանքերի վրա` խժռելով ընդերքը, մի քանի տականքների համար` ավերելով բնությունը` քայքայելով ժողովրդի առողջու­թյունը, տագնապ, վախ ու խուճապ լցնելով մարդու սիրտ ու հոգին: Ո՞ւր է իմ երկիրը, ո՞ւր է իմ ժողովուրդը: Ասես մեծ լավություն էր անում առաջին ընտրյալը, որը ոչ թե գուշակում, այլ ասես թույլ էր տալիս, որ Հայաստանում կմնա մեկ միլիոն մարդ, և… գնացողները կփրկվեն: Էսպես տենդահար փախչելով, մեր հոտը ցրելով աշխարհով մեկ, հիշելով ազգիս կեղեքիչ պարտքերը՝ մխիթարվում ենք` եթե յոթ հարյուրի իջնենք` էլ ո՛չ պարտք կունենանք, ո՛չ էլ… Դաժանություն: Բայց շարունակենք դրախտավայր ասել, մխիթարել մեզ նրանով, որ ժողովրդին հարստահարողները կարժանանան նույն ճակատագրին, ինչին արժանացրին 15 սև թվականին մեղսագործած թուրքերը: Ես շատ եմ ուզում, որ մենք էն մոր բերած արու զավակը կոչվենք, որը կարողանում է փրկել հայության մայրական դաշտը: Տան ներսի պատը պիտի պահի մայրը: Տղամարդ, դու դրսի պատ մնա: Հենց ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ մայրիշխանությունը նաև դրսի պատ է: Մի գրող աղջիկ տագնապում է, ոչ թե տագնապում է, այլ փրկության զանգ է հնչեցնում` հիշեցնելով ոչ հեռավոր եղելություններ. լենինյան ոսկին Աթաթուրքի ձեռքին դարձավ զենք և ուղղվեց Հայաստանի ճակատին` հողի և մարդու: Համոզված ենք, ինչ էլ լինի, Ռուսաստանն էնքան անբան ու անհասկացող չէ, որ յոթ Ամերիկա էլ մեջտեղից յոթ անգամ պայթի, «ոչ մեկի չի զիջի Արևելյան Հայաստանից մնացած այս տարածքը. սա նրա համար ֆորպոստ է` սապոգի տեղ, որի համար ինքը ժամանակին արյուն է թափել և գիտե նրա գինը: 19-րդ դարից այս տարածքը նրան հարկավոր է առանց հայերի… Իսկ երբ հայտարարում է, թե, որպես ռազմավարական դաշնակից, կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը, նրա տարածքը միայն նկատի ունի և ոչ թե ժողովրդին…»: Մենք ամեն ինչին դեմ ենք անում մեր ոգին` միշտ էլ հույս տածելով, թե հայոց ոգին անմեռ է: Հայ զինվորը հաղթեց, հաղթեց ազատամարտիկը: Բայց ովքե՞ր են վայելում (վայելում չասենք, ասենք` խժռում, լափում) պտուղները: Ինչո՞ւ է վիրավորված ազատամարտիկը: Ինչո՞ւ է նա իրեն մենակ ու միայնակ զգում: Ինչո՞ւ է մտածում հեռանալու մասին: Մի խելոք հիմար (իհարկե պատգամավոր) բերանը լենքին բացել ու հեռուստացույցով ասում էր` մենք էլ արտահանում ենք էժան բանվորական ուժ և ուղեղ: Շատ ասացինք` քոչվոր ցեղերը, քոչվոր ցեղերը, հիմա էլ նորից ենք կպել նրանց ծորուն կլկլան երգին ու… Եվս մի երկու տարի, և մենք կասենք` թուրքը արդեն մեկ դար է, ինչ չի մտել մեր հողը: Ճիշտ է, չի մտել, բայց թշնամական, հենց թուրքաբարո գործեր միշտ են արվել: Եվ անկախությունը ստիպեց հազարավոր հայերի, որ հացի համար բախեն թշնամի-հարևանի

դուռը, անգամ հիշեցնեն, որ «գյոզալ» թուրքերենը չեն մոռացել, իսկ ճանաչված լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը տագնապում է` ոչ միայն երիտասարդ, առողջ, աշխատասեր մարդիկ են քոչում, այլև լեզուն, մայրենին է քոչում: Ի՜նչ բարբառներ են սրատվել, ի՜նչ գանձեր են տեղահանվել: Երևան-հայրենիքում տասնամյակներ շարունակ հանգրվանած ի՜նչ բարքեր, հենց ազգային նկարագիր ունեցող ի՜նչ դեմքեր են հեռանում: Մեր վերջին հողակտորն է Հայաստանի Հանրապետությունը: Կարո՞ղ ենք պահել: Երգի մեջ` այո՛: «…պիտ հասնինք Սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում»: Եթե աչքերը բացեն մեր պատմական հայրենիքի քաղաքներն ու գյուղերը, եթե դիմեն հիշողությանը, ապա կվկայեն, որ նման թալաններ տեսել են միայն իրենց երկրում, իրենց տանը: Համաժողովրդական թալան, պետական թալան: Ժողովուրդը չի կարող անգամ մի գյուղապետ ընտրել, ինչ մնաց, որ նախագահ ընտրի: Բոլոր ընտրությունները կատարվում են հեռավոր պալատներում, երկնքում (օդանավում): Համատարած քծնանք, շողոքորթություն, միայն թե մի պաշտոնից, բանից, մրցանակից, հացից… «Ռուս ջան, կաս` դու ես, չկաս` դու ես»: «Ամերիկացի ջան, կաս` դու ես, չկաս` դու ես»: Եվ իշխանավորները համոզված են` էսօր պաշտոնի ես, պահը բաց մի՛ թող, կեր, չուտես՝ էգուց թուրքն է գալու, շունն ու գելն են գալու` ուտելու: Կեր, դիզիր, ցանկացած երկրում, մեծ իշխանավորների շվաքի տակ մի քոլիկ ասա ու հայկական ոճով մի դղյակ կառուցիր… Վա՜յ, նանի ջան…
Եվ ցույց ենք անում: Նստացույց: Հացադուլ: Էս շենքը պիտի կառուցվի, որովհետև եթե չկառուցվի, ապա, Կիևյան 5-ի ժողովուրդ, գիտե՞ք ինչ կլինի: Էս հինավուրց, Հռոմից հին քաղաք Երևանը ի՞նչ իրավունք ունի… հնություններ ունենալ: Եվ ախորժակով հոշոտում են:
Մարդը մենակ է:
Երկիրը մենակ է:
Մեր տունը խորթ է դառնում: Հողը շարունակում է խռով մնալ: Բնապահպաններին լսող չկա: Մարդը մենակ է: Երեկվա հարազատը այսօր խորթ է: Դու իր հայը չես: Դու իր կուսակցությունից չես: Քեզ տեսել են իր… թշնամու հետ: Այ քեզ հայի խե՜լք: Մարդը չի գնում իր հարազատ մորաքրոջ թաղմանը, որովհետև նրա տղան ուրիշ կուսակցությունից է: Եվ պարապ-սարապ էս կուսակցությունները խորթացնում-օտարացնում են ժողովրդին և` մենք պետք է հաղթենք: Ո՞ւր է մեր ազգային ծրագիրը: Ինչի՞ շուրջ համախմբվենք: Համախմբվենք` ի՞նչ անենք: Ինչո՞ւ չունենք դիվանագիտություն: Հենց ժողովրդական դիվանագիտություն: Մենք շատ ու շատ պակասպռատություններ ունենք: Չունենք էն հզոր, լուսավոր հայացքը, որ նաև մեզ հասած 21-րդ դարից նետենք ժամանակների խորքը, տեսնենք ոչ միայն մեզ, այլև նրանց, ովքեր պատմություններ են ստեղծել հենց պատմության համար: «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն». այսպես է խորագրել իր մատենաշարը, եթե թույլ կտաք` ասեմ` անվանի արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան, հրապարակախոս Արման Նավասարդյանը: Կարդանք նրա ուսուցողական, բան սովորեցնող, պատմության էջերից քաղած, իմաստուն զրույցներից, դեպքերից պարզապես վերցրած, իր աչքերով քննած գիրքն ու զարմանանք, որ մեր շատ ու շատ դիվանագետներ ոչ թե անգրագետ են, այլ անգետ են: Նրանցը ավելի շատ բիզնեսն է իրենց բաժին ընկած դեսպանացած երկրում:
Դատարկվում է Հայաստանը. և իշխանավորները գոհ են վիճակից, որովհետև խնամքով կատարում են դրսի տերերի հանձնարարությունները` առատորեն վարձատրվելով հայ ազգի դեմ կատարած իրենց ոճրագործությունների համար: Վաղը, իհարկե, թույլ չեն տա, որ ազատ խոսք լինի կամ խոսքի կիսատ-պռատ ազատություն: Երկրաշարժ էլ բերին մեր գլխին, կոտորած էլ, պատերազմ ու շրջափակում: Դիմացանք: Բայց չենք դիմանում խաբկանքին: Էս պահին ինչո՞ւ եմ հիշում Դանիել փիլիսոփա Երաժշտին, Գագիկ Գինոսյանին, Հայրենական պատերազմում հորը կորցրած Հովիկ Վարդումյանին: Նա ծնված օրից է մենակ: Հովիկը սիրելի է ոչ միայն կնոջ` Էմմա Բեգիջանյանի (այո՛, թարգմանչուհի` պարսկերենից), այլ հրաշալի գրականագետ, ուսուցիչ Մարգարիտ Խաչատրյանի, անխոնջ գրող Ալիս Հովհաննիսյանի (կարող եմ տասնյակ անուններ հիշել) համար: Երկիր է, ո՞վ ասես, որտեղի՞ց ասես գալիս են ու իրենց հետ բերում ամեն տեղ մտնող իրենց քիթը: Էսօրվա ապիկար-տականքներ, թալանչիներ, ժողովրդին ապրելու իրավունքից զրկողներ, բոլորս քաջ գիտենք, որ տուն ղեկավարելը արվեստ է, հոգեբանություն, ժողովրդին, նրա հայրենիքը պահելու նվիրում… Սուտ երդումներ, երեսին խաչ հանողներ, նաև ավետարանի վրա ձեռքը դնելով ու երդվողներ շատ ենք տեսել: Էս ի՞նչ օրի հասցրին ազատամարտիկին, որ նա ծայրահեղ քայլի է դիմում` ընդվզում է, բողոքում, նստացույց անում Ազատության հրապարակում: Նրանց հետ է նաև հրաշալի գրող, զարմանալի համեստ, աչքը միշտ կուշտ Հովիկ Վարդումյանը: Նա իր երամի հետ է: Էլ ի՞նչ մարզպետ, ի՞նչ գյուղապետ, ի՞նչ քաղաքագլուխ, ի՞նչ նախագահ, ի՞նչ պաշտոնյա, որ չեն կարողանում պահել իրենց բաժին բնությունը: Պոչամբարներ են, որ վիշապ-օձերի նման փաթաթվում են Սյունիքի ժողովրդի վզով: Կարո՞ղ են փրկել բնության, Խուստուփի, Դավիթ Բեկի, Նժդեհի ժողովրդին: Իբր, իմ Լոռու ժողովուրդն ինչ հալի է: Մեծն Թումանյանի ժողովուրդն էլ է հեռանալուն սովորել: Պատմական Սանահին գյուղն էլ է դատարկվում: Ամառները Լալվարի փեշ ու լանջերին տեղ ու դադար չէր լինում: Հիմա մղկտացող ձեն ես լսում. «Քեզ մատաղ, ոնց ասեմ, որ ինձ հայերեն, լոռեցիավարի հասկանաս. Մարդ-իսանն էլ է կտրվել, որ հետները մարդավարի զրիցի նստես, քո լեզվին, քո մտքին եկածը ասես, աչքերդ փակես, բերանդ բացես ու սիրտդ դատարկես»: Խոսքը վաղուց իմաստազրկվել է: Երկիր ենք կորցնում: Բայց ամեն ինչ, ի սկզբանե, խոսքով է լինում: Մեր մեջ ընդվզում ենք, թե էստեղ ու էնտեղ, հենց Նոր Ջուղայում հայոց վերջին հնությունները աղացին, փոխինձ արեցին ու խաշիլի պես կերան: Երևանում քի՞չ ավերածություններ են անում: Հենց բուն Հայաստանում: Տրտնջում ենք` Հրանտ Դինքին սպանեցին: Իսկ ո՞վ սպանեց Վարդգես Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին: Մեր հնամյա-հանճարեղ-հարուստ լեզվի հերը ոնց ենք անիծում ամենուր, մանավանդ սերիալ կոչվածներում, իրենց արևին` երգիծելիս: Լեզուն ինքն իրենից խրտնած փախչում-նահանջում է, գաղթում է: Լեզվի վերադարձ կլինի՞: Երանի ամեն մեկն իր գործն անի էս անգործ աշխարհում: Պետք չէ ասել, որ տարածաշրջանում ամենահզոր բանակը մենք ունենք: Իրանը, Թուրքիան նույն տարածաշրջանում չե՞ն: Լեզու, լեզու պետք է գտնել ոչ միայն սամին ծռած մեր իշխանավորների, ժողովրդի հետ դաժան, օտարի պես օտարոտի վարվողների հետ, այլ հենց Թուրքիայի: Աշխարհը փոխում է քարտեզը, իսկ մենք հին հանգերն ենք կրկնում. «Մեզ կոտորել են, ճանաչեք հայոց ցեղասպանությունը»:
Աստծու տվածից ու Աստծու պահածից միշտ պիտի գոհ լինենք: Իսկ այս պահին գոհությունս հայտնեմ ոչ միայն լավ գրիչ ունեցող, այլ հենց գտնված խմբագրապետ Կարինե Խոդիկյանին` արթուն, զգաստացնող, սթափեցնող ելույթների համար: Հիշեմ ու բարությամբ նայեմ Ալիս հովհաննիսյաններին, նանեներին, Ռուզան ասատրյաններին, Նելլի շահնազարյաններին, Նվարդ ալեքսանյաններին, Սուսաննա հարությունյաններին, ոչ քչերին, Լիլիթ արզումանյաններին` անվրեպ կրակողներին, կին գրողներ, որոնց համար էնքան թանկ է հայոց կյանքը: Ի՜նչ հրաշալի մայրեր, քույրեր, հարսներ ունենք: Հենց Արցախյան շարժման, կռիվների ժամանակ նրանք ցույց տվեցին, որ հայ զինվորի, ազատամարտիկի թիկունքում են: Սիլվա Կապուտիկյան, Անահիտ Սահինյան, Մարգո Ղուկասյան, Աշխեն Աբազյան, Մետաքսե (չեմ կարող բացատրել, թե ինչու եմ հիշում միայն կանանց), հիշում եմ նաև մեր լեռներում զոհված մաշտոցական Ալվարդ Վարդանյանին: Մետաքսեին ճանաչելը ոչ հեշտ է, ոչ դժվար: Արցախյան պատերազմի ժամանակ նա ձեռնոց ու գուլպա էր հավաքում, տաք հագուստներ: Այսօր մեզանից և ոչ մեկը էն համաժողովրդական, համահայկական գործը չի արել, ինչ բանիմացորեն ու նվիրումով արել է, անում է բանահավաք Վերժինե Սվազլյանը: Լավ գործ արեց նաև Աննա Պետրոսյանը: Իրավունք չունեմ մոռանալու Արուսյակ Սահակյանին: Իր եզերքի ու գրողների նվիրյալը մնաց Ջեմմա Անանյանը: Լուսիկ Ագուլեցին մնաց որպես պաշտամունք: Լեգենդար բժիշկ-գրող Արցախ Բունիաթյանի կինը` Սոնա Հովեյանը, ոգևորության աղբյուր էր ոչ միայն ամուսնու համար: Արժե խոնարհվել տիկին Կլարա Թերզյանի առջև` նաև ռադիոգրական հարուստ ամբարումների համար: Ինչ էլ ասել-չասելու լինեմ, ես, որ ուրախանալ, հրճվել գիտեմ մի դրված քարով, բացված առվի հունով, հողին պահ տված մի տնկիով, էնքան էլ չեմ ուրախանում, որ հեռու-մոտիկ աշխարհներում հայոց նոր կառույցներ են հառնում, օ՜, ի՜նչ եկեղեցիներ: Հասկանում եմ` հայապահպան կենտրոններ են: Վե՞րջը: Մի դար առաջ Արևմտյան Հայաստանի գյուղերն ու քաղաքներն էին այրաթափում, որ հեշտ լինի անզեն, անայր բնակչության բնաջնջումը: Պատմություն է, գիտենք: Հիմա էլ է դատարկվում Հայաստանը: Եվ կորցնում ենք կորովը, ոգին: Հասկացանք վերջապես, որ էս իշխանավորները եկել են լափելու, օտարների թերմացքին տեր լինելու և օտարներին լսելու, ականջելու, նրանց ասած խոսքով նստել-վերկենալու: Մի բան գիտեմ: Նոր սերունդ է մեծանում: Ի՞նչ ենք տալիս նրանց: Թոռնուհիս ինձ նորից է հարցնում` Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գիրքը ինչո՞ւ չէիր ստիպում, որ շուտ կարդայի: Ինչ էլ լինի, ասում եմ` մենք ենք: Երեկ էլ էինք մենք, էսօր էլ ենք մենք, վաղն էլ… Չգիտեմ, վաղն էլ մենք կլինե՞նք, թե՞ ոչ: Մի բան ավելի լավ եմ հասկանում. դժվար է սուտասանի հետ խոսելը: Ադրբեջանցիները քարտեզ են տպագրում առանց Հայաստանի: Էջմիածինն էլ է իրենցը, Սևանն էլ… Նրանց համար Հայաստան չի եղել:
…ՀԳՄ արտահերթ համագումարն էր: Մարզերից եկած մեր գրողները ինձ թվում էին դեսպաններ, հենց կռունկներ, տեսնես ի՞նչ խաբրիկներ են բերել մեր եզերքներից: Ամենուր նույն հոգսն է, ցավը: Ժողովուրդը աշխատանք է ուզում: Ժողովուրդը հեռանում է: Ժողովուրդը շատ է խեղճացել: Գնացողը էլ շուռ չի գա, թե վերադառնում է:
…Լուսանում է: Ինչպե՞ս լուսացրին թոռնիկներս: Հայրենի եզերքում ի՞նչ կա: Ինչպե՞ս անցավ սահմանապահ զինվորի գիշերը: Կատաղած ջրերը չե՞ն հանգստանում: Գազի գինը… Էս ինչ անվարք վարքի տեր են թալանչիներն ու նրանց զավակները: Աշխարհն իրենցն է: Իրենց դղյակները: Իրենց հանքերը: Իրենց անտառները: Իրենց մեքենաները: Համակարգիչներով ցույց են տալիս իրենց ծովերը, իրենց ցամաքները, իրենց դղյակները:
Գործ չունենք: Թուրքի հետ լեզու գտնելն ավելի հեշտ է լինելու, քան սրանց հետ: Երկրի բնականոն ռիթմը խախտվել է:
…Ես շատ եմ կարոտում մի ձայնի: Նա հրաշալի ընթերցող է` կասեի պետական մտածողությամբ: Ինձ հաճախ է ասում` հուսահատվել պետք չէ: Երկրի ռիթմը տեղը կգա: Նա նաև Բակունց է կարդում, իհարկե, անգիր: Տխուր էր, ոչ իր նման: Հասկացա, նա նույնպես կորցրել է իր Լևոն Անանյանին, ինչպես շատերը: Ասաց` «Ամիրսպասալար» եմ կարդում: Ե՞րբ է տպագրվել: Չգիտեմ: Ասաց` Լևոն Անանյանը ինձ հաճախ էր գրքեր ուղարկում: Վերջին գիրքը սա է:
Հացով, գրքով բացված լուսաբաց: Էլ ի՞նչ եմ ուզում իմ բաժին Աստծուց:
Հոգսը խեղդելու, երկիրը պահելու կորովը պահենք:

One thought on “Հոգսը խեղդելու, երկիրը պահելու կորովը պահենք / ՀՐԱՉՕ

  1. Սիրելի Հրաչիկ Մաթևոսյան,
    Լացս չզսպելով` կարդացի: Հիշեցի, որ մի այսպիսի հոդվածով փրկեցիք Շիկահողի արգելոցը: Հայաստան-արգելոցը, ասեք, ոնց փրկենք: Ախր աշխարհում այսպիսի հրաշալի երկիր ոչ եղել է, ոչ կլինի: Գոնե հասկանան, որ նմուշ-երկիր է, նմուշ-արգելոց է, սկսեն վրան դողալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.