ԵՐԱՆԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Եթե խոստովանեմ, որ իմ կյանքի ամենաերանելի Նոր տարին, ինչպես հիմա է ընդունված ասել, մի «ցուրտ ու մութ» թվականի է եղել, չեք հավատա: Պիտի մանրամասները պատմեմ, որ հավատաք: Ավելին՝ հայ ծնված լինելու համար հպարտանաք:
Այդ թվականներին Վազգեն Սարգսյանը դեռևս Պաշտպանության նախարար էր, որոշել էր հայ իրականությունում անդրանիկ զինվորական պարբերաթերթը ստեղծել, ու հրավիրված աշխատակիցներս, որ արդեն գրքերի հեղինակներ էինք, «վերաորակավորվել», ռազմական թղթակիցներ էինք դարձել: Մոռացել եմ՝ որքա՞ն աշխատավարձ, հոնորար էինք ստանում, ինչպիսի՞ պարբերականությամբ էինք ստանում, հիշում եմ միայն, որ չէր բավականացնում: Այնպես որ, ինչպես գրել է, լույս դառնա հոգին, Վրեժ Իսրայելյանը, Միացյալ Նահանգների մեր ավագ գրչընկերների քսան դոլարները, որ մերթ ընդ մերթ ուղարկում էին այցելուների հետ, մեզ համար ամենևին արհամարհելի չէին: Միայն թե Վրեժը չգիտեր, որ կային «առանձնաշնորհյալ» գրողներ, որոնք տարեմուտին, որպես Ամանորի նվեր, ծրարով 100-ական դոլար էին ստանում: Այդ առանձնաշնորհյալների ցուցակում, չգիտեմ ինչպես, իմ անունն էլ էր հայտնվել: Այսինքն ինչո՞ւ՝ շատ լավ էլ գիտեմ: Նախորդ տարվա ամռանը Նյու Յորքի Համազգայինի թատերախումբը Հայաստան՝ փառատոնի էր ժամանել, ներկայացումից հետո հյուրընկալվել էր մեր տանը: Երբ դեռևս դպրոցական դուստրս արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը, նյույորքցի արհեստավարժ ու սիրողական դերասանները լաց եղան, ձայնագրեցին նրա ասմունքը: Հետո տարել, ամերիկաներով մեկ տարածել էին, թե տեսե՛ք, նման պայմաններում անգամ Հայաստանի մանուկները արտագաղթել չեն ուզում, երդվելու պես ուխտում են. «Կլինե՛մ, կմնա՛մ այսպես»: Մի խոսքով, երբ Նոր տարվա նախօրեին զանգեցին, ու ես Գրողների միություն գնացի, վստահ էի՝ ստանալու եմ հերթական ծրարը: Մտքով վաղուց 100 դոլարը մանրել, տարբեր մթերքների էի հատկացրել, ու ինքս ինձնից գոհ էի մնացել: Մեր տոնական սեղանը դուրս եկել էր: Ծրարը ստացա, վրան մի հպանցիկ հայացք նետեցի, ապշած կանգ առա: Իմ անուն-ազգանվան դիմաց 100-ի փոխարեն 200 էր գրված: Բացեցի, մեջը, իրոք, երկու հատ հարյուր դոլարանոց կար, կարճ գրություն՝ մեկով Նոր տարի կտոնես, մյուսով «անուշիկ աղջիկներուդ» մեր կողմից նվերներ կգնես:
Գրողների միությունից Բաղրամյանով օպերա իջնելիս ես Երևանի ամենահարուստ հայրն էի: Իհարկե՝ երկրորդ հարյուրը ամբողջովին դուստրերիս պիտի հատկացնեի՝ նավթավառ գնեի, որ ննջասենյակում չմրսեին, ծանոթ վարորդներից շարժակառքի, ի՛նչ եմ ասում՝ բեռնատարի հզոր սնուցիչ ձեռք բերեի, որպեսզի դաս սովորելու համար հովհարային միացումներին չսպասեին, իսկ ինչո՞ւ ոչ, երբեմն-երբեմն էլ տեսասփյուռ դիտեին: Տեսասփյո՛ւռ: Օպերայի խաչմերուկում կանգ առա: Ինքս ինձ հանդիմանեցի: Երկրորդ հարյուրը ո՛չ նավթավառի համար էր, ո՛չ էլ բեռնատարի հզոր սնուցիչի: Նախորդ երեկո, հովհարային միացման ժամանակ պատահաբար միացրել էինք տեսասփյուռն ու հաղորդում դիտել Երևանի մի ընտանիքի մասին, որը ծվարել էր ծայրամասում՝ Ջրաշեն թե Ջրառատ թաղամասում, տնակի վերածված շարժակառքի կմախքում ու, բառիս բուն իմաստով, սառչում էր: Ընտանիքի մայրը երեք երեխաներին, ընդ որում՝ մեկը հաշմանդամ, գիրկն առել, խոսել չէր կարողանում, հեկեկոցներից ցնցվում էր, իսկ սկեսուրը պատմում էր, որ որդին ընտանիքը կերակրելու համար Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի է գնացել, անհայտ կորել: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարեմուտին իրենք երեխաներին շուտ պիտի քնեցնեին, որովհետև ոչ միայն տոնածառի, չրեղենի գումար էլ չունեին, իսկ հաջորդ առավոտ երեքն էլ զարթնելու, իմանալու էին, որ Նոր տարին եկել է, բայց Ձմեռ պապը դարձյալ իրենց ոչինչ չի բերել: Չի էլ հիշել:
Հենց խաչմերուկում մի հալումաշ «Ժիգուլի» կանգնեցրի, վարորդին հարցրի.
– Ինձ մի ժամ կսպասարկե՞ս:
– Եթե լավ վճարես, ինչի՞ չեմ սպասարկի,- ուրախացավ վարորդը:
– Գնացի՛նք:
Մտանք Ծածկած շուկա, Ամանորի մրգեր՝ այն, ինչ աղջիկներիս պիտի գնեի, գնեցի: Բայց, իհարկե, զգոնությունս չէի կորցնում: Չգիտեի, վարորդը «Եթե լավ վճարես» ասելով, ի՞նչ նկատի ուներ: Ներքին նման անհանգստությամբ չնկատեցի, թե ինչպես անցանք կայարանը, Նոր Արեշը, Էրեբունին, Նուբարաշեն տանող քարուքանդ կպրուղին մտանք:
– Ընկեր, գումարը մեծանում է,- նկատել տվեց վարորդը:
Գլխի անորոշ շարժումով համաձայնեցի: Տնակի վերածված շարժակառքի կմախքը նկատեցի հեռվից: Այն առանձնանում էր հենց թեկուզ նրանով, որ դռան առջև երեք տարբեր մակնիշի ինքնաշարժեր կային: Չլինի՞ սխալվում էի: Համենայնդեպս վարորդը «Ժիգուլին» կառանեց մյուսների կողքին, ինձ օգնեց, որ փաթեթները ներս տանեմ: Ո՛չ, չէի սխալվել, ու դժվար էր հավատալ, որ անպատեհ ժամի տեսասփյուռի հաղորդումը այդքան դիտող էր ունեցել: Առաջին ինքնաշարժով եկածները բարձր դասարանի աշակերտներ կամ ցածր ընթերցակարգի ուսանողներ էին՝ սենյակի կենտրոնում տոնածառ էին տեղադրել, զարդարում էին: Երկրորդ ինքնաշարժով եկածները կերած-խմած նորահարուստներ էին, վարորդների օգնությամբ սեղանին խոզի ազդր, հնդկահավ, կրծանուշ, թերթանուշ, ձգանուշ, նաև տեսակ-տեսակ նրբախորտիկներ էին տեղավորում: Երրորդ ինքնաշարժով եկածները սմքած պառավներ էին, պայուսակներից հագուստներ էին հանում, երեխաներին փորձել ստիպում: Ում վրա որ լինում էր, նրան էլ նվիրում էին, ընդ որում, ամենաշատը հաշմանդամ աղջնակին էին հասցնում: Նման իրադրությունում իմ փաթեթներն առավել քան համեստ էին, վարորդին գլխով արեցի, դրեցինք սենյակի մի անկյունում, սուսուփուս դուրս եկանք: Բայց տանտիրուհին մեզ նկատել էր, ետևներիցս ելավ.
– Շնորհակալություն,- ասաց,- նվերներն ո՞ւմ կողմից էին:
– Ձմեռ պապի,- ասացի:
Երեկոն գիշերվա էր փոխվում, ու անլույս քաղաքի մութը ոչինչ չէր փարատում: Վարորդը մռայլվեց, ամբողջ ճանապարհին մի բառ չփոխանակեց: Միայն օպերայի մոտ՝ մեր հանդիպած խաչմերուկում, հարցրեց.
– Որտե՞ղ ես ապրում:
– Լենինգրադյանում:
«Ժիգուլին» Բաղրամյանով բարձրացավ, ու երբ Օրբելի թեքվեց, զգացի, որ ինձ տուն է տանում: Զգուշացա.
– Ինչքա՞ն եմ վճարելու:
Չուզելով խոսեց.
– Տեղ հասնենք, կասեմ:
Հասանք: Արգելակեց:
– Դե՛, ասա:
– Ոչ մի բան էլ պետք չի, իջի՛:
– Ո՛նց թե…
– Պետք չի էլի՛, թող էս էլ իմ նվերը լինի էրեխեքին: Մեր ձեռքից էսքանն է գալիս, էսքանն ենք անում: Շնորհավո՛ր Նոր տարի:
– Շնորհավո՛ր…
Աղջիկներս զարմացան, որ դատարկաձեռն՝ առանց Ամանորի գնումների, բայց բարձր տրամադրությամբ եմ տուն մտել: Գնումներն ինչո՞վ էին կարևոր, ես արդեն տոնում էի Նոր տարին, քանի որ հայ էի, հայերի հետ ապրում էի Հայաստանում:
Ինչպես դու՝ ընթերցո՛ղ:

One thought on “ԵՐԱՆԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

  1. Գրիգոր ջան, քեզ ճանաչողներս, իհարկե, լիովին հավատում ենքգրածիդ: Այո, դու այդպիսին ես՝ Մարդ, որը վերջին շապիկը կտա աղքատին ու տնանկին, կանի ամեն ինչ, որ իր հայրենակիցը ոչնչի կարիք չզգա… Երկար կյանք քեզ, բարեկեցություն քեզ ու քո ընտանիքին, եղբայրս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։