ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ

2Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ի ուրախություն գրողների, հայտնեց, որ ընթացիկ տարվանից Երևանի քաղաքապետարանը՝ ինչպես մյուս ստեղծագործական միությունների, այնպես էլ ՀԳՄ-ի համար գույքահարկի վճարման որոշակի արտոնություններ է սահմանել: Այնուհետև ՀԳՄ նախագահը ներկաներին ծանոթացրեց մարտի 21-ին կայանալիք հերթական գրական մարաթոնի նախապատրաստական աշխատանքներին: Մարաթոնի անցկացման նպատակով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) հետ: Գրություններ են ուղարկվել հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր այլ կազմակերպությունների ղեկավարներին, բանավոր բանակցություններ են ընթանում մարզպետների հետ: Մարաթոնի մասնակից գրողները հանգամանորեն կներկայացնեն Միության գործունեության, իրականացված ծրագրերի, ապագա անելիքների մասին: Կհնչեն հայ դասական, ժամանակակից, ինչպես նաև սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները: Հանգանակությունից գոյացած միջոցները կտրամադրվեն ՀԳՄ հրատարակչության գործունեության, այլ երկրների հետ գրական կապերի, հայ գրականության հանրաճանաչման գործընթացի աշխուժացմանը:
Նվիրատուների ցանկը կհրապարակվի «Գրական թերթում»: Մասնակիցներին ներկայացվեց նաև մարաթոնի ուղերձ-կոչը, որի կապակցությամբ եղան ելույթներ, առաջարկություններ:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ Բուլղարիայի գրական հանդեսը ամբողջական համար է նվիրել հայ գրականությանը, միաժամանակ հայ գրականության անթոլոգիա հրատարակելու առաջարկություն է ստացվել:
Առաջիկա միջոցառումներից Էդ. Միլիտոնյանը կարևորեց հերթական մանկապատանեկան գրքի շաբաթի անցկացումը, որի բացումն այս անգամ տեղի կունենա Ապարանում, փակումը` Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։