Շնորհանդես Լոս Անջելեսում

downloadՎերջերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ ճանաչված բանաստեղծ Սարո Գյումրեցու «Գյումրի, քո կենացը…» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել 2016 թ.-ին Հայաստանում, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանի նախաձեռնության շնորհիվ:
Իրանահայ միության դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին երևելի բարերարներ, արվեստագետներ և հոգևորականներ: Երեկոն վարում էր արվեստագետ-ասմունքող և հանդիսավար Նունե Ավետիսյանը: Բանաստեղծ և հրապարակախոս, «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սարո Գյումրեցուն (Սարո Գյոդակյան) բանախոսներն ու ներկաները ջերմորեն շնորհավորեցին նաև 65-ամյա հոբելյանի առթիվ:
Ելույթ ունեցան՝ Լոս Անջելեսի իրանահայ միության գլխավոր հովանավոր, դոկտոր Հակոբ Այնթապլյանը, Ամերիկայի հայ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վազգեն Վանատուրը, Ամերիկայի հայ գրողների միության փոխնախագահ, մանկագիր Ֆիրա Ակյանը, գրականագետ, բան. գիտ. դոկտոր Զոհրապ Չաղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը և այլք:
Սիրված բանաստեղծի ավանդը հայ ժամանակակից պոեզիայի զարգացման և հարստացման ասպարեզում արժանվույնս գնահատվեց ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանի (պատվոգիր), Ամերիկայի հայ գրողների միության («Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ), Հայաստանի գրողների միության (պատվոգիր), Հայաստանի ժուռնալիստների միության (պատվոգիր) և «Ոզնու» խմբագրության (2016 թ. դափնեկիր) կողմից:
Շնորհանդեսի գլխավոր կազմակերպիչներն էին Ամերիկայի հայ գրողների միությունը և Լոս Անջելեսի իրանահայ միությունը, ինչպես նաև բազմաթիվ անհատ բարերարներ:

Մարտին ՇԻՐԻՆՅԱՆ
Լոս Անջելես

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։