Վեպը` վայրէ՞ջք, թե՞ վերելք… / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

20-րդ դարի 70-ական թվականներին արևմտյան գրական քննադատության մեջ ձևավորվել էր այն կարծիքը, որ անցյալի դասական վեպը այլևս կորցրել է իր հետաքրքրությունը ընթերցող հասարակության շրջաններում. վեպը անդառնալի ճգնաժամ է ապրում: Հարց է առաջանում` արդյո՞ք Բալզակի, Դիկկենսի, Տոլստոյի, Դոստոևսկու վաստակաշատ վեպերը կորցրել են իրենց ձգողականության ուժը` դառնալով տարակարծությունների առարկա: Հարցի պատասխանը ես գտնում եմ ռուս տաղանդավոր գրականագետ Մ. Բախտինի բնորոշման մեջ: Նա գտնում է, որ բացարձակ անցյալի էպիկական աշխարհը իր բնույթով չի ենթարկվում անձնական փորձի, չի թույլատրում անհատական հայեցակետ և գնահատական: Այն միայն կարելի է ընդունել որպես բացարձակ արժեք: Նրան չի կարելի դիպչել, ընդդիմանալ, որովհետև այդ բացարձակ աշխարհը այլևս փակ է և ավարտված իր ամբողջականությամբ, ինչպես նաև իր յուրաքանչյուր մասով: Սա միանգամայն անմերժելի կարծիք է: Բայց ահա նորացող ժամանակները նոր պահանջներ են դրել գրականության առջև, մասնավորապես՝ վեպի, որ տարբեր ժանրերի յուրահատուկ համադրությունների արդյունք է:
20-րդ դարի հասարակական կյանքի սրընթաց զարգացումները բերեցին այն համոզման, որ ավանդական վեպին փոխարինելու է եկել, այսպես կոչված, մոդեռնիստականը, որի առաջին հեղինակներն էին ոչ պակաս տաղանդավոր Պրուստը, Կաֆկան, Ջոյսը: Ժամանակ անց ասպարեզ եկան էքզիստենցիալիզմի փիլիսոփայությունից ածանցվող և վերջինիս գաղափարախոսության վրա հենվող վիպասաններ, որպիսիք էին` Քամյուն, Հեմինգուեյը և ուրիշներ, որոնց վեպերը հասանելի էին ոչ միայն մասնագետ, այլև մասսայական ընթերցողներին: Բայց ահա այս հեղինակների գործերին զուգահեռ Իսպանիայում, Ամերիկայում, Գերմանիայում սկսեցին տպագրվել այնպիսի գերմոդեռնիստական վեպեր, որոնք շատ քչերին էին հասու: Այս վեպերին վերաբերող գրական, հասարակական մամուլում տպագրվեցին բազմաթիվ հոդվածներ, որոնցում մերժվում էին նման տիպի վեպերը: Բերենք միայն հոդվածների վերնագրերը: Այսպես` «Վեպի ճակատագիրը հարցականի տակ», «Վեպի ճգնաժամ` մի՞ֆ, թե՞ իրականություն», «Նահանջող վեպ», «Ժամանակակից վեպ` մա՞հ, թե՞ նորի մարմնավորում», «Ո՞ւր է գնում վեպը», «Դարի հիվանդությունը և վեպը», «Խորապես վտանգավոր հիվանդություն», «Վեպ` բորբոսով ծածկված» և այլն: Այս ամենը բերեց նրան, որ աշխարհի տարբեր քաղաքներում` Էդինբուրգ, Ստրասբուրգ, Փարիզ, Պրահա, Վիեննա, Լենինգրադ, կազմակերպվեցին գրական սիմպոզիումներ, որոնցում հանդես էին գալիս գրողներ, քննադատներ, փիլիսոփաներ, հոգեբաններ և այլ մասնագիտությունների տեր անձինք: Բանավեճերը սուր էին, տարակարծիքներով լի, բայց և մտահոգ:
Ֆրանսիայի ճանաչված քննադատ և վիպասան Ռոբ-Գրիյնը առաջ էր քաշում այն միտքը, թե մենք բոլորս այս մոլորակի քաղաքացիներ ենք, մերօրյա անդիմադրելի ջրաղացը գնալով համահարթում է մեր կյանքը, մարդը կորցնում է իր անհատականությունը: Նոր վեպը նույնպես հայտնվել է փակուղում, այն պահանջում է ավելի հիմնավոր փոփոխություններ: Հարկավոր է հրաժարվել դասական վեպին հատուկ մտացածին երկխոսություններից, դրանք ընդամենը կյանքի փնտրտուքներ են, որոնք այլևս ուշացած են և չեն համապատասխանում արագ զարգացող աշխարհի պահանջներին: Այսօրվա վեպը պիտի լինի գաղափարների վեպ: Նախորդ վեպերը մասնակիորեն են բացահայտել աշխարհը: Անհրաժեշտ է դարձել հայտնաբերել նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, նոր ոճեր:
Գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել, ֆիզիկոսները հայտնաբերել են նյութի անսահմանությունը, փիլիսոփաները, հոգեբանները արմատապես վերանայել են իրենց նախկին գիտական մեթոդները, մինչդեռ գրականությունը դոփում է իր տեղում: Ռոբ-Գրիյնի հայացքները կիսում են ճանաչված գրողներ Նատալի Սարրոտը, Կլոդ Սիմոնը, Միշել Բյուտորը և ուրիշներ:
Այս բանավեճերի ընթացքում մասնագետներից շատերը մերժում են այն վեպերի գոյությունը, որոնցում իշխողը տափակության հասնող կոմֆորմիզմն է: Նոր գաղափարներ, թեմաներ չունենալու պատճառով դիմում են մերկ, էրոտիկ վուլգարիզմին: Ցավոք, նման վեպերի ընթերցողները մեր օրերում քիչ չեն:
Այս բանավեճերի ընթացքում ելույթ ունեցող մասնագետներից շատերը մերժում են այս վեպերի գոյությունը:
Ժամանակակից վեպերում այլևս չեն բարձրացնում անձի սոցիալական, բարոյական հաղթանակի իրողությունը: Գրում են այն մարդկանց մասին, ովքեր նորօրյա կյանքում այլևս կորցրել են իրենց ապրելու հույսը: Ի լրացումն այս ամենի, սոցռեալիզմի գաղափարախոսները ոգևորված խոսում են 20-րդ դարի ամերիկյան վեպերում առկա Մեգրեգացիայի մասին` նշանաբան ունենալով ռասիզմը, որի արդյունքում սպիտակամորթներին հակադրում են սևամորթներին: Մերժում են նաև ամերիկյան վեպերում առկա բիխիևորիզմը, որը անտեսում է մարդու գիտակցական երևույթները` դրանք հանգեցնելով ֆիզիոլոգիական ռեակցիաներին: Իրենց հերթին ամերիկյան գրողներն ու քննադատները հիմնովին մերժում են սոցռեալիզմի մեթոդը: Նրանք գտնում են, որ այս գրական ուղղությունը չունի իր ճշգրիտ գիտական հիմնավորումը: Այդ մեթոդը ծայրահեղացված գաղափարախոսության արդյունք է` հակված իռացիոնալիզմին կամ աղավաղված ռոմանտիզմին, որի անունը Կոմունիզմ է: Նրանք խոսում են նաև այն մասին, որ իրենց համար անհասկանալի է ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական աբսուրդային ըմբռնումը: Այս մեթոդի սահմանափակումը ըստ էության մերժում է ձևի և բովանդակության փոխհամաձայնվածությունը:
– Մի երկրում,- շարունակում են ամերիկյան մասնագետները,- որտեղ մոլեգնում է գրական ցենզուրան, հնարավոր չէ գրել, ստեղծել ճշմարիտ գրականություն, ճշմարիտ վեպեր, իսկ եթե գրում են, նման գործերի էջերը «tabula raza» են: Մենք այսօր ապրում ենք գիտականը հայտնաբերող մտորումների էպոխայում, դրա համար էլ ինքը` վեպը, նույնպես մտորումների մեջ է: Մենք գտնում ենք, որ գրողը պիտի կարողանա մարդու աշխարհի արտաքին երևույթները վերածել հոգեբանական խորքային սինթեզի:
Բարձրացնելով գրական ցենզուրայի խնդիրը` արևմտյան գրողները օրինակ են բերում Բորխեսի այն կարծիքը, որ պաշտոնական գաղափարախոսությունը չպիտի հակադրվի գրականության մեջ արտացոլվող երևույթներին, ճիշտ հակառակը` պիտի հաստատի այն: Մինչդեռ խորհրդային գաղափարախոսության պարագայում դա մերժվում էր: Այդ տարիներին կային, անշուշտ, սոցռեալիզմի գաղափարախոսության հետևորդներ: Գրում էին վեպեր, որոնցում պարտադիր «կարմիր դրոշներ պիտի ծածանվեին»: Դրանք գրողներ չէին, այլ՝ գրողի տարածներ: Լավ գործեր էլ էին գրվում, բայց դրանք գրվում էին իրենց` հեղինակների կյանքի գնով: Բավական է հիշել Չարենցին, Բակունցին: Ու երբ չքացավ խորհրդային իմպերիան, միանգամից հօդս ցնդեց սյուրռեալիզմի սուտ, մտացածին մեթոդը:
Հիշյալ սիմպոզիումների ընթացքում շեշտվում էր այն մտահոգությունը, որ նորօրյա գլոբալ մարտահրավերները գնալով վտանգավոր են դառնում և որ ոչ մի ժամանակ մարդկային համատարած կործանումը այնքան իրական է դարձել, որքան չի եղել երբեք: Եվ հիմա դրա առաջին ապացույցը Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող ողբերգական պատերազմներն են: Իսլամիստների ձեռքով հազարավոր մարդիկ են զոհվում, գյուղեր, քաղաքներ են կործանվում: Եվրոպական երկրները լցվել են գաղթականներով: Այսօրվա գերտերությունների ղեկավարները խոսում, բանավիճում են իրար հետ, բայց չեն փորձում միասնական ուժերով կասեցնել աշխարհին սպառնացող վտանգը: Նույնը կարելի է ասել մեր հարևան ադրբեջանցիների անհեռադեմ ղեկավարների մասին, ովքեր դիվերսիոն հարձակումներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
Հարց է առաջանում` ի՞նչ կարող է անել վեպը և ընդհանրապես գրականությունը այս արհավիրքների դեմ: Վերջերս Փարիզում լույս տեսած «Վեպ» ուսումնասիրությունում, որի հեղինակը Ժորժ Ժանն է, իր աշխատության մեջ քննության առարկա է դարձնում այն հարցը, թե վեպը ինչ առավելություններ ու թերություններ ունի բուրժուական հասարակության մեջ` կապված այսօրվա, այսպես կոչված, «գրքային ինդուստրիայի» կոմերցիոն խնդիրների հետ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վեպը մարդկային հասարակության հոգեբանության և սոցիալական գիտակցության վրա: Խոսում է այն մասին, թե մրցակցության դաշտում կինոն, հեռուստատեսությունը այլևս հաղթում են վեպին, ուստի պիտի փոխել վեպի ֆունկցիոնալ նշանակությունը: Մարդիկ վեպ կարդալու ժամանակ չունեն, նայում են միայն վեպերի սցենարներով նկարահանված հեռուստատեսային ֆիլմերը: Նկարահանվում են նաև այնպիսի ֆիլմեր, որոնցում ցույց են տալիս քայլող մեռյալների, բերանները և ձեռքերը արյունոտված մարդակեր մարդկանց, իրենց հարցերը ատրճանակով լուծող հերոսների:
Ուրեմն կինոն և հեռուստատեսային ֆիլմերը նույնպես թերացումների ճանապարհով են գնում, թեև նրանց պատկերավորման տեխնիկական միջոցները և հնարավորությունները կարող են գերազանցել գրավոր խոսքով արտացոլված վեպերին: Ժամանակակից վեպը, ինչպես արդեն նկատել ենք, գնալով մոդեռնիզացվում է: Նման օրինակների մենք հանդիպում ենք նաև մեր այսօրվա գրականության մեջ: Այդ առումով ուշագրավ են Գուրգեն Խանջյանի վեպերը, մասնավորապես` «Հիվանդանոց» վեպը: Նույնը կարելի է ասել Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» և «Խելագարների ճամփորդությունը» վեպերի մասին:
Վեպի ճակատագրին նվիրված բանավեճերում հանդես եկող գրականագետները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այն գաղափարը, որ վեպի ճգնաժամը կանխելու համար կարևոր դեր կարող են խաղալ այսպես կոչված փաստագրական, ինչպես նաև անհեղինակ վեպերը: Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում և որոնք են դրանց կենսահիմք հանդիսացող նյութերը: Դրանք պահպանվում են տարբեր երկրներում գոյություն ունեցող պետական արխիվներում: Այդ առումով չափազանց հարուստ են նախկին Խորհրդային Միության բաց և փակ արխիվներում պահպանվող նյութերը: Գրականագետ Լեոնիդ Մաքսիմենկոն «ԹՏտՐՏրօ սՌՑպՐՈՑցՐօ» 2016 թ. համարներում տպագրել է մի ուշագրավ հոդված, ուր խոսվում է հենց այդ արխիվների մասին: Ռուսերենով բերեմ այդ արխիվների հապավումները` ծԽԹԺ, ծԽծԺ, ծԽԿ (ներքին գործերի արխիվներ, արտասահմանյան նյութերի արխիվներ և Պաշտպանության նախարարության արխիվներ): Հոդվածում նշվում է նաև այն մասին, որ Ստալինը նույնպես ունեցել է իր անձնական արխիվը, որի նյութերը պահպանվել են միկրոֆիլմերի ձևով: Նման նյութերը լավ մտածված կոմպոզիցիայի բերելու պարագայում կարող են վերաճել անհեղինակ վեպերի: Թերևս մի այդպիսի օրինակ է գրականագետ Դավիթ Գասպարյանի «Ողբերգական Չարենցը» գործը:
Վերջերս կարդացի նաև «ԼվՏրՑՐՈվվՈÿ սՌՑպՐՈՑցՐՈ» (2016 թ., N 8) ամսագրում տպագրված ազգությամբ լեհ հեղինակ Հաննա Կրալի «Արբատից դեպի արևելք» փաստագրական վեպը: 1966 թ. Հաննան ամուսնու հետ եկել է Մոսկվա և երեք տարի աշխատել «կՏսՌՑՌՍՈ» կոչվող ամսագրում, որի մեջ անդրադարձներ կան կիբեռնետիկայի, գենետիկայի, սոցիոլոգիայի և քաղաքականության մասին: Վերջինս լեհերենից ռուսերեն է թարգմանել Կ. Ստարոսլավսկայան: Հիշյալ վեպը ժանրային առումով տիպիկ փաստագրական վեպ է: Այստեղ խոսվում է այն մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստալինի հրամանով և Եժովի անմիջական ղեկավարությամբ ոչնչացվել են 111000 լեհեր, որ ավելի շատ է, քան Կարինայի զոհերը: Դրանից բացի մեծ թիվ կազմող լեհ ընտանիքներ քշվել են Իրկուտսկի մարզի տարբեր գյուղեր: Իր վեպում Խաննան խոսում է միայն Վերշինա կոչվող գյուղում բնակեցված լեհ ընտանիքների մասին: Նմանատիպ վեպերին վերաբերող փաստերը քիչ չեն, դրանք տպագրվել են ռուսական և լեհական մամուլի տարբեր օրգաններում, ժողովածուներում:

Հ.Գ.
Որպես ավարտի խոսք ասեմ, որ ես չեմ մերժում վեպի մոդեռնացումները: Դա նորացող ժամանակների անխուսափելի պահանջն է: Արագ զարգացումներ ապրող մեր ժամանակներում ամեն ինչ փոխվում է: Փոխվում են մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը, վարվելակերպը, հագուկապը, կենցաղը և ուրիշ շատ ու շատ բաներ: Ճշմարիտ գրականությունը ավելի շուտ է տեսնում այս ամենը, բայց ինչպես ասում են` կարևորը չափի զգացումն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։