Նոյեմբերի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախության 25-ամյակ» գրական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ընդլայնվել են մրցանակաբաշխության անվանակարգերը: Ներկայացվել է 51 աշխատանք` ծածկանուններով, արձակի, պոեզիայի, դրամատուրգիայի, մանկական գրականության ժանրերում: Ամեն մի բնագավառում կա երեք մրցանակակիր: Առանձին մրցանակ է հատկացվել երիտասարդական գրականությանը: Ամփոփելով խոսքը` Էդ. Միլիտոնյանը արժևորեց հայ գրական կյանքի խթանմանը, մշակութային գործունեությանը աջակցելու գործում բարերարների դերը` ընդգծելով, որ գրականությանն աջակցելը աջակցություն է հայ ժողովրդին, նրա հոգևոր կրթությանն ու հոգևոր հարստությանը:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխությունը նախաձեռնող ու ֆինանսավորող Արա Աբրահամյանին և մեջբերելով Հ. Թումանյանի խոսքը` «Գրականությանը պետական պաշտպանություն է պետք», շեշտեց, որ տվյալ դեպքում այդ պաշտպանությունը կատարել է Արա Աբրահամյանը: Այնուհետև ներկայացրեց մրցանակաբաշխության արդյունքները (տե՛ս «ԳԹ» թիվ 36):
«Այս մրցանակաբաշխության ամփոփումը ցույց տվեց, որ մեծ տեղաշարժ կա, գրական ստեղծագործությունները որակական առումով բավականին շահել են, իսկ մասնակիցների թիվն ու գործերի որակը փաստում են, որ մրցանակաբաշխությունը մասսայականություն է վայելում»,- ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը և հավելեց, որ մինչև մրցանակաբաշխության ստեղծվելը եղել են գրականության և գիտության զարգացման հիմնադրամներ, որոնց առաջին խոշոր ներդրողը դարձյալ եղել է Արա Աբրահամյանը: Այդ հիմնադրամներն այսօր էլ գործում են և նպաստում են գիտության և գրականության զարգացմանը: