Հոկտեմբերի 7-ին «The clube» ակումբում տեղի ունեցավ «Գրական թերթի» «Մեր անկախության 25 տարիները» թեմայով մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին գրողներ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Էմին Թորոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, անդրադառնալով մրցանակ ստացած գործերին, վստահեցրեց, որ դրանք լիովին համապատասխանում էին մրցույթի պայմաններին և ներկայացնում էին մեր ձեռքբերումներն ու բացթողումները 25 տարիների ընթացքում: «Այս համապարփակ հայացքն էր պետք, որը մեզանում հաճախ բացակայում է»,- ասաց նա: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց, որ «ԳԹ»-ն թեմատիկ ծրագրերով իրապես խթանում է հրապարակագրության ու գրաքննադատության ժանրի զարգացմանը, և ցանկություն հայտնեց, որ քաղաքապետարանի հետ այս համագործակցությունը ավանդական դառնա:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, կարևորելով պետական հիմնարկների աջակցությունը գրականությանը, մշակույթին, նշեց, որ ժամանակին եղել են գրական, մշակութային օջախներ, որոնք իրենց շուրջ են համախմբել գրականություն սիրողներին ու մասնագետներին, դարձել են փոքր միջավայրեր, որտեղ, իսկապես, ծաղկել է գրականությունը: Ըստ Վահան Սաղաթելյանի` «Այսօրը շատ կարևոր է, մեր ապրած կյանքը կարծես թե անցնում է մեր ականջի կողքով, և մենք չենք արձանագրում այն, այսօր ընթերցողին պիտի մի քիչ իրենը տաս՝ իր տեսածը, իր զգացածը, իր ապրածը պիտի վերադարձնես իրեն»:
Անահիտ Արփենը, ում համար հրապարակագրությունը նոր ժանր է, խոստովանեց, որ մրցանակաբաշխությունը. «…խթան եղավ, որ ես գրեմ այն, ինչ իմ մեջ կուտակվել էր: Այն, ինչ ուզում էի ասել և միշտ ասում էի որպես գրող, արձակագիր, հիմա եղավ հրապարակախոսական հոդվածով»,- ասաց նա: Ելույթ ունեցան նաև քաղաքապետարանի ներկայացուցիչ Էմին Թորոսյանը, գրականագետ Ազատ Եղիազարյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, Հովիկ Վարդումյանը, Կարինե Աշուղյանը:
Մրցանակաբաշխությունն իրականացավ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: