Նախախնամության չարաբաստիկ խաղ. թուրքը Էրգիր եկավ Հալեպի ճամփով, այն նույն ճամփով, որով դեպի Հալեպ պիտի փախչեին հայերի մազապուրծ բեկորները: Ահեղ կռիվներից փրկված հայերը բռնեցին Հալեպի ճամփան, որը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը, վերածննդի ավազանը…
Սիրիայի կառավարությունը և գթասիրտ ժողովուրդը հայոց ահեղ 1915 թվականին բարեհամբույր գտնվեցին հայ գաղթականների հանդեպ, իրենց տաք երկրի մարդկային տաք գրկի մեջ ընդունեցին, տանիք ու ապաստան տվեցին անտուն ու անհայրենիք որբուկներին: Պաշտոնական տվյալներով, 1915 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին կես միլիոնից ավելի հայ է հատել Սիրիայի սահմանը և անցել Հալեպով: Նրանց մի մասը բռնի տարվել է Դեր Զոր, իսկ մոտ 300 հազար հայ իր փրկության փարոսը գտել է Հալեպում:
Հալեպը հայ ժողովրդի համար ավելին է, քան քաղաքը:
Հալեպը հայերի երկրորդ Արարատն է: Արարատից սկիզբ առան ջրհեղեղից փրկված Նոյի ժառանգները, իսկ Հալեպից` Եղեռնի գեհենից մազապուրծ Սփյուռքի սերունդները:
Հայերը սփռվեցին աշխարհով մեկ, բայց աշխարհի բոլոր երկրների մեջ հայերի համար Սիրիան ուրիշ խորհուրդ ունեցավ: Տարածաշրջանային ընդհանուր շահերից զատ, այս երկու ժողովուրդներն իրար հետ կապված են պատմական ճակատագրով, մշակույթով. նրանք երկուսն էլ սնվում են Արևելքի մշակույթի անսպառ ավազանից: Այս երկու երկրների միջով հոսող գետերն էլ նույնն են, լեռնաշղթաներն էլ: Աստվածաշնչյան ժամանակներից նրանք համերաշխ ապրել են կողք կողքի, երբ ծովից ծով Հայաստանի բարձրիկ լեռնաշխարհի` Տավրոսի ձյունաճերմակ երկնաչու գագաթից սկիզբ էր առնում մեր ճակատագրի գետը` Եփրատը, և հոսելով գնում ու կենդանություն էր պարգևում Սիրիայի անապատային տապից տոչորված դաշտերին: Այս հինավուրց երկիրն ամեն հայի համար սուրբ ու թանկ է հենց թեկուզ նրանով, որ նրա սրտի մեջ է հայոց ամենամեծ գերեզմանոցը` Դեր Զորը:
Սիրիայի հայ գաղութն արդեն փոքրացել էր, որովհետև դեռևս 70-ական թվականներից սկսած` Մերձավոր Արևելքի երկրներից, հատկապես Եգիպտոսից, Սիրիայից և Լիբանանից մեծ արտահոսք տեղի ունեցավ դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա: Ինչ խոսք, Սիրիան հայերի հայրենիքը չէ, և հայը կարող է այնտեղից էլ շարունակել իր բախտ որոնելու դեգերումները: Հայը միշտ էլ շարժման մեջ է եղել, միշտ էլ փնտրել է իր տեղն ու տունն այս աշխարհում` երբեմն պարզապես մոռանալով, որ այստեղ` Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա է իր և՛ տեղը, և՛ տունը:
Բայց այսպես, այս ճանապարհով նորից տեղահան անել մի հին ժողովրդի, դա կրկին նման է ցեղասպանության և կրկին պիտի ծանրանա մարդկության խղճի վրա, որն իր բեռը դեռ չի թոթափել, դեռ չի քավել Հայոց մեծ եղեռնի հանդեպ իր հարյուրամյա անտարբերության մեղքը:
Սիրիահայությունն ընտրել էր ապրելու իր ազնիվ կերպը. ապրել` պայքարելով ոչ թե ապրելու համար, այլ ապրելն իմաստավորելու: Այդպես էր բաբախում սիրիահայ գաղութի սիրտը` մատը միշտ Հայրենիքի զարկերակի ռիթմին… Բայց այսօր, երբ նրա խնդիրը ապրելն է, այդ օրհասական իրավիճակում Հայրենիքի մատը պիտի լինի նրա զարկերակին:
Ժամանակն է համախմբել պետության, հայ ժողովրդի, նրա մտավորականների ուժերը՝ Սիրիայում մնացած փոքրաթիվ համայնքին պետական աջակցություն ցուցաբերելու համար…
One thought on “Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ / ՍԻՐԻԱ. տագնապ”