Հարգարժան քաղաքապետ, պրն. Տարոն Մարգարյան, մենք՝ գրողներս ու հարապարակախոսներս, շատ հաճախ ստիպված ենք լինում ոչ միայն գրչով արտահայտել մեր զայրույթն ու բողոքը քաղաքացիների համար վտանգավոր երևույթների դեմ, այլև լեզվակռվի մեջ մտնել այլևայլ անկանոն ծառայությունների և հատկապես հասարակական փոխադրամիջոցների վարորդների հետ, բայց՝ ապարդյուն: Դրանցից մեկը երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ըստ վարորդի ճաշակի հնչող աղմուկն է, որ նրանք համառորեն ընդունում են որպես «երաժշտություն», և այն էլ այնպիսին, որով կարելի է ու անպայման պետք է «հյուրասիրել», «հաճույք պատճառել» ուղևորներին: Կարծում ենք, դեմ չեք, որ սա բնությանը հասցվող վնասներին համազոր մի չարիք է: Երբեմն նույնիսկ «ռաբիսի» սահմաններն էլ անցնող այս ոռնոց-ողբուկոծ, սիրազեղ գեղգեղանքներն ու «տաշի-տուշիները» անտեսանելիորեն թունավորում են իրենց գործերով ճամփա ընկած միամիտ երթևեկողներին, որ չեն էլ հասկանում, թե ինչպես է քանդվում իրենց հոգու շենքը: Էլ չենք խոսում այն մասին, որ հասարակական փոխադրամիջոցից օգտվում են ամենատարբեր տարիքի, տրամադրության ու ճաշակի մարդիկ: Գուցե մեկը շատ խոր վշտի մեջ է այդ պահին, գուցե վատառողջ է, գուցե երաժիշտ է, պոետ է, երաժշտագետ է…
Բազմիցս զգուշացրել ենք մանկական զբոսայգիներում բարձրախոսներից «երաժշտություն» մատակարարողներին, որ եթե չեն կարողանում նպաստել այգի եկած հարյուրավոր երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելուն, գոնե չանեն հակառակը՝ վնաս չտան նրանց նուրբ հոգեբանությանը: Սակայն նրանց մեջ այնքան խոր արմատներ ունի անսխալականությունը և մարտնչող տգիտությունը, որ կփորձեն քեզ էլ համոզել, թե ժողովուրդը հենց սա է ուզում: Ինչո՞ւ երբ ժողովուրդը մի ավելի վեհ, բարձր պահանջ է ներկայացնում, լսողներ, առավել ևս՝ ընդառաջողներ գրեթե չեն գտնվում:
Փա՜ռք Աստծու, կան հատուկենտ տաքսու վարորդներ, ասում են նաև՝ մի ավտոբուսի վարորդ, որ գոնե մեղմ, գործիքային երաժշտություն են միացնում, նույնիսկ դասական երաժշտություն առաջարկողներ էլ կան, և ասում են՝ դեռ ոչ ոք սրա դեմ չի բողոքել:
Հաջորդը՝ տեղի-անտեղի հրավառություններն են, որոնք ինչ-որ մեկի ծնունդի կամ կնունքի առթիվ «պայթում» են քաղաքի տարբեր կողմերում: Օրվա հատկապես գիշերային ժամերին, մանավանդ Զանգվի ձորը լցված է լինում «ռաբիսով» և համազարկ-կրակահերթերով, ինչը հաճախ, Աստված հեռու պահի, պատերազմական ձայներ է հիշեցնում: Մոտակա շենքերում ապրողների վիճակը պարզ է. նրանք զրկված են իրիկնային հանգիստն իրենց պատշգամբներում վայելելու պարզ հաճույքից:
Հարգարժան պրն. Մարգարյան, վստահ ենք՝ Դուք ի զորու եք քաղաքապետի պաշտոնական մի հրամանագրով կարգավորելու այս և շատ այլ խնդիրներ, քանի որ դրանք մեր ժողովրդի այսօրվա մշակույթի հետ են կապված, նաև օտարերկրացիներին անբարեկիրթ, տգեղ, անհրապույր վայրենիներ չերևալու պայման են: