Բաքվում պատրաստվում են ընդունելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու տարածած հաղորդագրության՝ Պապը Վրաստանից Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ պոնտիֆիկոսը օդանավակայանից անմիջապես կուղևորվի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի: Այցելության ծրագրի համաձայն՝ օրվա երկրորդ կեսին Պապը կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև կայցելի Ադրբեջանի անկախության համար զոհվածների (շահիդների) հուշահամալիր և կավարտի այցելությունը Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլախշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումով: Ինչպես նշում է Վատիկանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեին, պապական այցը հզոր ազդակ կլինի՝ ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման համար: Շարքային ադրբեջանցիները նույնպես լիահույս են, որ Պապի այցը նոր խթան կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, թեև Ֆեկետեին դժվարացել է պատասխանել, թե արդյոք ղարաբաղյան թեման կքննարկվի՞ կատարվելիք այցի շրջանակում: Անկասկած, Պապի ներկայությամբ ալիևյան իշխանավորներն ու անձամբ նախագահը ամեն կերպ կփորձեն ներկայանալ որպես խաղաղության, արդարության և ինտերնացիոնալիզմի դրոշակակիրներ, իրենց ռազմատենչ հռետորաբանությունը փոխարինելով շերբեթախոսությամբ, թեև իրատեսական չէ, որ Հռոմի պապը կարող է անտեղյակ լինել Բաքվի իշխանությունների և նրանց վարքի իրական նկարագրին: Սակայն միանշանակ է, որ Պապը, ապավինելով դիվանագիտական բառապաշարին, ոչ միայն «հրաժարվելու» է իրերն իրենց անուններով կոչել, այլև հակառակը, կարող է ազերիների ականջը շոյող բառեր ու արտահայտություններ հնչեն: Պապի քաղաքականությունն ուղղված է ամբողջ աշխարհում խաղաղության, հավասարության ու եղբայրության հաստատմանը, և Բաքվում նույնպես Հռոմի պապը առաջնորդվելու է «Բոլոր մարդիկ եղբայրներ են» կարգախոսով: Միանշանակ է նաև, որ Բաքուն փորձելու է Հռոմի պապի այցն օգտագործել հնարավորինս առավել դրական ներկայացնելու իր «ժողովրդավար» դիմագիծը, ինչը չափազանց կարևոր է, հաշվի առնելով սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո այլախոհների ընդվզումներն ու միջազգային կազմակերպությունների հնարավոր դժգոհությունները: Սակայն սուլթանական ցնորքներին գերի Ալիևի հոգին անընկալունակ է քննադատությանը: Բրիտանական The Econowist պարբերականը, անդրադառնալով ադրբեջանական իրականությանը, նշում է. «Սա մի երկիր է, որտեղ հնարավոր է ձերբակալել սխալ հոդվածի, նույնիսկ ֆեյսբուքյան հավանության համար, մինչդեռ Մարդու իրավունքների դատարանի վճիռները հետևողականորեն անտեսվում են»: Freedom Houze միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործող նախագահ Դենիել Կալինգաերտի բնորոշմամբ՝ «Նախագահ Ալիևն ամենամեղավոր անձն է մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»: Բրիտանացի հայտնի լրագրող Թոմաս դե Վաալի գնահատմամբ՝ «Այսօր Ադրբեջանն ավելի ավտորիտար երկիր է, քան եղել է 25 տարվա իր անկախության ընթացքում»: Սակայն ընդդիմանալով ներքին և արտաքին ճնշումներին՝ միապետության ձգտող Ալիևը հազիվ թե մտածի խմբագրել իր ռազմավարությունը: 2003 թ. կեղծված ընտրություններում նախագահի պաշտոնում փոխարինելով հորը, այնուհետև հանրաքվեով վերացնելով նախագահության ժամկետի սահմանափակումները, ներկա սահմանադրական փոփոխություններով Ալիևը, փաստացի, անսահմանափակ իշխանության է տիրապետում: Այսպիսով, Ադրբեջանը, իր ցմահ առաջնորդի ղեկավարությամբ, բացահայտորեն վերածվում է միապետության: Ուստի՝ անկախ այն բանից, թե ինչ զարգացումներ կընթանան Ադրբեջանում, աշխարհը պիտի պատրաստ լինի նոր միապետի հայտնությանը: Եվ կարևոր չէ, որ վերջին շրջանի համաշխարհային պատմության էջերը լի են բռնապետների դաժան գահընկեցություններով, Ալիևին միապետական մշուշի մեջ անհասանելի են պատմության զգուշացումները: Մինչդեռ ադրբեջանական Contakt. az լրատվական գործակալության սոցհարցման արդյունքներով, Ադրբեջանի շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկրի համար գլխավոր սպառնալիք է համարում հենց Ալիևի ռեժիմը: Ակնհայտ է, որ Իլհամն ավելին չէ, քան Նուբարաքը, Չաուշեսկուն, Քադաֆին և այլք: Բացառված չէ, որ նրանց անփառունակ ճակատագիրը նաև նրան կհետապնդի: Եվ այս դեպքում, ավաղ, ոչ միայն Հռոմի պապը, անգամ Ալլահն անկարող կլինի օգնել:
Կարդալ նաեւ․․․

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հայ զինվորի արյան միջով է գալիս քաջությունը, և Եղիշեի. «Մահ…

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 4/2020
Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի չորրորդ…

ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ, ՀՈՐԻՆՈՎԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ (Ադրբեջանը և Արցախյան հարցը) / Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ
Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ Ազատամարտիկ-հրամանատար Ներկա օրհասական պահին, երբ սև ամպերը կրկին…
One thought on “ՆՈՐ ՄԻԱՊԵՏԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել Կոսյան”