Լույս է տեսել գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հրապարակագրությունների հերթական ժողովածուն՝ «Օրերի դեմքը» վերնագրով: Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հոծ դահլիճում հեղինակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նրա պոեզիայի և հրապարակագրության երկրպագուները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակութի վաստակավոր գործիչ, գրքի նախաբանի հեղինակ, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ կարևորելով «Օրերի դեմքը» գիրքը որպես մեր ժամանակների ազդարար, որպես գրական նոր երևույթ, որտեղ արծարծված են 2013-16 թթ. աշխարհում և Հայաստանում՝ Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձությունները՝ հրապարակագիր հեղինակի հակիրճ վերլուծություններով, որոնք նա գրի է առել ֆեյսբուքյան էջերում: Գրքի պատմական ու գեղարվեստական արժեքների մասին հանգամանորեն խոսեց բան. գիտ. թեկնածու, գրականագետ Անի Փաշայանը, վկայելով, որ բանաստեղծուհու արձակը հույս է ներշնչում ապագա ծավալուն վեպի հայտնության: Հայրենասիրական գործունեության ու հայկական բանակին հարող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ Ռ. Ասատրյանը բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել: Բանաստեղծուհուն ողջունելու էր եկել «Հայոց Արծիվներ» եհկ հիմնադիր նախագահ, ՀՀ երիտասարդության և սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Նա նշեց, որ բանաստեղծուհին իրենց կազմակերպության Արծվամայրն է, իրենց հպարտությունն ու ոգի ներշնչող ուժը: Գիրքը կարևորեց նաև «Մշակույթի ֆոնդի» նախագահ, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, նշելով, որ Ռուզանները մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ են: Ռ. Ասատրյանը Հայաստանում գործող Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մարդու իրավունքների պաշտպանի և կազակական «Եդինստվո» կազմակերպության կողմից արժանացավ «Ոսկե Խաչ» մեդալի: Ռ. Ասատրյանին ոսկե մեդալով պարգևատրեց նաև «Վահագն» հայրենասիրական կազմակերպությունը:
Հ.Գ. Սեպտեմբերի 15-ին Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ Ռուզան Ասատրյանի «Անին ու Կոկոս փղիկը» մանկական գրքի շնորհանդեսը, որը նույնպես անցավ ջերմ մթնոլորտում: