Քեզ է տենչում ամեն մի հայ՝ արքա,
ռամիկ ու ռազմիկ-
Մութ դարերում երազելով ազատ, անկախ հայրենիք…
Հայոց անկախության առաջին զարկը տվեց Հայկ նահապետը՝ շանթահարելով բռնակալ Բելին: Անկախության, ազատության համար կենաց ու մահվան կռիվներ մղեցին Հայկի ժառանգները, Ասքանազյանները, Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները… համայն հայ ժողովուրդը:
1990-1991թթ. փլուզվեց Խորհրդային Միությունը: Անկախացան այդ միության կազմում գտնվող հանրապետությունները, այդ թվում՝ նաև Հայաստանի 2-րդ հանրապետությունը: Կարելի է ասել, որ քիչ թե շատ խաղաղ պայմաններում ստեղծվեց հայոց 3-րդ հանրապետությունը, սակայն կենաց-մահվան կռիվներով, հազարավոր ազատամարտիկների արյան գնով ձեռք բերվեց Արցախի անկախությունը, և ստեղծվեց Արցախի Հանրապետությունը: Այն, իրավամբ, պետք է ընդունել հայ ժողովրդի 20-րդ դարավերջի ամենամեծ ձեռքբերումը:
Մեր անկախության 25 տարիները լի են սխրանքներով ու մաքառումներով, տագնապներով ու տառապանքներով: Անկախացանք, իրականացավ մեր նախնիների մեծագույն երազանքներից մեկը: Մնում է ազգովի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ամենամեծ ձեռքբերումը՝ ապավինելով մեր հանճարի լույսին, մեր ձեռքերի զորությանը, մեր բանակին: Եվ կլինեն նոր հաղթանակներ, նոր ձեռքբերումներ:
Հետամուտ լինենք ազգի մեծագույն մյուս երազանքներին: