ՀՂԻ ՏԱՆԿԸ / Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

…Սկզբում ազդրերին նայեցի: Ընկալեցի էությունը` քնքուշ էր: Կան գերեր, որ շատ ճկուն են, նրբանկատ, նրբազգաց, փխրո՜ւն: Հաստն ու բարակը ի՞նչ կապ ունի… Կարևոր չեն, ինչ խոսք, մարդու չափսը, քաշը, հասակը, հաստն ու բարակը:
Բայց է՞ս դեպքում… Շա՛տ, շա՛տ, շա՛տ կարևոր էր: Կարևոր էր նաև տեսնելը, թե ինչպես էր չաղլիկ, երեսունամյա աղջիկը սահունորեն մուտք գործում «Գազել»: Դուռը փակվում էր ողջ մարմնով փակելուց հետո: Ամեն մի ազդրը մի ամբողջական մերու1 խոզի ջանդակի չափ, մի-մի լեռան էին նմանվում: Գլուխը` կովի գլխի պես: Աչքերը, մազերը, հոնքերը թուխ ու շողշողուն, պոչիկավոր-խոշոր: Շուրթերը` վարդի կոկոն: Միշտ ժպտադեմ էր, բարեսրտիկ- բարեհոգյակ: Այդպես էլ նրա Անունը չիմացա:
Չկար մի ուղևոր, որ նրան ուշադիր չդիտեր: Վարորդները ամեն Աստծո օր ժամը տասի «Գազելի» կողքին խմբված էին լինում, ու նրանցից մեկը` մերը, հարգանքով, բարեհամբույր էր ասում` «Ձեր տեղը պահված է»:
Օրիորդը երկու տեղ ուներ գազելում: Նախ առաջինին էր նստում: Ուղեկիցների ուշադիր հայացքը հաճելի էր, բայց… Եթե հանկարծ մեկ այլ, չարաշունչ հայացք էր նկատում, քաղքենի, ծաղրալից, անմիջապես բարձր հասակով մեկ ոստնում, փարթամ կրծքերը կախ գցում, հուսահատվածի ժեստով ինքզինքը նետում էր ետևի նստատեղին (մեկտեղանո՛ց դարձյալ)…
Մի առավոտ ջերմ նայեցի նրան: Խորը: Խորքը: Այլևս չէի նկատում գիրությունն ու հոգեբանական նրբությունները: Ինձ հմայել էր նրա քնքուշ ինքնավստահությունը:
Հայացքիս ջերմորեն, ժպիտով ու «Ո՞նց եք»-ով պատասխանեց: «Օրրան եմ գնում»: Սկսեց միանգամից: «Հրազդան» չհասած է: «Վարորդ ջան, Գայի մոտ կանգնեք»: Իր ուղևորական երթևեկը ավարտեց ժպիտով: Թեթևորեն իջավ:
Հաջորդ անգամ քիչ մնաց` ողջագուրվենք հին, հավերժական մերձավորների նման: «Ես էսքան չաղ չեմ»,- արդարացավ երջանկությունից հալվելով:- Ես… Ես հղի եմ: Երեխաս արդեն երկու ամսական է դառնում: Մեկ ամսից»: Ու երկու ձեռքով շոյեց որովայնը: «Ի՞նչ եք կարծում»,- հարցրի, վարորդը երկուսիս համար կքշի՞: Վաղուց եմ սպասում»: «Երեքիս,- ուղղեց:- Կքշի: Ուղղակի լավ կլիներ` էլի լցվեինք: Իմ ոտը խերով է»:
Ու իսկապես: Ոնց որ իմաստուն լիներ: Եկան, որ եկան: Նույնիսկ երեք ուղևոր էլ` երկու տղամարդ ու մեկ ջահել կին, կեսճամփից էին «նստելու»:
Տաք առավոտ էր: Գարնան վերջ, ամռան սկիզբ: Բոլորին ջերմ էր ընդունում, բայց իր առաջին տեղը չզիջեց և ոչ մեկին: « Օդ շնչեմ,- ասաց,- ոչի՞նչ, որ պատուհանը բաց մնա»: «Թո՛ղ մնա»,- բարեսրտորեն տխրեցի ես: Միջանցիկ քամիներից միշտ եմ վախենում:
Բարձրացող-տեղավորվողներից մի քանիսին ասաց. «Ես հղի եմ»: Հիմնականում կանանց էր դիմում, բայց դե` կուլա՛, դու էլ հասկացիր:
Հաջորդ անգամին (էլի մորս մոտ էի շտապում)՝ «Տեսնես… ո՞ւր է,- մտածեցի,- մի՞թե էլ չեմ տեսնելու, թե ո՜նց է դեպի Սպիտակ գազելը շարժվում…»: Տանկը, ծանր քայլերով, թեթև տրամադրությամբ, ռումբի նման խիտ, բայց եթե… Հանկարծ համազարկ բացի, կրակի… Իր շուրթերի նման բոսոր թերթիկներ, հա՜, ծաղկաթերթիկներ ու կոկոններ են թափվելու: Ու թե հուզվի, աչքից անձրև, որովայնից էլ բերք ու բարիք է թափվելու:
…Մեկ էլ երևաց Նե: Երևաց խաչմերուկից այս կողմ: Տարտամ, հաշված քայլերով: Փորը դեռ պարզ չի երևում, բայց դեմքից ժպիտ է ծորում: Որին հայացքով, որին պարզությամբ, որին` քաղաքավարական ժեստով ու որին էլ մի քաղցր բարևով ավետում Բարի լուրը, պարգևում Լույսը` Ես հղի եմ:
…Խմբված չորս վարորդները ուրախ ժպտացին: Խլվլացին: Նրանցից մերը հատուկ ժեստով ասաց` համեցեք: «Օրրանի մոտ կկանգնեք, չէ՞, երբ որ հասնենք»,- հնչեց կենարար ձայնը: «Անպայման,- ասաց վարորդը:
Ես էլի իմ տեղում էի, հակընթաց Վարորդին: Իր երկու տեղերն էլ զբաղված էին: «Հասա՜ կարևորը: Չուշացա՜: Ոչի՛նչ, վերջում կնստեմ»: «Չէ՛, չէ՛… ի՞նչ եք ասում,- թթվաշ ասաց նստածներից մեկը, որ նրան լավ գիտեր: Նախավերջին տեղից ամենավերջը գնաց: Ծանր շնչելով Նե բազմեց ու շշնջաց. «Ես… հղի եմ» Անծանոթները աչք չէին կտրում նրանից: (Սովորաբար երբ էլ որ ասեր` Հղի եմ, մարդիկ բնազդաբար նայում էին նրա շուրթերին, աչքերին: Ու ոչ ոք չէր կռահում, որ փորի՛ն է պետք նայել, փորի՛ն):
Էդ օրը սրտխառնուք ուներ: Երեխան դեռ չորս ամսական չկա` մեկ ամսից կդառնա երկուս: Օդը չի հերիքում: Կես-ճամփի երկու տղամարդ կանգնեցին կողքին: Հղին նեղվում էր նրանց մերձ ներկայությունից, շնչառությունից, խնդմնդուն խոսելաոճից: Անկապ քրտնում էր: Ասես երկու տղամարդը երկու հակամարտող, բայց հետն էլ բանակցող կողմերն էին: Պայմանավորվածությո՞ւն էին ձեռք բերում միևնույն հարթակում: Երկուսն էլ թերագնահատող հայացքով էին նայում տիկնոջը, անհավատ, չսիրահարվող, կոշտ ու անթաքույց:
Մի դասախոս ունեինք համալսարանում: Աբովյանագետ էր: Մի օր մեկ վայրկյանում օրիորդին տիկին էր դարձրել և ասել` նստե՛ք: Սկզբում ասել էր` կանգնե՛ք, օրիորդ, որ սաստի նրան հրապարակավ` դասի ժամանակ խոսելու համար: Բայց հենց որ նկատել էր նրա մեծ հղիությունը, փորը բերանին, արդեն գիտենք, թե ի՛նչ էր ասել: Հիմա: Կինը մտածում էր, թե ինչպես է վարորդին ասելու, որ նա կանգնի: Ձայնի ի՞նչ բարձրությամբ, տեմբրով: Օրրանի՞ մոտ: Գայի՞ մոտ… Հուզվում էր: Օդը, բառը, ձայնը չէին հերիքում: Ի վերջո կերկերուն կանչեց. «Վաաա – րո՜ո՜ո՜րդ ջա՜ա՜ա՜ն…»: «Գիտեմ, գիտեմ,- շտապեց վարորդը:- Մինչև Օրրան հասնե՞մ, թե՞ Գայի մոտ կանգնեմ»:
– Հիմա՛: Հիմա՛ կանգնեք, խնդրո՜ւմ եմ: Ուզում եմ քայլել:
«Ու իջնում է երկո՞ւ կանգառ` երկո՜ւ կիլոմետր ներքև… նույնիսկ Գայիի՞ց»,- զարմանում եմ:
Նախորդ անգամ ինձ ասել էր, որ Օրրանի տերերը ամուսիններ են ու որ իրեն շա՜տ են սիրում: Այնտեղ խոհանոցում է աշխատում: Սևանում հարս է եղել: «Երեկոյան ժամը 6-ից, 7-ից հետո` ոնց որ երջանիկ բանտարկյալ: Աշխարհին նայում էի իմ փակ պատուհանից: Հետո՞… Բաժանվեցինք ես ու ամուսինս, բայց սիրտս կպած էր էս կողմերին: Շա՜տ-շա՜տ: Օրրան եկա, մնացի ու մնացի: Գիրացա կրկնակի անգամ, բայց բոյս նույնը մնաց»:
Կան տղամարդիկ, որ գեր կին են սիրում: Ճաշակին ընկեր չկա: Եթե տաշած քարը գետնին չի մնա, ապա տաշած գունդը հաստա՛տ կգտնի տեր: Բայց… Ինչի՞ է էս կինը բոլորին հայտարարություն տալիս, որ ինքը հղի է: Սևանցի մարդուց բաժանվել է երեխա չունենալո՞ւ պատճառով: Իսկ հիմա հղի՜ է, ո՞ւմից, ո՞նց… Եթե երեխայի հոր թեման շրջանցում է, ուրեմն… Միայնակ մա՞յր է երևի…
…Կինը տեղից ելավ: Տղամարդիկ փոքրիկ արարածներ թվացին: Անշարժ շփոթվեցին: Կինը ամաչելով հարցրեց. «Ճանապարհ կտա՞ք` անցնեմ»:
– Քեզ ճամփա տա՞լ կլինի,- մրթմրթաց մեկը:
– Անցնում ես` անցի,- դժգոհեց մյուսը, տփկվելով թիկնակի անկյունակին:- Անցի:
– Դուք պետք է իջնեք,- տխրեց կինը,- ուրիշ տարբերակ չկա: Իջեք, որ իջնեմ:
Երկու տղամարդիկ ու հետներն էլ ուշ նստած կինը՝ ծալովի աթոռակինը, իջան: Երկու նստած տղամարդիկ էլ իջան, ի նշան բողոքի ընդդեմ ծաղրարարության: Դժվա՜ր իջան:
Այն կանգնած տղամարդկանցից բարձրահասակը կոշտ դիպավ կնոջ ուսին, ասես հրաժեշտ էր տալիս: Կինը շփոթմունքից մի հազար անգամ պայուսակն ու դրամապանակը քչփորեց: Մի կերպ մեկնեց դրամները, խեթեց այն երկուսին սրտի շատ մեծ ցավով: Ինքնասիրությունը մինչև վերջ գրգռված, նա ուշացումով ուսը մաքրելու ժեստ արեց այն բոյովի դարդից: Այրվում էին այտերը: Երեխան քրտնեց սաղմնաջրերում: Մի յոթ ամսից ինը ամսական է դառնալու:
Մի մեծ ետքայլ արեց երկու տղամարդկանց, ուղևորների, վարորդի կողմ, ասելով. «Ես… ես իմ վիճակից ելնելով ձեզ ասեցի` իջեք»:
Այն երկուսը ծաղրանքով նայեցին ու ռեպլիկ գցեցին: Կինը մի վերջին անգամ բարակվիզ կարապի նման շրջվեց ու ասաց. «Ես հղի եմ: Պատճառավոր»: Երևի վախեցել էր, որ փորին դիպչողը երեխային կվնասի ու… Դեռ մեկ կիլոգրամանոց նրա զավակը մի ամբողջ աշխարհ էր կերտել նրանում, Երկին ու Երկիր, Նիրվանա, Դրախտ: Այդ ամենը տեղաշարժելը, տեղափոխելը, իջեցնելն ու հեռացնելը դժվար էր: Անտանելի, բայց հնարավոր և իրական ավելի, քան իմ միակ հայացքը, որը հղեցի երկու տղամարդու չորս աչքերին:
…Գազելում քննարկում սկսվեց: Ինչո՞ւ է նա այդքան գեր: Մի կին ասաց` շոկոլադն է չարաշահել: Շոկոլադի վրայից էլ ջուր է խմել: Էն մեկը թե` կաթը:
– Ի՞նչ անենք, թե ես 50 տարեկանում 50 կգ եմ, ձեր միջի ամենա՛նիհարը,- պոռթկացի ես:- Հասկացե՛ք, նա հղի է, նաև` Կյանքով:
Ու բոլորս, նույնիսկ ես, սսկվեցինք: Ե՛վ դիետա պահող զառամյալ կինը, և՛ կողքի նորմալ գերը, և՛ խնդմնդուն, դալիդոլի տղամարդիկ, և՛ չափավոր չաղ-նամռոտը:
…Շարժվող գազելից լռելյայն փնտրում էինք Հղի տանկին: Բայց մեր ընթացող հեռվից նա միայն կետի պես էր երևում: Ու շարժվո՛ւմ էր, շարժվո՛ւմ դեպի մեզ,
Խաղաղված խաղի,
Շնչառության նման`
համաչա՜փ, համաչա՜փ-համաչա՜փ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։