Չինաստանի Գուանջոու քաղաքում 2016 թվականի մարտի 26-30-ը տեղի ունեցած Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ աշխարհահռչակ ռուս բեմադրիչ, տեսաբան Անատոլի Վասիլևը, ով այս տարի ընտրվեց Թատրոնի միջազգային ինստիտուտի դեսպան, իր ուղերձն սկսեց առաջին պահից տագնապեցնող, բայց ըստ երևույթին հաճախակի հնչող այս հարցով. «Պե՞տք է արդյոք թատրոնը և ի՞նչ կարող է այն ասել այսօր»: Եվ ապա պարզ ու շատ տրամաբանական հիմնավորումից հետո նա հաստատեց. «Ամեն ինչ: Թատրոնը կարող է ամեն ինչ ասել…: Իսկ ո՞ր թատրոնն է հարկավոր»,- իր իսկ առաջադրած հարցին Վասիլևը պատասխանում է. «Ամեն տեսակ թատրոն էլ հարկավոր է: Եվ միայն մեկ թատրոն հարկավոր չէ՝ քաղաքական խաղերի թատրոնը, քաղաքական թակարդի, քաղաքական գործիչների, քաղաքականության թատրոնը»:
Աշխարհի 22 երկրների մոտ 100 թատերական պատվիրակներին այս չքնաղ քաղաք էր հավաքել Թատրոնի միջազգային ինստիտուտը (ԹՄԻ)՝ նշելու Թատրոնի միջազգային օրը և անցկացնելու ավանդական թատրոնների պահպանության խնդիրներին նվիրված միջազգային ֆորումը:
Ի դեպ, հենց այս ինստիտուտի շնորհիվ է հաստատվել Թատրոնի միջազգային տոնի գաղափարը և այն մարտի 27-ին նշելու ավանդույթը: Տոնը սահմանվել է 1961 թ. ԹՄԻ-ի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսի կողմից և ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում հետևյալ կարգախոսով. «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»: Հայաստանում տոնը նշվում է 1999 թվականից սկսած: ԹՄԻ-ն համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Այն պաշտոնապես հիմնադրվել է Յունեսկոյի կազմակերպած առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ` 1948-ին Պրահայում:
Հայաստանում ԹՄԻ-ի (ՅՈՒՆԵՍԿՈ) Հայաստանյան ազգային կենտրոնը 2004 թվականին հիմնադրել և գլխավորում է Հակոբ Ղազանչյանը: Այժմ ԹՄԻ-ի անդամ է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ակտիվ համագործակցության արդյունքում 2014-ի նոյեմբերի 17-22-ը Երևանը ընդունեց ԹՄԻ-ի 34-րդ համաշխարհային կոնգրեսը՝ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Աշխարհի թատերական 300 պատվիրակները ժամանել էին Երևան Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից:
Տարբեր տարիների Հայաստանը իրականացրել է համատեղ ծրագրեր ԹՄԻ-ի հետ՝ դասընթացների են մեկնել մեր ուսանողները, արվել են համատեղ ներկայացումներ, 2014-ին Հ.Ղազանչյանը ընտրվեց ԹՄԻ դրամատիկ թատրոնի ղեկավար, և մեկ ամսից համատեղ միջազգային նախագծով՝ Շեքսպիրի «Փոթորիկով», կմեկնի ԹՄԻ կոնգրեսին՝ Բրազիլիա:
Այս տարի Չինաստան հրավիրվեցին ԹՄԻ-ի ֆորումին մասնակցելու կոմպոզիտոր Վահան Արծրունին, ով բազմաթիվ ներկայացումների, ֆիլմերի, ժամանակակից բալետի և կերպարվեստի ակցիաների երաժշտությունների հեղինակ է և ով այս տարի արժանացավ «Արտավազդ» մրցանակի` Լավագույն ներկայացման երաժշտություն անվանակարգում, տողերիս հեղինակի «Մերսեդես» պիեսի ներկայացման համար և ես` որպես թատերագետ, ներկայացնելու զեկուցում` նվիրված հայ ավանդական թատրոնին:
Չինաստանի հարավում, Չժուցզյան (Մարգարտյա) գետի դելտայում տեղակայված Գուանջոու քաղաքը այսօր աշխարհին հայտնի է իր հնագույն Կանտոնյան օպերայով, Չինաստանի ամենահամեղ խոհանոցով, բազում համալսարաններով և անհավանական գեղեցկության ծաղիկներով: Գուանջոուի ֆորումի կազմակերպիչները ջանք չէին խնայել մասնակիցներին ծանոթացնելու թվարկված հրաշալիքներից յուրաքանչյուրի հետ: Անշուշտ, թատերական հյուրերիս համար ամենատպավորիչը Կանտոնյան օպերան է, որ առաջ է եկել 15-րդ դարում, և շատ հանրահայտ է նաև Հոնկոնգում: Բախտ ունեցանք այնտեղ դիտելու Կանտոնյան և Կունքու ժանրերի օպերային ներկայացումներ: Այն, ինչ մենք՝ հայերս, կամ ցանկացած եվրոպացի կարող է պատկերացնել թատրոն ասելով, հիմնավորապես տարբերվում է Չինական թատրոնից: Մեր առջև են դիմակ հիշեցնող հաստ ու գունեղ գրիմով ծածկված դեմքերով, շքեղ ու նրբագեղ ասեղնագործությամբ արվեստի գլուխգործոցներ կոստյումներով, հերոսների և կենդանիներ պատկերող արտիստներ, ովքեր կատարելապես տիրապետում են մարմնին, կարողանում են ձայնի ամենավերին ռեգիստրներում հնչեցնել այնպիսի հնչյուններ, որ անհավատալի են դիապազոնի տեսանկյունից: Այս ներկայացումների սյուժեները հենված են դասական չինական լեգենդների և առասպելների վրա, ներկայացումները ընթանում են կանտոնյան դիալեկտով: Չինական օպերայի բազում տեսակներ կան, ամենահայտնիները յոթն են: Այսօր Չինաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պահպանելու այս տեսակները: Չինական թատերական արվեստների ազգային ակադեմիան անվճար է դարձրել ավանդական օպերայի ուսուցման կուրսերը, ինչպես նաև սահմանել է բարձր կրթաթոշակ սովորողների և արտիստների համար: Ֆորումի մասնակիցներին լավագույնս ծանոթացնելու համար Չինական թատերարվեստին, Չինաստանի թատրոնի միջազգային ինստիտուտի ասոցիացիան պատրաստել է միջոցառումների ընդգրկուն ցանկ՝ պատմական-կուսակցական թեմատիկայով մյուզիքլից մինչև դասական և ավանդական բալետի տեսակը, դրամատիկական թատրոնում ավանդական շեքսպիրյան ներկայացումից մինչև չինական օպերա ու ակրոբատիկ թատրոն: Չորս օրվա ընթացքում այցելեցինք յոթ թատրոն և հասցրինք դիտել 5 ներկայացում:
Միջոցառումների կարևորագույն կետերից էր «Ասիական- խաղաղօվկիանոսյան ավանդական թատրոններ» ֆորումը, որի խորագիրն էր «Ավանդական թատրոնների պաշտպանությունը և դրա զարգացումն ու ինտեգրումը ժամանակակից արվեստ»: Մոտ 100 հյուրերից զեկուցումներով հանդես եկան միայն 14 երկիր ներկայացնող տեսաբաններ, այդ թվում և՝ Հայաստանը: Ասիական երկրների շարքում բավական տարբեր և ինքնատիպ է հայ թատրոնի կարգավիճակը, սա չի զարմացնում ֆորումի կազմակերպիչներին, նրանք ծանոթ են մեր երկրի աշխարհագրական դիրքին, առանձնահատկություններին և դրա՝ ավելի եվրոպակենտրոն լինելու իրողությանը: Ասիական երկրները ավանդական արվեստների պահպանության տեսանկյունից ամենաբարվոք վիճակում են, նրանց թատերական ավանդույթները հարյուրամյակների պատմություն ունեն, մեծամասամբ պահպանվել են ու մեծ հոգածությամբ փոխանցվել նոր սերունդներին: Դա չի նշանակում, որ բոլոր երկրներում մեծ մասսայականություն են վայելում, սակայն պարզում ենք, որ այս երկրներից յուրաքանչյուրի կառավարությունը մեծ ուշադրություն ու հոգածություն է ցուցաբերում ժանրերի պահպանության համար: Կան ազգային թատրոնների պահպանության ինստիտուտներ, առանձին ֆակուլտետներ և դպրոցներ, որտեղ ուսուցանում են ժանրերը: Դրանց մեծ մասը Յունեսկոյի պահպանության ներքո են: Ցայտուն օրինակները ճապոնական Կաբուկին և Չինական օպերան է, որոնք ոչ միայն դարերի խորքից հասել են, այլ ազգային մտածողության ձև են, ազգային արժեք: Հայկականի մասին պատմող իմ զեկուցմամբ գալով դեռևս Պլուտարքոսի վկայություններից Տիգրան Մեծի պալատական թատրոնի և Արտավազդ արքայի՝ հայոց առաջին դրամատուրգի մասին, հիշատակում ենք հայ դրամատիկական արվեստի հնագույն տիպը՝ պարերգական դրաման, որն ակնարկված է հինգերորդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ` «Երգ ցցոց ու պարուց» արտահայտությամբ: Ապա մտնում եմ միջնադար, ներկայացնելով հայոց ազգային խաղերը, որոնք քրիստոնյա Հայաստանում արդեն կրոնական բնույթ են կրել: Հայկական Կիլիկյան թագավորության անկմամբ/1375թ./ ընդհատվում է հայ քաղաքական պատմությունը, հետևաբար և թատրոնի պատմությունը: Կա՞ արդյոք մեր մեղքը այսօր ավանդական թատրոնի որևէ նմուշ չունենալու մեջ: Տևականորեն պետականություն չունենալու հետևանքով հայ թատրոնն անվերջ կորցրել է իր հիշողությունը: Տեսակները նկարագրված են մեր հայտնի ֆոլկլորիստների ու հատկապես Հ. Հովհաննիսյանի աշխատություններում: Ինչպե՞ս վարվել՝ սա Ֆորումի հարցադրումներից մեկն է. ըստ գրված նյութի փորձել վերականգնե՞լ, թե՞ թողնել զուտ նյութ տեսաբանների համար: Կարծիքնեը կիսվում են:
Այնուհանդերձ, ֆորումի գերնպատակը եղածը պահպանելն է: Քայլերը քննարկելու համար ֆորումի 3-րդ օրը Կոնֆերանսին հավաքված ԹՄԻ-ի նախագահության կազմն ու հիմնական զեկուցող երկրների ներկայացուցիչները առաջարկում են հիմնել այս տարածաշրջանում Ավանդական թատրոնների միջազգային թատերական փառատոն, անցկացնել վարպետության դասեր, կոնֆերանսներ, գիտաժողովներ և սեմինարներ, ստեղծել թեմայի վերաբերյալ պարբերականներ: Այսպիսով՝ խոսքն «Ավանդական թատրոնների պահպանության և զարգացման» կոմիտեի ստեղծման մասին է՝ ԹՄԻ-ի ներքո: Պարզ է, որ Հայաստանը ԹՄԻ-ի ակտիվ անդամ է և պետք է հետևողականորեն պատրաստվի ու մասնակցի հետագա միջոցառումներին: Իսկ ինչպե՞ս ներկայանալ, ահա սա է խնդիրը, քանի որ թատրոնը ցուցադրելու և դիտելու արվեստ է, իսկ մենք, փաստացի, ցուցադրելու ոչինչ չունենք ավանդական բառի բուն իմաստով: Իսկ գուցե վերհանել, վերստեղծել, գրքերում գրված ու նկարագրվածը վերադարձնել բեմ ու հրապարակ: Երկու կարծիք կա այս ամենի շուրջ, «հարկավոր է» և «անհնար է», քանի որ այն, ինչ նկարագրված է պատմագրության մեջ, դեռ թատրոն չէ, այլ՝ սոսկ դրա հուշը կամ հեռավոր ստվերը: Աշխատանքը գուցե նմանվի ավելի շուտ հորինելու-ստեղծագործելու, քան վերստեղծելու, սակայն մյուս կողմից նման մասշտաբի միջազգային հոգածությունը ավանդական թատրոնի հարցի շուրջ հուշում է, որ աշխարհում առավել բարձր է գնահատվում ազգայինը, ավանդականը, ուստի հնագույն պատմություն ունեցող մի ազգ գուցե իրավունք չունի կարևոր գործոն չդառնալու այս գործընթացի մեջ: Իսկ գուցե եկել է ժամանակը ունեցածին ավելի մեծ ուշադրություն դարձնելու և ընձեռված աննախադեպ առիթից օգտվելով՝ ազգային թատրոնի տեսակը ինչ-որ կերպ վերհանելու և վերաիմաստավորելու ժամանակը: