Սեպտեմբերի 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը լեփ-լեցուն էր: Թատերասերները եկել էին Ն. Ադալյանի «Լոմբարդ» մեկ գործողությամբ ֆանտասմագորիան դիտելու: Նախքան ներկայացման սկսվելը բեմից հանդիսատեսին դիմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, հիրավի թատրոնի ոգին իր մեջ կրող բեմադրիչը` Երվանդ Ղազանչյանը:
Առիթը եկել է ասելու կարծիքս այս արվեստագետի բանավոր խոսքի հակիրճության և խորիմաստության մասին. բնական մի խոսք, որում չկա ոչ մի ավելորդ բառ և ասելիքի ողջ իմաստն իսկույն դառնում է ունկնդրի գիտելիքը, կարևոր ու արժեքավոր մի իմացություն, որի պահանջն ունի հանդիսատեսը: Երվանդ Ղազանչյանը թատրոնի նվիրյալ է և թատրոնի միջոցով կյանքի վրա ներգործելու հավատ ունի: Նա լուսավոր մի լավատեսությամբ է վարակում ունկնդրին: Լինելով հայ դասական թատրոնի մեծ գիտակ` իր ուշադրության կենտրոնում է պահում անցյալի հայ թատրոնի նվաճումները այսօրվա հանդիսատեսին ներկայացնելու սրբազան գործը, միաժամանակ բեմադրում է նաև մերօրյա դրամատուրգների պիեսները` այդ կերպ շաղկապելով անցյալն ու ներկան: Նա քաջ գիտակցում է, որ ապագան կերտվում է անցյալի ու ներկայի հարաբերությունների բոլոր կապերի գիտակցման պարագայում:
Իր սեղմ խոսքում Երվանդ Ղազանչյանը գոհունակությամբ շեշտում է երկու տարի առաջ իրականացված թատրոնի նորոգումը և նշում, թե ՀՀ նախագահն անձամբ է հետևում մոտ ապագայում թատրոնի բեմի ժամանակակից տեխնիկական հագեցման խնդրին, որը միայն երազել կարելի է: Ի դեպ, 2009-ին Լոնդոնում եղած ժամանակ հիացա տարբեր թատրոնների ¥դիտել եմ չորս տարբեր ներկայացումներ¤ բեմերի տեխնիկական հագեցվածությամբ: Շատերին է հայտնի ամերիկյան «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլ-կինոնկարը (1965 թ. «XX դար, Ֆոքս» կինոստուդիա), որն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի հինգ մրցանակի:
Այդ մյուզիքլը 2009-ին լսում և դիտում եմ Լոնդոնի բեմում, ըստ որում, այն խաղացվել է 20 տարի անընդմեջ և այդ օրը վերջին ներկայացումն էր: Բնականաբար, ինձ անչափ հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է կինոյի վիթխարի հնարավորություններից հետո մյուզիքլը այդքան երկար «պահել» բեմում: Հիացած եմ և՛ դերասանների վարպետությամբ` յոթ երեխաների դերերը կատարում են երեխաները, և՛ բեմի տեխնիկայի կատարելությամբ: Համոզված եմ, որ նմանատիպ բեմի մասին է երազում Ե. Ղազանչյանը և մոտ է նրա երազանքի իրականացումը:
Դասական թատրոնի գաղտնիքներին տիրապետող բեմադրիչը իրականացրել է Ն. Ադալյանի «Լոմբարդ» ֆանտասմագորիան: Նորայր Ադալյանը ավելի քան ժամանակակից արձակագիր է և դրամատուրգ: Առանց չափազանցության կարելի է պնդել, թե նա համաքայլ է այսօրվա քաղաքակիրթ աշխարհի գեղարվեստական մտածողության հետ: Նա նման չէ մեզանում ոչ մեկին, գուցե ոմանք այդ չեն էլ ընկալում: Խորհուրդ եմ տալիս կարդալ տարիներ առաջ գրված նրա «Մարկոս» պիեսը և դիտել 2013 թ. նկարահանված Պեդրո Ալմոդովարի` իսպանացի աշխարհահռչակ ռեժիսորի «Ես շատ գրգռված եմ» կինոնկարը, և կտեսնեք շատ համանման հոգեբանական դիտարկումներ ու կփաստեք, որ հայ հեղինակի գործը ստեղծվել է ավելի վաղ: Ե. Ղազանչյանը հիանալի ձևով կռահել է, որ Ադալյանի դրաման դիտողին մատուցելու միակ և ճշգրիտ ձևը ֆանտասմագորիան է: Դրամատիկ այս գործը չափազանց տպավորիչ կարող էր լինել պատրանքային միջոցներով ներկայացնելը: Մարդիկ և ուրվականները բեմում նույնացված են, ապահովված է դահլիճի մթությունը, բեմում իշխում է գերբնականը, տարօրինակը, որոնք իրենց մեջ թաքցրել են ճշմարտությունը: Ուղղակի հիանալի է, որ Անգլիայի վաղուց մեռած թագուհու դերը կատարում է տղամարդ` Խաչատուր Պոզոյանը: Նկարիչ Գարեգին Եվանգուլյանը բեմը ձևավորել է պիեսի ներքին բովանդակությանը համահունչ: Բեմի երկու կողմերում խաչեր են, նրանցից մեկին հենված է տղամարդ մանեկենը, որի ձեռքը ներկայացման սյուժետային զարգացմանը զուգընթաց բարձրանում է և դառնում մուրացող տղամարդու` ավելի շուտ, մտավորականի ձեռք: Խաչերը խորհրդանշում են մարդկային կյանքի բարդությունն ու դժվարությունը, մարդու իրական կյանքի երևույթների ծանրությունը, ոմանց բաժին ընկածի անտանելի բեռը, որ խաչ բարձրանալուն հավասարազոր է:
Ն. Ադալյանի ֆանտասմագորիան ավելի քան արդիական է: Փոխվել է հասարակարգը, կապիտալիստական նոր զարգացող հարաբերությունները գրեթե անհասկանալի են հին հասարակարգի մտավորականությանը, որը կյանքի իր բաժին վաստակին հասնում էր մտավոր կարողություններով: Այդ մտավորականը չի կարող ուրիշին կողոպտել, ցավ պատճառել, վերցնել ուրիշին հասանելիքը, առևտուր անել:
Գործողությունները պտտվում են երիտասարդ ու գեղեցիկ ամուսնական զույգի` գիտությունների դոկտոր Հայկազ Շողենցի և նրա կնոջ` Բեատրիչեի շուրջ, ովքեր չափազանց կապված են իրար և անմնացորդ սեր են խոստանում միմյանց: Այս ռոմանտիկ սիրո պատմության մեջ ներխուժում է իրական կյանքն իր նյութական պահանջներով: Բեատրիչեն մյուս հայ կանանց նման պետք է ձմռան պաշար ունենա, որի խորհրդանիշը թթու դնելն ու ջեռուցվող բնակարանն է: Նոր Երևանում այլևս չկա կենտրոնացված և չնչին գներով ջեռուցում, կա «բաքսի» կոչվածը, որով ամեն մեկը տաքացնում է իր բնակարանը, սակայն այն շատ թանկ արժե և անհասանելի է Բեատրիչեի ամուսնուն: Ահա այս արգելքները հաղթահարելու ելքերն ամուսիններին տանում են լոմբարդ` գրավատուն, ուր նրանք ոչինչ չունեն գրավ դնելու, իրենց անձերից բացի:
Լոմբարդը խորհրդանիշ է, որի միջոցով գրողը պատկերել է իր օրերի հասարակական կյանքի թերությունները` արտագաղթը, ոմանց արագ հարստացումը, ազգային արժեքներից հրաժարվելը և ամենասարսափելին` հայ կնոջ բարոյական անկումը: Ամուսնուն անսահման սիրող Բեատրիչեն ամուսնուն լոմբարդից հանելու համար ստիպված է իրեն վաճառել լոմբարդի տիրոջն ու Դավայաթաղի Ճպուռին, ով ամուսնու բութ համադասարանցին էր և նախկինում արևածաղիկ էր վաճառում: Նա հիմա հարուստ է և իր փողերով կարող է գնել անգամ Բեատրիչեին: «Նուվոռիշ» Ճպուռը պիեսում չկա, միայն հոլովվում է նրա անունը, սակայն հերոսների խոսակցության միջոցով Ճպուռը և ճպուռականությունը դառնում են խիստ տեսանելի:
Ֆանտասմագորիայի ոչ հեշտ ընթացքն ընկած է հիմնականում երեք անձերի` Հայկազ Շողենցի, Բեատրիչեի և լոմբարդի տիրոջ` պարոն Միքի վրա: Այդ երեքին, որոնց կերպավորումը բոլորովին էլ հեշտ չպիտի լիներ, հաջողությամբ մարմնավորել են թատրոնի վաստակաշատ դերասան Բորիս Պեպանյանը և երիտասարդ արտիստներ Ավետիք Խալաթյանն ու Սաթենիկ Հախնազարյանը: Լոմբարդի տերը հանդես է գալիս երկու կերպավորմամբ` հնաոճ և նորաոճ: Սա նույնպես գտնված հնար է. կյանքի դժվարությունները կան բոլոր հասարակարգերում, բացի այդ, մարդիկ հաճախ լոմբարդ են տանում իրենց ժառանգաբար հասած որևէ թանկ իր: Դժվար էր կերպավորել նաև Հայկազ Շողենցին ու Բեատրիչեին, մանավանդ, շարունակ նշվում է, թե այդ զույգը գեղեցիկ է, նույնիսկ վսեմ: Ավետիք Խալաթյանն ու Սաթենիկ Հախնազարյանն իրոք բեմական գեղեցիկ զույգի կերպավորման մեջ էին:
Արդարացի լինելու համար նշենք, որ ֆանտասմագորիայի ողջ դերասանական կազմը` Գրետա Սիմոնովնան, Սոֆին, Թագուհին, Առյուծը, Թռչունը, Արջը իրենց կերպարների մեջ են, և չկար խաղի արհեստականություն:
Չնայած պիեսի հերոսներին բաժին ընկած մեծ փորձությանը, Բեատրիչեի մահվանը, Հայկազ Շողենցը կարողանում է իր մեջ ուժ գտնել և չկտրել կապն իրական կյանքի հետ: Ֆանտասմագորիան ավարտվում է լավատեսությամբ. Հայկազ Շողենցի համար հայրենիքի անսասանությունը կապվում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան և նրա վերևից ծագող լույսի հետ:
Ֆանտասմագորիան XIX դարավերջին բեմ բարձրացավ Եվրոպայում և առաջ մղեց «սև վեպը», արվեստի այս տեսակը շատ սիրելի էր գերիրապաշտների համար: Գերիրապաշտությունը որպես գեղարվեստական մտածողության ձև այսօր էլ դրսևորվում է մեզանում, և այն հանդիսատեսին մեծ վարպետությամբ մատուցեցին պիեսի բեմադրիչը` Երվանդ Ղազանչյանը և հեղինակը` Նորայր Ադալյանը: