ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս
ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի
առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ԻՆՔՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ընդ եղեգան փող սիրտս ելաներ:
Դ. Վարուժան
1
(Իմ ծնունդը)
Ով սուրբ Արարիչ,
Ինչո՞ւ տվեցիր տեսողությունն այս,
Ինչո՞ւ տվեցիր լսողությունն այս,
Ինչո՞ւ տվեցիր այս սիրտը կրակ,
Ինչո՞ւ տվեցիր այս հոգին ճրագ,-
Ես գեղեցիկ եմ տեսնում ամեն ինչ,
Ես գեղեցիկ եմ լսում ամեն ինչ,
Ես գեղեցիկ եմ զգում ամեն ինչ…

Ով սուրբ Արարիչ,
Ես դեռ չգիտեմ՝ իմ ապրած կյանքում,
Դու պատժե՞լ ես ինձ, թե՞ վարձատրել…

Եվ ինչի՞ համար…

2
(Իմ էությունը)
Թե կա մի ծաղիկ,
Որին աշխարհում ջերմ պաշտող է պետք,
Ուրեմն ես դեռ չեմ ապրում իզուր:

Թե կա մի բալիկ,
Որին շոյանք ու գուրգուրանք է պետք,
Ուրեմն ես դեռ չեմ ապրում իզուր:

Թե կա մի աղջիկ,
Որ կարոտ է բորբ, անափ մի սիրո,
Ուրեմն ես դեռ չեմ ապրում իզուր:

Թե կա դեռ մի հող,
Որին պետք է սեգ դրոշ ու հերկող,
Ուրեմն ես դեռ չեմ ապրում իզուր…

3
(Իմ սկզբունքը)
Վառվում ես, վառվի՛ր,
Մեռնում ես, մեռի՛ր,-
Մխա՜լդ ինչ է,
Ծխա՜լդ ինչ է:

Սիրում ես, սիրի՛ր,
Ատում ես, ատի՛ր,-
Դողա՜լդ ինչ է,
Սողա՜լդ ինչ է:

Ժպտում ես, ժպտա՛,
Թախծում ես, թախծի՛ր,-
Կեղծե՜լդ ինչ է,
Եղծե՜լդ ինչ է:

Երգում ես, երգի՛ր,
Հերքում ես, հերքի՛ր,-
Տնքա՜լդ ինչ է,
Զնգա՜լդ ինչ է:

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Արաքսի ափով գնում է ճամփան
Ու վեր բարձրանում Մասյաց լանջերով,
Այնտեղ դեռ անհայտ մի Նոյյան տապան
Տնքում է մեռնող-հառնող կանչերով:

Աշուն է: Ոսկի: Մշուշներ ու մեգ:
Անիմաստ ծափեր, ոռնոց գայլերի,-
Ու հասել եմ ես կատարին այն սեգ,
Ձուլվել արևի ձյունե փայլերին:

Ու կանգնել եմ լուռ, հպարտ, ապահով,
Ցածում հեղեղն է ծփում կեղծիքի,
Ու թվում է, թե լի գալիք կյանքով
Մի նոր տապան է վանդակը կրծքիս:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Հանապազօրյա հաց
դու մեր միակ`
Արարման օրից
Արարատ սարի,
Մաքառումների դրոշ հուրհրան`
Բարձրացած պայծառ բարձունքը դարիս:

Քո ամեն տառը`
ժայռեղեն սլա՛ցք,
Սլացող հիա՜ցք՝
քո ամեն բա՛ռը,-
Ե՛վ դանդաղաշարժ
և՛ արագընթաց,
Հավիտյան անուշ, հավիտյան դառը:

Դու ես մեզ փրկել ժանգից օտարի`
Մութ բավիղների դաժան պատմության,
Թե ենթարկվել ես անգամ վթարի,
Դարձել ես մարտիկ… պետականության:

Քեզ համար ենք մենք միշտ արյուն թափել,
Լքելով անգամ հող ու հայրենիք,
Մեզնից առավե՛լ դո՜ւ ես տառապել`
Թևավորելով օրերը գալիք:

Դու մեր արյան մեջ-զրնգուն տեսիլք,
Դու մեր շուրթերին-երդում առ Աստված,
Դու միա՜կ բարձունք ոգեղեն լույսի`
Նույնիսկ օրերում քո լուռ ու սաստված:

Դու վեհ գալիքի մշտահուր կրակ`
Սեգ պատվանդանին ճառագող դարի…
…Հանապազօրյա հաց դու մեր միակ՝
Արարման օրից Արարատ սարի:

***
Ճանապարհ ելավ երազս մի օր
Ու դեռ չգիտեր` ուր պիտի գնա,
Դյութում էր նրան հեռուն արևոտ,
Տաք անուրջների վերմակը քնատ:

Ու կարոտների ճամփին քարքարոտ
Հաճախ էր ոտքը նա խփում քարին,
Ամեն ընկնելիս մի լուսե կարոտ
Փարոս էր դառնում մութ ճանապարհին:

Ու գնո՜ւմ էր նա, ու գնո՜ւմ էր նա՝
Իր հազարամյա բեռը շալակած…
…Ու պիտի այդպես հավիտյան գնա՝
Տիեզերական մթնում ճառագած:

ԹՌՉԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Թռի՜ր
Եվ հավատա՛,
Որ կմնաս օդում,
Որ կտանեն հեռու
Թևերը քո ամուր,
Թռի՛ր
Եվ հավատա՛,
Որ էլ ոչ մի սամում
Քեզ չի նետի գետին`
Քարերին սուր:

Ու հենց հավատացիր`
Դու կթռչես… անսո՛ւտ,
Դու կճախրես ազա՜տ`
Որպես միֆ ու ուրու,
Ու հենց հավատացիր`
Մի անսովոր սարսուռ
Քեզ կտանի ճամփով
Քո պապերի
Անգո…

Իսկ ինչքան որ թռչես`
Հայրենիքն է այն քո…

ԵՍ ՈՒ ՁԻՍ
Մի ոտքս միշտ էլ ասպանդակին է,
Ականջս՝ գալիք հողմերի կանչին,
Խրխինջը ձիուս զուսպ-մոլեգին է`
Գերված հողմերի անզուսպ շառաչին:

Ու թվում եմ ես քարացած քանդակ
Ճամփեքի բանուկ շղարշը ուսիս,-
Բայց չեմ հարցնելու ձորակ ու խանդակ,
Երբ որ սլանամ ճամփեքով հույսիս…

ԿՅԱՆՔԻ… ԹԱՏՐՈՆՈՒՄ
Սիրտս ցավում է զուլալ ու մաքուր սերերի համար,
Ի՜նչ պիտի անեն այդ անճարները այս աճուրդի մեջ.
Լուսնաշող կուրծքը դարձել է միայն
վաճառվող մարմար:
Կոկոնած կույսը` կերուխումի վեճ:

Սիրտս ցավում է ցավերի համար սիրահարների,
Նրանց անպտուղ, անձիրք,
անժառանգ օրերի համար,
Ջանքերի համար անցած դարերի բյուր սերունդների,
Որ արդ դարձել են… հիշողություն մառ:

Սիրտս ցավում է, որ դեռ չի լսվում ձայնս ոչ մի տեղ,
Ու փուչ օրերի գզվռտոցի մեջ կյանքն է մահանում,
Եվ թավալվում են աղբակույտի մեջ երազներ շքեղ,
Եվ կարոտները… չեն հասունանում:

Սիրտս ցավում է: Իսկ այդ ո՞ւմ սիրտը
չի ցավում հիմա,
Իսկ այդ ո՞վ է դեռ խարխափում
մթնում սին ցնորքների,
Մեր բաժին կյանքը միշտ էլ եղել է ընդվզում կամ մահ
Եվ նվիրումը` նոր գալիքներին…

Սիրտս ցավում է: Սիրտդ ցավում է:
Սրտերն են ցավում
Կրած զրկանքից ու անարգանքից
այս անպատվաբեր,
Եվ արնաշաղախ երազները մեր երկինք են նավում`
Միշտ արարելով հավերժական սեր:

ՀԱՅԱՍՏԱՆ
Քո քարեղեն օրորոցում`
Քո լեռների ծերպ ու ծոցում,
Երազներիդ շող ու բոցում
Մանուկներ են խայտում խաղաղ,
Մանուկներն այդ մի օր պիտի
Ելնեն ոտի, կապեն գոտի,
Դիմեն դեպի սարը մոտի`
Մութուլուսին` առավոտ վաղ:

Քո շենացող ավաններում,
Հզորացող քաղաքներում,
Ստեղծագործ ու բյուրանուն
Որդիներդ են ապրում խաղաղ,-
Որդիներն այդ մի օր պիտի
Ելնեն ոտի, կապեն գոտի,
Դիմեն դեպի սարը մոտի`
Մութուլուսին` առավոտ վաղ:

Հեռու-մոտիկ քո սարերում,
Անդնդախոր խուլ ձորերում,
Օտար ու մութ աշխարհներում
Բյուր զոհերդ են ննջում, ավա՜ղ,-
Զոհերն էլ այդ մի օր պիտի
Ելնի ոտի, կապենի գոտի,
Դիմի դեպի սարը մոտի`
Մութուլուսին` առավոտ վաղ:

Ու երբ սարը ելնեն` հառնած,
Արեգակին երգեր խառնած,
Պիտի մեռնի՜ դարը արնած,
Շրթունքներին նենգ քմծիծաղ,-
Ու նոր մի դար զարթնի պիտի,
Ելնի ոտի, կապի գոտի,
Դիմի դեպի սարը մոտի`
Մութուլուսին` առավոտ վաղ:

Քո քարեղեն օրորոցում`
Քո լեռների ծերպ ու ծոցում,
Երազներիդ շող ու բոցում
Պիտի հառնի նոր առասպել,-
Նոր դարերդ ցնծան պիտի,
Ելնեն ոտի, կապեն գոտի,
Դիմեն դեպի սարը մոտի`
Հավերժական պատգամ ու սեր:

One thought on “ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։