ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հանրակացարանը ի՞նչ է»,-հարցրեց քույր Ջեննին, երբ արդեն մոտեցել էին հինգհարկանի շինության մուտքին:
«Ահա,-ասաց Թորգոմ եղբայրը,- սրանք սովետի ժամանակ էին կառուցվում՝ որպես բանվորական ժամանակավոր կացարաններ: Հիմա ամբողջ շենքն իր բնակարաններով մի տեր ունի, որ վաճառում կամ վարձով է տալիս»:
Կարծելով, թե մոտավորապես հասկացել է, Քույր Ջեննին ասաց.«Լավ է, չէ՞, երևի շատ էժան է»: «Այո՛,-կմկմաց Թորգոմ եղբայրը, որ չասի սեփականատիրոջ սահմանած խելքից դուրս գների մասին, որ միայնակների համար բարեգործականն է վճարում,- Առաջինը կմտնենք մեր Կարենի մոտ: Նրա մայրը անցած տարի՝ մեռնելիս, մեզ խնդրեց, որ երբեք անտեր չթողնենք տղային»:
Շարունակությունը մտքում էր պատմում, քանի որ արդեն հոգնել էր իրեն էլ անհասկանալի բաները քույր Ջեննիի լեզվով մեկնաբանելուց: Մտածում էր՝ «Երևի ջունգլիներում կամ Չինաստանում, որտեղ միսիոներական առաքելությամբ ջահել օրերին դեգերել է, նույնպես ամեն ինչ մոտավորապես է հասկացել: Առանձնապես չի մտահոգվել երևույթների մեջ խորանալու մասին, քանի որ իր խնդիրը ոչ թե աղքատությունը աշխարհի երեսից վերացնելն է, դա Աստծո խնդիրն է, այլ՝ ծայրահեղ թշվառ մարդկանց այս ու այն աշխարհում բոլորի հետ հավասար լինելու հույս ներշնչելը, և, իհարկե, նրանց ապաշխարանքը:
«Կարենը ապաշխարե՞լ է»,- տվեց նույն հարցը քույր Ջեննին, որ տալիս էր բոլոր այցելություններից առաջ, և նոր միայն կարծես նկատեց, որ ուղեկիցը երկու ձեռքով մեծ տոպրակներն աստիճաններով մինչև 6-րդ հարկ քարշ տալու հետ մեկտեղ, փորձում է իրեն էլ օգնել: Թորգոմ եղբայրը չգիտեր թե ինչ պատասխանի: Կարենին միշտ նույն վիճակում էր տեսել: Մոր կենդանության ժամանակ էլ տարիներ շարունակ մինչև մի քանի անգամ հաշվելով չգնար-չգար դռան մոտ, դուրս չէր գնա: Նույնը պետք է աներ առաջին հարկից մինչև հինգերորդը բարձրանալ-իջնելիս: Թե ինչ բարդ հաշիվներ էին կատարվում տղայի ուղեղում, հատուկ հոգեվերլուծության նյութ է: Հնարավոր է՝ ամեն ինչ հաշվող, հաշվի առնող և ապա միայն քայլ անող նրա բնատուր ձիրքը, որ հիմա պետք է գալիս ընդամենը սենյակի մի ծայրից մյուսը գնալու, ամիսը մեկ անգամ հարևանի հետ Ավան մեկնելու, հոգեմետ դեղեր ստանալու և մինչև զուգարան հասնելը՝ տակը չանելու համար, պարարտ հողի մեջ ընկնելու դեպքում նրան միլիոնատիրոջ բարձունքների հասցներ:
Քույր Ջեննին նայում է Կարենի գեղեցիկ, անմիտ աչքերին, դեմքի ճերմակ մաշկին սազող սև մազ-մորուքին, հարցնում է.«Ընտանեկան ալբոմ ունե՞ս: Ուզում եմ տեսնել քո մանկության նկարները»: «Թորգոմ եղբայրը տեսել է»,- ասում է տղան: Նայում է պահարանի ուղղությամբ: Պահարանին մոտենալը, դուռը բացելը, այնտեղ տիրող խառանաշփոթի մեջ նկար գտնելը բարդ հաշիվների հետ է կապված, որ ինքը նախապես չի արել, քանի որ հեռատեսությունը նրա մեջ իսպառ բացակայում է: «Երաժշտությո՞ւն ես լսում»,- մահճակալին նետված ականջակալներն է մատնացույց անում քույր Ջեննին: «Հա, նայած: Տխուր ժամանակ»: «Ինչո՞ւ ես տխրում: Ի՜նչ սիրուն տղա ես: Տխուր բանե՞ր ես հիշում»: «Հա, բայց չեմ ուզում հիշել»,-գլուխը չի բարձրացնում, նայում է հատակին, սեղանի տակ, որտեղից 60-ականների մի բարձրակրունկ կոշիկ է երևում, մի զույգ կանացի շատ մաշված երկարաճիտք և փոքրիկ աղջկա մեկ հատիկ վարդագույն հողաթափ: Ուզում է տեսնել, միանգամից չի գտնում հարց տվողի աչքերը, -Ճամբար եմ գնացել: Ուրախ էի: Մայրիկիս ու հայրիկիս հետ էլ ուրախ բաներ կան, գազանանոց ենք գնացել»,- ավարտում է քննությունը անհաջող հանձնած, ինքն իրենից դժգոհ աշակերտի նման: Շարունակում է նայել հատակին:
Թորգոմ եղբոր ու քույր Ջեննիի հեռանալը թեթևություն բերեց Կարենին, անգամ չնայեց նրանց թողած մթերքով լեփ-լեցուն տոպրակներին: Մինչև թախտին հասնելը մի քանի հաշիվներ ուներ անելու: Նախ չորացած հացի կտորը փշրեց սեղանին, հաշվեց բոլոր փշուրները, գոհունակ լցրեց բաժակի մեջ: Հաջորդը՝ մինչև պատշգամբի դուռը քայլերը հաշվելն է, թեև անգիր գիտի՝ 15 գնալն է, 15՝ գալը: Երբեմն քայլերը մեծ կամ փոքր կարող են լինել՝ նայած տրամադրության: Երբեմն էլ հաճույքի համար մեծացնում կամ փոքրացնում է քայլերը և ինքն իրեն հպարտանում, թե ոնց է կարողանում փոխել աշխարհի չափերը:
Բաժակի պարունակությունը լցրեց թռչունների ստվարաթղթե կերամանին: Նրանք չսպասեցին մինչև Կարենը հեռանա, չէին վախենում, սիրում էին նրան, նստում էին ուսերին: Հանգիստ, առանց միմյանց հետ վիճելու, կտցահարում էին նրա տված փշրանքը: Այդ ընթացքում տղան հաշվում էր նրանց: Բայց հանկարծ խառնեց հաշիվները: Ոչ միայն նոր ճնճղուկներ էին հայտնվել, այլև՝ մի քանի տատրակ: Որտեղի՞ց տատրակները: Շատ վաղուց չէր նայել պատշգամբից երևացող հեռուներին: Նայեց: Վաղուց չէր զարմացել: Զարմացավ: Տեսավ հենց պատշգամբի դիմաց աճած բարդիները, դրանց կատարին կաչաղակների հյուսած ցանցառ բները: Հաշվեց: Մոտեցավ բազրիքին, ցած նայեց: Հաշվեց, զարմացավ, որ ընդամենը մի քայլ է պատշգամբից մինչև գետին, ուրախացավ՝ ընդամենը մի մեծ քայլ…Որից հետո կյանքը, որ անհայտ, անողոք թշնամուց սենյակում թաքնվածի պես կծկվել, մնացել էր նրա ամեն ինչ հաշվող, բայց անհաշվենկատ, անղեկ ուղեղի, ծանրաշարժ մարմնի ծալքերում, դուրս էր ճախրելու, հայտնաբերվելու էր անսահմանության մեջ ճախրող ուրախ թռչունների կողմից, դառնալու էր նրանց երամի անդամը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։