Բանաստեղծի մահվանից հետո նրա ստեղծագործությունները ընթերցողից անկախ տարընթերցվում են-բոլորովին նոր ընկալումներ են փոխանցում, նորովի մտածմունքի առիթ են հանդիսանում, կյանքից էլ վեհ մտքի թռիչքներ են ծլարձակում, վերընթերցումների կարիք առաջացնում:
Աշոտ Քերոբյանը (Շոթան) մարդկանց մեջ ապրում էր նրանց նման, հատկապես պարզ, անպաճույճ, սրամիտ, ժպտերես, զրույցների ժամանակ, նուրբ իմաստնությամբ զրույցների մեջ իր տեսակից մի պատառիկ բնակեցնելով նրանց հոգիներում, թեև մարդկային իր տեսակով նա ոչ մի մարդու նման չէր, եթե նման էր, ապա հեքիաթի բարի հերոսներին միայն, թեպետ իր կերպարը, կարծում եմ, ինքն էր ծիծեռնակի նման հյուսել և մաքրագործել: Իսկ նրա բանաստեղծությունները ուղեղի և հոգու ներդաշնակ մի սրտագրություն է՝ մարդկային մեծ սիրով առլեցուն՝ կյանքի, մեծ աշխարհի և տիեզերքի հավերժության մասին:
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
***
և ամեն օր
ոսկեվարս աղջիկը
նստում էր հայելու դեմ
հայելու մեջ տեսնում էր տատին
և անմեղ աղոթքներով
սպասում էր թե տատը կհանգչի
կամ էլ հայելին
կփշրվի
կյանքին կապող օղակը
եթե տատն է
ապա այլ է աշխարհը
ամեն օր
ոսկեվարս աղջիկը
նստում էր հայելու դեմ
ու սպասում
Անհագուրդ մի ծարավ ու հույսեր
Անհագուրդ մի ծարավ ու հույսեր
Ու մարդիկ անհաշիվ ու անդեմ
Փնտրում են հույսի շող լույսի մեջ
Ծնվում են, հառաչում ու հանգում:
Չի տա ձեզ ոչ մի մազ ոչ մի շուն,
Ոչ մի հույս չի ճչա ձեզ համար,
Ու կա լոկ մի աշխարհ ու մի տուն,
Ու ձգտում,
ուժ ու կամք անավարտ:
Այլ միտում, այլ վարանք ու սքեմ
Կճոճվեն, կերերան ու վանքում
Կգրկեն սփոփանքը կերկեր
Ձայներով աղոթքի ու հպման:
Դադար
Մանկությունս ո՞ւր է.
երբ ամառ էր գալիս
չորանում էր առուն,
ավազներին կպած
ձկներ էինք պոկում
ու լրջությամբ թաղում
ստվերի տակ,
խոնավ ավազներում:
Աղջիկները հեռվում
երգում էին անհոգ
ու քարկտիկ խաղում:
Ձկներն այն ի՞նչ եղան:
Ու խաղի մեջ մեռավ
մանկությունս,
Ինչպես բարի ու
սնանկ մի ծերուկ,
որի թոռները մեծացել են: Արդեն
հուշերիս առվի մեջ պղտոր
սիրելի դեմքեր են կորչում,
կորչում է կարոտս մաս-մաս:
Սփոփել հարկավոր չէ.
ամեն գարնան
այգեպանը
կտրում է պսակը
խոնջացած ծառերի,
որոնք անպայման կանաչում են:
***
անիրական
անզեն տեսիլքների նման
ագռավներ են թառել
աչքերիս մեջ
որից ես ահ չունեմ
և չունեմ մահ
նրանք մանկությունս
փախցրին ու տարան
ուր թողեցի հառաչ ու չեղա սուրբ
հիմա թե թաղումից
թե ծիծաղից հոգնած
տեսիլքներ են անվերջ
աչքերիս մեջ թառում
և ծառերի ցավից
անիրական
անքեն
երազներ եմ կախում
ճյուղերից ցած
***
խենթանալու համար
հայ լինելը բավ է
Հայաստանն էլ
մեռած
ու կենդանի
փառք տանք նրան
և նախատինք
երազների համար
թող լինի միայն բարին
և մնա երկինքը դատարկ
մեզանից զավակներ կմնան
որոնց երակներով
ջրի տեղ արյուն կհոսի
այդ բանի լավ ու վատ կողմերով
Հայաստանի համար
ծնված
և կենդանի
խենթանալը լավ է
Ներհայեցողություն հմայիչ մի աղջկա պատկերով
Քանի դեռ տնքում է ցավը
բաժանումի,
Մի՛ հիշիր ճշմարտությունը իրերի.
Հայացքով ընդգրկիր
այն, ինչը գեղեցիկ է:
Երբ մոռանաս նրան, ով այրեց
թևերդ թռիչքից առաջ,
Հիշիր, որ մտովի թռիչքը ավելի
հեռուն է տանում;
Անմատչելի բան չէ հենց
այնպես ապրելը,
Դադարով ու շարժմամբ,
դադարով ու շարժմամբ,
Միայն սիրելի աղջկա պատկերը
քո հոգում,
Միայն նրա ծիծաղով` իրական
կյանքով լեցուն,
Միայն նրա կյանքը քո
կյանքի մեջ:
Բացվում է դուռը ահա,
Բացվում է կրնկի վրա,
Եվ նա մարդկայնորեն ու պարզ
գալիս ու փարվում է քեզ:
***
չկա խորհրդավորություն
օրերի մեջ
չկա գաղտնիք
անիմաստ ու տաղտուկ
ոճավորում է սա
կյանքի
մեղուները բզզում են երբ արև կա
իսկ երբ չկա՞ …
ինչը՞…
գրողի տարած հմա ՛յքը
մատչելի աղջիկների
կրա ՛կը
մի՛ հանգցրեք
նրանք գիտեն մի բան
որ չեմ գտնի երբեք
մոխիրներում սառած
ՏԱԳՆԱՊ
սայլ է անցնում ճանապարհով,
շարժուն է օդն ու չարագուշակ,
ինչպես բնանկարը Կորոյի:
Օ, կույս հողեր հյուսիսի,
Դեն նետեք սավանը ամոթի
և նայեք մարդկանց բաց
ինչպես երկաթահանք,
և նվիրվեք մարդկանց կրքով
ինչպես շատրվանը
նավթի…
անլուրջ բան է տագնապը կապել
անցնող սայլի հետ
և ընդհատել զրույցը
Ժաննայի հետ,
որին սիրում եմ առանց
տագնապի: