ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ (հատված «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից) / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ռուբեն Հովսեփյան

Պատուհանի տակ չէր դադարում, չէր դադարում անիծյալ շեփորի ճղճղոցը, սպառնում էր փշրտել ապակիները, ներս խուժել գարնան անձրևի հետ, մարել մոմերի բոց-լեզվակները, որոնց թրթռոցը սենյակը լցրել էր քնած, մեռած իրերի շարժուն ստվերներով. անշշուկ քսվելով մեկմեկու, իրար մեջ լուծվելով, իրար միջից անցնելով, մարմնից անջատված այդ հոգիները երկարում էին, կծկվում, թանձրանում էին, աղոտանում, պահ մտնում սենյակի մութ-մութ անկյուններում ու թաքստոցներից ծիկրակում տանը վարժված մկնիկների պես: Պատրանք էր շեփորականչը, արդեն քանի տարվա անփոփոխ պատրանք, որ կրկնվող երազի նման այցելում էր հոգեկան խռովքի բոլոր պահերին: Ականջ խցելն իմաստ չուներ՝ շեփորի ճղճղոցը թե՛ դրսում էր, թե՛ ներսում, թե՛ օդում էր, թե՛ իր մեջ, և ստվերների ինքնուրույն, անբնական կյանքն էլ շարունակվելու էր քանի դեռ հնչելու էր ճակատագրի փորձության վերածված հզոր, հմայող սուտը՝ «Կտրատիր կապերդ՝ արի ինձ հետ… Կտրատիր կապերդ՝ արի ինձ հետ…»: Ականջ մտած ծղրիդ էր այդ կանչը, որին միշտ էլ կյանքի աղմուկն էր դուրս վռնդել: Հիմա ո՞վ էր վռնդելու: Հիմա ո՛վ էր լռեցնելու: Տնեցիները քնած էին, աշխարհը քնած էր, իրերը քնած էին, արթուն էին միայն անշշուկ ստվերները՝ թաքստոցներից ծիկրակող մկնիկները: Կյանքն էր քնած…
Վանքի խցում էլ էին վխտում ստվերները, որ մկնիկներ կոչվեցին Անտոն Մուղնեցի արքեպիսկոպոսի թաղման օրը, երբ Գոմի դարպասի մոտ ցրիվ եկող թափորին դեմհանդիման հայտնվեցին սոված, որբ, թավամազիկ կատվաձագերը: Բարալիկ բեղամազերը վեր-վեր ցցած՝ նրանք հոտոտում էին օդը՝ ակնհայտորեն ուղղություն բռնած փռի, ձիթատան մաշված արահետը: Սուտը Մսուրը հորինեց, ինքը ստիպված էր հաստատել. «Այո՛, վեհափառ, խցում մկներ են հայտնվել, կկրծոտեն մատյանները»: Եվ զառամյալ վեհի լռությունը հավանության նշան համարելով՝ կատվաձագերին խտտած իրենց խուցը վազեցին: Մի տոպրակ քամած մածուն ունեին՝ գդալ-գդալ բաց արեցին ջրով, կավե թասերը բերնեբերան լցրին, դրեցին առաջները: Կիսակո՞ւյր էին կատվիկները վեհափառի պես, թե՞ թասից լակելուն անսովոր՝ թաթիկներով մտան թանի մեջ՝ չլմփացնում էին, սպիտակ կաթիլներ ցրիվ տալիս հատակին: Մսուրը սեղանատնից մի կաթսա գոլ ջուր բերեց՝ լողացրին ձագերին, չորացրին ցամքոցով և գիշերն առան ծոցները… Ինչ տաքուկ, երջանիկ գիշեր էր… Եվ ինչ դժվար էր նրանցից բաժանվելը առաջին ժամասացությանը գնալիս… Երեք ժամից երբ ետ եկան, անկողինները նույն տաքությունն ունեին, նույն կենդանի տրոփյունը՝ էլ ի՞նչ հոգնություն ու անքնություն… Մի-մի բուռ էին նրանք, բայց կյանք էին, շնչում էին, մռմռում, արթմնության կարճատև պահերին դուրս հանում նորածիլ ճանկերը, խրում ներքնակի մեջ… Եվ ցրվում, մոռացվում էին Անտոն Մուղնեցու անկենդան, վանող դեմքը, գերեզմանափոսի ամենակուլ բերանը, մահահոտը, ունայնության շուրջ պտտվող անհեթեթ մտքերը, շեփորի անդուր ճղճղոցը, որ հերթական անգամ այցի էր եկել…
Խաչատուրը փչեց մոմերի վրա. հոգեվարքի սվսվոցով հատակին փռված ստվերների դիակները տրորելով մոտեցավ լուսամուտին, քիթն ու ճակատը սեղմեց մութ, իր տաք շնչից ակնթարթորեն անթափանց դարձած ապակուն, ավելի շուտ զգաց, քան տեսավ, որ իրիկնամուտից սկսած անձրևը, օդը պաղելու հետ, ձյուն է դառել, և որովհետև չէր լռում անիրական շեփորականչը, դուրս նետվելու անհաղթահարելի գայթակղությունն արդարացնելու համար, ինքն իրեն համոզեց, թե պատրանքն էլ կարելի է որսալ, եթե չհապաղես, պահը չկորցնես, հասցնես պատրանքի մեջ մտնել, պատրանքի մասնիկը դառնալ: Իսկ որ պատրանք էր շեփորականչը՝ կասկած չուներ. դերվիշը վաղուց չկար: Նրան խեղդել էին ծպտյալ վաճառականները: Եվ ինքն էր նրան մատնել մահվան…

Քունը չէր տանում, թեև տատը մինչև վերջ, մինչև իր քնելը պատմեց խեղճ Քրիստոսի տխուր պատմությունը,- ինչպես համբույրով մատնվեց, ինչպես մատը միայն քսելով բժշկեց քահանայապետի ծառայի կտրված ականջը, ինչպես Պետրոսը, մինչև աքաղաղի ծուղրուղուն, երեք անգամ ուրացավ տիրոջն ու դառնորեն լաց եղավ: Չիմացավ էլ, թե խորհրդավոր ինչ ուժին հլու ցած իջավ հոլիկից ու լուսնոտի նման սահելով քայլեց դեպի մարմրող խարույկի աղոտ լույսի տակ հազիվ նկատվող, ծառերի բներին ձուլված գերյալները: Ծառերը հսկայական խաչեր էին թվում, ծպտյալ վաճառականներից ավագը՝ կապկպված Հիսուս, մյուս երկուսը՝ ձախից և աջից՝ ավազակներ: Իսկ խարույկի կողքին քնած հայրը պոնտեցի Պիղատոսն էր: Իսկ Հիսուսի խաչի մոտ հայտնվել էին նրա մայրը և մորաքույրը՝ Կղեովպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Եվ Հիսուսն ասաց մորը. «Ով կին, ահա քո որդին»: Իսկ իրեն Հիսուսն ասաց. «Ահա քո մայրը»: Հետո շրթները հազիվ շարժելով շշնջաց. «Ծարավ եմ»: Եվ նրան լեղախառն քացախով թրջված սպունգ մատուցեցին: Եվ մինչ կավանդեր հոգին, Խաչուկն ուրախությամբ շոշափեց գրպանի դանակը, որ հորից էր թռցրել, իսկ հորը նվիրել էր հանգուցյալ Ղուկաս կաթողիկոսը, երբ փոքրիկ Ավետիքը հոր, մոր, եղբոր հետ առաջին անգամ ուխտի էր գնացել Էջմիածին: Ընկուզենու փչակում, Վիրապի աչքից հեռու, չեչոտ քար ուներ պահած. ամեն օր սրում էր դանակի շեղբը չեչոտ այդ քարին քսելով և սրությունը ստուգում խոտերի վրա: Հիսուս Քրիստոսը վերջին շնչում աչքունքով հասկացնում էր դանակի այդ սուր շեղբը քսել թոկին, բայց զգույշ, անաղմուկ, որ չարթնանա օրվա հոգսերից, արդար, անմեղ մարդուն դատապարտելու տառապանքից հոգնած պոնտեցի Պիղատոսը: Աստված ինքն էր թեթևակի հրում Խաչուկին, և այնպես հեշտ կտրվեց Հիսուսին կապող թոկը, ասես շեղբը մեղրամոմի էր դիպել: «Դու ազատ ես, Աստծո որդի»,- ցանկացավ ասել Խաչուկը, բայց կարծես մեկեն համրության աշխարհն ընկավ: Լեզուն չշարժվեց, բերանը չբացվեց: Բերանը ծեփվել էր լաթով, ինչպես ցերեկով գառնուկի բոժոժն էր ծեփված ցեխով: Հետո ձեռքերը, ոտքերն անշարժացան: Հիմա ինքն էր խաչված Հիսուս, իսկ կեղծ Հիսուսը, ավազակները, ուղտերին թողած՝ չքվեցին այգու մթան խորքերը: Ձեռքեր չուներ, որ կսմթեր երեսը, տեսներ՝ երա՞զ է, թե՞ իրականություն: Բերան չուներ, որ ձայն տար, արթնացներ հորը: Ոտքեր չուներ՝ վազ տար, ընկներ Սառախաթուն տատի գիրկը: Մղձավանջն ավարտվեց լուսադեմին՝ Ավետիքի սարսափահար ոռնոցով: Ահարկու այդ ձայնից նույնիսկ ուղտերը ծառս եղան, ոտնատակ տալով ձագուկին, ծառերի ճյուղերը կոտրատելով փախան աջ ու ձախ, ավելի խրտնելով կատեպանների ուշացած կրակոցներից…

Պատրանքը որսալու մտադրությամբ՝ Խաչատուրը հենց գլխաբաց, հողաթափերը քստքստացնելով դուրս վազեց սենյակից՝ ուշք չդարձնելով նախասենյակի մութ անկյունից իրեն հետևող սարսափահար ու կայծկլտացող աչքերին: Բակում ոչ ոք չկար: Եվ լռություն էր: Թաց ձյուն էր ճպճպում գետնին, ջրհորդանից ծանր, դոնդող ջուր էր ծորում ձյան տակով, ծածուկ հոսում դեպի այգին: Ծառերը զարթոնք էին ապրում, տաք էին, ձյուն չէին առնում ճյուղերին, գիշերային լոգանքից ելած մերկ, թաց կանանց տեսքով ճկվում էին, շորորում, կեղևահոտ, խեժագույն անձրև կաթեցնում բների շուրջ: Պատրանքը ցնդել էր՝ հետք չթողնելով ո՛չ ձյան վրա, ո՛չ էլ օդում: «Ուշացա…»:
– Քեզ ի՞նչ եղավ, աղա՛,- տակի շորերով շեմին կանգնած, վախեցած Ասատուրի ձայնն արթնացրեց նախասենյակի մութ անկյունում քիչ առաջ կայծկլտացող աչքերի պատկերը:- Կմրսես, աղա՛, տուն արի…
Նա չշրջվեց ծառայի կողմը, որ ցույց չտա աչքերից թափվող արցունքները, հիշեց Թիֆլիսը, իր երկար թափառումը անիծյալ այս շեփորականչի հետևից և այն պահը, երբ ականջին հասան իրեն փնտրող աշակերտների ուրախ ճիչերը… Ամբողջ կյանքում աչքերը թրջվել են ոչ թե ցավից, անզորությունից, այլ հոգատարություն, բարություն զգալիս… Աքիմյանց Գևորգն էր, Խատիսյանց Գաբրիելը, Դերվիշյան Դավիթը, Շարոյանց Պետրոսը… Նա չգիտեր, որ աչքերից արցունք է հեղվում, չգիտեր՝ որտե՞ղ է, ո՞ւմ տանը, ո՞ւմ պատուհանի գոգին նստած, չգիտեր՝ ո՞վ է հիվանդապահ քրոջ նման իրեն ժպտացող օրիորդը: Բաց լուսամուտից էլ դուրս թռավ բակ, ընկավ երեխաների գիրկը, նրանց իր գիրկն առավ՝ պաչպչում էր, ականջները քաշքշում, մազերը խառնշտորում, իսկ օտար օրիորդը լուսամուտից ժպտում էր հիվանդապահ քրոջ պես…
– Լուսամուտս էին թակում,- չգիտես ինչու ստեց Խաչատուրը:- Դուրս թռա՝ ոչ ոք չկար:
– Ձյունն ու քամին են թակել,- հանգստացավ, ուրախացավ Ասատուրը,- ձյունն ու քամին գազանի ձայն էլ են հանում, մարդու էլ… ձյունն ու քամին լուսամուտ, դուռ են թակում, երդիկից հող, քար գցում… Սպահանի մեր տանը մի ձմեռ երդիկից սատկած ագռավ ընկավ…
Խաչատուրը ժպտաց քթի տակ, գիտեր սպահանցու բնավորությունը՝ խոսքը սկսում էր պստլիկ, անմեղ ստով, զառիվերից գլորվող ձնագնդի նման բաց էր թողնում այդ սուտը և խաչակնքում հետևից՝ Աստված քեզ հետ:
– Պապս ասաց, որ եթե փորոտիքը հանենք, տեղը թեփ լցնենք, կախենք պատից, մեր տանը չար աչք չի դիպչի: Կպահպանի մեր տունը թոռից թոռ, ծոռից ծոռ, որովհետև եթե կենդանի ագռավն է ապրում երեք հարյուր տարի, ապա որքա՞ն կապրի նրա խրտվիլակը: Սառած փորոտիքը հարամ տաշտը թափելիս զնգոց լսվեց: Պապս ձեռքը տաշտը խոթեց, տրորեց, տրորեց ագռավի աղիքները և դուրս բերեց մի մետաղադրամ: Տիգրան Մեծի դրամն էր… Երբ գնդապետ Լազարյանը Սպահան մտավ, պապս նրան ցույց տվեց Տիգրան Մեծի նկարով դրամը. «Հայոց թագավորություն է ստեղծվում, չէ՞,- ասաց պապս,- էլ ի՞նչ թագավորություն, որ իր դրամը չկտրի: Ահա, սրա նմանությամբ կտրեք»: Լազարյանը տխրել էր պապիս խոսքից, որովհետև լավ գիտեր, որ թագավորություն չէր ստեղծվելու, և հետո՝ գաղթականությանը տրամադրված դրամն էր քիչ… Որպես հաղթող կողմ՝ Ռուսաստանը Պարսկաստանից քսան միլիոն էր ստացել, իսկ կոմս Պասկևիչը մեզ գաղթեցնելու համար Լազարյանին հիսուն հազար էր տվել… Մեր տունը, այգին առնող չեղավ: Ո՞վ կառներ, աղա՛, եթե, մեկ է, թողնում-գնում էինք… Ագռավի խրտվիլակն ենք հետներս վերցրել ու Տիգրան Մեծի կտրած մետաղադրամը… Ճանապարհին, դեռ Արաքսը չանցած, սայլերի մի երկար քարավան հանդիպեց. Արդեբիլի մատենադարանի ձեռագրերն ու գրքերն էին բարձված սայլերում: Պապս ասաց. «Գիտնական մարդիկ կլինեն, որ ոսկի, հաց թողած՝ գիրք են ավար տանում»,- ու նրանց դեմ արեց Տիգրան Մեծի դրամը: Նրանք հաց էլ ունեին: Մեզ հաց տվեցին: «Փառքդ շատ, Աստված»,- ուրախացավ պապս,- հայոց դրամով հաց առանք»: Մնաց խրտվիլակը, որ իմ տոպրակում էր… Մեր մեծ գերդաստանից մենակ ես ողջ մնացի, աղա՛… Սովն ու ժանտախտը կերան բոլորին…

Օրեր անց միայն Խաչատուրը գտավ նույն տունը, տանտիրոջից փորձեց իմանալ եղելությունը, բայց գերմանացի տանտերը գինի դրեց սեղանին, կովկասյան սովորությամբ երկար բաժակաճառեր ասաց, որոնց բոլորի իմաստը մեկն էր. լավ-վատ՝ սա է կյանքը, ուրիշ կյանք չկա, հանդերձյալ կյանք էլ չկա, ինչ կրոնի էլ դավանելու լինես… Ուրեմն՝ կեցցե կյանքը, այս միակ մեր կյանքը… Ձկնորս էր տանտերը, Մետեխի դիմաց գցած նրա ուռկանում այդ առավոտ երեք լոքո էին թպրտացել, որ հիմա խաշվում էին խոհանոցում, իսկ սեղանին չոր, ապխտած ձկնիկներ էին, կանաչի, հաց: «Պարսիկն ասում է՝ ոսկու արժեքը ոսկերիչն է իմանում, գոհարի արժեքը՝ ակնավաճառը, վարդի արժեքը՝ սոխակը, կանաչիներինը՝ հայը: Կանաչի կեր, հայ, ձուկ ու կանաչի, որովհետև ավելի լավ է՝ դու ուտես նրանց, քան իրենք՝ քեզ: Եվ գինի խմիր: Գինին է փրկությունը:
Օտար հիվանդապահ քրոջ պես ժպտացող օրիորդը բերեց խաշած լոքոները՝ երեքն էլ նույն չափսի, երեքն էլ գոլորշի արձակող,- գոլորշու տակից ձկները կենդանի էին թվում, շարժուն,- ու ինքն էլ սեղան նստեց: «Եղբորս աղջիկն է,- բլբլացնելով ներկայացրեց տանտերը,- երեք օր խնամել է քեզ, երբ դու ճամփորդում էիր այն կողմերում,- նա մատն առաստաղին տնկեց, եղբոր դստեր սաստող հայացքը նկատեց, բայց չկարողացավ անավարտ թողնել միտքը: – Ի՞նչ գործ ունեիր այն կողմերում, պարոն… Մի՞թե այստեղ ավելի լավ չէ…»: Նա քիթը ֆսֆսացնելով լռեց երկար և այդ ընթացքում հարբեց վերջնականապես: «Ճիշտ է,- ասաց,- այստեղ երբեմն ժանտախտն է մեզ հյուր գալիս, խժռում ամենաթանկ մարդկանց…»,- շարունակությունը տանտերն ասում էր միայն իրեն հասկանալի բառերով: Օրիորդը մտավ հորեղբոր թևը, վստահ, վարժ ոտքի հանեց, ինչ-ինչ խոսքեր փսփսաց ականջին, և հարբած, մի քանի տեղից ծալվելու պատրաստ ձկնորսը, հնազանդ երեխայի պես, թույլ տվեց՝ առաջնորդեն իրեն քնելու: Դռան մոտ միայն նա շրջվեց և հասկանալի լեզվով ասաց. «Ձեր Գեղարդն էլ չօգնեց»:
Մինչ օրիորդը ետ կգար, Խաչատուրը մոտեցավ բաց լուսամուտին, որից դուրս էր թռել օրեր առաջ, և ընդարձակ բակում տեսավ արևի տակ չորանալու փռված, սարդոստայն հիշեցնող ուռկանը, որի ձկնահոտի վրա ճնճղուկներ էին հավաքվել ու գերմանական գաղութի թմբլիկ հավերը: «Չլինի՞ թե ես Քուռն եմ ընկել, ու ձկնորսն, ահա, այս ուռկանով է ինձ դուրս հանել»: Ոչինչ չէր հիշում, բայց Քուռը նետվելու միտքն, անվերջ աճող ճիճվի նման, չէ՞ որ քոր էր գալիս ներսում վերջին այս տարիներին, Դորպատից Թիֆլիս հասնելու հենց առաջին օրերից: Ոգևորության փեշերի տակից հիասթափության լկտի մռութը գուցե թե ծիկրակում էր ավելի վաղ՝ Մոսկվայում, Նախիջևանում, հայկական այն շրջանակների հետ շփվելիս, որոնց առաջ, հրապարակավ, բացված կապուկի պես սեղանին էր փռում իր նպատակը և աջակցություն ակնկալում: Մոսկվայի հայոց եկեղեցում, Սուրբ Հարության տոնին քարոզ կարդալուց հետո, երբ հիվանդացել, փակվել էր վարձու մի սենյակում և կայսերն ուղղված հայ ժողովրդի կուլտուրական ու տնտեսական վիճակը բարելավելու ծրագիրն էր շարադրում, չգիտես ինչ հնարքով հասցեն հայթայթելով, հայտնվել էր Իվան Շիխովսկին: Կեղծ բեղ ուներ քթի տակ, մաշված թիկնոց էր հագին, թևատակին՝ գրքերի կապոց, ձեռքից կախ ճոճվում էր փոքրիկ մի կաթսա: Տապակած սունկ էր բերել: Կեղծ բեղը հանելով՝ Իվանն ասաց, որ ամբողջ ճանապարհին մտածում էր, թե ինչ պատասխան էր տալու, եթե հրաշքով դիմացը ելներ Նորին կայսերական մեծությունը: Նրա ծիծաղին Խաչատուրը չարձագանքեց, և Իվանը հասկացավ, որ Դորպատից նոր ժամանած ընկերոջը հայտնի չէ Մոսկվայում շրթից շուրթ շրջող պատմությունը: Վերջերս Նիկոլայ Առաջինը Բեռլինում էր եղել, կանգ առել ռուսաց դեսպանատանը և հրամայել իր մոտ հրավիրել բոլոր ռուսներին: Հավաքվել են բոլորը, այդ թվում նաև մի քանի լեհ, որոնցից մեկի վրա սևեռվել է կայսեր ուշադրությունը: «Ինչո՞ւ եք բեղ պահում»,- հարցրել է կայսրը շփոթված լեհին: «Ես Վոլինից եմ»,- հազիվ լսելի ձայնով արդարացել է բեղավորը: «Վոլինից եք թե Վոլինից չեք՝ նշանակություն չունի: Դուք ռուս եք և պետք է իմանաք, որ Ռուսաստանում բեղ պահելու իրավունք ունեն միայն զինվորականները: Սափրել»: Խեղճին իսկույն հարևան սենյակն են տանում, ուր արդեն ածելին կաշվե գոտուն էր քսում դեսպանատան սափրիչը:
Շիխովսկին ավելի շուտ էր թողել Դորպատը. նրան հետաքրքրում էին վերջին նորությունները, փոփոխությունները, և Խաչատուրը, քրտինքից թրջված շապիկը փոխելով, փորձում էր տեղեկացնել՝ ինչ գիտեր: Հիշեցին Ֆադեյ Բուլգարինին, նրա պատվին կազմակերպված «կատվահամերգը»:
Կալվածատեր Լիպգարդտի տանը ճաշելիս, բազմաթիվ հյուրերի, նաև մի ուսանողի ներկայությամբ, Բուլգարինը փոքր-ինչ կոնծելով, հանդիմանում է համալսարանի պրոֆեսորներին՝ լկտիանալու աստիճան ուսանողներին ազատություն տալու համար: Վիրավորված ուսանողն, իհարկե, իսկույն դուրս է բերում լուրը: Մի քանի օր շարունակ փոթորկում էին ուսանողական խմբավորումները: Մի քանի օր շարունակ քննարկվում էին Բուլգարինից վրեժխնդիր լինելու եղանակները: Վերջապես որոշում են պատվել նրան «կատվահամերգ»-ով: Քաղաքամերձ Կառլովո ամառանոցում շքեղ առանձնատուն էր գնել Բուլգարինը: Ահա դեպի այդ առանձնատունն է ձգվում կաթսաներով, տաշտակներով, կոնքերով զինված ուսանողների անհամար թափորը: Մետաղյա թմբուկների սոսկալի աղմուկի տակ առանձնատուն մտած պատգամախոսները հազիվ են կարողանում հասկացնել իրենց պահանջը՝ հրապարակավ ներողություն խնդրել: Տակը թրջած Բուլգարինը դուրս է գալիս տնից ծխամորճը ձեռքին և փորձում բացատրվել առանց ողջունելու և գլխարկը հանելու: «Հանի՛ր գլխարկդ»,- բղավում են ուսանողները: Բուլգարինը հանում է գլխարկը, մի կողմ դնում ծխամորճը և երդվում բոլոր սրբերով, որ ինքը երբեք մտադրություն չի ունեցել դիպչել հարգարժան համալսարանի, նրա ուսանողության արժանապատվությանը: Խաչատուրն, ի դեպ, հիշեց, որ կատվահամերգից հետո՝ երկու տարի անց, ինքն ընդհարում է ունեցել նույն այդ Բուլգարինի հետ, նույն այդ Կառլովոյի առանձնատանը: «Դու արդեն մեկնել էիր… Իմ ամենատխուր օրերն էին Դորպատում: Մի անգամից երկու թանկ մարդու մահվան բոթը ստացա հայրենիքից. հորեղբորս և Հարություն Ալամդարյանի՝ իմ բազմերախտ վարժապետի… Սպանել էին նրան…»: Հեռավորությունը սրել էր ոճիրի, մահվան դեմ անզորության զգացողությունը: Ի՞նչ կարող էր անել… Գոնե մոտ լիներ, ծնկեր թարմ շիրմաթմբի առաջ, ողբար հայրենյաց չար բախտը, որ այսպես, մանգաղն առած, հնձում էր երախտավորներին: Տիրացու Մսուրն էր ուղարկել լուրը, մահախոսականը: Գերմաներեն թարգմանեց մահախոսականը, տպագրեց Դորպատի գերմանալեզու լրագրում, հետո նաև ռուսերեն թարգմանեց, որ Բուլգարինի «Северная пчела»-ին հանձնի:
Անձրևոտ օր էր, ցեխը շրեշ դարձած կպչում էր կրկնակոշիկներին, մուրտառում տաբատի տոտերը, գուլպաները: Ճանապարհն ակոսել էին կառքի անիվները, ցեխաջրով լեցուն այդ ակոսները մառախլապատ երկնքից շերտիկներ էին թռցրել-արտացոլել, որոնց եթե միացնեիր, ամբողջացնեիր, իսկույն կչքվեր երկնի ու երկրի տարբերությունը, կմնար միայն երկինքը. վերը՝ երկինք, վարը՝ երկինք…
Բուլգարինի առանձնատան մոտ մի հարմար ջրափոս գտավ, մաքրեց վրայի ցեխը, ներս մտավ, սպասավորին պատվիրեց հարցնել՝ կընդունի՞ իրեն տանտերը, թե՞ ոչ: Տունը վխտում էր հյուրերով: Կրկնակոշիկները հանելով՝ նա նստեց առաջարկված սենյակում և պարապությունից, ձանձրույթից ակամա հետևում էր տան անցուդարձին: Դա տուն չէր, այլ՝ պոռնկանոց: Խմում, խփշտում էին թե՛ հյուրերը, թե՛ սպասավորները: Աղաների օրինակով ծառաներն ամեն անկյունում համբուրվում էին սպասուհիների հետ, քշտում դրանց փեշերը: «Երեխա ժամանակ, Իվան, հիշում եմ, երբ շներ էին կցվում, մենք մի-մի փայտ առած վրա էինք պրծնում, խփում դրանց կցման տեղերին: Հիմա էլ, որ հիշում, զարմանում եմ, թե որտեղի՞ց երեխաների մեջ այդքան դաժանություն: Բայց Բուլգարինի տանը, հավատա՝ առանց խղճի խայթ զգալու, փայտ կառնեի ձեռքս…»:
Ճաշից անմիջապես հետո վեր էր ելել, բարևել Բուլգարինին, ներկայացել ու հայտնել այցելության նպատակը: Յուղոտ շրթները լպստելով՝ Բուլգարինը ներողություն էր խնդրել, ձեռքով ցույց տվել գինարբուքի մեջ պար եկող զույգերին և առաջարկել զրույցը հետաձգել վաղը, այլապես հո չէ՞ր կարող մի անծանոթի պատճառով տնից վռնդել տասնյակ հյուրերի: Խնդրատու էր՝ ճար չուներ, ստիպված էր հաջորդ օրն էլ կտրել-անցնել ցեխոտ ճանապարհը: Ցած իջնելով՝ Խաչատուրը չգտավ իր կրկնակոշիկները: Դորպատում վաղուց էին խոսում, թե Բուլգարինի տանը մերկացնում են մարդկանց, հաճախ ճանապարհ գցում առանց կոշիկի ու վերարկուի, բայց կարծում էր՝ համընդհանուր ատելության հողի վրա Բուլգարինին վարկաբեկելու նպատակով հորինված պատմություններ են դրանք: Հորինված էին թե ոչ, բայց հիմա կրկնակոշիկները չկային, իսկ դրսում անտանելի ցեխ էր: Խաչատուրը ոտքը հատակին զարկեց ու ասաց ծառաներին, որ դուրս չի գա տնից առանց կրկնակոշիկների, իսկ եթե համառեն, ետ չվերադարձնեն, ստիպված է լինելու տանտիրոջը հայտնել, գուցեև՝ ոստիկանություն: Կրկնակոշիկները հո ագռա՞վ չէին, որ թևին տային՝ թռչեին… Ծառաներից մեկը բանալիների մի խուրձ շպրտեց սեղանին և մատով ցույց տվեց անհրաժեշտ դուռը: Բազմաթիվ ու բազմազան կոշիկների, կրկնակոշիկների շուկայում Խաչատուրը հազիվ գտավ իրենը:
Հաջորդ օրը Բուլգարինը կրկին սպասեցնել տվեց: «Հիմա դուրս կգա»,- ամեն անգամ հայտնում էր ծառան վերին հարկից իջնելիս, և Խաչատուրի համբերությունը հատավ: «Ասացեք նրան, որ եթե ժամանակ չունի՝ ես տուն գնամ: Հո իր ծառա՞ն չեմ՝ որքան կամենա, սպասեցնի»: Վերջապես նա բարեհաճեց դուրս գալ ննջասենյակից՝ քնահանդերձով, ճպռոտված, ծեծված հավի պես: «Ես այսքան սպասեցի,- ասաց գազազած Խաչատուրը,- որպեսզի հայտնեմ ձեզ, ողորմած պարոն, որ ձեր արարքն անքաղաքավար էր հույժ»: Եվ փորձեց դուրս գալ, բայց ճպռոտված, ծեծված հավը կչկչոցով փակում էր ճանապարհը: «Թույլ տվեք, պարոն, ես ձեզ հետ այլևս գործ չունեմ»: «Դուք ո՞վ եք,- հարցրել էր Բուլգարինը, փորձված եղանակով աշխատելով վախեցնել այցելուին,- ձեր դեմքն ինձ ծանոթ է, դուք տխրահռչակ այն կատվահամերգի պատգամախոսներից մեկը չե՞ք… Կամ գուցե լուսավորության նախարարին ձեռք առնողներից, հը՞…»: «Ես հոգևորական եմ, պարոն»,- արժանապատվորեն պատասխանում է Խաչատուրը, ենթադրելով, թե Բուլգարինին կսթափեցնի իր կոչումը: Բայց ննջասենյակի կիսաբաց դռնից ծիկրակող կանացի աչքը կայծկլտում էր, քրքջում, և Բուլգարինը, զավեշտախաղի մեջ մտած, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, թռցրեց բերանից. «Հոգևորականներն աղբ են, ողորմած պարոն»: Խաչատուրը խենթացավ. մարմինը դողում էր կատաղությունից, ատամներն իրար զարկվում, նրա ահարկու տեսքից վախեցած՝ ծլկեց կիսաբաց դռնից ծիկրակողը, լսվեց հատակին չլմփացող նրա մերկ ոտքերի ձայնը: «Ինչպե՞ս եք համարձակվում, պարոն,- բռուցքներն ամուր սեղմած՝ Բուլգարինի վրա խոյացավ Խաչատուրը,- անպատվել այն դասը, որ թե՛ կայսրը և թե՛ բոլորն են հարգում… Ես վրեժխնդիր կլինեմ… Ես ասիացի եմ, պարոն, և եթե դուք ինձ հիմա բաց չթողնեք, ինչպես հարկն է՝ ցույց կտամ ձեր տմարդությունը»: «Բայց ձեր հանդերձը հոգևորականի չէ, պարոն»,- հիմարաբար բղավել էր Բուլգարինը Խաչատուրի հետևից, իսկ ռեկտորին գրավոր բողոքել, որ ոմն մի Աբովյան սպառնացել է սպանել իրեն, կնոջը և այրել առանձնատունը…
«Զորեղ թշնամի ես վաստակել,- ասաց Շիխովսկին,- դու նրա հետապնդումը կզգաս քո ողջ կյանքում…»:
«…Վերադասին ուղարկված և ոչ մի գրություն, Խաչատուր, անհետևանք չի մնում,- շարունակեց Շիխովսկին:- Բայց ես քեզ վախեցնելու համար չէ, որ վոլինյան բեղով ծպտված, հնարավոր լրտեսներից խուսափելով քո տուն եմ հասել: Ես եկել եմ շնորհավորելու քո քարոզը: Ուղղակի հիանալի ես մեկնել Հիսուսի կերպարը. ողջ Մոսկվան այդ մասին է խոսում: Ավետարանական հանրահայտ պատմությունն օգտագործելով՝ դու հավերժացրել ես ազատության, վեհ գաղափարների համար գիտակցաբար մահվանն ընդառաջ գնացող մարդու կերպարը: Քրիստոնեական եկեղեցու գմբեթի տակ երևի առաջին անգամ է Հիսուսն այդ կերպ ներկայացվել… Եվ ներկաներից շատերին այնպես է թվացել, որ դու քո ապագա կյանքն ես նկարագրել… Էհ, սիրելիդ իմ Աբովյան, վերջացան քո երանելի օրերը… Դու չես էլ պատկերացնում, թե ինչ խաչելություն է քեզ սպասում…»:
Դորպատում, պրոֆեսորական ինստիտուտի տնօրեն Էրդմանի տանը ճաշելիս, Շիխովսկին հետաքրքրվել էր Հայաստանի բուսական, կենդանական աշխարհով, առանձնապես հարցուփորձ արել որդան կարմրից ու տարմահավից, որի շուրջ պտտվող առասպելը Դորպատ էր հասցրել Պարրոտը: Զրույցն աստիճանաբար ավելի լայն ընդգրկում էր ստացել, և Խաչատուրն ընկերոջը ներկայացրել էր Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու իր այն ծրագրի սաղմերը, որ հիմա առավել խորիմացությամբ շարադրում էր կայսերն ուղարկելու համար: Ու թեև չէր ավարտել շարադրանքը, սակայն հիմնական մտքերն արդեն թղթին էր հանձնել,- ահա թե ինչու թույլ տվեց, որ Իվանն աչքի անցկացնի ուղերձը: Իվանի հայացքի վազքով, նա մտքում տող առ տող կրկնում էր ծրագիրը, հետո թվաց՝ բարձրաձայն է կարդում և դիմում հենց իրեն՝ կայսրին… «Ամենից առաջ ձերդ կայսերական մեծություն, մեր երկրին մանկավարժական մի ինստիտուտ է հարկավոր, որտեղ ուսուցվեին նվազ գիտական, բայց մատչելի, տեղական պայմաններին ու իրավիճակին համապատասխան և առավելապես բնիկների բարոյականությանը և կատարելագործմանը նպաստող գիտելիքներ՝ կապված գյուղատնտեսության ու տեխնիկայի նպատակահարմար դասավանդման հետ: Եթե սաներին սովորեցնեն մայրենի լեզու և ռուսերեն, մասամբ՝ պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, կրոն, գծագրություն, առավել հիմնավոր՝ թվաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, մանկավարժություն և գլխավորապես՝ գյուղատնտեսություն ու տեխնիկա, ապա արդյունքը, հավատացնում եմ, աննախադեպ կլինի: Հիշյալ վերջին երկու գիտությունները տիրապետելիս, ձերդ կայսերական մեծություն, երեխաները պետք է ղեկավարվեն և կրթվեն ըստ իրենց ընդունակությունների և հակումների… Նմանապես շատ կարևոր է հիմնարկի վայրը… Պետք է ընտրվի մի այնպիսի վայր, որ ունենա ոչ միայն լավ կլիմա և հաճելի դիրք, ինչը կարևոր է խիստ, այլև գլխավորապես հարմար լինի լավագույն մթերք արտադրելուն… Պակաս կարևոր չէր լինի, եթե այդ հիմնարկը ոչ միայն հողամաս ունենար, այլև գյուղական մի քանի տնտեսություն: Տեղական պայմանների մասին ունեցածս տեղեկությունների հիման վրա ես ավելի լավ վայր չեմ կարող առաջարկել, քան Քանաքեռը՝ մի փոքրիկ գյուղ, որ գտնվում է Երևանից հինգ վերստ հեռավորության վրա: Այս վայրում մարդ միաժամանակ թե՛ գյուղում է, թե՛ քաղաքում…»:
Մինչև վերջ ընթերցելով՝ Շիխովսկին դեմքին մի այնպիսի արտահայտություն տվեց, ասես ինքն աններելի սխալ նկատած վարժապետ լիներ, իսկ Խաչատուրը՝ խցի մոնթ:
«Ի՞նչ կասեք, ձերդ կայսերական մեծություն,- անորոշ տագնապը ցրելու համար կատակեց Խաչատուրը:- Մի՞թե անիրականանալի են այս ծրագրերը»:
«Անցանկալի»,- կարճ ու կտրուկ պատասխանեց Շիխովսկին:
«Ինչո՞ւ, ձերդ կայսերական մեծություն, Հայաստանի տնտեսական զարգացումը չէ՞ որ օգուտ կտա կայսրությանը»:
«Բայց ի՞նչ միջոցով, դժբախտ: Լուսավորությա՞ն»:
«Այլ ճանապարհ չկա, ձերդ… մեծություն…»:
«Այսօր լուսավորություն ես ցանկանում, վաղը անկախություն ես պահանջելու: Քեզ չէ՞ որ հենց սկզբից անկախություն չտվեցին լուսավորության բացակայության պատճառաբանությամբ, որ ձևակերպվել է մոտավորապես այսպես. նրանք առայժմ անընդունակ են, անպատրաստ անկախության: Իսկ դու քո ծրագրով ուզում ես վերացնել այդ պատճառաբանությունը»:
«Դու մեզ, Իվան, լեհերի ու այլոց հետ մի՛ համեմատիր: Մենք, իրոք, երախտապարտ ենք Ռուսաստանին: Մեզ, իրոք, կործանումից փրկեց Ռուսաստանը, և դա գիտե ամեն հայ: Ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ սկսվեց հայերի գաղթը Արևելյան Հայաստան, գիտե՞ս, թե ինչ են ասել մերոնք Ուրմիայի կուսակալ Ասկերխանի որդուն, ով արտոնություններ, մեծ-մեծ խոստումներ տալով փորձում էր կանխել աշխատավոր ձեռքի այդ աննախադեպ կորուստը: Տուն-տեղ, այգի, հարստություն լքող հայերը, ի պատասխան, ասել էին. «Մենք գերադասում ենք ռուսաց խոտն ուտել, քան պարսից հացը»:
«Ես համոզված չեմ, Աբովյան, թե նրանց անչափ դուր էր եկել ռուսաց խոտի համը: Նրանք, պարզապես, զզվել էին պարսից հացից: Լուսավորությունը շատ շուտով կհասցնի նրան, որ նրանք բերանից կթքեն նաև ռուսաց խոտը: Եվ ճիշտ կանեն: Դա բնական ընթացք է, Աբովյան, և տեսանելի ապագա»:
«Ուրեմն՝ իզո՞ւր եմ գրում…»:
«Իզուր չէ: Ես պարզապես անհանգստանում եմ քեզ համար: Քո ծրագրերը լավն են և մի օր կիրականանան, բայց դու այսօր ես ուզում իրականացնել, չէ՞… Որովհետև այսօր ես ապրում քո կյանքը: Իսկ մյուսնե՞րը… Քո ծրագրին այսօր դեմ է լինելու ոչ միայն կայսրը, այլև շրջապատդ: Հենց ձերոնք են դեմ լինելու, և դա է քեզ վիրավորելու: Ահա թե ինչու եմ անհանգստնում քեզ համար…»:
Կայսրից պատասխան չստացվեց. փոխարենը հրավիրեցին բնախույզների ընկերություն, փոքրիկ մի գումար հատկացրին՝ Հայաստանից սերմեր և բուսատեսակներ ուղարկելու համար:
Շիխովսկին իրավացի դուրս եկավ կայսեր հարցում: Շիխովսկին իրավացի էր նաև հայրենակիցների հարցում…

Հորեղբորը քնեցրած օրիորդն այլևս չէր ժպտում գթության քրոջ նման և ոչ էլ ճաշն ավարտեց: «Անցյալ տարի ժանտախտից թե՛ կինը մեռավ, թե՛ դուստրը,- ասաց,- այդ օրից խմում է»:
«Իսկ ինձ չսպանեց ժանտախտը»,- մտածեց Խաչատուրը, հիշեց Սարդարապատի ավերված բերդը, ռուսական հզոր թնդանոթները ու ժանտախտի ահից կծկված, խեղճացած զինվորներին, գյուղացիներին: Համաճարակը բռնել էր Արարատյան ողջ աշխարհը, և որջը, կարծես, Սարդարապատի բերդը լիներ:

Եփրեմ Ձորագեղցու համար աչքի դեղը Սարդարապատի բերդի բժշկից վերցնելով՝ Խաչատուրը վճռել էր չմնալ մահվան այդ որջում, սակայն նրան խորհուրդ չտվեցին ճամփա ընկնել գիշերվան ընդառաջ,- գիշերային դաշտավայրում վխտում էին մարդագայլերը, վայրենացած շները: Բերդում գիշերելով հնարավոր էր և չվարակվել թունավոր հիվանդությամբ, իսկ մարդակերներին կեր դառնալը գրեթե անխուսափելի էր: Բերդի բժիշկ Տենյակովն էլ հենց գիշերելու տեղ տվեց նրան: Շատախոս մարդ էր ու հաճելիորեն զարմացած, որ ջահել հայ վանականը, ահա, ռուսերեն է խոսում: Ասես ողջ կյանքն ապրել էր օտար, անհաղորդ միջավայրում ու կարոտել էր հարազատ լեզվին: Նա մասնակցել էր Աշտարակի ճակատամարտին, Սարդարապատի առմանը և անձամբ ծանոթ էր Ներսես արքեպիսկոպոսին, որին, չգիտես ինչու, Ներսուս էր կոչում: «Երբ Նախիջևանի կողմերից եկավ-հասավ կոմս Պասկևիչը և տեղեկացավ Աշտարակի ճակատամարտի տխուր անցքերին, հարձակվեց գեներալ Կրասովսկու վրա: «Ինչո՞ւ իջար Ապարանից, ինչո՞ւ կռվի մեջ մտար»: «Որովհետև,- պատասխանեց գեներալը,- ես վախենում էի, թե շահզադեն կքանդի պարիսպը ու կգրավի Էջմիածնի վանքը»: «Գեներալ,- ասաց Պասկևիչը,- ես տեսա վանքի պատերը և իզուր էր ձեր վախը. ավելի լավ էր թշնամուն հանձնել Էջմիածինը, քան զորքը վտանգի մեջ գցել: Ես կգերադասեի զոհել վանքը»: «Ես գերադասեցի փրկել»,- ասաց Կրասովսկին և խնդրեց պարգևատրել զինվորներին ու հատկապես Ներսուս արքեպիսկոպոսին: «Ես մի լավ կնախշեմ քո այդ պարոն արքեպիսկոպոսին, որ այլևս չհամարձակվի սխալների մեջ գցել բանակը»: Բայց խորամանկ, օ, շատ խորամանկ էր կոմսը… Նրան դեռևս պետք էր ձեր Ներսուսը, և նա չէր շտապում նախշել…Դեռ պետք էր գրավել Սարդարապատը, Երևանը… Հաց չուներ բանակը: Հասան խանը շրջակայքում ինչ կար՝ մթերք, մարդ, անասուն, հավաքել էր Սարդարապատի անառիկ բերդում, որ մի տասնհինգ տարի առաջ սարդար եղբայրն էր կառուցել: Իհարկե հայերի ձեռքով՝ կործանված Արմավիրի ավերակներից բերված որձաքարերով: Կոմսը դիմեց Ներսուս արքեպիսկոպոսի օգնությանը: Մի փոքր զորախմբով ձեր Ներսուսը մեկնեց Կողբ և մի քանի օր անց ետ եկավ՝ հաց ու գարիով լեցուն սայլերով: Ու սկսվեց… Երկու օր շարունակ քսան թնդանոթ զարկում էին բերդապարսպին, երկու օր շարունակ Սարդարապատում բանտված հայերը խնդրում, պահանջում էին Հասան խանից անձնատուր լինել: Երբ ավարտվեցին պարսիկների արկերը, անզորությունից գազազած Հասան խանը հայերի գլուխներ էր նետել տալիս պարսպի վրայից: Գիշերվա կեսին մի հայ դուրս թռավ բերդից ու վազեց դեպի մեր դիրքերը. «Սալդատ, իդի, սարդար ստուպայ»,- բղավում էր նա: Օգտվելով գիշերվա խավարից, Հասան խանը իր զորախմբով ճողոպրել էր Երևան…»:
Առավոտյան կողմ լռեց բժիշկը, և Խաչատուրը կարճատև քնի մեջ երազ տեսավ. Ժանտախտը, երկու հեծյալների ուղեկցությամբ, մեկը սև հագած ու սև գավազանով, մյուսը կարմիր հագած ու կարմիր գավազանով, ընկել էր իր ետևից: Փախչում էր՝ որքան ուժ ուներ ոտքերում, բայց ո՛ւր էր փախչելու կատաղի նժույգներից: Շուտով նրանք առաջ անցան ու կորան իրենց իսկ սմբակների տակից ելած փոշու ամպերի մեջ: Երկու գավազանն էլ պտտվել էին իր գլխավերևում և դրանցից մեկը թեթևակի դիպել էր թիկունքին: Նա հանեց սքեմը և սոսկաց՝ կարմիր հետքը չնկատելով: Բայց և սևը չկար, կամ չէր նկատվում սև սքեմի վրա…
Կեսօրին հասավ Էջմիածին, մեղմացրեց կաթողիկոսի աչքի ցավը և երազի սարսափը դեռ չմոռացած, մղձավանջի անկողին ընկավ:
…Եփրեմ Ձորագեղցին էր ընդունել Ավետիքին ու Խաչուկին, չսպասելով էլ ժամ ինչ, որ հոգնատանջ ուխտավորները մի կարգին շունչ քաշեին, մաքրվեին փոշուց, քրտինքից: Պարտքերի մեջ խրված ս. Էջմիածինը վերջերս պարտքատերերի քարավաններ էր միայն ընդունում, կրկին պարտքի տակ մտնելով լցնում պարսիկ վաշխառուների գրպանները, տոկոսների դիմաց նոր մուրհակներ տալիս և ընծաներով ճանապարհ գցում՝՝ աչքը կարոտ մի հարուստ, քրիստոնյա ուխտավորի: Նվիրակներ էին ուղարկվում աշխարհի տարբեր ծագեր՝ հանգանակության, բայց ժողոված դրամի մի մասն իրենք՝ նվիրակներն էին գրպանում, մնացյալ մասով էլ հազիվ ծածկում այդ ընթացքում գոյացած նոր պարտքերի տոկոսները: Անցած Նովրուզին սարդարի սիրտը շահելու նպատակով, Եփրեմը Երևան էր մեկնել պարսից տոնը շնորհավորելու՝ կրծքին կախած ռուսաց ժապավենը և ս. Աննայի շքանշանը: Ռուսատյաց սարդարի աչքերը չռվում են բարկությունից… Նույնիսկ գազանակերպ, ռեխավոր Երմոլովը ռուսական շքանշանով չէր ներկայացել շահին, իսկ դու, խղճուկ, հպատակ խալիֆա, պարծենա՛լ ես ուզում: «Եթե մի անգամ էլ հանդգնես ռուսաց ժապավենով ներկայանալ, ալլահը վկա, հենց դրանով էլ կխեղդվես»: Վեհափառն, իհարկե, այլևս ռուսաց ժապավենով չգնաց սարդարի պալատ, բայց ինքն էլ, Էջմիածինն էլ արդեն խևդվում էին պարտքերից… Եվ, ահա, աչքալուսանքի պես ավետեցին լուրը՝ ծանրաբեռ երեք ուղտ են մոտենում դրսի պարսպին… Պարսիկներ չեն, տեր…Վաճառական են կամ ուխտավոր…Ղազարապատի դարպասով ներս են մտնում, տեր… Մի այր է ու մի մանչ…Ներքին պարսպին են մոտենում, տեր… Տրդատի դարպասով ներս են մտնում… Արդեն լսվում են ուղտերի զանգերը… Քանաքեռցի Աբովենց Ավետիքն է, տեր…
Շուտասելուկի պես արագ, դեպքերի հաջորդականությունը խառնելով, սակայն ավելի վարժ, քան Երևանում մելիք Սահակ Աղամալյանին էր պատմել, Ավետիքը վեհափառին ծանոթացրեց եղելությանը և ներումն խնդրեց՝ որդուն վանք ուշ բերելու համար,- բարեսիրտ կաթողիկոսը չգիտե՛ թե որքան դժվար է մի մատ մանկանը կտրել մորից, տնից՝ որքան էլ խոսք տված լինես Աստծուն: Ուխտը՝ ուխտ է, վաղը- մյուս օրը պիտի կատարեինք կատարվելիքը, բայց ծնող ենք, վեհափառ, մենք մեզ խաբելով հետաձգում էինք բաժանումը: «Բայց դե Աստծուն խաբել կլինի՞»:
«Քո հայրն առաքինի մարդ էր,- ասաց Եփրեմ Ձորագեղցին ի պատասխան,- ես և իմ վանքը նրա բարեգործությունների համար չափազանց երախտապարտ ենք… Այդ պատճառով էլ այժմ մեզ ուրախություն է այս երեխային ընդունելով՝ քո օջախին մի չնչին ծառայություն մատուցել…Բայց ասա ինձ, որդյակ իմ, ես ինչպե՞ս ընդունեմ ուղտերն՝ իրենց հակերով, եթե դրանք վանքին չեն ընծայված»:
«Աստված ինքն է ընծայել, վեհափառ, Աստված ինքը պատժեց մատնիչներին… Նրանց բերած նամակում գրված էր,- ձայնը չգիտես ինչու իջեցրեց Ավետիքը, ասես վախ ուներ, որ վեհարանում էլ լրտես ականջներ կլինեն,- թե Ներսես արքեպիսկոպոսը բանակցում է ռուս կայսեր հետ՝ Հայոց աշխարհն ազատագրելու…»:
Շոգի՞ց, թե՞ ռուսաց ժապավենով խեղդվելու սպառնալիքի հիշողությունից Եփրեմ Ձորագեղցին թույլ-թույլ շարժեց վիզը, ասես ուզում էր դուրս պրծնել շահզադեի նվիրած խիլայից ու մորուքի և բեղի մեջ քողարկված նրա շրթներից աղոթքի պես հնչեցին՝ «Ո՛ւր էր թե… Ո՛ւր էր թե…»:
Տկար էին վեհափառի աչքերը, մթագնած, բայց այդ աչքերով էլ նա տեսավ անսովոր, անսպասելի դիպվածներով հարուստ օրվա մեջ կծկված մանուկ Խաչուկի վախվորած հոգին, որ այս պահից սկսած նվիրվելու էր Աստծուն:
«Մխիթարվիր, զավակս,- ասաց նա Խաչուկին,- այժմ հայրդ կգնա, իսկ մայրդ քեզ ուշ-ուշ կտեսնի. այսուհետ ես կլինեմ քո հայրը… Մոտ արի, զավակս, գրկիր ինձ ու համբուրիր ձեռքս»:
Խաչուկը թույլ էր, քնել էր ուզում, կոպերը փակվում էին, ծնկները՝ ծալվում,- ծնկի եկած շարժվեց դեպի վեհափառը, մշուշի մեջ բռնեց մոմահոտ, աղոթագրքի պես հին, մազմզոտ աջը և համբուրեց…

«Իմ Ռափայել,- կարծելով, որ իրեն չի լսում հիվանդը, ինքն իր հետ խոսում էր դերվիշի փոխարեն հայտնված Եփրեմը,- դու չգիտես, թե որքան եմ ուզում, որ ինձ տանի մահը և ոչ թե քեզ… Հոգնած եմ, տկար… Ոչինչ չեմ հասկանում… Շահե՞ց ազգն իմ, տուժե՞ց… Գլխի չեմ ընկնում… Դու չգիտես, թե ինչ ծանր գործ է խեղճ, թույլ ժողովրդի առաջնորդ լինելը… Դու չգիտես, թե ինչպես է հոգնում այն հովիվը, որն ուզում է ընդամենը ոչխար լինել… Մեծ տերությանց սարդոստայնն ընկած միջատ եմ դարձել՝ կրծում եմ մի թելը՝ հարյուրն է հյուսվում… Ո՞ւր տարան Ներսեսին, ինչո՞ւ տարան… Թե մեկը գլուխ էր հանում այս սարդոստայնից՝ նա էր, և հենց նրան տարան… Ես այլևս չեմ կարողանում տանել այս բեռը, իմ Ռափայել… Շնչիր երեսիս, տուր ինձ թույնդ, իմ Ռափայել… Ցերեկով չեմ կարողանում տեսնել վանքի գավիթում սովից զկրտացող գաղթականներին, գիշերը չեմ կարողանում աչքիցս հեռացնել հարյուրավոր դիակների խելագարեցնող պատկերը…Խոստանում եմ, զավակս, ոտքի ելար թե չէ, ուղարկելու եմ քեզ Մոսկվա կամ Վենետիկ, աշխարհի որ ծայրը պատահի՝ գնա, ուսում առ, իմ Ռափայել, փախիր այս դժոխքից, մահվան այս ճամբարից, խաբեության ու խարդավանքի այս որոգայթից… Տեսա՞ր, թե ինչ արեց ռուսաց սպարապետը… Ձեռքի տակ հավաքեց թե՛ մեր, թե՛ ռուսաց լավագույն ուժերը, հաղթեց, «Երևանսկի» կոչումը շահեց, հետո իրար ետևից արտաքսեց բոլոր երևելիներին… Մենք Կրասովսկու արձանն էինք ուզում դնել Էջմիածնում, իսկ նրան վարկաբեկելով ետ կանչեցին… Հայոց աշխարհում մատների համրանքով էր հայ մնացել, Հայոց աշխարհը լցնել էր պետք հայերով… Եվ ո՞վ արեց այդ գործը… Լազարյանը, ով նույնիսկ իր և տոհմական հարստությունը չխնայեց… Իսկ ո՞ւր է նա հիմա… Արտաքսված է… Որովհետև համարձակվել էր կոմսին հակաճառել, թե հայերը ռուսաց ոսկու համար չեն գաղթում, որ նրանք զոհում են իրենց ունեցվածքը, դատարկաձեռն են գալիս, միայն թե ապրեն ազատագրված հայրենիքում… Իսկ ամենասոսկալին, իմ Ռափայել, Ներսեսի աքսորն էր… Ես չէի համաձայնում, ես առ կայսեր ուղերձ էի պատրաստում, բայց Ներսեսը վճռեց ենթարկվել ու մեկնեց Թիֆլիս, ուր նրան չէր սպասել կոմսը, թողել էր արհուն վայել ճանապարհածախս և երեք հարյուր ոսկի պարգև, որից, բնականաբար, հրաժարվել էր աքսորյալը: Արդեն Քիշինևից Ներսեսը նամակ էր հղել Պասկևիչին, շնորհակալ եղել ջերմ վերաբերմունքի համար, բացատրել էր երեք հարյուր ոսկուց հրաժարվելու շարժառիթը՝ «Որովհետև երբեք չեմ ցանկացել ծանրաբեռնել տերությանը: Ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա երբեք չեմ ստացել դրամական նպաստներ և ոչ էլ մտքովս անցել է նման բան խնդրել: Ընդհակառակը, ես միշտ չափավորել եմ իմ պահանջները և բավականացել ունեցածովս: Իմ նպատակս է,- վերջում գրել էր Ներսեսը,- ծառայել Աստծուն, թագավոր կայսեր և տերությանը և ի տրիտուր իմ աշխատանաց ու անձնանվիրության՝ աղերսել արդար պաշտպանություն որբացյալ ազգիս»:
Եվ գիտե՞ս, իմ Ռափայել, թե ինչ է պատասխանել կոմսը. որ ինքը կարոտ չէ խրատների, որ ինքը հրաշալիորեն գիտե իր պարտականությունները, որ իր կառավարած երկրներում հայերը նույն իրավունքն ունեն հոգատարության, ինչ և մյուս հպատակները և հօգուտ նրանց պետք չէ բարեխոսել, որ ինքը պարտավոր է հոգ տանել ամենքի բարօրության համար՝ առանց կրոնի և ծագման խտրության: «Երեք հարյուր ոսկուց հրաժարվելը ձեր գործն է,- նեղացած գրել էր կոմսը,- բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք դուք հայոց ազգը կոչում «որբացյալ»: Այդ բառը կարող է վերաբերել միայն այն հայերին, ովքեր գտնվում են պարսից և օսմանյան իշխանությունների ներքո: Ամենայն ռուսաց մեծ թագավոր կայսեր բոլոր հպատակներն ունեն նրան ընդհանրական հայր և պաշտպան, և, իհարկե, չեն կարող կոչվել որբացյալ»: Հասկացա՞ր, իմ Ռափայել, մենք այլևս որբ չենք, մենք… տեր ունենք…»:

– Բա հիմա ո՞ւր է ագռավի խրտվիլակը,- հետաքրքրվեց Խաչատուրը, երևի առաջին անգամ սպահանցու պատմության մեջ հավաստի տեղեկություններ լսելով:
– Որդնել էր տոպրակի մեջ, աղա… Սկզբում կարծեցի՝ ճերմակել է տարիքից, հետո նկատեցի մանր ու սպիտակ ճիճուները… Հրեն, նոր աղեն էլ է քեզ նման անքուն մնացել: Երևի նրա լուսամուտն էլ են թակել…
Ձախ թևաշենքի մի լուսամուտից աղոտ լույս էր նշմարվում, ձնափաթիլներն այդ լույսի մեջ կաղամբաթիթեռ էին դարձել՝ զարկվում էին ապակուն, տափակում, ցած սղղում ու անէանում: Պատուհանի տակ կաղամբաթիթեռների գերեզմանոց էր: Ձնափաթիլները կաղամբաթիթեռ էին դարձել նաև հեռավոր, հեռավոր այն օրը, երբ Ջահուկի լեռնանցքում մոլեգնած ձնաբքից ու սարդարի հետապնդումից մի կերպ փախչելով անցան ռուսական սահմանն ու պատսպարվեցին խոր ու մռնչացող ձորի մի տաք քարայրում:
Ցախուցուխ կար քարայրում, հավաքեցին՝ խարույկ վառեցին, մոնթերին, սարկավագներին դուրս ուղարկեցին՝ թեյի, Եփրեմի խնձորը խաշելու համար կաթսաներով ձյուն հավաքելու: Դրսից քարայրի մուտքը ծածկվել էր ծխով և սառել, դարձել էր ապակի. ահա այդ սառած ծխավարագույրին էին զարկվում կաղամբաթիթեռները: Խաչուկի ականջներից դեռ չէին մարել հենց ճանապարհին, ձիերի վրա, բարեպաշտ վեհափառի առաջարկով ծայր առած ժամերգության հնչյունները: Կաթողիկոսը կենտրոնում էր, նրանից աջ՝ տեղապահ Մարտիրոս արքեպիսկոպոսը, ձախից՝ ժամօրհնող Անտոն Մուղնեցին, նրանց ետևից շարժվում էին վարդապետներն ու սարկավագները, մոնթերը… Երկինքն էր ու շարժվող եկեղեցին…Աստվածն էր ու իրենք…
Սարդարն ինքն էր հուշել Եփրեմ Ձորագեղցուն անձամբ մեկնել Շուշի՝ Զոհրաբ և Մարկոս Թառումյաններից, Էջմիածնի պարտքերը մարելու համար, դրամ խնդրելու: Այլևայլ նվիրակները դատարկ գրպաններով էին վերադառնում, Գյուլասպյանց Զաքարիա վարդապետի առաքելությունն էլ անհետևանք մնաց, ավելին, պարտքերն ավելացան, քանի որ նրա հետ Թեհրան՝ շահի դուռը մեկնած պարսիկ պարտքատերերը, ետդարձին ճանապարհածախսը պահանջեցին: Շահից վանքին թեթևություն ստանալու Գյուլասպյանցի գերմարդկային ճիգը վարձատրվեց մեծն գահակալի դեմքը տեսնելու բավականությամբ: Շահը որսից թեհրանամերձ իր ամառանոցն էր վերադառնում և հոծ բազմություն էր հավաքվել նրան դիմավորելու: Գյուլասպյանց Զաքարիա վարդապետը՝ երկու քահանայի և տեղացի մի քանի հայերի ընկերակցությամբ, շուրջառով և խաչով, կանգնել էին այն փողոցի վրա, որով անցնելու էր արքան: Երբ հայտնվում է շահը, վարդապետն ու քահանաները սկսում են օրհներգել նրան, երկնից առողջություն աղերսել գահակալի համար: «Խալիֆա, խոշ գելդին»,- ասում է շահը և սրանով ավարտվում է նախատեսված տեսակցությունը:
«Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա…»:

Վանք մտնելուց հետո առաջին անգամ էր Խաչուկը մի քանի օրով տուն գնալու իրավունք ստացել: Ճանապարհին սիրտը թնդում էր անհամբերությունից, իսկ Պողոս վարդապետը հարմար առիթ էր գտել վանքից դուրս, բաց երկնքի տակ դաս ավանդելու: Շողակաթ, Հռիփսիմե եկեղեցիների կողքով անցնելիս, նա ցանկացավ ստուգել աշակերտի հիշողությունը, պահանջեց թվարկել Դ դարի բոլոր այն սրբերին, ում անունով տոն էր հռչակված Հայոց եկեղեցում:
«Գրիգոր Լուսավորիչ հայրապետի, որ երեք անգամ է տոնվում,- շտապեց պատասխանել Խաչուկը,- Հռիփսիմեի՝ իր երեսուներեք ընկերուհիներով, Գայանեի՝ իր երկու ընկերուհիներով, Նունե և Մանե կույսերի, Արիստակես, Վրթանես, Հուսիկ և Ներսես հայրապետների, Գրիգորիս, Դանիել և Խաթ եպիսկոպոսների, Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Ստեփան Ուլնեցու…»:
Ս. Գրիգոր եկեղեցու մոտով անցնելիս Պողոս վարդապետն ասաց, որ , հավանաբար, երկրաշարժն է ավերել հոյաշեն այս կառույցը, թեև բացառված չէ, որ պայթեցրած լինեն պարսիկները, ինչպես ավանդում է առասպելը: Փրփրաքարով անցնելիս, վարդապետը շեղեց ճանապարհից ձիու գլուխը, Խաչուկին ստիպեց իջնել ձիուց, բրել կանաչադեղնավուն չոր կավը, լցնել Էջմիածնից հատուկ բերված տոպրակները: «Քո բոլոր ընծաներից, ամենից շատ մայրդ այս գիլի համար կուրախանա»: Եռաբլրի կատարին հասնելով, Պողոս վարդապետը մատը հարավ տնկեց, ցույց տվեց մինչև Մասիսի ստորոտները փռված ընդարձակ դաշտը՝ անհամար գյուղերով, այգիներով և դաշտը կտրատող բազմաթիվ գետակներով՝ Հրազդանն էր, Մեծամորը, Նորքը, Քառասունաղբյուրը, Մամռինը, բացմաթիվ առուներով, մատը հյուսիս ուղղեց, ցույց տվեց Ձագա և Գառնի լեռները, այգիների մեջ թաղված Բոլոր կոնդը, Երևանի բերդը, Սարդարի պալատը, պարսից գերեզմանատունը, Ձօրագյուղի անապատը, Կոզեռն բլուրը՝ իր գերեզմանոցով, ուր թաղված էր Կոզեռն վարդապետը: «Իսկ այ, այնտեղ Քանաքեռն է»,- չդիմացավ, արտասվեց Խաչուկը: Պողոս վարդապետն այլևս չխոսեց: Նրանք Հրազդանի ձորն իջան, անցան եռակամար ու քարաշեն կամրջով և պարսից գերեզմանոցի մոտով ելան Ձորագյուղի անապատ: Այստեղ էլ վարդապետը հրաժեշտ տվեց Խաչուկին, խիստ պատվիրելով մինչև Քանաքեռ չշեղել ո՛չ աչքը և ո՛չ էլ ճանապարհը: Բայց Խաչուկը դեռ Էջմիածնում էր վճռել Երևանի շուկա մտնել, պաշտումեցից հավաքած դրամով նվերներ առնել տնեցիներին: Նա մեկ ուզեց հայտնել վարդապետին իր որոշումը, հետո մտածեց, որ հենց շուկան է երևի այն վայրը, ուր ամենից շատ պիտի արգելեր մտնել վարդապետը: Ծնունդով երևանցի մոնթեր, սարկավագներ կային վանքում, նրանց պատմածով Չարսու բազարը հեքիաթ էր, արևելյան ճոխ հեքիաթ… Խաչուկը չէր ուզում խոստովանել, որ տնեցիներին ընծաներ գնելու պատրվակով, ավելի շատ տեսնել էր ուզում այդ ճոխ հեքիաթը: Սարկավագ Մեսրոպի պատմածով Չարսու բազարում մի խանութ կար, որի առաստաղը խայտաբղետ ապակիներով էր ծածկված, իսկ վրայից ջուր էր հոսում…Արևի տակ, ապակիների ու ջրի կոհակների խաղից ծնված գույներն ընկնում էին խանութի հատակին փռված գորգերի վրա…Հապա ոսկին, արծաթը, գոհարեղենը…Այնքան ընդարձակ է շուկան, որ կարող է ներս առնել տասը հազար ուղտ…Հարյուրավոր շատրվաններ են ցայտում այնտեղ և շուկայի բազմամբոխ ժխորի ձայնը կարելի է լսել քաղաքի ուզածդ ծայրից… Խաչուկը, սակայն, այդ ժխորի ձայնը չլսեց նույնիսկ շուկայի դարպասից ներս մտնելիս: Երևակայությամբ պատկերված շուկան չէր Չարսու բազարը, մի պահ նրան թվաց, նույնիսկ, թե այլ շուկա է մտել: Խանութների մեծ մասը փակ էին, վաճառասեղանները՝ դատարկ, ուղտեր չկային…
«Փոքրիկ քեշիշ,- լսեց նա մի ձայն,- արի քեզ կնիկացու առ:- Պարսիկ էր ասողը: Եվ քրքջում էր:- Տես ինչ սիրունիկն է… Հլա քեզ նման փոքր է, ծծերն էլ դուրս չեն եկել, բայց որ լավ պահես՝ դուրս կգան, ինչ պիտի ասեն…»:
Խաչուկը, կարծես, մղձավանջի մեջ լիներ, ոչինչ չէր հասկանում, հետո պարսիկ սարբազի ցույց տված աղջկա ոտքերին նայելով, նրա կողքին, նրա ետևում կանգնած հարյուրավոր մարդկանց աչքերին նայելով, նրանց ցնցոտիները տեսնելով և պարսիկների քրքջոցը լսելով, հանկարծ գլխի ընկավ… Հայ էին վաճառում հռչակավոր Չարսու բազարում… Պարսկա- թուրքական պատերազմի զոհերն էին խեղճերը…
«Հը, փոքրիկ քեշիշ, դուրդ չեկա՞վ,- խաղը շարունակեց սարբազը,- արի ձեզ հենց էստեղ էլ պսակենք»:- Ընկերների քաջալերանքով սարբազը ելավ տեղից, բռնեց Խաչուկի ձիու սանձը, – ցած իջիր, փոքրիկ քեշիշ, շալվարդ հանիր…»: Խաչուկը զզվանքով փորձեց խլել սանձը, բայց ոգևորված պարսիկն այնպես ամուր թափ տվեց, որ Խաչուկը վայր գլորվեց ձիուց:
«Ձեռք չտաս եկեղեցու սպասավորին,- հանկարծ բղավեց մեկը գերյալների միջից ու մարդկանց շղթան ճեղքելով առաջ եկավ,- մարդուց սարսափ չունեք, Աստծո՞ւց էլ չեք վախենում…»: Նրա ձեռքերը կապված էին, դեմքը ճանկռոտած, հագուստը պատառոտված: Աչքերից ատելություն էր թափվում: Երևում էր, որ քիչ առաջ էր ծեծ կերել. դեմքի արյունը դեռ կարգին չէր չորացել: Նա դերվիշն էր: Բայց և նա չէր: Նրան չէ՞ որ Երևանի ճանապարհին խեղդել էին ծպտյալ վաճառականները:
«Դու էլի՞ մեջ ընկար,- Խաչուկի ընկնելուց և Աստծո անունը լսելուց վախեցած սարբազը հարմար պահ գտավ շփոթմունքը քողարկելու:- Ուժեղ տղամարդ է, ասացի, լավ գին կտան, բայց ես թքել եմ քո համար տրված ոսկու վրա»: Պարսիկը հանեց սուրը, շողացրեց օդում և գետնից վեր ելած Խաչուկը սարսափից փակեց աչքերը: Հետո արդեն չէր հիշում, թե ինչպես սարբազի ընկերները, Աստծուց երևի իրոք վախեցած, Խաչուկին նստեցրին թամբին ու մի ճիպոտ զարկելով ձիու քամակին, վռնդեցին Չարսու բազարից: Երկար ժամանակ ուշքի չէր գալիս Խաչուկը և թույլ էր տվել ձիուն՝ խելքին ուր փչի՝ գնա: Երբ ուշքի եկավ՝ եռակամար, քարաշեն կամրջի վրա էր: Ձին ետդարձի՝ Էջմիածնի ճանապարհն էր բռնել: Երեկոյան կողմ վանք հասավ, կաթողիկոսին պատմեց տեսածը: Մուրհակով նոր պարտք արեց Եփրեմը, մարդ ուղարկեց Երևան՝ գնելու հայ գերիներին…
«Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։