ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի
ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԲԱՐԵՎ
Թվում է՝
կարող ենք
պահել
սերն առանց
հանդիպման՝
սիրո զգացումը
չկորցնելու համար…
Քարերի շփումից
կայծ է ծնվում,
իրարից հեռու
սերն էլ է մարում…
Մայթից մայթ
անցնելիս,
պատահական
հանդիպելիս
կիսելով փողոցը
լուսաֆորի
կանաչ լույսի
տրված վայրկյաններում՝
բարևն էլ
կարող է դառնալ
սիրո շարունակություն…
Գուցե վաղուց
հանդիպումներով
նա դառնար
հորինված
կամ անցողիկ,
ցավեցնող զգացում,
որն ուժը կորցնում է
տարիների մեջ…
Բայց կյանքը
արագ է անցնում,
և մենք, կարծես,
ոչինչ չենք հասցնում…
Շարունակել սիրել
միայն բարևով,
պատահական
հանդիպումներով.
հույսը
գաղտնի է պահում
ժամադրությամբ
հանդիպման
սպասումը…
խոստումներ չկան…
ՆՈՐ ՏԱՐԻՔ
Տարեթվերից
վախեցած՝
Հույսը
անհույս
իրեն կորցրած,
վթարվեց…
Սերն ու հավատը
շարունակեցին
նրա ճանապարհը…
Մի փոքրիկ հույս
անսպասելի
միացավ նրանց՝
նոր տարում ծնված…
ԳԱՂՏՆԻՔ
Տունս
նախաբեմ է,
դուռս՝
վարագույր,
բացում եմ
դուռս,
դուրս եմ գալիս
բեմ…
Ժամացույց
Ժամանակի հետ եմ գնում,
թե առաջ անցնում
կամ ետ եմ ընկնում՝
չգիտեմ…
կորցրել եմ ժամանակի
սլաքները,
դատարկվել են
ժամացույցները.
ո՛չ թվեր կան,
ո՛չ սլաքներ,
ապրում եմ
տարիքս կորցրած.
լուսաբացն է
ժամացույցս…