Հակոբ ՄՈւՇ

***
Երկի՛ր, քարտեզդ այնքան փոքրիկ է,
Քեզ համար ընկած տղերքի անունը
Այնտեղ չեմ կարողանում տեղավորել։
Տղոցկան հարսները, դաշտային
ծաղիկ հավաքողի պես,
Եռաբլուրից դուրս են բերում
Հերոսների ոսկետառ
անուններ և ասեղնագործում
Լույս աշխարհ եկածների ծննդականներում։
Վերադարձող անուններով ծննդականները
Բոլորը քոնն են, երկիր։
***
Սարերը, ծովերը, անտառները լռություն չունեն,
Քամիները նրանց համար միշտ
բառեր են գտնում,
Գույները լռության նկատմամբ
ատելություն ունեն,
Պերճ երանգները նրանց համար
բառեր են սաղմնավորում։
Եկվոր պատերազմները զենքեր են շարել
Սարերի, ծովերի, անտառների
Գալարուն գույների վրա։
Սարերի, ծովերի, անտառների մեջ
Քրտինքի նման ներծծվում է
որոտացող հրանոթների խմբապարը։
Դժբախտության մեջ ընկած սարերին,
ծովերին, անտառներին
Խելագարությունից պաշտպանելու համար
Գազանի նման բարձրաձայն ոռնում եմ,
Որպեսզի խլացնեմ փրփրուն
հրանոթների ձայների հյուսվածքը։
Իմ անբառ ոռնոցը պսակվում է
երկնքի ու երկրի հետ։
Որպեսզի ձայնս մնա երկնախորշերում,
Չհասնի աստվածներին,
Վհուկները կաղկանձս հրանոթների
ծխե ամպերով են
Հանգույց-հանգույց փաթաթում։
***
Երբեմն սպանություներն
Ունենում են պատվիրատուներ։
Ես փնտրում եմ մեկին,
Որ իմ մենությանը սպանի։
***
Մուշից գաղթած իմ պապ,
Ես ու իմ թոռը,
Էրգիր հասնելու երազդ գրկած,
Արցախցի գաղթականների մեջ
Քեզ ենք փնտրում։
***
Երևի այս տեղով անցել ես,
Առուն գժված քչքչում է։
***
Բլուրներ կան,
Որ մեզ հիշեցնում են
Արարատ լեռան մասին։
Բլուրներ կան,
Որ մեզ հիշեցնում են,
Որ մենք այնտեղ չենք բարձրացել։
Բլուրներ կան,
Որ ինձ հուշում են,
Թե որ ուղղությամբ պետք է գնամ։
***
Դու եկար.
Տանից հանում եմ
Հեռուստացույցը, ռադիոն ու հեռախոսը,
Որոնք մեզ իրարից հեռացնում են։
Հիմա՝ դուրսը, դրսի աշխարհը չկա,
Անգամ փոքրիկ շշուկս լսում ես։
***
Ես, ցեղակիցներս ու թշնամին
Հիացմունքով ենք նայում Արարատին։
Թշնամին միայն բարձր սարի է նայում,
Որի լանջերին կարող են
Ոչխարների հոտեր արածել։
Մենք, ասես, հայելու մեջ ենք մեզ նայում,
Մեզ ու մեր հորձանքվող սաղմը,
Տարվա եղանակներն ու օրերը,
Ազատ թռիչքի ժամերն այնտեղ ենք տեսնում։
Տեսնում ենք նաև՝
Սաղարթաշատ մեր երազները
Նոյան տապանի հետ
Ինչպես են հենվել դրախտի սարին։
***
Հակոբ պապս կիսված երկիր ուներ,
Որոնց վրա նույն խոտն ու թուփն էր ճոճվում
Նա չկարողացավ երկու կեսերն իրար միացնել։
Հայրս պապիս նման,
Քողածածկ նվացող կնճիռը սրտում,
Երկիրը բաժան թողած գնաց։
Հակոբ թոռս, ներողություն եմ խնդրում,
Որ նրանց նման գնում եմ՝
Երկիրն երկու մենության մեջ թողած։
***
Իմ մոլորակի համար
Հավաքել եմ լավագույն ծաղիկները,
Լավագույն թռչունները
Ու նրանց պարզ երգը,
Ամենաքաղցր պտղատու ծառերն եմ ժողովել,
Որոնք բոլոր ժամանակներում չեն
փոխում պտղի համը։
Հավաքել եմ այն գրքերը,
Որոնք չեն դժվարացնում կյանքը։
Ուզում եմ մոլորակս ավելի լավը դարձնել,
Գալիս եմ քո ետևից։
***
Նախկինում թոռանս համար
Ներկեր էի գնում,
Որ մեր սարերը նկարեր,
Հիմա ուզում եմ հրացան գնել,
Սարերը պաշտպանելու համար։
***
Խատուտիկ էիր ամրացրել
Ստինքներիդ բացվածքում։
Հողից պոկված ծաղիկը
Աճը այնտեղ չէր դադարեցրել։
Ծաղկից բացի,
Ոչ ոք չգիտեր՝
Ի՜նչ տաք շողեր ուներ շապիկդ։
***
Քեզ հիշողությունիցս հանելու համար
Վաճառեցի խաս հագուստներս,
Որոնք խնամքով էի արդուկում
Ժամադրության գալուց առաջ։
Հետո վաճառեցի տունս,
Ուր չէի կարող
Երկուսիս փոխարեն միայնակ քնել։
Հիմա քո նախընտրած սրճարանում
Սուրճ եմ խմում,
Սրճարանը տեր ունի,
Ավա՜ղ, չեմ կարող այն վաճառել։
***
Ծովի մայրամուտով լեցուն ջրերը,
Որպեսզի օղակ ալիքներով ինձ չխեղդեն,
Լողալիս միշտ մտածում եմ,
Որ ցամաքն ու դու
Ինձ եք սպասում։
***
Ավազե հուր ցամաքից
Շատ հեռու եմ լողում,
Ուզում եմ՝ քո ձայնը
Փրկարարի աղաղակով
Անվերջ ինձ կանչի։
Թեթև գիշերից հետո,
Մոռացար տանել վզնոցդ։
Ամեն անգամ զգեստապահարանից
Հագուստ հանելիս
Աբրեշումե վզնոցդ
Դրախտի օձի պես
Պաղ ցոլքերով
Խայթում է մատներս։
***
Աստծու մասին չէի մտածում,
Երբ քեզ հետ
Եկեղեցու մոտ էի ժամադրության գալիս։
***
Բացեցի գիրքս,
Քո տված տերևը
Խենթ քամին էջի վրայից
Թևին առավ-թռավ։
Քեզանից մնացած չորացած հուշը,
Կյանք առած, շրշաց
Քամու շուրթերի վրա։
Հիմա քամին տերևից կիմանա,
Որ առեղծվածային խրախճանք ես արել ինձ հետ։
***
Երկինք թռչելու հավատով
Կապույտ կոշիկներ էի գնում,
Հիմա չեմ գնում,
Սպասում եմ,
Որ Աստված ինձ երկինք տանի։
***
Ա՛խ, անձրևներն այնքա՜ն ջրեր բերեին,
Որ երկիրս ծովեր ունենար,
Պապս ծովից ծով երազով քնեց։
Ու չի արթնանում։
Ոտքերը ծալած քնեց,
Որ փոքրիկ երկիրը նեղություն չզգա։
Ծովից ծով երկրում
Ռումբը չի ընկնում ռումբի վրա։
Պապիս ուսին եմ խփում,
Իսկ նա չի ուզում անուշ երազից ելնել։
Նրա երազը տարիքով ավելի ծեր էր,
Քան ինքը։
Ուսի խփոցը չէր զգում,
Նա գերի չէր իր մարմնին,
Քանի որ հոգին պահում էր երազի մեջ։
Լավագույն սպանողները
Դանակ-ռումբերով եկան,
Պապիս երազին չկարողացան դիպչել։
***
Ավերիչ ջրերի հորձանուտ ալիք է,
Հայրենիքը չունի ելք ու մուտք,
Ես մտնում եմ Նոյան տապանը
Ու կողափայտին ամրացնելով
հինավուրց քարտեզը՝
Գնում եմ դեպի Արարատ։
Խոցված մարմնով նահատակվածների բանակը,
Փրկության շինվածքի կողափայտերը բռնած,
Զորեղացված հոսանքով
Տապանը հրում են դեպի լեռը։
Նրանք կենսափորձով՝ առանց քարտեզի,
Նոյից լավ գիտեն
Արարատ ձգվող ճամփան։
Տապանում աղոթում եմ,
Որ բռնակալ ջրերը իջնեն,
Ու աղավնին ծիլ բերելու համար
Շվար չմնա Ուկրաինայում,
Պատերազմի ծխով խունացած Ռուսիայում,
Պորտապար պարող թուրքիայում,
Շուրջերկրյա թափառուն թռիչք չունենա,
Ծիլ բերի բայրաքթարներով ռմբահարված
Արցախի տրտում դաշտերից։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։