ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

Որտե՞ղ է ավարտվում նրանց պետությունը, և սկսվում է քո երկիրը:

Նրանց պետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում են խոսել իրենց իսկ թվերը:
Պաշտոնական տվյալներով 2008-15 թվականներին Հայաստանը լքել է ՀՀ 296 988 քաղաքացի.
2008 թ. – 23.059
2009 թ. – 24.978
2010 թ. – 46.486
2011 թ. – 43.820
2012 թ. – 42.784
2013 թ. – 31.188
2014 թ. – 41.235
2015 թ. – 43.438
Արտագաղթի ամենամեծ ալիքը գրանցվել է 1992-94 թվականներին, ինչպես այսօր շատ են կրկնում ոմանք՝ «ցրտի, մթի, սովի» տարիներին, ու «մոռանում» են ավելացնել, որ դրանք եղել են, առաջին հեթին, «պատերազմի, շրջափակման և Արցախի ազատագրման» տարիներ: Բայց և այնպես՝ խոսենք թվերով.
1992 թ.՝ ավելի քան 228 հազար,
1993 թ.՝ 141 հազար,
1994 թ.՝ մոտ 128 հազար:

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արամ Օհանյանի հայտարարության՝ 2015 թվականին քո երկրում փակվել է 7000 փոքր ու միջին ձեռնարկություն, և քանի որ ճշգրիտ տվյալ չկա, միայն կարող ենք պատկերացնել, թե քո երկրի քանի՛ քաղաքացի է հայտնվել անհուսության եզրին: Նրանց պետությունում, դատելով բոցաշունչ հայտարարություններից ու ընդմիշտ մնալու խոստումներից, ոչինչ չի փակվել, շենանում են միայն:

Քո երկրում ամեն անգամ ձայնիդ իրավունքը (շեշտեմ՝ մե՛կ ձայնի իրավունքը) ընտրություն-հանրաքվե-նմանօրինակ «միջոցառումներն» իրականացնելուց հետո համատարած ընկճախտի ու ճամպրուկային տրամադրության համաճարակ է բռնկվում: Նրանց պետությունում կրկնակի քվեարկության փորձ արած ուսանողի դատապաշտպանը այսպես է արդարացնում. «Գևորգը խոստովանել է, որ այդ հանցագործությունը կատարել է սեփական նախաձեռնությամբ, իր սկզբունքներից ելնելով, և որևէ մեկն իրեն չի ուղղորդել նման քայլերի գնալ: Ինձ ուրախացնում է այն, որ մեր երիտասարդներն այնքան են հասունացել ու ողջախոհ են դարձել, որ սեփական նախաձեռնությամբ փորձում են իրենց տեսակետներն անցկացնել և հանուն նպատակի նույնիսկ պատրաստ են օրենքով չթույլատրվող արարքներ կատարել: Տեսնում եմ ձգտում մեր երիտասարդության մեջ՝ մեր երկրի ապագայի, երկրի կենսամակարդակը բարձրացնելու հարցում իրենց աջակցությունն ունենալ…»: (Խոստովանեմ, մի քանի անգամ կարդացել, մի քանի աղբյուրներից ստուգել, հիմա ձեզ եմ ներկայացնում այս… (բնորոշում գտնելը ձեզ եմ թողնում), ու էլի քիչ է մնում՝ աչքերիս չհավատամ…):

Նրանց պետության կոռուպցիան քո երկրի չարիքի արմատն է: Գրեցի ու հիշեցի երջանկահիշատակ Լի Կուան Յուին՝ «Սինգապուրյան հրաշքն» իրականացնողներից մեկին՝ քաղաքական գործիչ, Սինգապուրի վարչապետ: Հիշեցի նրա հայտնի խոսքը. «ՍԿՍԵՔ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ԲԱՆՏ ՆՍՏԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ: Դուք շատ լավ գիտեք՝ ինչի համար, նրանք էլ գիտեն՝ ինչի համար»: Հետո հիշեցի, որ 2009-ին Լի Կուան Յուն հրավիրվել էր Հայաստան, բայց այս անգամ, հիշողությանս վրա հույս չդնելով, համացանցում ստուգեցի տեղեկատվությունը, ըստ որի՝ այդ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հայ մասնագետների խումբ գործուղել Սինգապուր՝ առաջավոր փորձի փոխանակման և ստաժավորման համար: Ըստ ամենայնի՝ կա՛մ խումբը դեռ տեղ չի հասել, կա՛մ վերադառնալու միտք չունի…
Իսկ վերջում ներկայացնեմ այդ նույն Լի Կուան Յուի մտքերից մեկը՝ գրված այն օրերին, երբ ինքն արդեն իշխանության ղեկից հեռու էր. «Ես այլևս չեմ կարող գնալ ռեստորաններ, քանի որ այնքան մարդ է ցանկանում սեղմել ձեռքս, որ այդպես էլ չեմ կարող պատվիրածը ուտել: Եթե գնում եմ ռեստորան, ապա միայն այնպիսին, որտեղ կա խաղաղ մի անկյուն, ուր ես կարող եմ աննկատ թաքնվել բարեկամներիս հետ»:
Անհուսալի լավատես չե՞ք համարի, եթե ասեմ, որ այսպիսի հեռանկարի պիտի ձգտի քո պետությունը և նրանց երկիրը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.