Փետրվարի 19-ին մահացավ Ումբերտո Էկոն:
Նրա մահը եզրափակեց մի ամբողջ դարաշրջան: Այն պահին, երբ ավարտվեց նրա երկրային ժամանակը, «Վարդի անունը», «Պրագայի գերեզմանատունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Բաուդոլինո» վեպերը ժառանգվեցին գրականության պատմությանն ու դարձան նրա հարստությունը: Դասականացումը նախապատրաստված էր գրողի կենդանության օրոք. նրա վեպերից յուրաքանչյուրի լույս աշխարհ գալը նշանակում էր գրական հնչեղ իրադարձություն, իսկ ընթերցողն ու քննադատն անհամբեր սպասում էին, ամեն մեկն իր՝ ընթերցման ու իմաստավորման, ժամին:
Ումբերտո Էկոյի վստահությունն էին ներշնչում գիտական տեսություններն ու հիմնավորված փաստերը, իսկ երևակայությանը նույնիսկ իր վեպերում «երես չէր տալիս», թեև ավելի ազատ էր այդ տարածքում, քան գիտական աշխատություններում: Վեպերում նա խաղում էր (չմոռանալով մնալ բանասեր, պատմաբան ու սեմիոտիկայի մասնագետ), իսկ գիտական աշխատություններում մանրախնդիր բծախնդրությամբ բարդ մտակառույցներ էր ստեղծում: Իմացության իր նվաճած տիրույթով, խորությամբ, ծավալայնությամբ ու ամենաֆանտաստիկ, իրարից բևեռային հեռավորության թեմաների անդրադարձումով նա ավելի շատ Վերածննդի դարաշրջանից էր, քանզի Բոլոնյան համալսարանում նշանների ու նշանային համակարգերի հատկանիշների ուսումնասիրությունը համատեղում էր վերջիններիս դասախոսությամբ ու միաժամանակ զբաղվում էր բոնդագիտությամբ՝ այս բնագավառում լինելով ճանաչված փորձագետ, քանի որ գիտեր այն ամենը, ինչ կապված էր… Ջեյմս Բոնդի հետ: Նա կարող էր ու գրել է ամեն ինչի մասին՝ զանգվածային գրականության, Միջնադարի, թարգմանությունների և անգամ իր ստեղծագործությունների մասին՝ ինքնավերլուծման անկրկնելի փորձ, երբ Էկո բանասերը քննում է Էկո գրողին: Խորագետ պատմաբանն իրեն կարող էր թույլ տալ խաղալ պատմության հետ, ընկղմվել նրա խորքերն ու իր հետևից տանել ընթերցողին՝ մանրամասների հստակությունը, մասնագիտական «չարաճճիությունն» ու հեգնանքը խայծ դարձրած, մասնակից դարձնելով իր ստեղծած դիմակահանդեսում գործող անձինք դարձած մասոնների, խաչակիրների, «սիոնական իմաստունների» համարյա թե կատակերգական շքահանդեսին: Ի դեպ, հեգնանքի ու ինքնահեգնանքի մասին: «Առաջին անգամ ես կասկածեցի Աստծու գոյությանը և մտածեցի, որ ամբողջ աշխարհը անիմաստ հորինվածք է»,- գրվել է ֆուտբոլային խաղը դիտելուց հետո: Իսկ քանի անգամ եմ ակամա հիշել նրան. «Ամենաշատ մեկնաբանություն ծնում է անիմաստությունը»: Հետն էլ՝ մխիթարությունը. «Ամենուր եմ փնտրել հանգստություն, խաղաղություն ու լոկ մի տեղում եմ այն գտել՝ գրքի հետ, մի անկյունում»…
Որքան էլ դաժան հնչի, նրա մահից հետո նրա ընթերցողների թիվը կավելանա, թեև գրական շարվածքի հեշտ կլլման ջատագովներին հուսախաբություն է սպասվում. նրան կարդալը մտքի աշխատանք է, քանի որ նրան էր տրված մտքի խաղը, որին գոնե մոտենալը շատ է դժվար, ինչպես ամենայն անհասանելիին և անիմանալիին…
Փետրվարի 22-ին Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:
Անպայման ուզում եմ նշել այդ օրը, և որոշեցի նրա մասին ասել օտարի խոսքով: Համացանցում «որոնում» տվեցի (ռուսերենով), ավելի քան հարուստ նյութից ընտրեցի այս մեկը՝ Լեոնիդ Վոլոդարսկու պաշտոնական կայքից, որը ներկայացնում եմ մասնակի կրճատումներով ու, բնականաբար, թարգմանաբար:
«Արտավազդ Փելեշյան. «Մեր դարը»: 1982 2.
Այս ֆիլմը փնտրել եմ 80-ական թվականներից, երբ առաջին անգամ, կինոգետների համար կազմակերպված փակ դիտումներից մեկի ժամանակ, էկրանին տեսա այն: Եվ վերջապես ԳՏԱ՛ (գրառումն արված է 2010 փետրվարին): Ո՞վ է Փելեշյանը: «Տարածական մոնտաժում» անվանված մեթոդի հեղինակ, կինովավերագրող (թեև այն, ինչ նա է ստեղծել, ես չէի անվանի «վավերագրություն», ավելի ճիշտ՝ կինոգեղագրություն), պրոֆեսիոնալ կինոաշխարհում բոլորին է հայտնի նրա անունը: …Այն, ինչ անում է Փելեշյանը ամենասովորական ու շարքային կինոնյութից՝ հրաշք է: Հենց այնպես, հեշտ ու հանգիստ վերցնում է մկրատն ու… կտրում է: Ցավոք, նրա ստեղծագործությունները տեսնելու հնարավորություն ՉԿԱ. միայն կինոփառատոներում ու մի քանի կինոակումբներում:
«Մեր դարը» անցած դարի հեռավոր 60-70-ականներին տիեզերքը նվաճած մարդկանց մասին է: Դա, իրոք, դրամատիկական պոռթկում էր. ֆիլմում չկա բառ, հեղինակային խոսք, ամեն ինչ պատմում է պատկերն ու ապշեցուցիչ ճշգրիտ հնչունավորումը, որում մոնտաժված են՝ երաժշտություն, տիեզերանավի շարժիչների որոտ, ռադիոբանակցություններ, Դոբրովոլսկու այրու արնասարսուռ հեծեծանք… «Մեր դարը» տիեզերքի առաջամարտիկների հիմնն է, և իր ազդեցության ուժով համեմատելի մեկ այլ նկարահանված որևէ բան այդ թեմայով ես չեմ տեսել»:
Կյանքի օրոք դասական ընկալվող ռեժիսորի վերջին ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին: Եվ մինչ օրս լռություն է, ես կասեի՝ պայթող լռություն, որի մեջ բազմահազարների սպասումը կա, ու կա հարց, որն իր պատասխանը կգտնի՞ արդյոք…