Կորոնավիրուսը Երկիր մոլորակը բաժանեց երկու մասի: Այս կողմում` դեռևս վարակից հեռու կամ մոտիկ գտնվողները, մյուսում` վիրուսահարվածներն ու մարդիկ, ովքեր իրենց մասնագիտությանը հավատարիմ կամ ի պարտականություն` գտնվում են նրանց կողքին` բժիշկներ, բուժքույրեր, սպասարկող անձնակազմ… մինչև հսկիչ-պատժիչ ջոկատներ, որոնք կոչված են հիվանդներին բոլոր կարելի և անկարելի միջոցներով մեկուսացնել…
Չեմ անդրադառնա այս կողմում գտնվողներին` իրենց վախերով ու տագնապներով. մի օր` խուճապահար, հաջորդ օրը` խելահեղության հասնող անհոգ հոգեկան տվայտանքներով. քանի դեռ այս կողմում ենք, ապրելը մեր համախոհն է:
Ուզում եմ խոսել այն կողմում գտնվողների մասին:
Օրեր առաջ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ լրատվությունը (և ոչ միայն մերը` տեղականը) համարյա չի լուսաբանում վերոնշյալ մարդկանց գործը. ինչ է զգում բժիշկը, երբ այդքան մոտ կանգնած` հերթական ստուգումն է անում, բուժքույրը, երբ սրսկումներ ու այլ պրոցեդուրաներ է անցկացնում, առանձին սենյակներում մեկուսացվածին հացի ու ջրի չափաբաժին փոխանցողը կամ հենց այն հսկիչը, որ աչալուրջ պիտի հետևի պանդեմիայի օրենքով բանտարկյալի կարգավիճակին համազոր ռեժիմով ապրող հիվանդների անգամ ամենափոքր տեղաշարժին… Եվ այդ ամենը` գիտակցմամբ, որ վտանգը հենց քո կողքին է, անզգույշ մի քայլ կամ շարժում… Իսկ նրանք լուռ, անտրտունջ անում են իրենց գործը և ամեն մի փրկվածի հետ իրենց փրկված են զգում, և ամեն մի մահացողի հետ… Մեր այս դժվարին օրերի անանուն հերոսներն են նրանք, խոնարհվենք նրանց արիության առաջ և աղոթենք` ուժ, համբերություն, կամք և առողջություն, առողջությո՛ւն բոլորին:
Եվ նրանք, ովքեր որոշումի մի հարվածով առանձնացվել են մեզանից, փակվել ու փակ դռների ետևում հաշվում են օրերը, մինչև պարզվի` շրջանցե՞լ է իրենց այդ պատուհասը, թե՞… կամ հաշվեն ժամերը, այդ տանջալի ժամերը, երբ կստանան դատավճիռ-պատասխանը… Երբևէ կմտածեի՞նք, որ «բացասական» բառը կարող է այսքան ցանկալի լինել` հավասարազոր փրկությանը: Իրենց մենության մեջ ինչպե՞ս են նրանք կռիվ տալիս վախի հետ, ի՞նչ անմարդկային ջանքերով են փորձում հեռացնել խուճապի հերթական նոպան, ինչպե՞ս են դիմանում այս կողմում գտնվող հարազատների, սիրելիների կարոտին… Մեր այս դժվարին օրերի անանուն հերոսներն են նրանք, խոնարհվենք նրանց արիության առաջ և աղոթենք` ուժ, համբերություն, կամք և առողջություն, առողջությո՛ւն բոլորին:
Որ այս փորձությունն էլ հաղթահարվելու է, կասկած չկա: Ովքեր կհասնեն այդ բաղձալի օրվան` անիմանալի է: Բայց մի ճշմարտություն կա այս արևի տակ, որ քննարկման ենթակա չէ` համամարդկային գթությունն է այն մեկնակետը, որից սկսվում է մահվան փորձության դեմ մղվող կյանքի պայքարը:
One thought on “Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԴԻՏԱՆԿՅՈՒՆ”