Գրականության պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակին համընդհանուր ճանաչման և բարձր գնահատականի արժանացած գրողները երբեմն մատնվում են մոռացման թմբիրի: Բարեբախտաբար, այսօրինակ մոռացումից դուրս է բերվել սփյուռքահայ գրող Արամ Հայկազի գրականությունը, և հանրությանը մատուցվում է «Արամ Հայկազ, Մոռացված էջեր» գրքի Զ հատորը:
Արամ Հայկազի գրականությունը ծանոթ էր խորհրդահայ գրողներին. Վկա են այս և գրքի նախորդ հատորներում Գևորգ Էմինի, Վաղարշակ Նորենցի, Բաղիշ Հովսեփյանի և մյուսների հետ նամակագրությունից հրատարակված հատվածները1: Սակայն գրողներին ծանոթ լինելը մի բան է, Հայաստանում տպագրվելն ու հանրությանը ծանոթ լինելը՝ այլ:
Արամ Հայկազի գրականությանը անծանոթ մեկին բավ է թերթել այս հատորի մեկ-երկու էջ՝ իմանալու նրա՝ Հայաստանի հանդեպ բացառիկ, գրեթե պաշտամունքի հասնող սիրո, մնայուն ու ամբողջ կյանքում չփոփոխվող հավատամքի մասին. Հայը և ազգային արժեքները Հայաստանում են մնայուն, իրենք՝ Սփյուռքում ապրողները, որպես հայկական կենսափիլիսոփայության կրողներ, անցողիկ են, ու այս գաղափարը Հայկազը յուրաքանչյուր բարեպատեհ առիթով շեշտում է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Սփյուռքի այլ գաղթօջախների, թե՛ հենց հայաստանյան հասարակության առջև: Սակայն նման կարծիքն անգամ նրա առաջ ճանապարհ չի բացում Հայրենիքում տպագրվելու համար: Ինչպես ինքն է ցավով գրում Վրեժ-Արմեն Արթինյանին հասցեագրված նամակներից մեկում ի պատասխան Հայաստանում հրատարակվելու վերջինիս հորդորի, թե «Շատ բան փոխուած է այն կողմերը» (էջ 223) (նկատի ունի այն, որ Սփյուռքի ու առհասարակ արտասահմանի հանդեպ սառույցը հալչում էր – Ն. Բ.), «Կըթելադրես, որ «Գրական թերթ»-ին կամ «Սովետական գրականութիւն» ամսագրին բան մը ղրկեմ: Անոնց աչքը քէօ՞ր է… Ինձմէ նուազ արժէք ունեցողները կը գովեն, զիս կ’անտեսեն, որովհետեւ իրենց թմբուկը չեմ զարներ…» (էջ 223):
Այս առումով ևս ուրույն արժեք է Մարգարիտ Խաչատրյանի կազմած և Գևորգ Յազըճյանի խմբագրած «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գիրքը, այդ թվում՝ Զ հատորը:
Հայկազի գրական ժառանգությունը բավական ստվար է: Ինչպես մի առիթով նկատել ենք2, նրա գործերը ժանրային հստակ կատեգորիաներում չեն պարփակվում, և երբեմն հենց ժամանակագրորեն զետեղելն է փրկում իրավիճակը: Տարբեր, ոճականորեն չպարտադրող նյութերի՝ մեկ հատորի մեջ տպագրումը յուրօրինակ է, ոչ մերժելի: Այսպես, օրինակ, հատորի նյութերի մի մասը՝ գեղարվեստական պատումներ, գրախոսություններ, Արամ Հայկազի հետ հարցազրույցներ, մամուլի հաղորդումներ ու գրական անդրադարձներ, ներառում է 1973 թվականի դեկտեմբերին Լիբանանում Արամ Հայկազի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակներին նվիրված միջոցառումների ժամանակագրական ընթացքը: Ճանաչողական ու իմացաբանական տարբեր տեսանկյուններով երևացող նման նյութերը համադրելով՝ կարելի է ընդգծել մեկ ուրիշ հանգամանք, որ Հայկազի անձի ու ստեղծագործական նկարագրին է առնչվում. հարցազրույցների «հերոս» Հայկազը և այս առթիվ գրած նյութերի պատմող հեղինակը՝ Հայկազը, նույն մարդն են, որն անկեղծ, սրտաբուխ խոսքով, սեփական սկզբունքներին երբեք չդավող, իրական կյանքում և գրական աշխարհում ներդաշն, առանց որևէ հակասության ստեղծագործող է: «Գրիչն ու մարդը կը նոյնանան…» (էջ 269) ձևակերպումը միայն Ռիտա Որբերյանինը չէ: Այս մասին են խոսում Հայկազին ճանաչող մարդկանցից շատերը:
Հատորում զետեղված «Տպաւորութիւններ Լիբանանէն» պատումը, որ կառուցվածքային առումով կարելի է պատմվածք կոչել, անկեղծության այսպիսի շեշտադրումներ ունի: Լիբանանյան տպավորությունները հեղինակը կառուցում է խոսուն պատկերներով, գունեղ հուշերի շարադրանքով, Բեյրութի, շրջակա արվարձանների նկարագրություններով: Տպավորությունների գեղարվեստական հոսքի մեջ աչքի են զարնում գեղարվեստական արտահայտման յուրահատուկ ձևերը, որոնք ավելի խոր պատկերայնության շեշտադրումներ են հաղորդում. «Ան (իմա՝ ծովը) միշտ խաղաղ էր ու միշտ կապոյտ: Օր մը խորհեցայ, որ երթամ ծովափում մելան լեցնեմ ինքնահոսիս մէջ…» (էջ 61):
Արամ Հայկազը հարցազրույցներից մեկում ասում է, որ մամուլի շնորհիվ պատմվածքի ժանրում առավել «ապրող գործեր տրուեցան» (էջ 51): Հարկ չկա ապացուցելու, որ նա գերազանցապես այս ժանրում է ստեղծագործում, սակայն նրա պատմվածքները ավանդական կարծրատիպերից դուրս են և կառուցվածքայնության հայեցակետով նորարարական շեշտադրումներ ունեն: Նրա ստեղծագործությունները շարժանկար են հիշեցնում, որտեղ գիտակցության հոսքը իրացվում է դրանց ողջ ընթացքում: Արտաքուստ պարզության տակ թաքնված է մոնտաժված կարճ ֆիլմի տեքստը, որի բացատները ոչ թե բաժանում, այլ մոտեցնում են պատմվող մասերը և գեղարվեստորեն ամբողջացնում գրական գործը: Այս կերպ են կառուցված հատորում զետեղված «Պատերազմէն վերջ», «Կտոր մը գորով», «Գիրքերն ալ ոդիսական կ’ունենան», «Գարնանամուտ» պատմվածքները:
Առանձնահատուկ կոմպոզիցիա ու բովանդակություն ունի «Պատերազմէն վերջ»ը, որ կառուցված է իմաստաբանական ատաղձով, գոյաբանության քննումներով, անձնական ու համամարդկային տառապանքի վերհանումով: Այս ամենը շաղկապելու համար Արամ Հայկազը որպես մակարդ օգտագործում է բնության տարաբնույթ ձևերի նկարագրությունը: Ընդ որում՝ բնությունը անձնական հույզերի թարգման է և հեղինակային ասելիքը փոխադրող: Ինչպես շատ պատմվածքներում, այստեղ ևս հեղինակը ագուցել է մի քանի տեքստեր, և տեքստ տեքստում տարբերակը3 յուրօրինակ հայեցակարգ է դարձրել պատմվածքի համար: Նորամուտ գարնան, հարևանի կատվի, ծիծեռնակների մասին տեքստերը հիմնական տեքստի շրջանակում են և բացահայտում են գարնան նորոգումով կյանքի նորովի շրջապտույտը, դրանում մոր՝ թռչունի թե մարդու կենսական նշանակությունը, մոր միջոցով՝ ընտանիքի տաքության խորհրդանիշի շեշտումը և այդ ջերմությունից աշխարհ առաքվող խաղաղության ուղերձները: Նույն ջերմության պակասն է փոխում աշխարհի կարգը: «Կտոր մը գորով»ն է պակասում բոլորին` գտնում է Հայկազը նույնանուն վերնագրով գործում:
Զ հատորում տեղ են գտել նաև Անդրանիկ Զորավարի, Միրիջան Օզանյանի, Հակոբ Խաշմանյանի, Գուրգեն Մխիթարյանի, Հակոբ Օշականի՝ Հայկազի վրձնած գրական դիմանկարները, որ կառուցվել են հիմնականում կենսագրական ատաղձի վրա՝ համապարփակ ու սեղմ ներկայացնելով դիմանկարի հերոսի կյանքի՝ ուշադրության արժանի կարևորագույն փաստերը:
Հատորում զետեղված բազմաթիվ գրական անդրադարձներից, ուսումնասիրություններից, գրախոսություններից հատկապես առանձնանում է Պողոս Սնապյանի գրականագիտական վերլուծությունը. Նա կուռ համաբանությամբ ու կառուցիկ ձևակերպումներով համապարփակորեն ներկայացնում է Արամ Հայկազի գրական ժառանգությունը, նշում մեթոդական առնչությունները, մեջբերում արտասահմանյան հայտնի գործիչների մտքեր և դրանք աղերսում նաև գրողի գործունեության ինչ-ինչ դրվագներին: Սնապյանն իր խոսքը կատարյալ իմացականությամբ է ներկայացրել՝ զարմանալի խորությամբ, վարպետությամբ նկատելով Հայկազի գրողական ձիրքի նրբին կողմերն ու ստեղծագործությունների հիմնորոշ առանձնահատկությունները:
Արամ Հայկազի գրականությունն ուսումնասիրողները նրա տարբերակիչ առանձնահատկությունը՝ հումորը («զվարթախոհությունը») շատ բարձր են գնահատում, իհարկե, գնահատականը զուգահեռելով հեղինակի ապրած ողբերգական ժամանակահատվածից՝ Եղեռնից հետո քրդերի շրջանում գոյատևելու և մարդկային նկարագիրը չաղճատելու զարմանքին:
«Խնդալիք բան մը» փնտրող ընթերցողը աստիճանաբար համոզվում է, որ «լալիք բաներ» է գտնում (էջ 216): Վրեժ-Արմենի, Շարաբխանյան ամուսինների ու մյուսների հետ գրողի նամակագրությունը հատորի ուշագրավ մասերից է: Ավելորդ չէ նշել, որ «Արամ Հայկազ, Մոռացված էջեր»-ի Զ հատորը աչքի է ընկնում հարուստ ծանոթագրություններով, որոնք բովանդակային առումով գիրքը ամբողջացնում են ու մատուցում որպես ուրույն համատեքստ: Մնում է ցանկալ, որ հատորն արժանանա ջերմ ընդունելության:
—————————
1Այս մասին է վկայում Վրեժ-Արմենի՝ այս հատորում հրապարակված, 1968 թվականի մի նամակ, որում նամակագիրը հայտնում է, որ Սիլվա Կապուտիկյանն իրեն բառացի ասել է հետևյալը. «Արամ Հայկա՞զ…Այո՛, լավ գրող է նա…»(Արամ Հայկազ. Մոռացված էջեր, Զ հատոր, Երևան, 2015, էջ 215: Այսուհետև կնշվի այս հատորից մեջբերումների միայն էջը): Ուշագրավը, սակայն, Վրեժ-Արմենի եզրահանգումն է, որ, կարծում ենք, զուրկ չէ հիմքից. «Անշուշտ Ձեր գրականութեան հանդէպ մեր ունեցած հիացմունքը նոր չէ, սակայն հայրենաբնակ գրագիտուհիին վկայութենէն կ’երևի, թէ լաւ ծանօթ են այնտեղ Ձեր գործերուն» (էջ 215):
2Գրական սփյուռք, տարեգիրք, Երևան, 2014, էջ 413:
3Այս՝ տեքստում տարբերակի ուսումնասիրությունը տարբեր տեսաբաններ տարբեր կերպ են քննում (տե՛ս С. М. Арутюнян, Семиотические границы в искусстве, Москва, 2007, ст. 242-267):
Հոդվածի անձուկ սահմանները թույլ չեն տալիս մանրամասնորեն խոսել այս մասին: