Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ Մեծ դահլիճում Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնը ներկայացրեց «Հարության ժամանակը» բեմադրությունը` ըստ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով ԼՂՀ-ի ճանաչված բանաստեղծ, արձակագիր, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Ռոբերտ Եսայանին, ընդգծեց թատրոնի դերն ու նշանակությունը՝ ուրախալի փաստ համարելով Ռ. Եսայանի բանաստեղծությունները պոեզիայի թատրոնի նյութ դառնալը: «Ուրիշ ընկալում է, երբ պոեզիան ներկայացվում է բեմից: Սա մի նոր որակ է հաղորդում պոեզիայի ընկալմանը»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
Ռոբերտ Եսայանը նշեց, որ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի մտահղացմամբ՝ դերասանների կատարած աշխատանքը հայտնության պես է եղել: Նրա կարծիքով, թեև պոեզիան վերին երևույթ է և կարիք չունի որևէ արվեստի միջնորդության, բայց մեր հասարակության համար շատ օգտակար է, երբ նաև քարոզչության այդ ձևն է աշխատում, հատկապես, որ բանաստեղծությունն անմիջապես մտնում է ընթերցողի և հանդիսատեսի սիրտը: Ռ. Եսայանը կարևորեց գրողների միություններում պոեզիայի թատրոնի ստեղծումը, քանի որ այն բաբախուն երակ է, որ պետք է պահել մշտապես: Անդրադառնալով բեմադրված գործին՝ Ռ. Եսայանը ներկայացրեց. «Տարբեր թեմաներով բանաստեղծություններ են, որոնցից հյուսվել է ամբողջական պոեմ մարդու՝ իր ժամանակային տագնապներով հոգեաշխարհի, հայրենիքի հանդեպ սիրո, դժվարությունները հաղթահարելու ելքերի և կյանքի կենսունակությունը մշտապես պահելու հայի ձգտման մասին»:
Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը տեղեկացրեց, որ պոեզիայի հիմունքներով արված այս ներկայացումը բեմադրվել է «Իքս» փառատոնի շրջանակներում՝ հերքելով այն մտայնությունը, թե պոեզիայի ներկայացումը դժվար է լսվում և ապացուցելով, որ բոլորն էլ կարիք ունեն բարձր խոսքի: Երկրորդ անգամ այն ներկայացվել է «Նռան հատիկ» համահայկական փառատոնի շրջանակում: «Հարության ժամանակը» պոեզիայի հիման վրա արված չորրորդ ներկայացումն է: Մինչ այդ բեմադրվել է Պ. Սևակի «Եռաձայն պատարագը», «Կարոտ» գրական-գեղարվեստական և հայ մեծ դասականների պոեզիայի հիման վրա արված ներկայացումները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ