ԻՆՏՐԱ – 140. Ծանոթ և անծանոթ Ինտրայի երկհատորյակը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

240px-Intra
Այս տարի այս օրը՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հայ ամենաինքնատիպ անհատականություններից մեկի՝ գրող, բանաստեղծ, մտածող, մանկավարժ Տիրան Չրաքյան-Ինտրայի ծննդյան 140-ամյակը: Ինտրան հայ գրականության ամբողջ պատմության մեջ այն ամենաառեղծվածային դեմքերից է, ում կյանքն ու ստեղծագործությունը հենց սկզբից ենթարկվել է ամենահակասական, նույնիսկ ծայրահեղ գնահատականների՝ հանճարից մինչև կեղծ հանճար, եսակենտրոն անհատապաշտությունից մինչև համաստվածյան հակումներով խմորվող հոգի, հոռետեսից մինչև լավատես…
Ըստ էության, այսօր` Ինտրայի եղերական մահից շուրջ մեկ դար անց, դարձյալ մեր առջև է գրեթե միֆական մի կերպար, որի կյանքի ու գործի հեքիաթը (Հ. Օշական) ոչ միայն չի մարում, այլև շարունակում է բորբոքվել նոր ուժով: Պատճառներից մեկն այն է, որ Ինտրան իր կենդանության օրոք առանձին գրքով հրատարակել է միայն «Ներաշխարհ» (1906 թ.) խոհաիմաստասիրական արձակ երկն ու «Նոճաստան» (1908 թ.) հնչյակների ժողովածուն, իսկ տարբեր ժանրի նրա բազմաթիվ գրվածքների մեծ մասը սփռված էր ժամանակի մամուլի էջերում: Ճիշտ է, Հայրենիքում և Սփյուռքում տարբեր տարիների հրատարակվել են գրողի գործերն ամփոփող ժողովածուներ («Տիրան Չրաքեան (Ինտրա)», «Ընտիր երկեր», Բէյրութ, 1974, կազմող և խմբագիր՝ Կարիկ Պասմաճեան, «Տիրան Չրաքյան», Երկեր, Երևան, 1981, կազմող և ծանոթագրող՝ Ս. Հ. Յափուջյան, խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ստ. Թոփչյան), սակայն քիչ թե շատ ամբողջական Երկերի հավաքածու մինչ օրս չկար: Եվ ահա վերջերս լրացվել է այդ բացը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը Կ.Պոլսի, Սփյուռքի մամուլից, ինչպես նաև տարբեր արխիվներից խնամքով հավաքել, կազմել, ծանոթագրել և առաջաբանում համառոտակի ներկայացրել է Տիրան Չրաքյան-Ինտրայի «Երկեր»-ը՝ Ա և Բ հատորներով, «Հովին ձայնը» ընդհանուր խորագրի տակ: Ժողովածուի հրատարակությունն իրականացրել են «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո» հրատարակչությունները՝ «Ժառանգություն» մատենաշարով: Հիրավի, ծավալուն և քրտնաջան աշխատանք, որը, պետք է ասել, պատահական չէր Երվանդ Տեր-Խաչատրյանի համար, եթե հիշենք մինչ այս, մասնավորապես, Կոստան Զարյանի, Ալբերտ Կոստանյանի ժառանգության ամբողջական հատորների կազմումն ու հրատարակումը:
Այնուամենայնիվ, մի քանի նկատառում:
Նախ՝ «Երկեր»-ում նյութերի ընդգրկվածության մասին:
Երկհատորյակում տեղ են գտել՝ բացի հանրահայտ «Ներաշխարհ»-ից ու «Նոճաստան»-ից, նաև մամուլում տարբեր տարիների տպագրված Ինտրայի շուրջ երեք տասնյակ արձակ և չափածո գործերը, ավելի քան երկու տասնյակ հոդվածները, ուղեգրությունները, էսսեները, գրախոսությունները, կարդացած զեկուցումները, գրական դեմքերի մասին դասախոսությունները և այլն: Դրանց մի մասը, ինչպես վերն ասվեց, արդեն իսկ հրապարակվել էր հետագայում կազմված ժողովածուներում և մամուլում, որոշ գործեր էլ առաջին անգամ են ընդգրկվել սույն «Երկեր»-ում: Ընդ որում, կազմողի կողմից շրջանառության մեջ է դրվել Տիրան Չրաքյանի գրական մի նոր կեղծանունը ևս՝ Դպիր (իբրև հեղինակ 1895 թ. «Արեւելք» օրաթերթում լույս տեսած «Ի՞նչ է ուխտագնացութիւնը» և «Պատկերներ Արմաշի ուխտագնացութենէն» փոքրածավալ հրապարակումների): Պետք է ասել, որ Բ. Հ. Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարան»-ը (Եր., ԵՊՀ, 2005 թ.) Տիրան Չրաքյանի նման ծածկանուն չի նշում (հիշատակվում են Ինտրա, Տիոն Չ, Տիրան, Տ. Չ. ծածկանունները): Հայտնի է, սակայն, նրա մտերիմ ընկերոջ՝ Միքայել Կյուրճյանի հուշային մի դրվագը, ըստ որի հենց 1895 թվականի շրջանում իրեն զարմացրել է մինչ այդ ավելի նկարչի համբավ ունեցող Տիրանի հայտնությունը որպես «արդէն իսկ, հասուն գրագէտ մը, որուն գրութիւնները կը հիւրընկալուէին օրուան կարևոր թերթերուն մէջ»: Մ. Կյուրճյանի խոստովանությամբ, դա տեղի է ունեցել «իմ տգիտութեանս և միամտութեանս դէմ իմ տարեց ընկերներուս (իմա՝ հետագայում հայտնի երաժիշտ Ստ. Բաբելյանի, ուսուցիչ Ա. Նիկողոսյանի) կողմէ լարուած դաւադրական պզտիկ խաղէ մը յետոյ»: Մի օր, Արամ Նիկողոսյանի տան մեջ հերթական հավաքույթի ժամանակ, նրան են տվել «Արեւելք»-ի համարներից մեկը՝ մատնանիշ անելով ծածկանունով ստորագրված մի հոդված, հավաստելով, թե հեղինակը Յ. Մրմրյանն է, որի գրվածքներից մեկի գովեստը նոր էր արել ընկերներին: Միքայելը նույն «սքանչացումի խոսքերն» է շռայլում նաև այդ հոդվածին: «Սկսան խնդալ,- պատմում է Կյուրճյանը,- և մէկերնէն մէկը քօղազերծեց ծածկանունին տակ թաքնուած հեղինակին ինքնութիւնը, հեղինակը՝ Տիրան Չրաքեան նկարիչն էր»: Հուշագիրը չի նշում հոդվածի վերնագիրը, թերթի համարը և այլն, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Տ. Չրաքյանի վերոհիշյալ գրություններից մեկի մասին է:
Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, ինչպես նշում է նաև Ե. Տեր-Խաչատրյանը «Ծանօթագրութիւններ»-ում, «Ինտրայի «ամբողջական գործ»-ը սպասում է իր ժամանակին եւ իր իրագործողներին»: Բանն այն է, որ ներկա «Երկեր»-ում չեն ընդգրկվել Ինտրայի գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող նամականին (հատկապես Միքայել Կյուրճյանի և Տիամանտոլա Քեանիտիսի հետ ծավալուն նամակագրությունները), նրա հեղինակած մի շարք այլ գործեր: Բացի այդ, կազմողի վկայությամբ, «գրողի ստեղծագործութեան շուրջ վկայութիւններ կան, որոնք թույլ են տալիս մտածելու, որ Չրաքեանի գրական ժառանգութեան ծաւալի եւ սահմանների մասին որեւէ դատում այսօր ամբողջական եւ վերջնական լինել չի կարող»: Այս առումով նա հիշատակում է, մասնավորապես, Ինտրայի մեծ հորեղբորորդու, Ամերիկայում հայտնի քաղաքական-հասարակական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Եղիշե Չրաքյանի 1967 թ. Բեյրութի «Յառաջ» շաբաթաթերթում տպագրված վկայությունը՝ Ինտրայի գրվածքների ամբողջական հավաքածուն կազմելու, հրատարակելու և դրա հիման վրա գիտական ուսումնասիրություն հեղինակելու իր ջանքերի վերաբերյալ: Ե. Տեր-Խաչատրյանը նշում է, որ ինքը և «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո» հրատարակչութիւնները շուրջ երկու տարի համառորեն հետամուտ են եղել Եղիշե Չրաքյանի հավաքածուին, բայց «ցաւալիօրէն, անարդիւնք»: Այդ ուղղությամբ տողերիս հեղինակը ևս, տարիներ առաջ, որոշակի փորձեր կատարել է: Ծանոթ լինելով՝ ի դեպ, դեռ 1959 թվականից սփյուռքահայ մամուլում, նամակներում եղած՝ Եղիշե Չրաքյանի վերոհիշյալ բովանդակությամբ հրապարակումներին, դիմել ենք նրան մոտ կանգնած մարդկանց՝ ընդհուպ մինչև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանի հետ, նամակներ հղել Բոսթոն, Ե. Չրաքյանի դստերը՝ տիկին Բարբարային՝ Ե. Չրաքյանի «Ինտրայական արխիվի» ճակատագիրը պարզելու համար, սակայն որևէ պատասխան չի ստացվել: Պետք է ասել, սակայն, որ Ե. Չրաքյանի հրապարակած ցանկերում ակնհայտ թերիներ ու անճշտություններ կան, ինչի մասին նշում է նաև ծանոթագրողը, որոնք արդյունք են այն բանի, որ նա Ինտրայի գործերը թվարկում է կա՛մ հիշողությամբ, կա՛մ ուրիշներից լսածներով: Այդ մասին է վկայում թեկուզև այն փաստը, որ 1967 թ. Ե. Չրաքյանը հիշատակում է «Սեւ ծով, Այվազովսքի եւ Աստուած» գրվածքը, մինչդեռ 1962 թ. հունիսի 9-ին Միքայել Կյուրճյանին հղած նամակում դրանք նշվում են որպես առանձին գործեր՝ «Սեւ ծով», «Այվազովսքի» (շուրջ 1900-1901-ին), «Աստուած»: Կամ՝ 1967-ին բերված «Ծերունիի մը հանդիպումը», 1962-ին նշվում է որպես «Ծերունիի մը հագեցումը (?)»՝ հարցական նշանով: Միք. Կյուրճյանին գրած նամակում Ե. Չրաքյանը հիշատակում է նաև Ա. Մյուսեի «Երեկոյան աստղը» գործի թարգմանությունը՝ «Սիւք»-ի մէջ, յիշած Վ. Թէքէեան, վերահրատարակուա՞ծ, արդեօք», որը 1967-ի ցանկից բացակայում է: Բանն այն է, որ Վ. Թեքեյանի «Յուշեր եւ դատումներ»-ում բերված հատվածից չի հետևում, թե Տիրան Չրաքյանն այդ թարգմանությունը տպագրել է Պերպերյան վարժարանի կրտսեր դասարանում Թեքեյանի խմբագրած «Սիւք» ձեռագիր հանդեսում: Ինչպես և այնքան էլ պարզ չէ՝ տպագրել է «Բուրաստան Մանկանց»-ի՞, թե՞ երեց, կամ երիցագույն, ավագ դասարաններում Թեոդիկի և Տ. Չրաքյանի կողմից խմբագրվող «Բոյլ» (պետք է լինի «Բոյր»-Պ. Դ./ կամ «Լոյս» հանդեսներից մեկում, որովհետև, ինչպես խոստովանում է Վ. Թեքեյանը՝ «լաւ չեմ յիշէր, երկուքն ալ միաժամանակ կային («Յուշեր եւ դատումներ», Հալեպ, «Սեւան», 1946 թ., հ. Բ, էջ 50):
Բնական է, ուրեմն, ենթադրել, որ Երկերի ներկա հրատարակությունից կարող էին դուրս մնալ նաև մի քանի տպագրված նյութեր, որոնք ինչ-ինչ պատճառներով վրիպել են կազմողի ուշադրությունից: Խոսքը նախ և առաջ Ինտրայի մանկավարժական հոդվածներին է վերաբերում: Ե. Տեր-Խաչատրյանը «Երկեր»-ի Բ հատորում զետեղել է միայն Սահմանադրական ռամկավար ուսանողական միության «Վերածնունդ» պարբերաթերթի 1912 թ. թիվ 3-ում տպագրված «Դպրոցին խաբէութիւնը» հոդվածը, Ծանոթագրություններում նշելով, թե Ինտրայի ընկերներից մէկը խօսում է նաև «նրա գրած երկու յօդուածների, իսկ եթէ բառը ճիշտ է կիրառում, ուրեմն՝ յօդուածաշարերի մասին՝ «Նախակրթարանին սխալները» եւ «Նախակրթարանի սխալներէն ետք»: Ես չկարողացայ գտնել այդ նիւթերը» (Գիրք Ա, էջ 463): Մինչդեռ 20-րդ դարասկզբին պոլսահայ մտավորականության շրջանում վերսկսված կրթական բարեփոխումների շուրջ մտքերի փոխանակությանն արձագանքող Ինտրայի «Նախակրթութեան սխալները» հոդվածաշարը տպագրվել է «Արեւելք» օրաթերթի 1902 թ. մայիս-օգոստոս ամիսների 18 համարներում (ոչ կանոնավոր հաջորդականությամբ՝ թիվ 4934-ից 5016): Ելնելով մանկության շրջանի իր զգացողությունների, ապրումների ու մտորումների ամբողջությունից, Պերպերյան վարժարանում կիրառվող կրթական սկզբունքներից, ինչպես նաև տարբեր վարժարաններում ուսուցչության սեփական փորձից՝ Ինտրան շարադրել է իր տեսակետներն ու առաջարկությունները ազգային կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների վերաբերյալ: Հավանաբար, հենց այս հոդվածաշարն է նկատի ունեցել Եղիշե Չրաքյանը նաև «դաստիարակչական (14 յօդուածներ)» մատնանշելով: Այդ հոդվածաշարը, սակայն, ամբողջովին չէր սպառել Ինտրայի ասելիքը և դրա ավարտից անմիջապես հետո, նույն՝ «Արեւելք» օրաթերթի օգոստոսի հաջորդական երեք համարներում (թիվ 5018-5020) նա հրապարակում է ևս մի քանի նկատառում՝ «Կրթական հարցեր (Դասաւանդութեան մասին ինչ-ինչ խորհրդածութիւններ)» խորագրով՝ նպատակ ունենալով լրացնել «այն ակամայ եւ կամաւոր թերիները», որոնք նկատվել էին նախորդ հոդվածաշարի «ընդհանուր եւ արագազնին հայեացքներուն մէջ»: Այս մասին տես նաև մեր «Տիրան Չրաքյանի (Ինտրա) մանկավարժական հայացքները» հոդվածում («Բանբեր Երևանի համալսարանի», 2014 թ., թիվ 1, էջ 30-42):
«Ինձ յայտնի չեն նաև «Խավարումը», «Աստուած կը սիրեմ» եւ «Ծերունիի մը հանդիպումը» վերնագրերով գործեր»,- գրում է Ե. Տեր-Խաչատրյանը: Առաջին երկուսը, իրոք, դեռ ճշտման կարիք ունեն (եթե «Խավարումը» նույն «Պտոյտ»-ը չէ, ինչպես, ի դեպ, ենթադրում է նաև կազմողը), ինչ վերաբերում է վերջինին, ապա այդ մասին կա հենց իր՝ Ինտրայի բացատրությունը: Միքայել Կյուրճյանին գրած նամակներից մեկի (8/21 սեպտ., 1902 թ.) միակ էջի ձախ եզրին նա հետևյալ հավելումն է արել. «Մուշեղ վարդապետը Արեւելեան Մամլոյ մէջ հրատարակած է «Ներաշխարհ, կամ Ինտրա» վերնագրով յօդուած մը զոր գրած է առանց «Ներաշխարհ»ը տեսած ըլլալու. մէկ հատուածը զոր իրեն կարդացած էի օր մը, վերցուցած եմ յետոյ գրքին մէջէն, վասնզի բոլորովին իրական դէպք մը չէր. (ծերունիի մը հանդիպումը անտառին մէջ): (Օգոստ. 15-ի թիւն է Արեւ. Մամուլը)»:
Եվ ապա՝ «Եղիշէ Չրաքեանը թուարկում է մի քանի բանաստեղծութիւն՝ «Ծով» /…/ «Յստակ չէ, թե «Ծով» խորագրով բանաստեղծութի՞ւն է տպագրել Ինտրան, թէ՞ խօսքը վերաբերում է «Ծովուն զղջումը», «Սեւ ծովուն առջեւ» բանաստեղծութիւններին» (էջ 460): Բարեբախտաբար, հայտնի է, և դարձյալ Միք. Կյուրճյանին գրած մի նամակից (1 մայիս, 1897 թ.), ուր Ինտրան ոչ միայն հիշատակում, այլև մանրամասնորեն վերլուծում է «Սև Ծով» բանաստեղծությունը, որը բովանդակությամբ նույն «Սեւ Ծովուն առջեւ» բանաստեղծութիւնն է: Ավելին՝ Ինտրան նույնիսկ «պաշտպանում է» իր այդ քերթվածը ընկերոջ քննադատությունից: «Քանի որ ազատութիւնը կուտաս, այո, քիչ մը պիտի պաշտպանեմ ոտանաւորը (Սեւ Ծովը) /…/ Նախ սա ըսեմ որ այս քերթուածը նամակ մըն է աւելի՝ զոր գրած ու ղրկած եմ անոր որուն կ’ուղղուի, տխրամած հոգիին…»:
Երկերի երկհատորյակում կարող էին տեղ գտնել նաև հրապարակված մի քանի այլ գործեր.
ա/ Ինտրայի դեռևս գրական նախափորձերից՝ «Աշնային թաղումը» (Ե. Չրաքյանի վերոհիշյալ ցանկում նշվում է «Աշնանային թաղումը)» (գրված 1893 թ., նոյեմբեր, տպագրված «Սփիւռք», 1959 թ., թիւ 7, մարտ 28), Միք. Կյուրճյանի ներկայացնող խոսքով, որտեղ նա այդ գործը «շատ մը տեսակէտներով նշանաւոր քերթուած» է համարում:
բ/ Պերպերյան վարժարանի հիմնադրման 25-ամյակի առիթով գրած «Բաժակ մը» հուշագրությունը («Բիւզանդիոն»,1901 թ., թիվ 1549 և 1549 Բ.: Իրականում՝ խմբագրության ծանոթագրմամբ, պետք է լիներ 1548 և 1549, սակայն սխալմամբ 1548-ը բաց էր թողնվել): Ի դեպ, Ինտրայի վկայությամբ, Ռ. Պերպերյանը շատ է հավանել այդ հոդվածը և «զգլխիչ» է որակել այն:
գ/ Տիրան ստորագրությամբ հրապարակած «Խորհող ձին» վերլուծական անդրադարձը («Բիւրակն», 1904 թ., թիւ 41, 12 Հոկտեմբեր, էջ 825-827), Խմբագրության կողմից հետևյալ նախաբանով. «Վերջերս ընդհանուր ուշադրութեան առարկայ դարձաւ փորձը գիտնականի մը՝ Հեռ Ֆօն Օսթէնի, որ «Հանս» անուն ձի մը կը մարզէ, անոր սորվեցնելով՝ հաշուել, ճանչնալ, խորհիլ եւ պատասխանել զանազան հարցումներու, վերջապէս ինչ որ իմացականութեան գոյութիւնը կը զգացնէ կենդանիին քով:
Հետեւեալ յօդուածը մանրամասն եւ ընդարձակ լուսաբանութիւնն է Հեռ Ֆօն Օսթէնի փորձերուն եւ Հանսի կարողութիւններուն»:
դ/ Ճանաչված գրաբարագետ և մանկավարժ Միհրան Ասքանազյանի (Ասքանազ) մահից հետո անտիպ մնացած «Հոմանիշներու Բառարան»-ի գրախոսականը («Ամէնուն Տարեցոյցը», 1911 թ.), որը, ըստ Ինտրայի, «պատկառելի աշխատութիւն մըն է»:
ե/ Տիգրան Ելքենճյանի տապանագիր-քերթվածը՝ «Գերեզման Տիգրանայ Ս. Ելքենճեան»՝ «Ոսկեվաճառին եւ գնահատչին ուղղակշիռ, գերազանց հայերէնագէտին, հրապարակագրին մեծազօր եւ առաքինի առնն (Ծն. Ի Հուլիսի 1866, մեռ. Ի 18 Հուլիսի 1908)» ձոնով (տպագրված («Ամենուն Տարեցոյցը», 1912 թ., հետևյալ ուղեկցող երկտողով՝ «Շիշլիի Ազգ. Գերեզմանատունը՝ վերջերս կառուցուած մահարձանէն արտագրուած տապանագիր, զոր շարադրած է հանգուցեալին մտերիմը՝ Տ. Չրաքեան, քոյրերուն խնդրանքով»):
զ/ Թերևս, հնարավոր էր ներառել նաև Պերպերյան վարժարանի աշակերտական «Բոյր» ձեռագիր թերթի 1890 թ. մայիսին տպագրված և «Առ Պատկառելի եւ Մեծ Տնօրէն մեր Տիար Պէրպէրեան»-ին ձոնված «Երգ Մայիսի» ոտանավորը (վերատպվել է «Պատմութիւն հայոց Արաբկիրի» հատորում), Նիւ Եորք, 1969 թ., էջ 777), որը որոշակի պատկերացում է տալիս ինչպես Տիրան Չրաքյանի բանաստեղծական առաջին փորձերի, այնպես էլ ուսուցչապետի նկատմամբ նրա և աշակերտության ունեցած ակնածալից վերաբերմունքի մասին:
է/ Երկերում ներկայացվել է «Բուրաստան Մանկանց» հանդեսում Տիրան Չրաքյանի հեղինակած հանելուկներից չորսը: Բայց եղել են այլ գործեր ևս: Վահան Թեքեյանը հիշատակում է դրանցից մեկը, նշելով, թե այն նույնիսկ «հիացուցեր էր զիս»: Ահա այն՝ «Եթէ վրաս հակիք՝ ինքզինքնիդ մէջս կը գտնէք, եթէ գայլին գլուխը գլուխս անցընէք՝ կ’ըլլամ կոյրին առաջնորդ»: Թեքեյանը նշում է նաև թերթի հաջորդ համարում տպագրված հանելուկի լուծումը՝ «Աւազան-Գաւազան» («Յուշեր եւ դատումներ», էջ 50): Թերևս, ճիշտ կլիներ, որ «Երկեր»-ում բերված հանելուկները նույնպես ներկայացվեին իրենց լուծումներով: «Բուրաստան Մանկանց»-ում, բացի հանելուկներից, տպագրվել են նաև Տ. Չրաքյանի հումորային մանրապատումները (տես՝ օրինակ, 1887 թ., տետր 11, «Ծիծաղ» ընդհանուր խորագրով):
«Երկեր»-ի Առաջաբանում Երվանդ Տեր-Խաչատրյանը հանգամանորեն անդրադարձել է Տիրան Չրաքյան-Ինտրայի կենսագրությանը, գրական ժառանգության տպագրությանն ու գնահատությանը վերաբերող մի շարք հարցերի: Թեև դրանցում կան մի քանիսը, որ ճշգրտման կարիք ունեն, բայց այստեղ ուզում ենք անդրադառնալ, մասնավորապես, գրողի անձի ու վաստակի գնահատության պատմության խնդրին:
Իրավացիորեն Տիրան Չրաքյանին ներկայացնելով որպես «բարդ ու խորը մի երեւոյթ, որ մինչեւ այսօր բաւարար չափով չի ուսումնասիրուած մեր գրականութեան մէջ», Առաջաբանի հեղինակն այնուհետև հաստատում է, թե «Առ այսօր շարունակուող սովետահայ գրականագիտութիւնը անզօր է Ինտրայի առջեւ, որի անունն անգամ արտաքսուած է եղել սովետահայ գրքերից: Եւ այդ պատճառով մենք մինչեւ հիմա պատշաճօրէն չգիտենք նոյնիսկ գրողի կեանքը, որ իր գրականութեան ցոլացումն է, սկիզբն ու շարունակութիւնը: /…/ Ուստի եւ խօսենք գրողի կեանքի մասին»: Նման նախաբանից հետո, անշուշտ, բնական պիտի լինի ենթադրել, որ Երվանդ Տեր-Խաչատրյանն, ահա, առաջին անգամ ձեռնարկելու է այդ ծանր գործը, ինչը, իհարկե, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Մի կողմ թողնենք «Առ այսօր շարունակուող սովետահայ գրականագիտութիւնը» ձևակերպման ճշմարտացիությունը, ինչը, թերևս, քննարկելի լինելով հայ գրականագիտության վերջին տասնամյակների զարգացումների համատեքստում, տվյալ դեպքում դուրս է ներկա հոդվածի շրջանակներից: Ինչ վերաբերում է Ինտրայի առջև մեր գրականագիտության անզոր լինելուն, ապա մենք չենք կիսում հեղինակի այդ հոռետեսությունը: Բանն այն է, որ նախ՝ Առաջաբանի հեղինակը իր ծավալուն վերլուծություններում հպանցիկորեն իսկ չի հիշատակում գոնե Ինտրայի եղերական մահից հետո՝ Հայրենիքում թե Սփյուռքում, նրա կյանքի և գործի վերհանման, գնահատման ուղղությամբ տասնամյակների ընթացքում ներդրված ջանքերը: Իհարկե, գրականագետը կարող է ունենալ իր սուբյեկտիվ կարծիքը, մասնավորապես «Տիրան Չրաքեանին առաւել մերձեցած» հեղինակներ համարել միայն Կոստան Զարյանին և Ալբերտ Կոստանյանին, սակայն, կարծում ենք, դա իրավունք չի տալիս անտեսելու այլոց, եթե չասենք առավել, ապա գոնե ոչ պակաս նպաստավոր ու արդյունավետ ավանդը: Իսկ նրանց մեջ քիչ չեն այնպիսի անուններ, ինչպես Հ. Օշականը, Վ. Թեքեյանն ու Ա. Չոպանյանը, Ն. Սարաֆյանը, Հ. Կարապենցը, Գր. Պըլտյանը՝ Սփյուռքում, Վ. Գաբրիելյանը, Վլ. Կիրակոսյանը, Ստ. Թոփչյանը՝ սկսած 70-ական թվականներից, Հայրենիքում:
Հակոբ Օշականը տասնամյակներ առաջ գրած իր հետազոտությունները եզրափակում էր այն համոզմամբ, թե Ինտրայի անձի ու գործի բուն հետազոտությունն ու գնահատությունը պետք է սպասել ապագայում՝ «մեր հայրենիքէն բուսած» «ուրիշ սերունդի մը» կողմից, որը «հաշտուելով իր ճակատագրին, ճիշդ կշռելով արժեքարտերը /…/ պիտի փորձէ դատել արևմտահայ գրականութիւնը…») Համապատկեր արևմտահայ գրականութեան, հ. 8, Անթիլիաս, 1980 թ., էջ 213): Կարելի է ասել, Հ. Օշականի այդ կանխատեսումը՝ հատկապես Հայաստանի անկախացումից հետո, արդեն իրականություն է դառնում՝ անցյալի մեր գրականության ու մշակույթի մի շարք «մոռացված» դեմքերի կյանքի ու ստեղծագործության անկանխակալ և ամբողջական գնահատությունը նոր փուլ է թևակոխում: Մասնավորապես, Ինտրայի պարագայում 1995 թ. սեպտեմբերին, մեր նախաձեռնությամբ և ջանքերով, Հայրենիքում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության, Գրականության ինստիտուտի և «Նոր Արաբկիր» հայրենակցական միության համատեղ գիտաժողովը՝ նվիրված գրողի ծննդյան 120-ամյակին, իրականացվեցին Տ. Չրաքյանի հարուստ նամակագրության և արխիվային ու հրապարակված այլ նյութերի հիման վրա ամբողջացված կենսագրության («Վարք Ինտրայի», Եր., 2003թ.), ինչպես նաև լրացված և Պոլսի 1906 թ. հրատարակության հետ ճշգրտված «Ներաշխարհ»-ի (Եր., 2006 թ., երկի 100-ամյակի առթիվ,.) հրատարակությունները: Ինտրայի ստեղծագործության տարբեր կողմերին նվիրված ուշագրավ ուսումնասիրություններով ու մենագրություններով հանդես եկան Մարիամ Շոլինյանը, Վարդան Նիկողոսյանը, ավելի երիտասարդ սերնդից՝ Լուսինե Ավետիսյանը, Նարա Անտոնյանը և ուրիշներ:
Ամփոփելով մեր խոսքը երկհատորյակի մասին, պետք է նշենք, որ ընդհանուր առմամբ, Երվանդ Տեր-Խաչատրյանը ևս կատարել է մեծ ծավալի հավաքչական-վերլուծական աշխատանք, որն, անկասկած, իր նպաստը կբերի Տիրան Չրաքյան-Ինտրայի անձի ու գործի առավել ամբողջական ներկայացման և գիտական գնահատության գործին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։