Անդրանիկ Մարգարյանի նվիրումը գրականությանն ու արվեստին

Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում նշվեց պետական-քաղաքական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 64-րդ տարեդարձը: Հուշ-ցերեկույթին ներկա էին Ա. Մարգարյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վազգեն Կարախանյանը, Ռոբերտ Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀԳՄ պատվիրակությունը՝ ի դեմս միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի, ՀԳՄ անդամներ Վանիկ Սանթրյանի, Լյուդվիգ Կարապետյանի և Տիգրան Նիկողոսյանի: Աննախադեպ գեղեցիկ միջոցառմանը ներկա էին նաև Ավան համայնքում գործող հանրակրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ, քոլեջի ուսանողներ, ծնողներ, բազմաթիվ այլ հյուրեր, այդ թվում՝ պատվիրակություն Ուջան գյուղից:
Գրական-երաժշտական գեղեցիկ կոմպոզիցիայով հանդես եկան քոլեջի ուսանողները՝ կազմակերպմամբ և ղեկավարմամբ քոլեջի մանկավարժներ Նուրիսա Բեժանյանի, Շողեր Այդինյանի, Լիանա Մանվելյանի, Ալիսա Քարամյանի: Միջոցառման մասնակիցները ներկայացրին հատվածներ Անդրանիկ Մարգարյանի կենսագրությունից, նրա մտքերից, ինչպես նաև մեր ժամանակների նշանավոր պետական-քաղաքական գործիչների ու աշխարհի մի շարք երկրների ղեկավարների կարծիքները նրա մասին: Ցուցադրվեցին նաև նրա մասին պատմող տեսանյութեր, հնչեցին սիրելի բանաստեղծների ստեղծագործությունները: Անդրանիկ Մարգարյանի մասին հուզիչ և ամփոփ խոսքով հանդես եկավ «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, գրող-հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը:
Իրենց կուսակցական ընկերոջ մասին հուշեր պատմեցին նաև Անահիտ Կիրակոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը: Նրանք մեկ անգամ ևս շեշտեցին Անդրանիկ Մարգարյանի անուրանալի դերը մեր երկրի կյանքում: Զուսպ, իրատես, բարի, ուշադիր ու բացսիրտ. նա այն եզակի պետական գործիչներից էր, ով միշտ ժամանակ էր գտնում իրեն դիմած հայրենակցի խնդիրները լուծելու համար, ում համար ամենակարևոր արժեքը մարդն էր, երկրի քաղաքացին: Այդպես էլ նա անցավ իր կյանքի ուղին՝ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ:
Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը հայտարարեց, որ քոլեջի ղեկավարությունը՝ հաշվի առնելով Անդրանիկ Մարգարյանի նվիրումը գրականությանն ու արվեստին, սահմանել է նրա անվամբ տարվա մեկ լավագույն գրքի համար մրցանակ, որը կհանձնվի հայրենասիրության և հայասիրության ասպարեզում աչքի ընկած այն հեղինակին, ում հաղթող կճանաչի քոլեջում ձևավորված հանձնաժողովը: Առաջին մրցանակին արժանացավ բանաստեղծ-արձակագիր Ղուկաս Սիրունյանը, ով հարգելի պատճառով ներկա չէր միջոցառմանը: Պարգևատրումը կատարեցին, բանաստեղծի եղբորը մրցանակը հանձնեցին Անդրանիկ Մարգարյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանը և քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը:
Հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին գեղեցիկ պահեր պարգևեցին պատանի երգիչները, Արսեն Գրիգորյանը (Մրո), հայ երգ ու պարի «Մարաթուկ» համույթը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։