ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Մայիսի 22-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտակի ներկայացրեց առաջիկա օրերի միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում գրողները հանդիպումներ կունենան Արմավիրում, Ապարանում և Վանաձորում: Ամսվա վերջում ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կմեկնարկի երիտասարդ գրողների հերթական ամենամյա հավաքը:
Այնուհետև ՀԳՄ նախագահը հայտնեց, որ գրահրատարակչական ոլորտի աշխատանքները բարելավելու նպատակով նախատեսված է հրատարակիչների, խմբագիրների հանդիպում Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ: ՀԳՄ նախագահը նշեց, որ, հաշվի առնելով գրական դաշտի ներկա մտահոգությունները, անհրաժեշտություն կա վերանայելու առկա խնդիրները, և հանդիպմանը Հայաստանի գրողների միությունը ներկայացնելու է իր առաջարկությունները: Հարցի շուրջ արտահայտվեցին Արևշատ Ավագյանը, Կարինե Խոդիկյանը, Գագիկ Դավթյանը, Պետրոս Դեմիրճյանը, Սամվել Կոսյանը: Քննարկման արդյունքում հնչեցին մի շարք առաջարկություններ, որոնք էլ` նախագահության որոշմամբ, կներկայացվեն Մշակույթի նախարարին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։