Հայրենասեր վրիժառուն
Սողոմոն Թեհլերյանին
Անդրանիկի զինվոր,
Մեծ հայրենասեր,
Քո աչքով` հրեշավոր
Եղեռն ես տեսել:
Տեսել ես` թուրքը
Արնախում դահիճ,
Եփրատն ու Տիգրիսն է
Լցրել մահվան ճիչ:
Քո հոգում փոթորկվեց
Ցասումն անհատակ,
Թալեաթ ժանտ հրեշին
Արիր շանսատակ:
Քո վսեմ կերպարով
Ես ոգի առած`
Խոնարհվում եմ քո մեծ
Սխրանքի առաջ:
Թախծոտ ծաղկեպսակ
Մեծ եղեռնին զոհ գնացած
մանուկների հիշատակին
Նրանց շրթին երգեր կային դեռ անավարտ,
Նրանց հոգում երազանքներ` բյուր, անաղարտ,
Անտեր թողած և՛ կարուսել, և՛ փայտե ձի`
Մեծ եղեռնին զոհ գնացին:
Գուրգուրանքից, խաղից զրկված,
Խարազանով, սրով զարկված,
Քշվում էին բոկոտն, անզոր,
Մահվան ճամբար, Եփրատ, Դեր-Զոր:
Կարսից, Վանից մինչև Եփրատ,
Մինչև խանձված, սև անապատ
Աղեկտուր լաց էր ու կոծ,
Մանկանց թափոր, մահ-որբանոց:
Մարդասպանի քրքիջի տակ
Անգղները չարագուշակ
Արյան ձորում հրեշավոր
Վխտում էին գիշեր ու զոր…
… Թե չլիներ մահվան ճամբար` անտեր Դեր-Զոր,
Թե չներկվեր հորդ Եփրատը արյամբ բոսոր,
Դեռ կապրեին նրանք` դարձած պապիկ-տատիկ,
Շրջապատված թոռնիկներով տասնապատիկ:
Վաղամեռիկ ի՜մ բալիկներ, ի՜մ սիրելի.
Հայրենիքի մանուկները թախիծով լի`
Ճամփել են ձեր շիրիմներին որբացած, թանկ
Արցունքներով ցողված սիրո ծաղկեպսակ…
Երեք իղձ
Ոսկե ձկնիկին` զորեղ ու բարի,
Խնդրեցի` երեք իղձս կատարի:
Առաջին իղձս վեհ է, իրատես,
Թուրքը ծնկաչոք, մեղավորի պես,
Մեր գերված լեռը`
Սուրբ Արարատը,
Վերադարձնի մեզ:
Իմ երկրորդ իղձը. ցեղասպանության
Արհավիրքը մեծ, որ միլիոնավոր
Հայի կյանք խլեց, աշխարհը դարձրեց
Հայի որբանոց,
Թո՛ղ որ թուրքերը ճանաչեն ոճիրն
Այդ հրեշավոր
Ու վերադարձնեն հողերը հայոց:
Իմ երրորդ իղձը.
Ոսկե ձկնիկը եսասիրություն
Թող չհամարի.
Իմ սիրո մուսան հավերժ հուրհրա,
Երբեք չմարի: