Վարդան ՎԱՆԱՏՈՒՐ

* * *
Ցավի ականջը բռնիր,
Ապտակից մի՛ վախենա:
Երուսաղեմի ճամփով
Քրիստոսն էլ չի գնա:

Օրհնությունը տունդարձի
Ճանապարհին է հիմա,
Խոնարհվածի մի՛ վարձի՝
Ողորմություն քեզ չի տա…

Ժամանակը պրկված
Իր թելերն է երկարում.
Ով է այսօր փրկված՝
Պարանով են պարուրում:

Ծիծաղն է չարանում՝
Քմծիծաղում մեզ վրա,
Ստվերներն են քարանում՝
Ողբ է աշխարհը հիմա:

* * *
Ես բարձրացա իմ միջից,
Որ տեսնեմ դեմքը բառի,
Աղավաղվել է ցավից
Սիրո ամեն մի տառի:

Դուռը բաց է խավարի,
Երազը լույս չի տեսնում,
Քամին էլ չի թափառի
Խոտերի բաց երկնքում:

Մերկությունը չի ծածկում
Իր մարմինը տարփատենչ,
Շարժումների ճոխ երգում
Արբեցում է՝ սեր անվերջ:

Մեղքի աղոթք է հնչում
Մեղավորի շուրթերից,
Առ Աստված է նա կանչում՝
Կախիր ինձ քո երկնքից:

* * *
Գինուց արևը քամիր,
Որ մեղմանա իմ հոգին,
Իզուր դու մի թափառիր,
Հասանք օրվա ողբերգին:

Սովի երախը փակիր,
Երկինքն է մթագնում,
Դու աղքատին սատարիր,
Միտքը հաց է անրջում:

Դարի խղճին ապտակիր,
Յաթաղան է մարդասպան,
Մանուկներին դու փրկիր՝
Սովը բացում է ճամփան…

ՍՏՎԵՐՍ ԻՆՁ ԳՐԿԵՑ
Իրիկնամուտին ստվերս ինձ գրկեց –
Չեմ թողնի ես քեզ, չգնաս հեռու,
Որ չանհայտանամ՝ չկորցնեմ քեզ:

Ինձ ուր էլ տանես, քեզ հետ եմ, քեզ հետ,
Մարմինդ ինձ համար երազ չէ չվող-
Առանց քեզ ապրել,
կյանք չունեմ հավետ:

Ինձ չես խնամում և չես փայփայում,
Քո անունը իմ անունն է միայն,
Ես ուրիշ չունեմ՝ կյանքս ես խնայում:

Հավատն անկենդան չի լինի հաստատ,
Ապրում եմ անգամ քո քնած ժամին-
Չես թողել կյանքում ապրել հուսահատ:

Դու արթնանում ես, գնում դաշտից սար,
Ծաղիկների հետ խոսում, իջնում ցած,
Տանջանքդ եմ գրում
քեզ հետ հավասար-
Չթողնես դու ինձ, որ գնամ անդարձ…

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ ԻՆՁ ՀԵՏ
Տխրությունս ինձ հետ է միշտ թափառում-
Գութի լույսը ես գտնում եմ ակամա,
Ինձ զորելով, իմ ընթացքն եմ ես խառնում
Նրա շարժը, որ դառնա սեր, մանանա…

Ես փորձում եմ երազներս նկարել,
Գիշերները թանաքաման չեն դառնում.
Թե կամենամ նրանց մի օր ապտակել,
Երազներս ինձ կքրքրեն անխնա…

Հասկանալս ճշմարտությանն է ծառա-
Սատար չունի բարեգութս աշխարհում,
Կշռում են իմ մտքերը հենց հիմա-
Կշեռքն անգամ իմ մտքերն է խաթարում:

Առավոտ շուտ արթնացողս ակնդետ,
Կյանք չի տեսնում լեռների մեջ՝ ձյուների,
Ամեն եկող երեկոները ինձ հետ-
Երգն են լսում, լացող երգն իմ օրերի:

* * *
Իրիկունս մելամաղձիկ մթնաչյա-
Գուրգուրում է մթնշաղը հայացքով,
Ձեզ եմ ձայնում, հեռավորներ թանկագին,
Երկինքն է վրաս շաղում աստղացող…

Աստղացողը ժպիտն է իմ ճամփի-
Մենությունս՝ խոստովանանք սիրականչ,
Փափագներս՝ առասպելներ կարոտի,
Հայտնություն են, ազատություն անտրտունջ:

Սրտականչս կամքի անզեն աշտարակ-
Լույսի փարոս հեռաստաններում հիմա,
Մտորումս ծաղկի համբույր՝ շարական,
Ցորեն արտում ինքնությունս
միշտ էլ կա…

Հնար լիներ, մանկությունս ծիծաղեր,
Լիներ այնպես, ծաղիկ դառնար՝
Ծաղկի հաց…
Ծիծառների թևերի տակ քնեի-
Ինձ տանեին հեռուները սրտաբաց…

* * *
Քամիներ անտուն, քամիներ փախչող-
Ազատությունը ձեզ է արժանի,
Գուցե ինձ նման դուք էլ վերք ունեք,
Ձեր վերքի ցավով փախչում եք հեռու…

Ձեր շրթունքներից բառեր են չվում,
Ձեր խոսքն եմ լսում, կարկամում անձայն,
Ուզում եմ խոսել ձեզ հետ մի անգամ…
Անձրևը հանկարծ ձեզ հետ է լալիս:

Անհայտ մտքեր կան ձեր մեջ, քամիներ-
Ձեռքերն եք բռնում փախստականի,
Երևի ունեք մաքրաշունչ մտքեր,
Ձեզ անարգողն է մառախուղ մեղքի…

Քամիներ փախած, ծաղկած օր բերեք
Ջինջ հովեր բերեք, քամիներ փախած,
Կտեսնեք հաստատ ցուցափեղկերում-
Մանեկենուհին մեղքի մեջ քնած…

ԺԱՄԱՆԱԿԻ ՃԱՄՓԻՆ
Սխալվելուց առաջ՝
Հավատալ եմ ուզում
Ես իմ դավանանքին
Եվ արձակուրդ գնալ,
Գտնել ազատ օդը՝
Ազատություն բառը
Ժամանակի ճամփին…

Իմ անաղմուկ,
սխալ մայրամուտ մի՛ գնա,
Մտքերս ինձ կայրեն,
Իմ օրերի քաղցը լրացնելու համար-
Մայրամուտ մի գնա…

Արձակուրդ եմ գնում-
Գրչածայրիս հիմա արևի լույս չկա,
Որ տողերս մի պահ լուսավորեմ սրտով,
Եվ հեռացնեմ անքուն գիշերներս թախծոտ՝
Դեպի լույսը գնամ Արարիչի կամոք:

Արձակուրդ եմ գնում, որ չլսեմ մարդու
Ամենակեր սուտը…

ՍԵՎ ՄՈՄԵՐ ՎԱՌԵՔ…
Որտե՞ղ է մարդը, չեմ գտնում,
Սև մոմեր վառեք՝ կյանքը լուսանա…
Օտարամոլներ, ձեր հոգիները
Ո՞ւմ եք վաճառում և ինչի՞ համար-
Ագահությունը ճանկռոտում է ձեզ…

Սև մոմեր վառեք՝ կյանքը լուսանա-
Վթարն անխաթար կյանքեր է խլում,
Անզգուշության խավար է հիմա-
Ճամփեքի վարձը ո՞վ է գրպանում…

Սև մոմեր վառեք՝ կյանքը լուսանա-
Կյանքը կեղծիք է, ընթացքը մարդու
Աղավաղում է ճիշտն ու խիղճը,
Ինչ որ ցանում է, որոմ հավաքում…
Խարդախությունը դարձնում օրենք՝
Վերից վար խաբող անօրեն բիճը…

Սև մոմեր վառեք՝ կյանքը լուսանա-

* * *
Մենակյացի աղոթքը
Ո՞վ է այսօր ընդունում,
Նրա հոգու բողոքը
Նժույգներ չի խթանում:

Ամպ չի գրկել Գողգոթան՝
Մեղսակիցն է խաչվածի,
Սուրբ է տերը ամեն տան,
Սատար չեղան պարտվածի…

Աստղերի հետ է խոսում,
Լույս է երազը նրա,
Սրտից արցունք է հոսում,
Անօգնական է հիմա:

Աշխարը՝ քար, խիղճը՝ քար,
Տուն է քանդում ամեն օր,
Ո՞վ է գալու գտնի ճար՝
Հանի մտքերից մոլոր:

* * *
Իմ թևերը կտրեցին,
Միտքս են հիմա վանդակում,
Իրենց ստի պատերին
Քրիստոսին քանդակում:

Ջրի ճամփան փակում են,
Արյունով են պատ շարում,
Մատաղում են օրերը,
Հույսն է հիմա շվարում:

Հայացքների մեջ այսօր
Երկինքն է բթանում,
Տմարդը չար ու նսեմ
Իրեն առաջ խթանում:

Ժամանակի տերերը
Խոտի երկինքն են ծածկում,
Տխրությունից ամեն օր
Շներն են կաղկանձում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։