ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ ԴԱՌՆԱՍ / Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

10923258_676565132448311_5132272271582181859_n

11066637_676549022449922_1485164558968329731_o

11110994_676549045783253_3840442797578636082_o
…Կրկնվեց անցյալ տարեվերջին տեսած երազս. տատս ինձ արթնացնում էր քնից. «Տղա, վեր ելի, 15 թիվն է»: Նորից արթնացա՝ քրտինքի մեջ կորած, սկսեցի դողալ, ինչպես այն ժամանակ: Հետո ամբողջ օրը մտածում էի՝ գրե՞մ այդ մասին, թե՞ ոչ: Աշխատանքից տուն եկա և սկսեցի թղթերիս մեջ որոնել տատիս խորհրդային անձնագրից պոկածս թերթիկներն՝ իր լուսանկարով և ցեղասպանություն վերապրածի վկայականը: Հայրս, իմանալով ինչ եմ փնտրում, մորիցս ուզեց և ինձ տվեց նաև տատիս արծաթե մատանին, որ պահել էր երկար տարիներ: Իսկ մայրս ասաց. «Դիր մատիդ, ավելի ճիշտ կլինի»: Փորձեցի, եղավ: «Իսկական մատովդ է, էլ չհանես»: Երազի մասին նրանց ոչինչ չասացի: Բայց մատանու վրայի ծաղիկների նախշերը, որ նաև խաչի խորհրդանիշ են, ինձ փշաքաղեցրին: Նախկինում էլ էի տեսել այդ նախշերը՝ թե՛ այն ժամանակ, երբ տատիս մատին էր մատանին, թե՛ նրա մահից հետո, երբ որոշ ժամանակ հայրս էր մատանին կրում: Բայց հիմա այդ խաչ-ծաղիկներին նայեցի ու տեսա՝ անմոռուկներ էին, միայն թե չորս ծաղկաթերթով…
…Տատիս ծննդյան իսկական տարեթիվն այդպես էլ չիմացանք: Փաստաթղթերում նշում էին 1915 թվականը՝ ցեղասպանության թվականը նկատի ունենալով, ու պատահական մի ամսաթիվ՝ հոկտեմբերի 14, իսկ ծննդավայրը նշված էր՝ Թուրքիա, Խնուս: Բայց նա հիշում էր փախեփախը, գաղթը: Պատմում էր, թե գաղթի ժամանակ մայրն ինչպես է իրեն կորցրել, իսկ հետո իրեն գտել են ետևից եկող գաղթականները և ճանաչելով՝ տարել հասցրել են լացով երեխային փնտրող մորը: Պատմում էր, որ գաղթի ճանապարհին հայրը խեղդվել է Մուրադ (Արածանի) գետում: Պատմում էր… Պատմում էր թուրքերի գազանություններից: Բայց ոչ մի անգամ անեծքով կամ վատ խոսքով չհիշեց թուրքերին: Հակառակը՝ խղճահարությամբ էր խոսում նրանց մասին, կարծես ուզում էր ասել՝ ի՜նչ մեղք են, որ Աստծո ստեղծած մարդուց վերածվել են գազանի:
Մշեցի պապս, ում հայրը կնոջը կորցնելուց հետո գաղթել էր Արևելյան Հայաստան, զոհվել էր Երկրորդ աշխարհամարտում: Տատս անտրտունջ պահել մեծացրել էր երկու որդիներին ու երկու դուստրերին: Երբ հիշում էր պատերազմի տարիները, միշտ հիշում էր նաև իր գործած «մեղքը». տեգրակնոջ թխած լավաշներից երկու լավաշ էր գողացել թոնրի մոտից («Երեխեքս սոված էին»): Հետո, իհարկե, գնացել էր, պատմել և կշտամբանք ստացել, թե ինչու՞ չէր ասում, որ ավելի շատ հաց տային: Ամաչել էր… Մինչև մահն էլ հիշում էր. մի քանի անգամ ինձ ասել է. «Տղա, մեղք իմ գործի»…
…Ամեն առավոտ անկողնուց ելնելիս և ամեն երեկո պառկելուց առաջ աղոթում էր Աստծուն, բարի լուսո կամ բարի իրիկվա Աստծուց աշխարհի համար խաղաղություն և հիվանդների համար առողջություն խնդրում: Ու նաև ասում էր. «Տեր Աստված, անզգամի շառից հեռու պահիս»… Այսպիսին էր իմ Մեծ Մայրը: Իր առաջին թոռանը՝ ինձ, շատ էր սիրում ու շատ բան էր սովորեցնում: Նրանից եմ առաջին անգամ հատվածներ լսել «Սասնա ծռերից», Թումանյանի «Անուշից», «Թմկաբերդի առումից», «Առաքել, Մուշեղը», մեր մյուս ազգային երգերը: Երգում էր հատվածներ Տիգրանյանի «Անուշից»: Այդ ամենը սովորել էր ամերիկյան որբանոցում: Փափազյանի «Օթելլոն» էր տեսել Ալեքսանդրապոլում: Շեքսպիրի Համլետի, Ռոմեոյի ու Յագոյի մասին էր պատմում… Հետո, երբ տառաճանաչ դարձա ու կարդում էի, ինձ թվում էր՝ այդ ամենը տատս է գրել, հատկապես մեր էպոսը. թվում էր՝ ինքն է պատմում: Շատ էի սիրում, երբ ինձ ասում էր. «Տղա, դու ծուռ իս»… Բա նրա տեսած երազնե՜րը… Հրաշք հեքիաթներ էին, որ պատմում էր: Իսկ հումորն անսպառ էր, ծիծաղում էր ու ծիծաղեցնում բոլորիս… Եվ նա եղավ իմ առաջին ու անփոխարինելի Ուսուցիչը: Նա՛ իմ մեջ սեր սերմանեց գրականության հանդեպ և ինձ դարձրեց գրականության խենթ ու անդառնալի սիրահար: Միշտ ասում էր՝ երբ մարդկանց լավություն ես անում, քո ավելացածից մի՛ տուր, քեզ համար մի բան էլ թող պակաս լինի, բայց լավությունդ արա: Ամենաանհույս պահերիս ինձ համար հույս էր իր խոսքը՝ «Լավ կեղնի, չմտածիս»… Շատ էր սիրում երեխաներին, հատկապես տղաներին: «Տղեն դուշմընի հեր անիծող է»,- ասում էր: Երբ մահացած բարի, լավ մարդու էր հիշում, ասում էր. «Լույսը գրկե՝ պառկի, լույսի բաժին դառնա», իսկ վատ մարդկանց այսպիսի «ողորմի» էր տալիս՝ «Շուն ոռնա վրեն», ու ծիծաղում էր վարակիչ ծիծաղով… Չհիշել չէի կարող: Չուզեցի հուզվել, բայց չհուզվել էլ չէի կարող:
Տա՛տ, այսօր հիշողության ժամանակն է, որովհետև հիշողությունն է մարդուն Մարդ պահում: Այսօր դուշմանի թոռ ու ծոռներին ուզում ենք մարդ դարձնել, որպեսզի չխղճանք նրանց: Քո խոսքերով հիմա ողորմի եմ տալիս քեզ. «Լույսի բաժին դառնաս»:

Հ. Գ.- Երբ մատանին մատիս էր, այդ գիշեր էլ երազ տեսա. թուրքերն արշավում էին սև ձիերով, հետո այդ ձիերը դառնում էին սև ինքնաթիռներ և ռմբակոծում մեզ: Նայում էի՝ չիմանալով ինչ անել: Հետո մեկն ինձ կարծես հուշեց՝ մատանի՛ն: Մատիս դրված մատանու խաչ-ծաղիկը պահեցի դեպի արևը, լույսն անդրադարձավ այնտեղ, ու լույսի՝ ասեղի պես բարակ ճառագայթն ուղղեցի դեպի սև ինքնաթիռները, որոնք մեկը մյուսի ետևից սկսեցին պայթել: «Լազեր է»,- անցավ մտքովս: Արթնացա՝ քրտինքի մեջ կորած…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։