Աշխարհ… Ես որտե՞ղ փնտրեմ իմ արմատները / Մարիետա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տեր Ամենազոր, զորացրու ինձ և ներիր, որ ամեն ցայգալույսին գոհության աղոթք մրմնջացող շուրթերն իմ անեծք չառաքեն երկինքն ի վեր, ուր 1700 տարի նախնիքն իմ խաչի ու խունկի հետ աղոթք են առաքել:
Սուրբ Մարիամ, որդեկորույս մայրերի մայր, ես որտե՞ղ փնտրեմ իմ նախնիների մասունքները: Գաղթի, սպանդի ո՞ր օձագալար բավիղներում կորան նրանք:
Իմ ծնողները` Եղեռնից մազապուրծ մանուկներ, հայտնվել են մեկը ամերիկյան, մյուսը Ալեքպոլի որբանոցում: Հայ տոկուն ու հանճարեղ գենով վերընձյուղվել, հանդիպել են իրար, վեմը եղել մի բազմանդամ ընտանիքի, որի շիվն եմ ես… Ծոռնատեր տատիկ եմ, որ տատիկի ու պապիկի չմարող կարոտն ունեմ հոգուս մեջ անթեղված: Շառավիղն եմ, ծուխն եմ մի օջախի անհայտ, որ, չգիտեմ, հայոց եդեմական որ հողակտորն են իրենց արդար քրտինքով ցողել ու արարել հաց-հանապազօրյան, Քրիստոսի ո՞ր եկեղեցում են ծնրադրել, որ չարժանացան մի բուռ հողի, շիրմի, խաչ ու խունկի, մոմ ու բուրվառի, օրհնության: 100 տարի է անցել չարագույժ օրից ու ժամից, բայց դեռ այսօր էլ մեր տոհմի բոլոր ընտանիքներում թուրք բառը համանիշ է բորենու, արյունարբու ճիվաղի…
Համրաքայլ բարձրանալով դեպի Եղեռնի զոհերի վեհաշուք հուշարձանը` հիմա ես գիտեմ և դարձյալ ասում եմ, փառք քեզ, Աստված, իմ հոշոտված ազգին հարություն ես տվել: Իմ ծնողները էլ խեղճ որբուկներ չեն, կորած շառավիղի ընձյուղը չեմ ես…

Մարիետա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բուժաշխատող

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։