Գր. Վերմիշևի «Ամիրսպասալար» գիրքը տպագրվել է 1968 թ. Մոսկվայում` Ստեփան Զլոբինի առաջաբանով: Գրիգորի Վերմիշևը Երկայնաբազուկ տոհմի ժառանգ էր և որպես իշխանական տոհմի շառավիղի` ենթարկվել է հալածանքների:
Մի քանի խոսք գրքի ճակատագրի մասին: Վրաստանի ղեկավարությունը գրքին սվիններով վերաբերվեց և արգելվեց վաճառքը ԽՍՀՄ տարածքում: Գիրքը թարգմանվեց հայերեն, սակայն թարգմանչի արտասահման մեկնելու պատճառով թարգմանությունը չտպագրվեց: Խնդրեցինք Մկրտիչ Սարգսյանին՝ այդ մասին տեղյակ պահել ԳՄ ղեկավարությանը, որպեսզի գրքի թարգմանությունը տպագրենք ուրիշի անունով: Չհամաձայնեցին, և գիրքն այդպես էլ չտպագրվեց հայերեն:
Գրքին ուղղակի անդրադարձից առաջ ուշադրությունը մի իրողության վրա: Նկատվում են հետաքրքիր գործընթացներ` կապված պատմական տարբեր ժամանակահատվածներում և տարբեր տարածքներում հայ մարդու գործունեությունը պատկերելու հետ: Եթե Վ. Խեչումյանի, Հովհ. Ղուկասյանի, Գ. Դևրիկյանի վեպերին ու պատմվածքներին հավելենք Աղ. Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» վիպակը, երբ հայ մարդը Կոլումբոսի հետ հասնում է Ամերիկա, կամ հայ բրուտը Զ. Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավորը» վեպում դառնում է բյուզանդական կայսրության միահեծան տեր ու նոր հարստության հիմնադիր, ապա նշանակում է, որ միտում կա մեծացնելու հայ տեսակի «պատմաաշխարհագրությունը»: Այս շարքում որոշ վերապահությամբ (կապված բնագրի լեզվի հետ, որ ռուսերենն է) կարող ենք դիտարկել Գր. Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպը, որ ներկայացնում է հայ-վրացական պատմության մի զարմանալի ժամանակահատված` Զաքարյան-Երկայնաբազուկների կայանալու և հայոց երկրի մի նշանակալի հատված արաբական ու սելջուկյան զանազան իշխանություններից ազատագրելու և միավորելու հետ: Գրքի հեղինակը, կապված այս տոհմի հետ, հարկ է համարել ծանոթագրել. «Մխարգրձելի – Անիի գրավումից ի վեր, 1169 թվականին, վրացական տարեգրություններում հանդիպում է հիշատակում այս նոր իշխանական տոհմի մասին: Թուրքերեն թարգմանությամբ Արղութ, ռուսերեն` Դոլգորուկի, հայերեն` Երկայնաբազուկ: Այդ ֆեոդալական տոհմը 12-14 դդ. տվել է հինգ աթաբեկ (գահապահ, խնամակալ), ութ գլխավոր հրամանատար և Վրաստանի հինգ նախարար»: Սակայն եթե հեղինակը տեղյակ լիներ բանաստեղծ, «Մազե կամուրջ» պատմավեպի հեղինակ Արմեն Մարտիրոսյանի կարծիքին, ըստ որի` այս տոհմը սկզբնավորվել է Մոկաց և Կորդվաց աշխարհներից, և «այս տոհմի ճյուղերից մեկը տեղափոխվել է Ռուսաստան` հիմք դնելով Դոլգորուկիների (Երկայնաբազուկների) մեկ ուրիշ իշխանության, որի նշանավոր ներկայացուցիչներից մեկը` Յուրի Դոլգորուկին, 1147-ին կհիմնի Մոսկվա քաղաքը. մի անվանում, որն այսօր էլ դեռ չեն բացահայտել-ստուգաբանել ռուս պատմաբանները: Այնինչ ինձ թվում է, թե դա հայկական «Մոկս կամ Մոկսիա» անվանումների ռուսացված տարբերակն է», ապա վեպը` որպես գեղարվեստական արդյունք, բոլորովին այլ կլիներ:
Գր. Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպը 2012 թ. տպագրել է ՀԳՄ հրատարակչությունը` Թադևոս Խաչատրյանի թարգմանությամբ և Սեդա Վերմիշևայի ներածական խոսքով: «Ամիրսպասալար»` «Զորահրամանատար» գիրքը կազմված է չորս մասից` «Խոժոռնի ամրոցը», «Թամար», «Անի», «Երկաթե զորավարը»: Գրքի ժանրը թերևս չբնութագրենք միայն պատմական բառով. այն պատմական-արկածային է: Պատմական նյութի գեղարվեստական մարմնավորման ընթացքում լայն տեղ է հատկացված նաև արկածային տարրին, որ արագություն ու ռիթմ է հաղորդում ընթերցմանը: Սակայն երբեմն էլ հեղինակը, թերևս գրողական անփորձության հետևանքով, ստեղծում է ընդամենը մեկ անգամ դրսևորվող հպանցիկ կերպարներ կամ սյուժետային զարգացումներ, որոնք սկզբունքորեն քիչ բան են հավելում հիմնական ասելիքին: Վեպն սկսվում է «Խոժոռնի ամրոցը» մասով, մասնավորապես իշխան Սարգսի ավագ որդի Զաքարեի ծնունդով: Գրիգորի Վերմիշևի հանգիստ շարադրանքի մեջ ջղաձիգ ոչինչ չկա: Սարգիսը զրուցում է կուրացած հոր հետ` որդուն հոր անունով` Զաքարե կնքելու համար: Հեղինակը լրջորեն ուսումնասիրել է հայ, վրաց, օտարազգի պատմիչների, անգամ արխիվների տեղեկատվություն, սակայն Զաքարե ապագա ամիրսպասալարի ծննդյան հարցում առաջնորդվել է Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տվյալներով, ըստ որոնց` «Թամարը [իր հայր] Գեորգի թագավորի մահից հետո մեծ պատվի արժանացրեց հայ-քրիստոնյա Զաքարե իշխանի որդի Սարգսի որդիներին` Զաքարեին և Իվանեին` նրանց հասցնելով բարձր աստիճանի»: Նույնն է ասում նաև Կիրակոս Գանձակեցին. «Սա [Աբասը] կին է առնում Վահրամի թոռ Զաքարիայի որդի բարեպաշտ իշխան Սարգսի դստերը` մեծամեծ իշխաններ Զաքարեի ու Իվանեի Նանա անունով քրոջը»:
Գրողը ժամանակը և միջավայրը պատկերելու խնդիր ունի, և բնականաբար ներկայացնում է Վրաստանը, արքա Գեորգի Երրորդին, ով միայն Թամար անունով ժառանգորդ ունի, և ինքն էլ գահը փաստորեն խլել է իր եղբորորդուց` Դեմնայից: Սկիզբ է առնում վիպական բախումը, արկածային վեպին բնորոշ կոնֆլիկտը: Շտապում է Օրբելին` Դեմնային գահին նստեցնելու համար, դիմում է ապստամբության, և թագավոր Գեորգին բնաջնջում է Օրբելիների տոհմը: Մեծից մինչև փոքրը որպես դավաճաններ սրատվում են: Սրընթաց են զարգանում մյուս դեպքերը. Անիի գրավումը, քաղաքի ապստամբությունը, Անիի էմիրի փախուստը, Սարգսի` Երկայնաբազուկ իշխանական կոչումը: Սքանչելի դետալ է «Տեսիլքը տաճարում» պատկերը, երբ գյուղից քաղաք եկած Զաքարեին թվում է` արքայի մոտ կանգնած Թամարը հրեշտակ է: Սա էլ կարծես ածանցվել է Դանտեի` Բեատրիչեին առաջին անգամ տեսնելու պատմությունից:
Մխիթար Գոշի մուտքը ևս կարևոր է: Հիշատակվում են «Դատաստանագիրք» գրելու հանգամանքը, Զաքարեին կրթելու պարագան: Կիրակոս Գանձակեցին գրում է. «Սրան [Մխիթար Գոշին] մեծապես հարգում էր վրաց թագավոր Թամարի հայր Գիորգին»: Մխիթար Գոշը նաև հայրենասիրության դասեր է տալիս Զաքարեին:
Խոսվում է Թամարի առաջին և երկրորդ ամուսնությունների մասին, սակայն սրանց արանքում կա մեծ սերը Զաքարեի ու Թամարի միջև: Սարգսի մահից հետո Թամարի հետ բարձրանում է Զաքարեն: Թամարի հորաքույրը` Ռուսուդանը, դառնում է կենտրոնական ֆիգուր: «Հեշտ խնդիր չառաջադրեց թագավոր եղբայրը: Որտե՞ղ փնտրել համապատասխան ամուսին տասնչորսամյա եղբոր դստեր համար: Որպեսզի լինի արքայական ցեղի և դրա հետ մեկտեղ անպայման ուղղափառ հավատի»:
Ծանր ու դժվարին էր Թամարի գահակալությունը. Վրաստանում առաջին անգամ էր կինը նստում արքայական գահին ¥ապա և այդ գահին բազմեց Թամարի դուստր Ռուսուդանը: Այս վերջինի պատմությունն է դարձել Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի հիմքը¤: Ծուռ հայացքով էին նայում անգամ հարազատները: Երևույթն անսովոր էր նաև Ռուսուդանին: Պատմավեպի գյուտերից է Ռուսուդանը: Լինելով ավագ` նա և՛ օրինապահ է, և՛ խելացի: Իսկ Թամարի ռուս ամուսին Յուրի Անդրեյիչը ¥արդեն հիշատակված Յուրի Դոլգորուկիի թոռը, ում հետ Թամարի ամուսնությունը տևեց ընդամենը երկու տարի¤ ջահել է:
Թամարի ձևավորման գործում մեծ է նաև Ռուսուդանի դերը:
Վերմիշևը կարողանում է ստեղծել հետաքրքիր գեղարվեստական մանրամասներ: Այս տեսակետից ուշագրավ է արքունական ոսկերիչ Բեկ Օփիզարին տված պատվերը: Թամարը պատվիրում է սրբապատկեր` առանց մանուկ Հիսուսի: Դա Թամարի պատկերն է` ետևում մազերի թաքստոց: Հետաքրքիր է Թամարի և Զաքարեի բաժանումը: «Մենք պետք է բաժանվենք, այդ են պահանջում տերության շահերը». և՛ ռազմական, և՛ սոցիալական, և՛ մշակութային զորացումները կապված են իրար հետ: Շոթա Ռուսթավցու ծնունդը ևս դա է վկայում: Թամարի գահակալության շրջանը նաև վրացական վերելքի շրջան է: Լավ է ստացվել Շամխորի ճակատամարտի պատկերը, որը վիպական, պատմական ու տիպական է, խոսում է հայ և վրաց զինվորների սխրանքների և Զաքարե Երկայնաբազուկի զինվորական տաղանդի, ռազմական խիզախման մասին: Վեպում նաև Անիի, Դվինի, Բասենի ճակատամարտերի նկարագրություններ կան:
«Անի» և «Երկաթե զորավարը» մասերին բնորոշ են արկածային վեպի տարրեր: Անիի գաղտնարանում գտած գանձերով Զաքարեն վերականգնում է հայոց հին այրուձին, փիլիսոփայական դպրոց է բացում, վերականգնում է նաև երկրի շատ ու շատ օղակներ: Հետաքրքիր են նրա խոհերը` տեղ գտած Մխիթար Գոշի հետ զրույցներում. «Որպես ռազմի մարդ` ուղիղ կասեմ քեզ, հա՛յր Մխիթար, լավ տեղ չէ ընկած մեր Հայաստանը: Ավելի վատ` չես էլ պատկերացնի… ուղղակի արևելյան անապատներից եկող քոչվորների ճանապարհին»: «Եվ ես քուն ու հանգիստ չեմ ունենա մինչև այն ժամանակ, քան Մեծն Հայաստանը` մեր նախնյաց տերությունը, մեր նախկին սահմաններում չվերականգնեմ»: Եվ Զաքարեն` Հյուսիսային Հայաստանի անթագակիր արքան, իր ողջ գործով հետամուտ է Հայաստան աշխարհի միավորմանը: Սա է այս վեպի գլխավոր ասելիքը:
Գրքի չորրորդ մասը սկսվում է պապական Վատիկանով: Վերմիշևը ստեղծել է զարմանալի մի կերպար, որին լրտես է անվանում` Գարեգին Հեթումյան-սիրիացի վաճառական Բաշիր: Լրտեսները թերևս արաբ դերվիշներն են, որոնց բռնում ու մահապատժի են ենթարկում: Իսկ Գարեգին Հեթումյանը մերօրյա պատկերացմամբ հետախույզ է: Նա Զաքարեին արժանահիշատակ տեղեկություններ է հաղորդում խաչակիրների արշավանքի, մահմեդական աշխարհի, նրանց զորքերի շարժի մասին: Խաբում են խաչակիրները և Երուսաղեմ արշավելու փոխարեն հարվածում են Կոստանդնուպոլսին: Դրանով ազատում են սելջուկ թուրքերի ձեռքերը, և Զաքարեն հասկանում է, որ դրանք պետք է հարվածեն Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ: Հեղինակը վառ գույներով է պատկերել Կոստանդնուպոլսի անկումը: Նուքարդինը թաքցնում է իր պլանները: Զաքարեն ճիշտ է կռահում, թե երբ կարշավի Նուքարդինը: Զաքարեի խիզախումն էր դա` դուրս գալ հայրենի հողից, գնալ դեպի Հայաստանի արևմտյան կողմերը և նախահարձակ լինել քնած թշնամու վրա: Իր բազմադարյան պատմության մեջ Կովկասը դեռևս երբեք այդքան հզոր զինուժ չէր ներկայացրել. մեծ էր հաղթանակը: Վրացիներն ու հայերը կովկասյան մյուս ցեղերի հետ շատ մեծ հաղթանակ տարան Բասենի ¥Դարոյնքի¤ ճակատամարտում:
Հեղինակը չի բավարարվում միայն Վրաստանի ու Հյուսիսային Հայաստանի պատկերումով. իրադարձությունները պատկերված են ժամանակի պատմական իրադարձությունների ֆոնին, և տեղ են գտել Կիևյան Ռուսիան` Վսեվոլոդ Մեծ Բույն իշխանով, Բյուզանդիան ու Հռոմը, Կիլիկիայի հայոց թագավորությունը: Եվ ներկայացվում է Հայաստանի բարեկեցությունը Թամար թագուհու աչքերով. «Հայաստանում Թամար թագուհու խորաթափանց հայացքը նկատեց ամեն բան. թե՛ հիանալի մշակված դաշտերն ու այգիները, թե՛ բազմաքանակ լեռնային աղբյուրները, թե՛ Ձորագետի ափի պղնձաձուլարանները, թե՛ ճանապարհների ու կամուրջների գերազանց վիճակը, որոնցով հաճախակի անցնում էին վաճառականական մեծ քարավանները, բարեկառույց, մերձճանապարհային իջևանատները: Հենց Անիի մոտ թագավորական երթն անցավ բանջարանոցների ու այգիների լայն արահետով, որոնցով շրջապատված էր Հայաստանի մայրաքաղաքը»:
Գր. Վերմիշևը թերևս առաջնորդվել է այն նույն զգացողությամբ, ինչ արձանագրել է Արմեն Մարտիրոսյանը. «Գերագույն հաճույք է Զաքարյան իշխանական տոհմի մասին գրելը: Եթե հայոց պատմության մեջ այդ պահերը հրաշքով երկարեին, տևական շարունակվեին սերնդեսերունդ, մեր երկիրը, հաստատ է, բոլորովին այլ ուղիով կընթանար, հայ ժողովուրդը զորավոր պետականություն կունենար իր ժառանգական տարածքի վրա»:
«Ամիրսպասալար» վեպը լրացնում է հայոց պատմավեպի մի բացը: Միջնադարը սովորաբար վրիպել է մեր պատմավիպասանների աչքից: Միքայել Շաթիրյանի, Հովհ. Ղուկասյանի, Վիգեն Խեչումյանի, Գևորգ Դևրիկյանի, Արմեն Մարտիրոսյանի, այլոց վաստակը չթերագնահատելով` նշենք նաև Գրիգորի Վերմիշևի անունը` հավելելով հայ պատմավիպասանների շարքում: Վերմիշևը հայ պատմավիպասանների զինակիցն է, արմատներով ու ոգով հայ:
Հարկավոր է տպագրել Գրիգորի Վերմիշևի «Թամթա» ¥«Ամիրսպասալար» վեպի «Հեղինակի մասին» ներածականում Սեդա Վերմիշևան գրում է «Տամտա», որ ռուսերենից թյուր տառադարձության արդյունք է: Վեպն ամենայն հավանականությամբ վերաբերում է Իվանե Զաքարյանի դստերը` Թամթային, ով «դարձավ Կուզի ու նրանից հետո Աշրափի կինը» ¥Կիրակոս Գանձակեցի¤¤ և «Հրաձիգ ժողովուրդ» վեպերը, որով կամբողջանա Գր. Վերմիշևի եռագրությունը: