ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ / ՍՈՒՐԲ ԿՈՄԻՏԱՍ

(Ռեքվիեմ)
Հայրենի երգն ես դու մեր…
Ե. ՉԱՐԵՆՑ
1
Ես աչքերիդ միջով հոգիդ եմ մտնում,
ինչպես վերադառնամ հայրենի երկիր,
ինչպես վերադառնամ հայրական տուն,
որ լքել էի մի օր առանց երգի,–
այդ Հայրենիքը դու փրկեցիր երգով,
ու վերադարձրիր նրան հոգին կորած,
– բայց չփրկե՜ց քեզ Հայրենիքը քո,
և հայտարարեց – խելագարվա՛ծ:

2
Բայց չփրկեց քեզ Հայրենիքը քո,
– թեև ետմահու տվեց փառքեր,
թեև փրկեց իր հոգին քո երգով,
և քո երգով իր ճամփան հարթեց,–
և քո երգո՜վ է ներկայանում
աշխարհին ահա – որպես հայ դեմք,
աշխարհին ահա – որպես հայ անուն,
և քո երգո՛վ է կանգնում աշխարհի դեմ:

3
Եվ քո երգով է կանգնում աշխարհի դեմ,
և հաղթում է – ինքը զարկված-զրկված,
և հաղթում է – ինքն էլ չիմացած դեռ,
որ զենքից զորեղ – ե՜րգն է փրկված,
բայց երբ բոլորին կանչում էր տուն,
և հորդորում էր՝ արի՜, արի՜ –
քո եղբայրը, որ ազգ էր հավաքում,–
մոռացա՜վ ծայրում քեզ այլ աշխարհի՛:

4
Օտար Փարիզի հոգեբուժարանում…
ՍԼ. ՉԻԼՈՅԱՆ
Այնինչ դու երբեք զարկված չէիր,
և ոչ էլ նույնիսկ – խելագարված,
դու կարող էիր ունենալ մի հին
թեկուզ և խրճիթ, թեկուզ ո՜չ պալատ՝
Հայրենիքիդ մի անկյունում կանաչ,
ծառի տակ, խազիդ վրա հակված,
– ինչպես նկարեց քեզ հերոս Վանա
մյուս եղբայրըդ – զինվորագրվա՛ծ:

5
Եվ հավերժացրեց քեզ կտավում այն,
ինչպես սրբացրեց ժողովուրդը քեզ,
– ավաղ, քո մահից հետո միայն,
երբ իր վերքերը մի քիչ ամոքեց,–
ու քեզ բերեցին փակ դագաղով,
իբրև հերոս,– ո՜չ խելագարված,
– և համբուրեց քեզ Չարենցը ահով,
որ ի՛ր համար էր նաև հոգում պահված:

6
Օ, երջանկությո՛ւն պարզ, մարդկային,
որքա՜ն քիչ ես և որքա՜ն փնտրված,
և որքա՛ն քիչ ես դու տրվում հային,
և որքա՜ն թանկ է այդ քիչը տրված,–
քեզ այդ քչից էլ քիչը հասավ,
բայց առավելը – քե՜զ հասավ նաև,
– քանզի ելնում ես որպես Երգի Աստված,
և շողարձակում որպես Երգի Արև:

7
…Ես նայում եմ քո պարզ նկարին,
և աչքերիդ միջով հոգիդ մտնում,
– ու թեև անց է հարյուր տարի՝
ես քո հոգու մեջ ինձ եմ փնտրում,
ես հավաքում եմ ձիրքերս հիմա,
և դնում եմ քո ոտքերի տակ –
և մրմնջում եմ՝ ես չունեմ մահ,–
ես հավերժ եմ քեզնով, Սուրբ Կոմիտաս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։