Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և Սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծու պատկերով ու նմանությամբ արարվածը, և, ուրեմն, նրան առաջնորդողները պետք է լինեն արդարությունը, մարդկային արժեքները, բարու և գեղեցիկի լույսը… Եվ արդեն մեկ դար է, որ աշխարհը` իր մտքերի խառնիճաղանջ քաոսում դեգերումների արդյունքում, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել և ճիշտ ու սխալի մասին պատկերացումների իր մղումներով լրիվ այլ կողմ է գցում քայլը: Ասես դեռ համառորեն աշխատելով մեզ հակառակն ապացուցել, որ մարդկության արմատը բոլորովին էլ մարդը չէ, որ աշխարհն այլևս որդեգրել է մի այլ … ություն, որը մինչ այժմ եղածի լրիվ հակապատկերն է ու ժխտումը: Որ իրենց ավելի հարազատն ու սրտամոտը տմարդն է պարզապես…
Եվ դա է պատճառը, որ ոճիրն ու բռնությունը մեր օրերի կերպն ու գույնն են դարձել և, իր ճանապարհին հակազդում չտեսնող վիրուսի նմանությամբ, շարունակում են սփռվել ամենուր ու տիրել մոլորակին: Իսկ… արդարության կշեռքի նժարն ավելի է թեքվում դեպի կեղծիքը, սուտը, անմարդկայինը…
Վերջին ժամանակներում` նոր իրավիճակներին համապատասխան, գիտնականների կողմից առաջ քաշված տերմինների մեջ հանդիպում է «մարդու էկոլոգիա» հասկացությունը: Որ է մարդ-բանականի հոգևոր էկո-համակարգի գործունեությունը: Մարդը միայն անմիջական ներգործությամբ չէ, որ ոչնչացնում է իրեն իսկ սնուցող շրջակա միջավայրը, շատ ավելի կարևոր է նրա հոգևոր վիճակը և այդ վիճակի ազդեցությունը բնության վրա… Անգամ բացասական մտքերն են խախտում, փաստորեն, բանակա՛ն հողագնդի հավասարակշռված վիճակը, ուր մնաց, թե` գործողության վերածված հանցանքը, սպանությունը… էլ չեմ խոսում ցեղասպանությունների և հատկապես մեր Մեծ եղեռնի մասին:
Դատապարտում և հատուցում պահանջելով՝ մենք այն պահանջում ենք արդեն լրջորեն հիվանդ մարդկության և մոլորակի համար: Մենք խիղճ ենք փորձում արթնացնել սառնասիրտ և անտարբեր հանցագործների կամ նրանց համախոհների մեջ` նրանց իսկ բումերանգի հետադարձ ալիքից պաշտպանելու նպատակով:
Մենք պարտավոր ենք ամեն գնով հասնել արդարության, որովհետև սրտատրոփ դրան են սպասում ոչ միայն մեր նահատակների թափառող և վիրավոր հոգիները, ոչ միայն մեր` նախնիների անթաղ մարմիններն իր գրկում փայփայող որբուկ հողը, ոչ միայն ծավի աչքերը կարոտից մշուշված Վանա կապույտ դիցուհին, ոչ միայն աշխարհով մեկ սփռված` անարդարության ցավեցնող կսկիծը հոգիներում անթեղած, Եղեռնից մազապուրծ հայերը, ոչ միայն հսկա հայրենիքի հազիվ փրկված մի փոքրիկ հատվածում ապրողներս, այլև ողջ մոլորակը և մարդկությունը…
Մեծ է մեր առաքելությունը, և դրա համար է մեծ նաև մեր դեմ ծառացած խավարի ուժը: Եվ վստահ պետք է լինենք, որ շատ ավելի մեծ է նաև մեր թիկունքին Կանգնածի պահպանությունը…
Այդ է պատճառը, որ որքան էլ այդ քոչվոր ցեղը, դաժանաբար ոչնչացնելով մեր հայրենակիցների մի հսկա մասին, իսկ մնացածներին սփռելով աշխարհով մեկ, անամոթաբար տեր կարգեց իրեն մեր հայրենիքում, իր փոխարեն մեզ դարձնելով աշխարհի ճանապարհներին թափառաշրջիկ ու նժդեհ, այնուամենայնիվ չկարողանալով իր ծրագիրը մինչև վերջ կատարել: Մինչև վերջը հայերին մինչև վերջին մարդը ոչնչացնելն էր:
Պատվիրատուները դժգոհ մնացին և դժգոհ են մինչ այժմ…
Բրիտանական հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը, ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսին տված հարցազրույցում բացահայտորեն արտահայտում է իր և իր կառավարության դժգոհությունը թուրքերից՝ այդ հարցում նրանց պրիմիտիվ համարելով: Նա ցավով նշում է. «Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, թշնամի ցեղերը դադարեցրել են գործը մինչև բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը լուծելու, միշտ էլ այստեղ-այնտեղ թողնում էին մի-մի զույգ Ադամ ու Եվա, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ, հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր»…
Այնպես որ, հենց այնպես չէ Թուրքիան դեռ մարսում իր գործած հանցանքը, վաղուց արդեն գրեթե բոլորը գիտեն, որ այդ գործում նա միայնակ չէր և պատվիրատուներ ուներ:
Եվ ինչո՞ւ ենք զարմանում, որ մեկ դար անց` Հայաստանի՞, թե՞ Թուրքիայի հրավերն ընդունելու վճռի առաջ կանգնած, շատերի սրտի նժարը առավել դեպի երկրորդն է թեքվում. «Հանցագործի ոտքերը նրան իր հանցանքի վայրն են միշտ տանում»: Պետք չէ շատ անհանգստանալ, չէ՞ որ այդպես` աշխարհին ի ցույց, առաջին անգամ իրարից ջոկ ասես խմբվելու են «թացն ու չորը»: Գուցե դա մեզ նաև համարձակություն հաղորդի, ի վերջո, մեղադրանքի և հատուցման գոնե ակնարկներ ուղղել Թուրքիայի արյունոտ ձեռքերին ուղղություն տված գերտերությունների և ուժերի այսօրվա ներկայացուցիչներին:
Վախն ու չափից ավելի զգուշավորությունը վատ խորհրդատուներ են:
Վախենալ և հուսահատվել պետք չէ նույնիսկ այս անելք թվացող ժամանակներում: Որովհետև բազում անելք և ամենակուլ դարերով մեր անհավանական և դարձյալ միայն հրաշք թվացող երթը հուշում է, որ, ինչպես արդեն ասացի, մենք Աստծու պահպանությունն ունենք և մեր կարևոր առաքելությունը այս հողագնդի վրա: Դա օտարներն են անգամ հաճախ ստիպված լինում խոստովանել:
Անցյալ դարասկզբին ոճրագործն ինչ-որ չափով հաջողեց իր զազրելի գործում, որովհետև հայն անզեն էր կանգնած թուրք խուժանի առաջ: Եվ անցյալ դարասկզբին կիզակետում ինքն էր միայն: Նույն ուժերը և նրանց նոր և այլ պարագլուխներ այսօր արդեն մասշտաբներով ավելի հսկայածավալ ծրագրեր ունեն. ոչնչացման հերթն արդեն գրեթե ողջ մարդկությանն է: Եվ հենց միայն մենակ չլինելը մեզ համար ավելացնում է չպարտվելու շանսերը:
Ավելին. Արցախյան հերոսամարտում մենք ցույց տվեցինք ազերի-թուրքին, մյուսներին, և ինքներս էլ հասկացանք, որ եթե մեր հույսը դնում ենք միայն մեզ և Բարձրյալի վրա ու ելնում կռվի, ապա միայն մեր ոգով կարող ենք հրաշքներ գործել: Դա մեր կյանքի կանոնը պետք է դարձնել` երբեք չվստահել որևէ օտարի և ապրել մեկմեկու զորավիգ լինելով` միավորած ողջ հայության ուժերը Սփյուռքում և այստեղ… Ոչ մի երկիր իր շահերից դուրս որևէ մեկի չի օգնում: Պետք է ապրենք այլևս ավելի ճիշտ հասկանալով նաև մեր ուժն ու մեր թերությունները… Ուժը բազմապատկելով, իսկ թերությունները շտկելով կամ արմատախիլ անելով: Մեր թերություններից մեկը հայրենիքը դժվարությունների ժամանակ հեշտ, գուցե նաև ոչ հեշտ, բայց միևնույն է` թողնելու արդեն արմատացած ելքն է: Կենցաղն ինչպիսին էլ լինի, պատճառ չպետք է դառնա երկրից հեռանալուն, որը մեր անցյալի և այսօրվա հերոսների արյունով է կանգուն:
Մնալով է, որ կարող են ստեղծված բարդություններն ու խնդիրները լուծում ստանալ:
Մնալով է, որ կարող ենք զորացնել մեր բանակը, երկիրը, ներկան ու ապագան:
Աշխարհը շախմատիստների թվով և որակով զարմացրած ժողովուրդը կյանքի «շախմատային խաղում» կարծես ամենաանճարակն է: Երևի թե մենք կյանքում խաղալ չենք սիրում` ինչպես այլք, մենք լուրջ ենք վերաբերվում կյանքին և այն պարզապես ապրում ենք խաղաղ ու մարդավարի… Եվ չենք ցանկանում գիտակցել, որ վաղուց այդ աշխարհն ու կյանքը թատերաբեմ է: Այ, երբ գիտակցե՜նք և կյանքում էլ օգտագործենք շախմատիստի մեր բնատուր ձիրքերը… Միայն թե մենք կխաղանք հանուն ողջ մոլորակի, հանուն «մարդ» արմատով մարդկության բարօրության: Ես հո գիտե՜մ մեզ: Եվ, իհարկե, նկատի չունեմ Նժդեհի ասած «հայի տականքին», իմ խոսքն իսկական հայի մասին է: Բայց այդ նույն «անտանելի» Լոուրենսը այլ կարծիք ունի և վերը նշված հարցազրույցում շարունակում է. «Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»:
Տեսնո՞ւմ եք՝ ինչ «սարսափելին» ենք մենք…
Եվ դեռ ուզում ենք… պարզապես ապրե՞լ…
Վերջ, խաղալ ենք սկսում…
Ես շախմատ խաղալ չեմ փորձել, բայց կարծում եմ՝ ազգս ինձ այդ կարևոր գենից զրկած չի լինի: Միայն թե, անգամ փորձի համար, տախտակի վրա ժամանակ չեմ պատրաստվում վատնել: Աշխարհային հարթակն ավելի հարմար է: Խաղալ ենք սկսում` շախ և մատի կռվադաշտում հեռատեսի մեր բնատուր տեսողությունը բացած և միշտ կանխատեսելով մի քանի քայլ առաջը…
Բայց չմոռանալով նաև, որ մինչ մենք տախտակի առաջ խաղալով ենք զբաղված, ամենատգետներն անգամ աշխարհի հարթակին խաղի վարպետներ են դարձել: Այնպես որ, սկզբի համար ստիպված ենք, հպարտություն, այս-այն մի կողմ դրած, թեկուզ ծիկրակելով նրանց թիկունքից, դասեր առնել գոյատևության:
Ախր, Բարձրյալն էլ երբեմն հանգստի կարիք ունի…
Իսկ ամենակարևոր և առաջին դասը, այնուամենայնիվ, այն է, ինչ արդեն ասվեց, ինչն արդեն մեծ հաջողությամբ իրագործում են ուրիշի հողին տիրացած և ուրեմն այնտեղ ամենաքիչ իրավունքն ունեցող և դրանից էլ հենց ամենախորամանկ, նենգ ու խարդախ ցեղերը. դա ժողովրդի աճն է և հողին տեր կանգնելը…
Ասել է թե` երկրի և ազգի պահպանություն ամեն գնով: Ասել է թե` մնալով հողի վրա, յոթ որդով և ավելիով սեղան նստելով, ի հեճուկս կենցաղային կամ այլ դժվարությունների, մի կողմ դնելով եսասիրական ցանկացած դրսևորում և մեկմեկու հանդեպ սիրով ու հոգատարությամբ լցված: Ինչն այնքան պակասում է մեզ…
Այդ սիրո պակասն է, որ մեզ թույլ է տալիս մեր երկու օրվա հացի խնդիրը լուծել ստորացուցիչ ընտրակաշառքով` վտանգելով երկրի, ժողովրդի, մերձավորի ապագան: Այդ սիրո պակասն է, որ, մի փոքր ավելին տուն տանելու համար, յուրաքանչյուրը իր տեղում` կշեռքի դիմաց կանգնած թերակշռելով թե մի այլ կերպ, խլում է, թալանում դիմացինից…
Սիրո պակասից է, ոչ թե կենցաղի դժվարություններից, որ քիչ երեխաներ են ծնվում մեր օջախներում…
Սիրո պակասից է, ոչ թե… Ո՞ր մեկն ասեմ: Իսկ… ազգի և անհատի իրավունքներից և շահերից ավելի բարձրը կա, և դա հայրենիքի շահն է: Վերջին հաշվով, այդ շահը պաշտպանելն էլ հենց իր` անհատի շահի համար է: Այսպիսի ժամանակների թատերաբեմում ամեն ոք պարտավոր է ազգի զինվոր զգալ իրեն, զինվորագրվել ազգը զորացնելու և թշնամուն դրանով դիմակայելու գործին: Եվ այժմ` 2015 թ.-ին, պետք է մեր հոգում անթեղած մեր զոհերի ցավը մեղմացնելու նոր ելքեր փնտրենք:
Բնական է, որ դրսի աշխարհից դատապարտության, ճանաչման, հատուցման պահանջը ավելի է պետք բարձրաձայնել, այնքան, մինչև, ի վերջո, այն տեղ հասնի…
Իսկ մեր ներսում` մեր համախմբումն ու զորանալը միայն կարող են մեր այսօրն ու ապագան նոր ուղի հանել… Զորանալ… օր առաջ ևս մեկ հայով ավելացնելով մեր ազգը… Զորանալ… Լուսավորելով այս` ինչ-որ տեղ անցյալի ստվերներով մշուշված 2015-ը՝ այն դարձնելով Շարունակության և Հարության տարի…
Ի հեճուկս հային մինչև վերջինը ոչնչացնելու մաղձով տոգորված թուրքի, ադրբեջանցու, մյուսի, այն մյուսի…
Ի հեճուկս խավար դարերի խավար խորհուրդների…
Ու ավելի կհեշտանա աշխարհին համոզելը, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծու պատկերով ու նմանությամբ արարվածը, և, ուրեմն, նրան առաջնորդողները պետք է լինեն արդարությունը, մարդկային արժեքները, բարու և գեղեցիկի լույսը…
Եվ … «հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսնի, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր»…