Ես չգիտեմ՝ պատմության մեջ եղե՞լ են ժամանակներ, երբ մարդու և ժամանակի նպատակները համընկել են, երբ նրանք հաշտ են եղել իրար հետ, բայց այսօր ժամանակի թափանիվը մեզ ծամում է, իսկ մենք դիմադրում ենք՝ գործի դնելով մարդ լինելու անեծքն ու առաքելությունը: Այսօր մենք երկատված ենք՝ մի կողմից պայքարում ենք անմարդկային ժամանակի դեմ, մյուս կողմից ձգտում ենք քայլել նրան համընթաց: Ցավոք, մեզ ո՛չ մեկն է հաջողվում, ո՛չ մյուսը: Մենք չենք հասնում նրա ետևից ոչ թե այն պատճառով, որ նա արագ է հոսում, այլ՝ որ մենք կանգնած ենք: Մենք չենք հաղթում ոչ թե այն պատճառով, որ թույլ ենք, այլ՝ որովհետև կանգնած ենք, չենք պայքարում: Եթե հավատանք բնության օրենքներին, կանգառը մահն է: Գոյության բազմաթիվ ձևերից կարծես թե դա՛ է մեզ պարտադրվում: Իսկ մենք կանգնած ենք…
Վերջին քսանամյակում ժամանակը սրընթաց փոփոխություններ է բերում, շոշափելի փոխվել է կյանքն աշխարհում, իսկ իմ սպասելիքը մնում է անփոփոխ՝ ապրել այնպիսի երկրում, որտեղ միտքն ու մտավորականը գնահատված են, որտեղ իշխանավորներին կկոչեն ոչ թե կենդանիների, այլ՝ աստվածների անուններով: Ինչպես գրականության մեջ, կյանքում ևս համարձակությունը տաղանդի ցուցիչ է: Կա թե չկա Ձմեռ պապին՝ իմ գործը չէ, բայց մեզ համարձակություն ու հաղթանակ պիտի բերի այս տարի: