Արյունը ջուր չի դառնում / Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մհեր  ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆվիրում եմ հորս՝
Վրեժ Իսրայելյանին,
հույսով, որ մի օր կկարդա

Խորհրդային երկրի ծայրամասային քաղաքներից մեկում գրողների ինչ-որ համագումար էր, լճացման տարիներին բնորոշ ուտել-խմելու այն հազարավոր միջոցառումներից մեկը, ուր ամեն ինչ անցնում էր նախօրոք ընդունված արարողակարգի համաձայն, առանց էական անակնկալների: Ասում են, Թիֆլիսում տեղի ունեցող նման միջոցառումների ժամանակ, երբ եղջյուրներից հորդող առատ գինին անում էր իր սև գործը, այդ քաղաքում ծնվելու բարեբախտություն ունեցած նախկին բռնապետի կենացը խմելու ծեսը մի սովորական բան էր: Այնքան սովորական, որ գահավորակին թառած ու անձեռնմխելիությամբ օժտված թամադայի մտքով չէր էլ անցնում, որ ինչ-որ մի երիտասարդ, նորելուկ գրող, համարձակվելու էր անհաղորդ մնալ կենացը խմելու հորդորին, կասկածի տակ առնել իր հեղինակությունը, այն էլ հարևան Հայաստանից, որտեղ ըստ արժանվույն գնահատում են հյուրասիրության հարգն ու ավանդույթը: Բանը չխմելով չէր պրծնելու, երկու ժողովուրդների դարավոր եղբայրությունը փրկելու բանաստեղծ ընկերոջ երկչոտ փորձն էլ չէր օգնելու: Տարբեր ազգերի իննսունինը գրողները, որոնք կոչված էին գավաթների պարունակությունը դատարկել ցմրուր, շուտով պիտի քարանային, տեսնելով, թե ինչպես է որպես հուշանվեր բոլորին բաժանված և գինով լցված կուժը, ի նշան բողոքի, բախվում սալահատակին ու հազար կտոր լինում: Եթե պապս ժամանակին արդարության փնտրտուքի տենդի մեջ գարեջրի շիշը ոստիկանապետի գլխին կոտրած չլիներ ու հորս առաջին ճիչի պահին բանտում չհայտնվեր, գուցե անունը Վրեժ չկնքեր, ու իրադարձություններն էլ այլ կերպ ընթանային, ո՞վ գիտի: Բայց ինչ եղել` եղել է, ստիպված ես ենթարկվել արյան թելադրանքին, որ Սասունի խելառներից հոսել-հասել է մեզ ու չգիտես, թե ուր կտանի:
Կիսատ թողած գործուղումից վերադառնալիս, բակում ֆուտբոլ խաղացող երկվորյակ որդիները բնազդաբար վազել էին գրկախառնվելու, հետո, չգիտես ինչու, եղբայրներից մեկը կանգ էր առել: Մինչև հիմա էլ չեմ հասկանում, ու ոչ մի հոգեբան կամ գուշակ չի կարող բացատրել, թե ինչու կանգ առա, բայց մի բան պարզ էր՝ այդ վայրկյանը սառեց-մնաց ժամանակի մեջ, ինձ թողնելով մի օտար, խելառությունից շեղված հեռահարության վրա: Ճանապարհը մինչև վերջ անցած և հորս գրկում հայտնված եղբայրս շուտով ժպիտը դեմքին անսպասելի հեռանալու էր այս աշխարհից՝ խոցելով բոլորիս սիրտը ու մի խորհրդավոր թախիծով պարուրելով մեր ընտանիքի հետագա կյանքը:
Սափորի փշրված բեկորները երեսուն տարի հետո, ճեղքելով ժամանակի պատնեշներն ու կտրելով օվկիանոսը, եկան ու լցվեցին աչքերիս մեջ, երբ պարզվեց, որ նախախնամությունը թե ճակատագիրը հորս համար հենց այդքան էին սահմանել, մի քիչ այսկողմ կամ այնկողմ: Այդ պահից սկսած՝ ժամանակի մեջ սառած անավարտ վայրկյանը նորից կյանք է առնում: Անհրաժեշտ է վազել, ընդամենը երեք վայրկյան: Ես նորից ութ տարեկան եմ, երկվորյակ եղբայրս ութ տարեկան է. հորս ձեռքը բռնած գնում ենք ֆուտբոլ նայելու: Հայաստանի համեստ հավաքականը Անդերսենի հեքիաթային քաղաքում հաղթում է դանիական հզոր ընտրանուն: Հայրս և եղբայրս ուրախությունից ճչում են, ամեն գոլի հետ հայրս վեր է թռչում ու գոռում, ձայնը կամաց-կամաց խզվում է, շուտով դառնալով անլսելի, պատկերն էլ շաղվում է և աստիճանաբար անհետանում իմ մանկական հիշողության ծալքերում, իր հետ կլանելով նաև եղբորս: Մենք հաղթել ենք, բայց ես հեկեկում եմ: Գուցե Կոպենհագենը, ֆուտբոլը, հաղթանակն ու այս ամեն ինչը երազ են, անավարտ հեքիաթի շարունակություն, ինչ-որ մեկի հիվանդագին երևակայության արդյունք: Սթափեցնում է միայն եղբորս հարցը, թե անագե տոկուն զինվորիկի ինչի՞ն էր պետք դիմել արկածախնդրության, եթե վերջում պիտի վառարան ընկներ ու հալվեր: Միայն աշխարհ տեսնելու համար արդյո՞ք արժեր զոհաբերել իրեն, արժե՞ր տուփից դուրս գալ: Չէ, ավելի լավ է գիրքը փակենք ու սկսենք ճանապարհ փնտրել: Որպեսզի ճանապարհը ճանապարհ դառնա, այն պետք է անցնել, երեք վայրկյան լինի թե երեսուն տարի:
Ամերիկահայ ամենախելառ գրողը իր նամակներից մեկում գրել է, որ հոր մահվանից հետո ամեն օր սպասում է նրա վերադարձին, գրել է ամենայն անկեղծությամբ և հավատով: Հիմա չգիտենք էլ՝ իրականացա՞վ իր երազանքը, թե՞ ոչ, բայց մի բան փաստ է՝ հայր և որդի հիմա միասին են, Բիթլիսում թե Ֆրեզնոյում: Եթե չլիներ հայրը, նա չէր ժառանգելու այն խելառությունը, որն իրեն երկինք էր տանելու, չէին լինելու այն բարձունքները, որ հիմա ետևում էին մնացել և չէին ծնվելու մեր պարզամիտ դատողությունները ժառանգականության, արյունակցական առնչությունների և այլ անտեսանելի հանգամանքների մասին: Գուցե հայրս էլ հավակնի Հայաստանի ամենախելառ գրողի կոչմանը, ի վերջո, հայերեն է գրել, ոչ թե անգլերեն, ի վերջո, ապացուցել է այդ խելառությունը գրչով, և ոչ միայն: Գուցե հենց այն պատճառով, որ հայոց լեզվում խելառը լավ բան է, Սասունցի Դավթից սկսած խելառությունը դիտվել է որպես հերոսականության, ազգի փրկության թերևս միակ ճանապարհ: Այնպես որ, մի փոքր ուշացրած լինելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ իմ որոշումը և կենսաբանական դառնահամ զգալով քաղաքական կուսակցությունների նկատմամբ (ինչն, ի դեպ, նույնպես ժառանգական արատ է), խորհուրդ կտամ իմ պատանի գործընկերոջը, ով աչքի է ընկնում քաղաքական հեռատեսությամբ և ձգտումով, հիմնել խելառների կուսակցություն և խելառականությունը հռչակել որպես միակ ուղենիշ: Խոստանում եմ ձայն տալ նրան:
Բժիշկների կայացրած դատավճռի օրը նախատեսված էր հորս այցելությունը Սասուն, ինչպես անցյալ տարի: Շուտով գալու է եղբայրը, մինչդեռ գամված է բազմոցին, քանզի հայտնվել է մի անհասկանալի ճամփաբաժանին: Աչքի առջև հառնում է մի հրաշալի ճանապարհ, մի անհավանական վարկած ամբողջ մանկությունը ավետյաց երկրի գաղափարով սնված, գրականությունը այդ գաղափարի միջով անցկացրած ու հայտնի գրողներից մեկի ասած՝ հայրենաբաղձության թեման վերաիմաստավորած մարդու համար. երկրային կյանքն սկսել ավետյաց երկրում: Իհարկե, գրողները տարօրինակ ժողովուրդ են, և պատմությունը թողել է գրողների այն աշխարհ տեղափոխվելու տարաբնույթ հասկանալի և անհասկանալի ճանապարհներ: Դժվար է ասել, թե ուր էր գնում Էքզյուպերին ինքնաթիռի քիթը պարզելով դեպի երկինք և անհայտանալով հասարակ մահկանացուների աչքից, գուցե գնում էր դեպի իր ստեղծած մոլորակը, ուր իրեն գրկաբաց սպասում էին աղվեսը, վարդն ու մյուսները: Մեր դեպքում, այդ մոլորակը կարող էր Սասունը լինել, այնտեղ էլ մեզ քիչ սպասող չկա: Հաշվի առնելով մեր նախասիրություններն ու օդաչուական դպրոցի իսպառ բացակայությունը, հաղթում է ավելի համեստ, կարելի է ասել հայահունչ տարբերակը. սասունցի հայտնի հերոսի օրինակով. լեռան գագաթից տեսնել հայրենիքի լույսերը և լույսի շողարձակումից կուրացած տրվել անդունդի կլանիչ գայթակղությանը: Իսկ ի՞նչ պիտի անի, եթե Սասունի՝ հոգնած չոբաններով ու հավկուրությամբ տառապող գեղջկուհիներով լցված քրդաբնակ գյուղերը լույսերի առատությամբ աչքի չեն ընկնում և դժվար թե ուշակորույս գլխապտույտ առաջացնեն: Կմնա մեռնել Սասնա վաղուց լքված գյուղերից մեկում ծվարած քրդի տան տանիքում, աչքերը պարզկա երկնքին ու աստղերին հառած, մի խոսքով, մի անհրապույր տեսլական, որ պետք է բնում խեղդել: Այնպես որ, եղբայրը, հասնելով Վան և նախաճաշի սեղանի շուրջ հրավիրված հետաքրքրասեր պանդոկատիրոջ հարցին ի պատասխան, ստիպված էր լինելու արդարանալ, որ իրենց անցյալ տարվա բեղավոր ընկերը մնացել է Հայաստանում, քանզի կարևոր բան ուներ որոշելու: Հինգ րոպե հետո, իմանալով այդ որոշման մասին, հազար կիլոմետր մեկ վայրկյանում ետ էր սլանալու, պապենական տանը եղբոր համար մոմ վառելու խելահեղ գաղափարը հետաձգելով քառասուն օրով:
Մինչ օվկիանոսի այս ափին տեղի էին ունենում հայրենաբաղձական զեղումներ ու պարզաբանումներ եղբայրների միջև, հակառակ կողմում արդեն որոշված էր ճանապարհը, որն իբր տանում էր դեպի պայծառ ու լուսավոր ապագա, անդրօվկիանոսյան լավագույն բուժհաստատության բարձր հովանու ներքո: Բոլոր պայմանավորվածությունները կայացած են, հանձնառությունները` ստորագրված, սպիտակ խալաթներն` արդուկված ու օսլայած: Ի՞նչ է մնում, մուտքի-ելքի արտոնագիր, ինքնաթիռի տոմս և նման այլ մանր-մունր բաներ: Առա՛ջ դեպի Ռիո-դը-Ժանեյրո, կասեր հայտնի գրքի հերոսը: Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ մարդը վերածվել է առարկայի, և դա կյանքում ամենամտահոգիչ բանն է առհասարակ: Եթե երկու օր էլ սպասի, երբ թոռները օվկիանոսի այն կողմից վերադառնան, կա վտանգ, որ իրեն կհայտնաբերեն առարկա դարձած: Մենք պետք է շարժվենք հոսանքին հակառակ, մարդուն մարդ պահելու ճանապարհով: Եթե արդեն ուշ չէ:
Երկրորդ և երրորդ օրերի միջև ընկած ժամանակահատվածը, որը պայմանականորեն գիշեր եմ անվանում, անցնում է դանդաղ, բաց աչքերով: Հիշել եմ երեխա ժամանակ կարդացած «Մի շան պատմություն» պատմվածքը, որից խորապես ազդվել էի, մի հուզիչ պատմություն շան և իր ձագի մասին, ողբերգական ավարտով: Շունը վստահ է, որ ձագը վեր կհառնի իր գերեզմանից, ինչպես կորիզներն են ծլարձակում հողի միջից և վերածվում շիվի: Ես էլ էի այն ժամանակ վստահ, թե շուտ հեռացած եղբայրս անպայման վերադառնալու է: Փաստորեն ոչինչ չի ավարտվում հենց այնպես, և ամեն մի մահվան մեջ ծնունդ կա: Մարդն էլ դարձել է բույսի պես մի բան, տնկում ես կորիզը և նորից ծնվում է: Այնպես որ, պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ ընթանում է իր հունով: Անդրօվկիանոսյան հեղինակավոր բուժհաստատությունը հոգացել է բոլոր հարցերը. կորիզները, ծիլերը, ամեն ինչ երաշխավորված է: Ի վերջո, ավելի լավ է բույս, քան առարկա:
Ամեն մի մահվան մեջ ծնունդ կա, մի գրողի մահը բերում է մեկ այլ գրողի ծննդյան, և այդպես շարունակ: Եթե այդպես չլիներ, հիմա ոչինչ չէինք իմանա մեր պատմության մասին և անհոգ ու երջանիկ կապրեինք: Որքան էլ լարեմ հիշողությունս, երրորդ օրվա առավոտյան օվկիանոսից այնկողմ տեղի ունեցած իրադարձությունները ի վիճակի չեմ վերականգնել, երևակայությունս անզոր է: Հիշում եմ միայն, որ բոլորը լռում էին, իբր հավատում են անդրօվկիանոսյան փրկության գաղափարին: Մինչդեռ բնազդս հուշում է, որ բույսի կամ առարկայի վերածվելու հեռանկարը այնքան էլ հրապուրիչ չի դիտվել:
Արյունը ջուր չի դառնում: Եթե ջուր դառնար, եղբորս ժպիտը երեսուն տարի չէր ուղեկցի մեզ: Եթե ջուր դառնար, հայրս ծովի ափին եղբորս հետ ավազե դղյակ չէր կառուցի, ալիքն էլ չէր գա ու սրբեր-տաներ մանր ավազահատիկները: Եթե ջուր դառնար, գարեջրի շիշն ու գինու սափորը դժվար թե կոտրվեին, մեկը՝ ոստիկանապետի գլխին, մյուսը՝ վրացական սալահատակին: Եթե ջուր դառնար, հորեղբայրս քառասուն օր հետո մոմ չէր վառի աշխարհի կողմից վաղուց մոռացված անկյունում: Եթե ջուր դառնար, ես չէի շարունակի կիսատ մնացած վազքը ու չէի հայտնվի հորս գրկում: Եթե ջուր դառնար, մեջս չէր թպրտա:
Փակուղուց պետք է դուրս գալ: Հարյուրից իննսունինը կընտրեին մի ճանապարհ, բռնապետի կենացը խմելու ճանապարհը: Մենք չենք խմելու այդ կենացը: Ճանապարհ ընկնելուց առաջ անհրաժեշտ է պատրաստվել, սրել բեղերի ծայրերը, շնորհակալություն հայտնել Աստծուն, հայցել բոլորի ներողամտությունը: Անհրաժեշտ է շտապել, քանի դեռ չեն եկել՝ հավաքելու փշրված սափորի կտորտանքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։