ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ / Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ
Եկար` ծանր երկնագրին թևանցուկ,
Մանկան հոգով պատուհասը
քեզ գգվեց.
Քո շուրթերից, քո շուրթերով`
տրտմաշուրթ
Քամին պոկեց թաքնված
բյուր եղերէջ:

Ձյունը` դժվար ապրողների այրուձի,
Որ սուրում է քո դեմ անծես,
անաստված,
Պատահաբա՞ր դու
բանաստեղծ ծնվեցիր`
Անժամահար հոգեվարքին
համընթաց:

Ժամն է ասին` ապաշխարիր,
կարճ կապիր,
Ոչ մի տողում դու ելումուտ էլ չունես.
Քոնը այն է, որ կմեռնի, կմարի,
Քոնը` հեռո՜ւ հոգիներում անհասցե:

ԵՐԱՆԻ ՔԵԶ, ՌՈՄ ՋԱՆ,
ԵՐԱՆԻ ՄԵԶ…

Գիտեի, որ կյանքն իր, մահն իր ծագումն ունի: Թեև բոլոր, բոլոր ավարտներն անավարտ են մնում: Այս մեկն` առավել ևս:
Ինչպե՞ս թե` անգոյություն անգոյությանց… Հապա մեր սուրացող ճամփեքն ու կրկնափերը, մեր ուխտյալ հրճվանքներն ու հիասթափություննե՞րը: Դրանք մեր ապրածի ամենածանր փորձությունները չէի՞ն: Մենք` հալածյալներս, որ հար ձգտում էինք մնայունի ամբողջականության և մեր անունը թաքուն էինք պահում հողից ու երկնքից, մահն ուղղում հենց իր դեմ և մեր մեջ մանրամասնորեն լվանում ջրերի, եթերայինի անապակ խորությամբ: Մինչ այն ժամը, երբ աննրբավարն ու անժամանակը դառնային տեսանելի. դառնային ավարտուն: Հիմա այդ ճամփին հոգի չկա, ընթացք չկա: Դու, դու ես միայն ժպտուն` միայն քեզ հատուկ խաղաղարար լիությամբ:
Բոլոր կողմերից բաժանություն է: Կայունությունը ներհակ թեթևությամբ սահում է դեպի անկայունություն: Իսկ դու` օժտված բնատուր տքնանքով և արիությամբ, բացառիկի անարգել շնչառությամբ, կրկնում ես` մեր ով լինելը: Քանզի քո սքանչելի բանաստեղծությունները քո մշտական գովքն են լինելու: Քո նորարարական-սարդարյանականը որպես նորագեղություն պիտի պսակի քո անձն ու անունը, պիտի դպրության սյուքով զրնգա ու արձագանքի քո ստեղծարար խռովքների բարձր-բարձր երկնակամարում:
Դու սերտեցիր որբությունը, և նվիրումը դարձավ արվեստ, դու քայլեցիր գնդակի ուղղությամբ, և մեծ սերը դարձավ հավատարմագիր:
Հիմա ոտից գլուխ քո մարգարիտները մեծ սեր են և մեծ արվեստ:
Երանի քեզ, Ռոմ ջան, երանի մեզ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։