Կյանքից վաղաժամ հեռացավ պատմաբան, բանաստեղծ, ազատամարտիկ, «Լոռու մարզ» թերթի քաղաքական մեկնաբան, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ Գևորգ Չատինյանը:
Հարուստ կենսագրություն ունի Գ.Չատինյանը, որը բազմաճյուղ է ու բազմաշավիղ: Ծնվել է 1955-ի հոկտեմբերի 8-ին՝ Կիրովականում: Ավարտել է քաղաքի թիվ 6 դպրոցը: 1974թ. ընդունվել և 1978-ին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1978 թ. աշնանը զորակոչվել է Խորհրդային բանակ: Ծառայել է Հեռավոր Արևելքում՝ Սախալինում: Պահեստի սպա է: Զորացրվելուց հետո որպես դաստիարակության գծով փոխտնօրեն և ուսուցիչ է աշխատել քաղաքի թիվ 16 և 1 դպրոցներում: 1992-1993 թվականներին նա կամավոր մասնակցել է Արցախյան ազատամարտին: Կռվել է Հադրութի, Աղդամի, Օմարի և այլ շրջանների ու բնակավայրերի պաշտպանական մարտերում՝ հիմնականում Արթուր Աղաբեկյանի և Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ: 1993 թ. ապրիլի 2-ին, իր մի քանի մարտական ընկերների հետ, մկրտվել է Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցում: 2008 թ. ԼՂՀ նախագահի թիվ 55 հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, 2000 թ.-ից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս է: 2015 թ. մայիսի 12-ին պաշտպանել է «Հայ հասարակական միտքը Օսմանյան բարենորոգչական շարժման մասին 1839-1876 թվականներին» թեկնածուական թեզը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բազմաթիվ հրապարակախոսական-քաղաքական-վերլուծական և չորս գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Լոռու մարզպետի շնորհակալագրով: Գ.Չատինյանը ստեղծագործում էր դեռևս պատանեկան տարիներից, սակայն գրական ասպարեզ ելավ շուրջ մեկ տասնամյակ առաջ՝ ընկերների հորդորով: «Երկունք» գրական թերթում և այլ պարբերականներում տպագրված նրա բանաստեղծությունները մեծ սիրով էին ընդունվում ընթերցողի կողմից: Մասնագետների և ընթերցողների կողմից ջերմ ընդունելության արժանացավ նաև նրա բանաստեղծությունների անդրանիկ՝ «Անժամկետ արձակուրդ» ժողովածուն, որը հրատարակվեց 2010-ին: Մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար արժեքավոր կարելի է համարել նաև Գ.Չատինյանի «Աստվածաշնչի, քրիստոնեական հավատի և Հայ Առաքելական եկեղեցու մասին» գիրքը, որը լույս տեսավ 2009 թվականին: Ե՛վ կյանքում, և՛ ստեղծագործական արարումների մեջ Գ.Չատինյանը միշտ հավատարիմ էր իր որդեգրած սկզբունքներին, ինչի շնորհիվ մշտապես հարգված ու սիրված էր շրջապատում: Ճշմարիտ մտավորականի իր կերպարը նա չխաթարեց և՛ ռազմի դաշտում, և՛ քաղաքացիական կյանքում, որը քչերին է հաջողվում: Գևորգ Չատինյանը նաև պատվախնդիր և անփոխարինելի ընկեր էր, սրտանց ուրախանում էր գրչակիցների հաջողություններով, մշտապես նրանց կողքին էր դժվարին պահերին:
Եկող տարի նշելու էինք նրա ծննդյան 60-ամյա հոբելյանը: Ցավոք, ճակատագիրը դաժան գտնվեց մեր գրչակից ընկերոջ նկատմամբ:
Գևորգ Չատինյանը դեռ երկար կապրի իր երկու զավակների, թոռների, հարազատների, գործընկերների, գրական և լրագրողական ընտանիքների մարդկանց ու բոլոր ճանաչողների հիշողությունում:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ