Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածությունը, ազերիների հեր- թական դիվերսիան, հայկական կողմի ուղղությամբ անվերջանալի հրաձգությունները, Իլհամ Ալիևի նույնահնչյուն ծավալապաշտական և ռազմատենչ հայտարարությունները թերևս պիտի պայմանավորել Ադրբեջանի նկատմամբ միջազգային կազմակերպությունների առավել կոշտ ու փոխված վերաբերմունքով: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նույնիսկ որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել: Որոշման պատճառն ադրբեջանական իշխանությունների կողմից ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզայի չեղյալ հայտարարելն էր: Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է, նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ: Ինչպես «Iarex» պարբերականի իր հոդվածում նշում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, «Բաքվի համար ամեն ինչ անսպասելի էր: Այժմ ոչ լիարժեք վստահություն Ռուսաստանի հանդեպ և ոչ լիարժեք վստահություն Արևմուտքի օգնությանը… Ասել է թե՝ Բաքուն կարող է կորցնել Ղարաբաղի հարցում իրադարձությունների վերահսկողությունը»: Ցավոք, ԵԽ-ն այսօր ավելի շատ անհանգստացած է ոչ թե ԼՂ հակամարտության խնդրով, այլ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդավարական նորմերի խախտումների փաստերով: Ըստ Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարովի, ներկայումս Ադրբեջանում կան 130 քաղբանտարկյալներ, այդ թվում նաև «Amnesty International» կազմակերպության կողմից ճանաչված 18 խղճի բանտարկյալներ: Հիշատակված թվերը մի օրվա կամ ամսվա պատմություն չեն, այլ հետևանք` բռնության, հետապնդումների, կեղծ դատավարությունների տևական քաղաքականության: Սակայն նույն ԵԽ-ում այդ ամենը չէին նկատում ու չէին տեսնում, մինչև չոտնահարեցին նաև իրենց շահերը: Ու հիմա նոր արթնացածի պես հիշում են, որ այդ երկրում ժողովրդավարության արժեքները ոչ միայն չեն գործել ու չեն գործում, այլև դրանց մասին հիշատակումները ավելի են գրգռում բնազդներով առաջնորդվող ազերիների վայրենապաշտությունը: Այսքանից հետո պարադոքսալ է, որ Ադրբեջանի կառավարությանն է վստահվել Եվրոպայում մարդու իրավունքների երաշխավորի դերը, քանի որ Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Կասկած չկա, Ալիևը շանսը բաց չի թողնելու ԵԽ-ի ամբիոնից մեկ անգամ ևս հնչեցնելու իր ողջ հայատյաց հռետորաբանությունը: Եվ այդ պատվավոր լսարանում ոչ մեկը չի հակադարձելու Ալիևին, չի մեղադրելու ռասիզմի և այլատյացության դրսևորումների համար: Ու չեն հիշելու նրա կողմից ոտնահարված ո՛չ մարդուն և ո՛չ էլ նրա իրավունքները: Lռելու են, շարունակելով հնարավորինս ավելի ընդգծել հայերի ու ազերիների միջև հավասարության նշանը: Այս մտայնությամբ են շարունակում բանակցությունները վարել նաև Մինսկի խմբի համանախագահները: Հետևանքը առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված նրանց զգուշավոր քայլերի, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել, դրանց բացակայությունն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը միջնորդների դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող մեխանիզմներ ստեղծելու գաղափարը անհուսորեն թաղեց: Մինչդեռ այդպես հնարավոր կլիներ հայտնաբերել զինադադարի ռեժիմը խախտող կողմին և պատիժներ իրականացնել: Այլապես, եթե պատիժ չկա, ամեն ինչ կարելի է: Ազերիները հենց այս դրույթն էլ որդեգրել են և սրանով պիտի պայմանավորել, որ չնայած միջազգային հանրության խաղաղության կոչերին, Ադրբեջանը թմրամոլի պես ավելի ու ավելի է կախվածության մեջ սպառազինության հոգեբանությունից, դառնալով առավել ագրեսիվ, լկտի ու անկառավարելի: Մինչդեռ համապատասխան պատժիչ մեխանիզմների դեպքում վիճակն ավելի տանելի կլիներ: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ համանախագահներին կարծես ներկա վիճակը ձեռնտու է, ինչը թույլ է տալիս հավատարիմ մնալ հավասարության սկզբունքին, չհասկանալով, որ այդպես հակամարտությունը հարթելու փոխարեն ավելի են խորացնում: Թերևս արժե, որ հայկական կողմը առանձին դեպքերում նույնպես նախահարձակ լինի և ավելի հաճախ ինքը պատժիչ գործողություններ իրականացնի, եթե բոլորի և համանախագահների համար միևնույն է, թե հրադադարը որ կողմից է խախտվում:
Կարդալ նաեւ․․․
ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ / Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի շրջափակումը պատերազմի ձևերից մեկն է: Ադրբեջանը 161…
Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ
Տասնյակ տարիներ են անցել Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրությունից,…
Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ / ԱՊՐԵԼ ՈՒ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ…
Արցախյան երրորդ պատերազմը (որին մասնակցել է նաև իմ որդին) սկսելու…