Հիշում եմ ես երգիս պես
Կապույտ սարերդ, Ջավա՛խք,
Գիտեմ, էլ չեմ տեսնի քեզ,
Ավա՜ղ, ավա՜ղ ու ավա՜ղ…
Մկրտիչ Սարգսյան
…Մեկ տողով անգամ կարելի է մի ամբողջ կենսագրություն ներկայացնել: Նույնիսկ մի բառը կամ անձնանունը, ազգանունը արդեն կենսագրություն են:
«Սարգսյան Մկրտիչ, 1924-2002, բանաստեղծ, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ»: Սա երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Հայը» գրքի 476-րդ էջի տողերից մեկն է, ինչպես գրքի առաքելությունն է` կենսագրություն մեկ տողով:
Այո, մեկ տող, որ 78 տարիների պայքար է, հաղթանակ, վայելք, վայրէջք և ուրախություն է, թախիծ ու դիմացկունություն է, բարություն է, սեր, երջանկություն…
78 տարվա ճանապարհ է: Առաջին լուսաբացը Ախալքալաքում: Իր սերնդի նման հոգսաշատ մանկություն` միջնակարգ դպրոց, հետո պատերազմի բոցեր կամ, ինչպես ինքը պիտի գրեր, «Կյանքը կրակի տակ»:
Պատերազմի ավարտ, զինվորական լեզվով ասած` շարքից դուրս եկած աջ ձեռքով, առանց աշխատանքի: Դժվար էր, մշուշոտ: Հացի քարտի ետևից օրերով գնում էր շրջգործկոմ: Հետո եկան համեմատաբար տանելի օրեր: Փոխգնդապետ Մկրտիչ Սարգսյանը իր սովորած ու ավարտած դպրոցի զինղեկն էր: Եռանդուն աշխատանքի կարևորագույն մասը դարձան ինքնագործունեության անսամբլի և հատկապես դրամատիկական թատերական խմբակի ստեղծումը: Միաժամանակ թղթակցում էր շրջանային թերթին, գրում բանաստեղծություններ, ակնարկներ: Մի անգամ էլ ելույթ ունեցավ շրջանային ռադիոյով և ի թիվս այլ գործերի` կարդաց Նաիրի Զարյանի «Ինչո՞ւ չես խոսում հայերեն» բանաստեղծությունը: Զգուշացվեց վերևներից, բայց հանդգնեց ու նրանց ներկայությամբ երկրորդ անգամ էլ այն արտասանեց հանդիսավոր նիստերից մեկի գեղարվեստական բաժնում: Այդ պահից կրթությունը շարունակելու սևեռուն տենչին գումարվեց հեղձուցիչ միջավայրից փախչելու որոշումը և դիմեց Երևանի մանկավարժական ինստիտուտ ընդունվելու խնդրանքով:
…Ես շարունակում եմ թերթել Մկրտիչ Սարգսյանի, ում գրական ժառանգությունը ներկայացնող հրատարակությունները հինգ տասնյակի սահմաններում են, երկերի «Դեպի լյառն Աբուլ» ժողովածուն: Գիրք-հուշարձան, որն ինձ է ընծայագրել գրողի որդին` բան. գիտ. թեկնածու Վահագն Սարգսյանը: Հենց նա էլ ժողովածուն պատրաստել է հրատարակման: Գրքի էջերում Ջավախքի գունեղ աշխարհն է, նրա մարդկանց սիրտն ու հոգին է արձակ և չափածո գործերում: Այստեղ Ջավախքի գրական գործիչներն են հուշերում, գրախոսականներում: Վրացիներին և վրաց գրողներին առնչվող հոդվածներ կան ժողովածուում: Գրքի էջերում նաև երգիծանք է, երգիծաբաններ: «Խաչված քաղաքը» վեպն է այստեղ: Վեպ, որի գեղարվեստական նկարագրում ներկայացվող հերոսների զգալի մասը, հեղինակի բնորոշմամբ, իրական կերպարներ են: Վերջում Մկրտիչ Սարգսյանին հասցեագրված գնահատանք ու բնութագրեր են:
…Թերթում եմ ու չեմ դիմանում գայթակղությանը` ներկայացնել Մկրտիչ Սարգսյանի դիմումը Երևանի մանկավարժական ինստիտուտի քննական հանձնաժողովի նախագահ Արշավիր Շավարշյանին. «Քանի որ տնից բերած իմ հացը գողացել են, խնդրում եմ ձեր թույլտվությունը բոլոր բանավոր առարկաները մեկ օրում հանձնելու համար: Հակառակ դեպքում քաղցը ինձ կփախցնի քննություններից: Մայրենի լեզվի գրավորից բարձր նիշ եմ ստացել: Չեմ կասկածում, որ մյուս առարկաները ևս կհանձնեմ հաջողությամբ: Խնդրում եմ օգնել»: Սարգսյանը դիմումի ներքևում ներկայացնում է նույն տեքստի չափածո տարբերակը: Պրոֆեսոր Շավարշյանը ընդունում է նրան, փոքր օգնություն տրամադրում և ապահովում քննությունների ընդունումը երկու օրում: Ցանկանալով իր անձնական արխիվում ունենալ` Շավարշյանը խնդրում է Սարգսյանին ամբողջությամբ արտագրել դիմումը:
Նախորդ դարի 70-ական թվականներից մինչև կյանքի ավարտը Մկրտիչ Սարգսյանը հաճախ է հանգրվանել Վանաձոր քաղաքում, իր ստեղծագործական տանը: Այստեղ Աբուլի փոխարեն Բազումի լեռներն էին թիկունքում, Ջավախքի փոխարեն Լոռվա բնաշխարհն էր նրա ներշնչանքը, իսկ ինքը դարձել էր լոռեցի ստեղծագործողների ոգեկոչողն ու օրինակը: Նա սպասված հյուր էր ամենուր` քաղաքի կրթամշակութային օջախներում, աշխատավորական կոլեկտիվներում: Այսօր էլ նրա անունը կրող գրադարանում և այլուր սպասում են նրա որդիներին: Վահագն որդու նվիրած գրքերը հարյուրներով են հաշվվում: Գրում եմ այս տողերը և ձեռքս մեկնում մյուս որդու` Դավիթ Սարգսյանի «Երկվություն» աշխատությանը: Կրկին նայում եմ ընծայագրին ու հիշում հեռուստաէկրանից հնչած նրա խոսք-տագնապը. «Ավելի լավ է գրքերս ընթերցողին բաժանեմ, քան դնեմ օրեցօր սեղմվող ցանկով գրախանութներից մեկում և սպասեմ, որ օրերից մի օր այն վաճառվի մեկ շիշ անորակ օղու գնով»: Սա էլ դաս է, շարունակվող դաս առանց զանգի ու դասամիջոցի:
Մկրտիչ Սարգսյանին վերջին անգամ հանդիպեցի Գրողների միության բակում, նախորդ դարավերջին: Շտապում էր: Որպիսությունս հարցրեց, ու միանգամից ձևակերպեց կյանքի մի ամբողջ բանաձև, որն ընդունեցի որպես հանձնարարական. «Մի՛ հուսահատվիր, պայքարիր ու հավատա վաղվա օրվան, հավատարիմ մնա ծննդավայրիդ ու մարդկանց: Հիշիր, որ կյանքը տրվում է մեկ անգամ ու միշտ փորձիր գտածը արժևորել և կորցրածի ետևից չգնալ: Մի՛ մոռացիր, որ հայրենիքը մեծ ու փոքր չի լինում»: Հիմա հիշում եմ այս խոսքերը և ուզում եմ բարձրաձայնել ևս մեկ տաղանդավոր ջավախքեցու, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, մեծարգո Հովհաննես Այվազյանի խոսք-գնահատանքը. «Ջավախք աշխարհը այդքան յուրահատուկ, այդքան բնական` ճշմարիտ նկարագրով ու բովանդակությամբ, ոչ մեկի գործերում այնպես ամբողջական չէ, որքան Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործություններում»:
Ըստ իս, դաստիարակության անփոխարինելի արժեք է Մկրտիչ Սարգսյանի կողմից հանրության դատին հանձնված հոր «Կտակը» իր անզուգական արձագանքով. «Ես կատարեցի քո կտակի առաջին մասը, հայրի՛կ. ամուսնացա թունդ սիրահարված, ավա՜ղ, չկատարեցի նրա երկրորդ մասը. ների՛ր ինձ, ների՛ր…»: Նրա սիրո խոստովանությունները նաև Դեբեդն է պահում առ այսօր, սերունդներին շշնջալով նրա սիրո խոսքերը, որ հնչել են Ալավերդու Սպանդարյանի անվան դպրոցի ուսուցչուհի Ելենա Դավթյանի ականջին: Ինչ վերաբերում է կտակի երկրորդ մասին` չընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը, հավատացած ենք, որ լավ բանի չէր տանի: Մենք Մկրտիչ Սարգսյանին չէինք տեսնի ո՛չ ՀԿԿ Կենտկոմի ապարատում, ո՛չ «Գրական թերթի» խմբագրի, ո՛չ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագրի պաշտոններում, ո՛չ էլ ՀԳՄ քարտուղարի, հետո էլ` նախագահի խորհրդականի կարգավիճակներում: Եվ որքան ինքը կկորցներ, բազմակի անգամ ավելի կկորցնեին ժամանակակիցները, քանզի, ինչպես հավաստում են լոռեցի արձակագիր Ֆելիքս Շաքարյանը և ուրիշներ, «Մկրտիչ Սարգսյանի մեծագույն արժեքը նրա բարությունն էր, մեծ մարդ լինելը, ստեղծագործողների կողքին կանգնելը, նրանց համար ճանապարհ բացելը, օրենքն ու ճշմարտությունն էր նրա դավանանքը»:
Մկրտիչ Սարգսյանը այս տարվա մայիսի 2-ին կդառնար 90 տարեկան: Բայց ապրեց 78 տարի: Ժամանակը նրան պարտք մնաց: Բայց ժամանակը` ամենազոր և ամենաարդար դատավորը, երկար պարտք չի մնում: Նվիրյալներին տեղավորում է վերևներում` հավերժումի հարթությունում: Իսկ մեզ` ապրողներիս, պատվիրում, որ նրանց վերևում փնտրենք ու միշտ ականջալուր մնանք Համո Սահյանին.
Մի խտիտ երկինք եմ քաղել,
Աշխարհին նվեր եմ տանում…
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
ք. Ալավերդի, մանկավարժ, լրագրող,
ՀՀ ժուռնալիստների միության անդամ