ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՅԼԵՎՍ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆԱ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության խնդիրը շարունակում է մշուշոտ մնալ: Տեղեկատվության պակասը թույլ է տալիս տարբեր եզրակացությունների, որոնք, տրամաբանորեն միմյանց լրացնելու փոխարեն, ավելի հակասությունների ջրապտույտ են հիշեցնում: 2016 թ. առաջին կիսամյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է լուծվի: «Ապրիլյան մարտերը ևս մեկ ամգամ ցույց են տալիս ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը: Դրա մասին բազմիցս հայտարարել են նաև այդ հարցով զբաղվող միջնորդները: Վերջին մի քանի ամիսներին բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում»,- նշել է նա: Իր հերթին, Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ազերի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Մենք հիմքեր ունենք կարծելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան երբևէ»: Ավելի վաղ հաղորդվել էր Լավրովի ու Ալիևի հանդիպման մասին, որը երկուստեք արդյունավետ էր որակվել: Առայժմ մանրամասներ չկան: «Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակներում»,- զգուշացրել է ՌԴ արտգործնախարարը: Ի՞նչ է փոխվել, որ 25 տարվա անպտուղ բանակցություններից հետո, ամեն ինչից դժգոհ Ալիևը այսքան լավատեսորեն է տրամադրված, երբ խնդրի շուրջ նրա դիրքորոշումը մազաչափ իսկ չի խմբագրվել: Ալիևն այնքան վստահ է իր համոզման մեջ, որ Լեհաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում փորձել է անձամբ ու միայնակ վերաձևակերպել վերջին տասնամյակում միջազգային իրավունքի զարգացող նորմերը և հետ շրջել պատմության անիվը՝ հերքելով նորանկախ պետությունների՝ Արևելյան Թիմորի, Կոսովոյի և Հարավային Սուդանի գոյությունը: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքի ու ամբողջ աշխարհի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակում: Ասել կուզի, անհնար է, որ Ալիևը հաշտված լինի Ղարաբաղի անկախության մտքի հետ: Մյուս կողմից, Ալ Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Արցախի ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում, թե Արցախի ժողովուրդը դրան չի համաձայնի, եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել: Նման հակասության տիրույթում հանելուկի է վերածվում Լավրովի ու Ալիևի լավատեսությունը: Այս դեպքում առնվազն պայծառատես պիտի լինել՝ գուշակելու, թե ինչ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել տրամադրության նման կտրուկ փոփոխությունը: Ռուսական գաղտնապահությունը թույլ չի տալիս առավել իրատեսական ենթադրությունների, սակայն բանակցային նախորդ զարգացումները համադրելով՝ ինչ-ինչ ձևակերպումների կարելի է հանգել: Ադրբեջանը միշտ էլ կողմնակից է եղել կարգավորման փուլային տարբերակին, համաձայն որի՝ Ադրբեջանին են հանձնվում ազատագրված տարածքները, հեռանկարում` հանրաքվեով որոշելու համար Ղարաբաղի կարգավիճակը: Խնդիրն այն է, որ Բաքուն ազատագրված տարածքները երբեք Արցախի մաս չի համարել ու չի համարում, սակայն ղարաբաղյան կարգավիճակի հանրաքվեին պարտադրում է նաև դրանց մասնակցությունը, վստահ, որ կարողանալու է այդ տարածքները Արցախի բնակչությանը քառապատիկ գերազանցող ազերիներով լցնել՝ դրանով իսկ իր համար կանխավ դրական արդյունք ապահովելով: Ըստ երևույթին, Բաքվին այս տարբերակն էլ առաջարկվել է, և Ալիևը հուսով է, որ Ռուսաստանի ճնշման արդյունքում սցենարը փոփոխություններ չի կրի: Իրական է թվում նաև երկրորդ` ռազմական տարբերակը: Բաքուն սպասում է Պուտինին: Ադրբեջանում ՌԴ դեսպան Դարոխինը հայտնում է, որ «շատ հարցեր են կուտակվել: Պուտինը դատարկ ձեռքերով չի գալիս: Կվերլուծվի, թե ինչ է արվել և դեռ ինչ պետք է արվի: Նոր հրահանգներ կտրվեն: Այդ պատճառով Ռուսաստանի նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ»: Երկիմաստ, անորոշ ու միայն իրենց հասկանալի տեղեկատվություն, որով վտանգավոր կասկածները մարելու փոխարեն, ավելի են բորբոքում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պուտինը Ադրբեջանի հետ զենքի վաճառքի նոր պայմանագրեր է կնքելու, այն դեպքում, երբ 200 միլիոն վարկի դիմաց Հայաստանին զենք վաճառելու պայմանագրերի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Գուցե ռիսկային հնչի, սակայն երկրորդ` հարցի ռազմական լուծման տարբերակն ավելի իրական է թվում: Հայտնի չէ, ռուսները ինչ նոր զենքերով են ազերիներին զինելու, միաժամանակ խոստանալով, որ Ղարաբաղի դեմ առավել լայնամասշտաբ պատերազմի դեպքում չեն միջամտելու: Երևի գցել-բռնել ու որոշել են, թե միայն այդպես է հնարավոր ղարաբաղյան հարցը վերջնականապես ջնջել օրակարգից, որից հետո, միջազգային հանրության հորդորները, իբր, հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով այլընտրանք չունի, կհնչեն որպես ձայն բարբառո հանապատի… Թե ինչքանով են այս վարկածները իրատեսական, ժամանակը ցույց կտա, թեև հնարավոր է, որ ժամանակն այլևս ցույց տալու ոչինչ չունենա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։