Հաֆ-հա՜ֆ, միաո՜ւ, հաֆ-հա՜ֆ / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հաֆ-հա՜ֆ,-միաո՜ւ,Դեղին, կարմիր, կանաչ տերևներով աշուն: Հեքիաթ որոնող քայլեր` մանկությունը փնտրող քայլեր….
Շուրջ դար ու երեք տասնամյակ է, ինչ յուրաքանչյուր հայ փոքրիկի մանկության անբաժան մասն է կազմում թումանյանական հանճարեղ «Շունն ու Կատուն»: Քեռի Քուչի, ուստա Փիսո, հերոսներ, որոնցից մեկը հետապնդում է, մյուսը հետապնդվում` այս անգամ էլ արդեն մեծ բանաստեղծի անունը կրող տիկնիկային թատրոնում:
Իր ուրույն բարդությամբ ու մեծ պատասխանատվությամբ, կատարողական ճշգրտությամբ է առանձնանում տիկնիկային թատրոնը: Թատերարվեստի այս տեսակը տիկնիկավար-դերասանից պահանջում է գերլարված ու մանրակրկիտ աշխատանք, որի արդյունքում ձեռքի ու խոսքի միջոցով, ասես արարչորեն, տիկնիկը կենդանանում է, կարողանում է փոխանցել հույզեր, ներկայանում իր պատմությամբ: Առավել պարտավորեցնող է տիկնիկային ներկայացումների ռեժիսորի աշխատանքը` թե՛ կազմակերպչական և թե՛ հատկապես փոքրիկ հանդիսատեսին դյուրընկալ և համոզիչ արվեստ փոխանցելու առումով: Եվ այսպես, արդյունքում քեզ ներկայացող արվեստը համատեղ բարդ աշխատանքի յուրօրինակ արդյունք է, համառոտ, բայց և բովանդակալից զրույց:
Ռեժիսորը (Ռուբեն Մարուխյան) իր բեմական պատումը հյուսել է Ազատ Շահինյանի համանուն պիեսի հիման վրա: Պիեսում թումանյանական հերոսների կողքին են հայտնվել ևս մի քանիսը, ինչն էլ միտված է դրամատուրգիական անցքերի ու բեմական գործողությունների ընդլայնմանը, կոնֆլիկտայնության ընդգծմանը: Ներկայացումը սկսվում է Ռոբերտ Ամիրխանյանի մթնոլորտ ձևավորող հնչյունների ներքո: Անմիջապես հայտնվում է Հեքիաթասաց- Պիպոսը (Մելքոնյան Աղասի), ով կարգված է որպես տիկնիկների մուտք ու ելքը կարգավորող, դեպքերի մասին անալիտիկ հայացք նետող մեկը: Նա մտերմիկ զրույց է սկսում փոքրիկների հետ, այնուհետև կոմիկական իրավիճակների մեջ ներքաշում Քուչիին (Սարգիս Մելքոնյան):
Գործողությունները հիմնականում տեղի են ունենում Վարպետ Կատվի (Սարգսյան Ռոբերտ) արհեստանոցում: Բեմը ներկայացնում է Կատվի դազգահը, որի վրա նրա աշխատանքային գործիքներն են` գրոտեսկային ընդգծումով ներկայացող մկրատն է և հին արդուկը, որոնք այնքան վարպետորեն ու արժանապատվությամբ կիրառում է նա: Գործողության մեջ է ներգրավվում նաև գլխարկներով կախիչը, որի վրայի գլխարկները բաժին են հասնում ինչպես պճնամոլ խռխռան Տիկին Խոզուհուն (դերակատար` Սարգսյան Անգին), այնպես էլ դասական գույներով, զուսպ ու կոկիկ հագնված, իր յուրօրինակ էլեգանտությամբ ներկայացող Ավանակին (դերակատար`Զահալյան Մարգարիտ):
Բավական ճշգրիտ կերպարային ելակետ է ընտրված Քուչիի համար: Շունը ներկայանում է որպես սարերի հովիվ, ձեռնափայտով է, հովվի արխալուղով: Արտաքին նկարագիրը ամբողջացնելու համար միայն պակասում է մորթե գլխարկը, ինչի բացակայությունից էլ ծայր է առնում ողջ պատմությունը, վերաճում պատվախնդրության:
Եթե փիսոները (Ավագյան Ալլա, Նիկողոսյան Լիաննա) առավել մուգ ու պասիվ գույներով են ներկայանում, ապա մկնիկները (Հովհաննիսյան Սվետլանա, Սարգսյան Անգին), ընդհակառակը, ակտիվ գույներով շքեղ զգեստները հագներին: Նրանց զվարճանալու տեսարանները կոլորիտային ու հումոր հարուցող են, ինչն էլ խոսում է ռեժիսորի անսահման երևակայության ու տիկնիկներին դիպուկ կերպով բեմական ակտիվ գործողությունների մեջ ներգրավելու մասին: Բավական զուսպ կերպով ի հայտ են բերվում մուկ-կատու բարիդրացիական հարաբերությունները: Փոքրիկ հանդիսատեսը նրանց հետ զվարճանում է, հրճվում մկների հեզաճկուն ու թեթևասահ պար-պտույտներով, նազանքներով և «Երևանի սիրուն մկներ…» խելքամաղ անող երգի տակ կատուների հետ գրկախառնություններով:
Այլ հարթության վրա են զարգանում Շուն-Կատու հարաբերությունները: Վերցնելով մորթին և կարելու իր պատրաստակամությունը հայտնելով, Կատուն անցնում է դազգահի ետևը և զուսպ աշխատանքային խալաթը հագին, հոնքերը կիտած գործի անցնում:
– Կարգ ու կանո՛ն, կարգ ու կանո՛ն,- ձայնելով հայտնվում է նա` Աքաղաղը (Կարեն Խաչատրյան)` իր հետ բերելով բոլորովին նոր գույներ ու տրամադրություն: Ստանձնելով դատական կատարածուի իր դերը, Աքաղաղը պատրաստակամորեն գործի է անցնում, դիպուկ ու իր գործը լավ իմացողի տեսքով ճանապարհ բացում դիվանբաշու համար: Այս կարմրակատարի քայլքը ինքնա­վստահ է, կտուցը վեր ցցած, թղթապանակը թևի տակ: Նկատելի են տիկնիկավարի կողմից բացահայտված կերպարային մի շարք առանձնահատկություններ, ինչպես, օրինակ, վրդովմունքի պահին կտուցի կտրուկ շարժումը, թիկնոցի խաղարկումը և այլն:
Հաջորդող տեսարանները իրենց հետ սրընթաց զարգացում են բերում: Իր պատվերի ետևից արհեստանոց ժամանած իշխանական պատմուճանով Այծ-Դատավորի (Մելքոնյան Ա.) և Կատվի հանդիպման տեսարանում ընդ­գծվում է դիվանբաշու բռնակալությունը և եսասիրությունը: Առաջին գործողության ավարտին մենք տեսնում ենք Կատվին` դազգահին կռթնած հեկեկալիս: Մարուխյանական մեկնաբանության մեջ Կատուն արդարացվում է, հանդիսատեսի մեջ կարեկցանք հարուցում: Պակաս ողբերգական չէ նաև Քուչիի դրությունը: Դրսում սաստիկ ձմեռ է, իսկ սրթսրթացող Շունը կրկին ու կրկին ուրբաթին է սպասում: Ներկայացման ավարտական տեսարանում արդարության նժարների պատկերն է և դրանց տակ բազկաթոռին փառահեղ բազմած, հափշտակած մորթե գլխարկով դիվանբաշին: Այս պատկերը ընդգծում է բեմադրիչի սուր հեգնանքը վերջինիս նկատմամբ, ստիպում մտածել, որ իշխանությունը ուժեղի կողմն է: Եվ այսպես, ավանդական ծեծկռտուքին հաջորդում է ավանդական հետապնդումը:
Ներկայացման մեջ առանցքային նշանակություն է ստանում մի գրություն. «Գլխարկը մարդուս պատիվն է», որն էլ կրում է բարոյախրատական նշանակություն, ուսուցանում մանուկ սերնդին: Բեմադրության անբաժան մասն է կազմում էկրանը, որը ծառայում է որպես ֆոն: Այն մեկ ցուցադրում է կայծակներ, մեկ` թափվող ձյուն, այսպիսով նպաստելով բեմական իրավիճակների ծայրահեղ սրմանը:
Գեղագիտական հաճույք, զուսպ ճաշակ, ազգայինի հզոր զգացողություն, մանկան հետ արվեստով շփվելու յուրահատուկ կարողություն: Բաներ, որոնք վկայում են այս ասպարեզում իր պրոֆեսիոնալ ձեռագիրը ձևավորած ռեժիսորի մասին:
Հաֆ-հա՜ֆ, միաո՜ւ, հաֆ-հա՜ֆ, ես հանդիպեցի քեզ, իմ մանկություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։