Զվարթնոցի հարևանությամբ մի ջրհոր կա` վաղեմի, պատմական, որի խորությունը մոտավորապես 58 մետր է, ճիշտ այնքան, որքան եղել է տաճարի բարձրությունը: Սա ընդամենը ֆիզիկական իրողություն է, բայց հազիվ թե պատահական համապատասխանություն, որովհետև սրա մեջ կամա թե ակամա ընթերցվում է մի առանձնահատուկ խորհուրդ. իսկական բարձրությունները չափվում և դրանով իսկ կրկնակի բովանդակություն են ստանում… խորությամբ, քանի որ կենսատու ջրերը գալիս ու հագեցնում են մեր ծարավը ընդերքներից, իսկ բարոյական ձգտումները` մղում դեպի վեր:
Սոս Սարգսյանին հրաժեշտ տալու տխրալի օրերին ես անընդհատ մտաբերում էի այդ փիլիսոփայական ջրհորը, որովհետև բոլոր նրանք, ովքեր իրենց ստեղծագործությամբ ու վարքով կարողանում են նվաճել համաժողովրդական սեր, որին և տարիների ընթացքում գումարվում է ոչ պակաս համաժողովրդական պատկառանքը, այդ ջրհորի նման բարձրախորն են` ամենքիս ակունքների հետ կապող:
Հայ մարդու ինքնահասցեն` հայ արվեստագետի կերպարի մեջ: Այսինքն` հողի ու մարդու դաշնություն: Սոսն այդպես էր ընկալվում ահել ու ջահելի հայացքով` յուրաքանչյուրիս տան շեմին խնձորի ծառ տնկող Նահապետից մինչև հրացանը պինդ բռնած Ձորի Միրոն: Նրա դերը չէր մնում դեր. դառնում էր համարժեք կեցություն, շարունակվում բնականորեն ու հավաստի, որպես տղամարդու ու մտավորականի վարքագիծ: Հաստատուն առանցքի ներկայությունը` մանավանդ անհաստատ ժամանակների բովում: Հրանտ Մաթևոսյանը կասեր` երկրի ջիղ:
Զարմանալի դեմք էր` անընդհատ հոսող ժամանակի մեջ ավելի ու ավելի մոտենալով հայկական խստախորհուրդ բնապատկերին, մեր հողի կնճիռներին, ժայռեղեն ելուստներին, մագաղաթի ծալքերին և այդ մագաղաթների վրա դաջված մեսրոպատառ գրին: Հնարավոր է՝ հենց այդ դեմքն է ունեցել Արարատյան դաշտավայրում ցորենի առաջին հասկը քաղող մշակը: Կամ միջնադարյան դպիրը: Կամ խաչքարագործը: Հեռավոր լեռնավանքի ճգնավորը և, իհարկե, ռանչպարն ու այգեպանը, Մարաղայի ճակատամարտից հարյուրամյակների միջով դեպի Սարդարապատի ճակատամարտ շտապող աշխարհազորականը:
Այս զգացողությունն արթնանում էր «Մատենադարան» հեռուստապատումի հաջորդվող պրակները դիտելիս: Ասացողը` Սոս Սարգսյան, ֆիլմից ֆիլմ նույնանում էր այն անձանց ու կերպարների հետ, լինեն դրանք անանուն թե հայտնի, ում մասին պատմում էր մեզ և ում անունից խոսում: Գեղեցիկ ու խորհրդանշական մի տեսիլք, երբ անհատ մարդու անկրկնելի Ես-ը դառնում է համաժողովրդական Մենք:
Այդ Մենք-ը ծափահարում էր նրան` Մաշտոցի պողոտայի պատշգամբներից ու պատուհաններից, երբ Սոս Սարգսյանը անցնում էր իր վերջին, արդեն անմահկանացու ճանապարհը: Այսպիսի տեսարանները հնարավոր չէ բեմադրել: Այսպիսի դեպքերում ստեղծագործում է կյանքը` արվեստագետի ստեղծագործությանն ու կյանքին ի պատասխան:
ՄԱՐԴՆ ԻԲՐԵՎ ԵՐԿՐԻ ՋԻՂ / Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
